Անի Անտոնյան ԳիտաՆյութ ՄարզաԴիտակ

Ավերված մայրաքաղաքի հետքերով․ ճամփորդական էսքիզներ

21.12.2021

Ինձ միշտ հետաքրքրել են ներկայիս Հայաստանի սահմաններն ու նրա սահմանային տարածքում եղած հուշարձանները, որոնք թաքնված են մարդկանց աչքից։ Երկու անգամ եմ սահմանին եղել՝ Շիրակի մարզի Հայկաձոր ու Լոռու մարզի Ջիլիզա գյուղերում։ 44-օրյա պատերազմի օրերին Կոռնիձորում կամավոր էի, այնպես ստացվեց, որ նաև մասնակցեցի սահմանազատման գործընթացին. Քաշաթաղի վերջին հողակտորներից տվեցինք թշնամուն։ 

Վաղուց էի մտադրվել Բագարան գնալ։ Կռիվն սկսվեց, ու ճամփորդությունս հետաձգվեց անորոշ ժամանակով։ Պատմական տուրերի կազմակերպման առումով «Համշեն տուրը» միշտ տարբերվում է։ Մռայլ, մառախլապատ օր էր. 5 մետր հեռավորության վրա ոչինչ չէր երևում։ Չնայած Երվանդաշատ ու Բագարան գյուղերը սահմանային են, բայց այստեղ մուտքի հատուկ թույլտվություն չկա։ Բնությունն աստիճանաբար փոխվում է, կարծես դուրս ես գալիս Արմավիրի մարզի չոր ու անապատային տիրույթից։ Բուսականությունն առատ է, իսկը՝ ամռանը հանգստանալու համար։ 

Արաքս ու Ախուրյան գետերի հատման կետում երկու քաղաք ենք ունեցել. Երվանդաշատ մայրաքաղաքը, որի ավերակների տեղում այսօր Բագարան ու Երվանդաշատ համայնքներն են, քրդական գյուղի վերածված Մարմեդը և Երվանդակերտ բերդ-ամրոցը, որի մնացորդները տեսանելի են Երվանդաշատ գյուղից։ Իմ պատկերացմամբ՝ Երվանդ Դ-ն ժամանակին Լոնդոնի ու Փարիզի մասշտաբով քաղաք է կառուցել։ Դրա մասին են վկայում գյուղից բավական հեռու գտնվող հուշարձանները, որոնք մատնանշում են նախկին մայրաքաղաքի սահմանը։ 

Մինչև Բագարան հասնելը հին բնակավայր կար՝ ավերակներ, մի քանի մետր բարձրությամբ տներ, որոնց նմանացրի Րաֆֆիի պատմածին, երբ վերջինս ճամփորդում էր Վասպուրականով։ Այդպես էլ ստույգ տեղեկություն չիմացա այդ բնակավայրի մասին։ Մայրաքաղաք տանող ճանապարհը բեռնատարով անցանք։ Նախատեսված երկու կիլոմետրի փոխարեն վեցը քայլեցինք, քանի որ թաց հողի վրա սայթաքելու ու շրջվելու վտանգ կար։ 

Բագարանն ուրիշ հմայք ունի։ Դիմացը՝ գետից այն կողմ, մզկիթ է՝ հավանաբար նախկին եկեղեցու փոխարեն։ Նայում ես ու զարմանում՝ ինչպես կարող են հազար տարի միմյանց հետ շփում ունեցած և նույն մշակույթը կիսող ժողովուրդներն այդպես թշնամանալ։ Մայրաքաղաքից մեզ մնացած բարձունքից նայելիս ձոր ես տեսնում, իսկ ներքևում փարթամ բնություն է։ Այստեղ կտրվում ես ու հայտնվում Արևմտյան Հայաստանում, չնայած ոտքդ այս ափին է, դիմացի ափն էլ է Արևելյան Հայաստան։ Բագարան մայրաքաղաքից գրեթե ոչինչ չի պահպանվել՝ բացի Շուշանիկ եկեղեցուց, որն ուժեղ գնդակոծված է։ Երևում են նաև Սուրբ Գևորգ եկեղեցու ավերակները։ 

Երվանդաշատցիները հյուրասեր էին, շփվող։ Մի տանը մեզ չիր վաճառեցին՝ սերկևիլի, ծիրանի… Լեգենդներ էին պատմում, որոնք մի քիչ ծիծաղելի էին։ Օրինակ՝ ասում էին, որ դիմացի ժայռերին եղել է Փառանձեմի բերդը (նկատի ունեն Արտագերս ամրոցը), ու իբր Փառանձեմն այնտեղ է զոհվել։ 

Կռվից հետո շատ բան էր փոխվել։ Երբ կանգնած էի փշալարերի առաջ, անհասկանալի վախ էի զգում՝ արդյո՞ք սա իմ հողն է։ Մենք հաճախ ենք կրկնում․ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Այն Անին, որն այսօր մեր սահմանից դուրս է։ Բայց չէ՞ որ Հայաստանի այս հատվածում էլ բազմաթիվ հուշարձաններ կան, որոնք անտեսված են։

Պատմության ու լուսանկարների հեղինակը տոհմաբան Րաֆֆի Գևորգյանն է։
Նյութը պատրաստել է
Անի Անտոնյանը
Լուսանկարների շարքն ամբողջությամբ՝ այստեղ


No Comments

Leave a Reply