Իսրայել Ասրյան Կինո

Արբեջանցիները հսկայական ռեսուրսներ են ծախսում, որ ֆիլմն էկրան չբարձրանա

02.10.2020

Ջիվան Ավետիսյանի՝ Ար­ցա­խի մա­սին պատ­մող «Դրախտի դարպասը» չի ցուցադրվի Մոսկվայի 42-րդ կինոփառատոնում։ Ծրագիրը փոխվել է վերջին պահին, ինչպես իրավացիորեն նկատում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ առանց որևէ նախազգուշացման, առանց նախապես քննարկելու, առանց այլընտրանքային ուղիներ փնտրելու։ Փոխնախարարը նշել է նաև, որ ոչ մի կազմակերպիչ իրավունք չունի անտեսել հանդիսատեսի կարծիքը և ինքնուրույն դատել ֆիլմի բովանդակության մասին: Ըստ նրա՝ որոշումն անընդունելի է և շատ բացասական կանդրադառնա կինոփառատոնի հեղինակության վրա։

«Դրախտի դարպասը» նկարահանվել է Հայաստանում, Արցախում, Լիտվայում: 8 երկրի համատեղ արտադրություն է: Դերասանական կազմում նույնպես ընդգրկված են հայ և օտարազգի դերասաններ:

Միջոցառման կազմակերպիչների այս որոշումը լայն արձագանք է գտել հայկական և ռուսական մամուլում, աշխարհի տարբեր երկրների կինոգործիչների շրջանում։

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեսանյութ է հրապարակել, որում մասնավարպես ասվում է․ «Դրախտի դարպասը» հիանալի ֆիլմ է, որն էկրաններին է հայտնվել մոտ կես տարի առաջ։ Բայց երեկ այն հեռացվեց մոսկովյան կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից, որովհետև անուղղակի անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի թեմային, որտեղ հիմա ռազմական գործողություններ են ընթանում։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների բախումներից խուսափելու համար է ընդունվել հայկական ֆիլմը չցուցադրելու որոշումը, թեև իրենք էլ ֆիլմը հրաշալի են համարում։ Փառատոնի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը ասել է, որ իբր դա նախազգուշական քայլ է Ղարաբաղին վերաբերվող ֆիլմի նկատմամբ: Իմ անձնական կարծիքով՝ այստեղ ակնհայտ են կոռուպցիոն բաղադրիչը և Բաքվի կեղտոտ ձեռքը …. Ֆիլմն ավելի շատ սիրո մասին է, քան պատերազմի։ Այնտեղ չի ասվում ադրբեջանցիներն են ճիշտ, թե հայերը։ Ջիվան Ավետիսյանը նկարահանել է 10-11 ֆիլմ՝ բոլորը խաղաղության մասին, խաղաղության կոչով։ Ադրբեջանցիները հսկայական ռեսուրսներ են ծախսում, որ ֆիլմն էկրան չբարձրանա»։

Նյութը պատրաստեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply