Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ ՃՇ

Արթուր Թարխանյան-90

04.05.2022

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր




Տիեզերական կառույցների ճարտարապետը

Երիտասարդ տարիներին նա հետաքրքված է եղել տիզերագնացությամբ։ Ցանկացել է ընդունվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, սակայն պատերազմում զոհված հոր միակ որդուն մայրը թույլ չի տվել մեկնել երկրից։ Ընդունվելով պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոինժեներական ֆակուլտետ՝ նա հետո պիտի վերադասավորումներ աներ ինքն իր մեջ՝ ստեղծագործողի իր կերպը գտնելով այլ տիրույթում, և դառնար ճարտարապետ՝ տիեզերական շունչ ու ոգի հաղորդելով մայրաքաղաքում բարձրացող զարմանահրաշ կառույցներին. «Զվարթնոց» օդանավակայան, որին նմանեցրել են տիեզերակայանի, մարզահամերգային համալիր, որն ինչ-որտեղ թռչող ափսե է հիշեցնում, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  դեպի հավերժի երկինքները ձգվող հուշասյունով, վերասլաց կոթողային մի շինություն՝ Երիտասարդության պալատ անվանումով և ստեղծագործ մտքի անհավանական թռիչքներից ծնված այլ հուշարձան կառույցներ, որոնք դառնալու էին Երևանի զարդը և նրա չխամրող խորհրդանիշները…

ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, հայկական մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ Արթուր Թարխանյանն այսօր կդառնար 90 տարեկան։ Նրա մասին իրենց հիշողություններն են պատմում  արտասովոր  ճարտարապետի ժամանակակիցները, ովքեր ճանաչել են նրան, աշխատել նրա հետ և, երբ եկել են նոր ժամանակներ, պայքարել մշակութային արժեք հասկացությանն անհաղորդ կույր տգիտության դեմ…  

Ճարտարապետը գործում է ներկայում, արմատներով կապված է անցյալի հետ, բայց նախագծում է ապագայի համար։ Թարխանյան ճարտարապետին լավագույնս հաջողվել է վարպետորն ամփոփել անցյալը, ներկան ու ապագան մեկ կոթողի մեջ:



Այս մարդիկ աշխարհը լցրին բարությամբ

«Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի կարծիքով՝ հայրը իր գործունեության համար կարևոր շատ հատկանիշներ ժառանգել է ծնողներից։

Բժիշկների ընտանիքը

Հայրս ծնվել է 1932 թվականի փետրվարի 23-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում։ Պապիկս՝ Արտավազդ Թարխանյանը, Գյումրիի գլխավոր վիրաբույժն էր, տատիկս՝ Հռիփսիմե Սարգսյանը, Գյումրիի գլխավոր մանկաբույժը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պապիկս ինքնակամ մեկնել էր ռազմաճակատ՝ վիրավորներին տեղում օգնություն ցուցաբերելու համար և չէր վերադարձել։ Մեծ պապիկներս սպանվել են Ցեղասպանության ժամանակ, մեծ տատիկներիս հաջողվել է փրկվել երեխաների հետ։ Բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով՝ նրանք բոլոր հոգսերը վերցրել են իրենց ուսերին, որպեսզի երեխաները կրթության ստանան, դառնան լավ մարդիկ։ Հայրս և մայրս բժշկական համալսարանի առաջին շրջանավարտներից էին։

Ողջ Հայաստանով մեկ ոտքով քայլել ու նկարել է

Հաճախելով Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը՝  հայրս սիրել է եկեղեցիներ նկարել։ Պատանի տարիներից սկսած՝ մինչև ինստիտուտն ավարտելը, գրեթե ողջ Հայաստանով մեկ ոտքով քայլել ու նկարել է։ Նա հրաշալի տիրապետում էր հայ մինջարդարայն ճարտարապետությանը. դա հնարավորություն էր տալիս մեկ քայլ վեր բարձրանալ և այլ տեսանկյունից նայել այն ամենին, ինչ դնում էին ճարտարապետի առաջ ժամանակակից պահանջները։

Ճարտարապետը գործում է ներկայում, արմատներով կապված է անցյալի հետ, բայց նախագծում է ապագայի համար։ Որքան ավելի վարպետորն կարողանա ամփոփել անցյալը, ներկան ու ապագան մի կոթողի մեջ՝ այդքան ավելի սիրված կլինի նա։ Հայրիկիս դա լավագույնս հաջողվել է։

Նա նորարար էր, առաջնորդ, կարողանում էր իր շուրջը համախմբել ճարտարապետների, ուսանողների մեծ խմբեր։ Հայրիկին շատ են քննադատել, բայց երբեք չեն կարողացել շեղել իր ընտրած ճանապարհից։ Կարծում եմ՝ համառությունը, հետևողականությունը նա ժառանգել է ծնողներից։

Վարդագույն տուֆնու ապագայի ճարտարապետները

Հայկական մոդեռնիզմը արմատներով կապված է միջնադարյան հայկական ճարտարապետության և թամանյանական շրջանի հետ։ Թամանյանը մեծ ազդեցութուն թողեց 20-րդ դարի ճարտարապետական ոճերի ձևավորման վրա։ 15 թվականից հետո հայ ժողովորդը և՛ մարդկային կորուստներ ունեցավ, և՛ հողերի կորուստ։ Հազարավոր երեխաներ մնացին որբ ու կորցրին կապն իրենց անցյալի, նախնիների, պատմությանհետ։ Այդ տարիներին մեծ թվով հայ մտավորականներ եկան Հայաստան, այդ թվում՝ ճարտարապետներ, և բերեցին ամենաժամանակակից, ամենաառաջադեմ գաղափարները։ Թամանյանը, Մազմանյանը, Քոչարը, Հալաբյանը հաջողության հասած մարդիկ էին, թողեցին ամեն բան ու եկան Հայաստան, նոր երկիր կառուցեցին ու իրենց գիտելիքները փոխանցեցին ուսանողներին։ Փարաջանովն ասում էր՝ մենք աշխարհից վրեժ կլուծենք սիրով։ Դժոխքը, որ անցավ ժողովուրդը, չէր կարող հոգիները չլցնել ատելությամբ, բայց դրա փոխարեն այս մարդիկ աշխարհը լցրին բարությամբ։ Պատահական չէ, որ Երևանը, Հայաստանը կառուցվում էին վարդագույն տուֆով։ Ուզում էին մարդկանց հոգիները լցնել լույսով, ջերմությամբ։ Ինչո՞ւ էր դա այդքան կարևոր. դու կարող ես չհավանել այս կամ այն կարը, ու պարզապես շուռ կտաս, կարող ես չհավանել այս կամ այն երաժշտությունը, կանջատես, բայց ճարտարապետության մեջ դու ստիպված ես ապրել։ Ճարտարապետությունը գաղափարախոսական դեր է կատարում, և Թամանյանը խաղաց այդ դերը։ Երիտասարդ ճարտարապետները, որոնք մեծացան այդ քաղաքների մեջ, իրենցում կրում էին թե՛ միջնադարյան ճարտարապետությունը, թե՛ այն ծանր պատմական հիշողությունը, և դրան հակառակ՝ ստեղծվում էր մի նոր ճարտարապետություն, որն իր հետ բերում էր հավատ, բարություն, հպարտություն, համոզմունք, որ կարող են ամեն ինչ անել։ Ճարտարապետները տեխնիկական, ինժեներական բարդագույն խնդիրներ էին առաջադրում։ Դուք կարող եք ամեն ինչ երազել (հայրիկի շենքերը գիտեք), բայց այդ ամենը պետք է իրականություն դարձնել։ Մեր ինժեներները՝ Գերասիմ Գևորգյանը, Իգոր Ծատուրյանը, Գրիգոր Ազիզյանը (ուսանող էր այն ժամանակ), կարողանում էին իրականություն դարձնել ճարտարապետների մտքերը։

Ամենալավ մասնագիտությունը

Ուզում էր, որպեսզի բժիշկ դառնամ, ինչպես իր ծնողներն էին, բայց ես կարծես ծնվածս օրից գիտեի, որ ճարատարապետ եմ դառնալու։ Հաճախ նրան հարցնում էի՝ ճարտարապետությունից բացի ուրիշ ի՞նչ լավ մասնագիտություններ կան, սկսում էր պատմել բժիշկների մասին, ֆիզիկոսների, աստղագետների… Երբ հարցնում էի ՝ այդ բոլորի միջից ամենալավը ո՞րն է, ասում էր ՝ դե, իհարկե, ճարտարապետությունը։

*****

Նա դարձավ առաջին ավանգարդիստը

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ փոխտնօրեն Սաշուր Քալաշյանը Արթուր Թարխանյանին ճանաչել է փոքր հասակից։

Երկուսս էլ գյումրեցի ենք, նույն դպրոցում ենք սովորել։ Տարիքային տարբերություն կար, նա երկու, թե երեք տարի շուտ ավարտեց դպրոցը և տեղափոխվեց Երևան։ Հեռվից հեռու գիտեինք իրար։ Ուսանողական տարիներին երկուսս էլ ճարտարապետական բաժնում էինք սովորում, ապրում էինք ուսանողական միևնույն հանրակացարանում: Միասին էինք գնացքով գնում Լենինական, միասին Լենինականից գալիս Երևան։ Հետզհետե շփումն ավելացավ ու բովանդակալից դարձավ։ Բաց անձնավարություն էր, պատրաստակամ, շրջահայաց։ Լավագույնս տիրապետում էր և՛ ճշգրիտ գիտություներին, և՛ արվեստին, ինչն էլ դերակատարում ունեցավ նրա հետագա հաջողություններում։

Գիտակցում էի՝ սա է ճիշտ ուղղությունը

Նա առանձնանում էր իր համակուրսեցիներից, ստեղծագործական քայլեր էր անում, որպիսիք դուրս էին ընդունված պատկերացումներից։ Ավագ սերնդի դասախոսները դժգոհում էին։ Այն ժամանակ ցանկացած նորարարություն, հատկապես՝ մշակութային, կասկած էր առաջացնում, թե այս մարդն ի՞նչ է անում, արհամարհո՞ւմ է մեր մշակութային ավանդույթները։ 60-ականերին ուսանողների շրջանում նա դարձավ առաջին ավանգարդիստը։ Բոլորը տեսնում էին, բայց բոլորը չէ, որ ընդունում էին դա։ Ես այն քչերից էի, որ գիտակցում էի՝ սա է ճիշտուղղությունը, որով պետք է գնալ. ինչքան էլ սիրես հայկական ճարտարապետությունը, միջնադարյան կառույցներն այսօր կրկնել չի լինի։ Երբ տեխնիկան զարգանում է, սկսում ես ֆունկցիոնալ խնդիրներ լուծել, ինչը ուրիշ կերպար է բերում։

Դիպուկ պատասխան

Ուսանողական տարիներին մի դրվագ հիշեցի. դասախոսներից մեկը շրջում է լսարանում, նայում ապագա ճարտարապետների ուսանողական աշխատանքները։ Թարխանյանի մոտ հասնելիս՝ նայում է, նայում, ասում է՝ Արթո՛ւր, շնորհքով տղա ես, բայց խելք չունես։ Արթուրն էլ առանց գլուխը բարձրացնելու, շարունակելով աշխատել, ասում է՝ դե, Վարազդատ Մարտիրոսովիչ, ի՞նչ ասեմ, մարդ կա շնորհք ունի խելք չունի, մարդ էլ կա խելք ունի, շնորհք չունի։

Ձևավորվում էին ճարտարապետների խմբեր

Բուհն ավարտելուց հետո Թարխանյանն ընդունվեց «Հայպետնախագիծ», և այդ նույն մոտեցումները սկսեց կիրառել այստեղ։ Ես ընդունվեցի աշխատանքի երեք տարի անց։ Դեռ ուսանողական տարիներին որպես ավելի կրտսեր՝ կուրսային աշխատանքեր կատարելիս միշտ խորհրդակցում էի նրա հետ: Մասնակցած լինելով ինչ- որ օբյեկտի համար հայտարարված հանրապետական բաց մրցույթի՝ նա ինձ համար միանգամայն օրինակելի էր: Նախագծային ինստիտուտում աշխատելիս՝ մասնակցությունը մրցույթներին դարձավ ապրելակերպ։ Սակայն ճարտարապետությունը մեկ հոգու ստեղծագործություն չէ. մեծամասշտաբ աշխատանքը, եթե մենակ անես, չես հասնի հաջողության, որովհետև միշտ կարող է լինել ինչ-որթերություն, որը չես նկատել ժամանակին։ «Հայպետնախագիծ» ինստիտուտում ձևավորվում էին 3-4-հոգանոց խմբեր: Ասեմ, որ խմբային աշխատանքը շատ դժվար ընդունվեց՝ դարձյալ պահպանողական պատկերացումների պատճառով։ Արտասահմանում արդեն կար այդ փորձը։ Նորությունները դժվարությամբ էին հասնում մեզ, սակայն Մոսկվայում հրատարակվող մի ամսագիր կար, որն անդրադառնում էր աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող ճարտարապետական նորարարություններին։ Գովաբանելու նպատակ չունեին, տեղեկատվական բնույթ ուներ, և ենթադրում էին, որ մեզ դուր չի գա։ Այդ ամսագիրը նույնպես կարևոր նշանակություն ունեցավ Թարխանյանի ու բոլոր նրանց համար, ովքեր ավանագարդիստական մոտեցումներունեին։

Առաջին հաջողությունը

Կինո Ռոսիան նրա կուրսային աշխատանքն է եղել։ Ստեղծման պատմությունը հետևյալն է. չեմ հիշում՝ որ ճարտարապետին հանձնարարել էին երկդահլիճանոց կինոթատրոն նախագծել, և նա վարչական շենքի նմանվող պարզունակ նախագիծ էր ներկայացրել։ Դա զայրացրել էր երիտասարդ Թարխանյանին։ Որոշում են «հականախագիծ» ներկայացնել։ Ճարտարապետների միությունում հարցը դրվում է քննարկման. երկու նախագծերը դնում են կողք-կողքի, և որոշում, որ պետք է կառուցվի Թարխանյանի նախագիծը։ Դա նրա առաջին հաջողությունն էր։ Մնացած կառույցներն արվում էին մրցույթներով, և 1960 թվականից սկսած՝ նրա հետ մասնակցել եմ գրեթե բոլորին։ Դրանցից  մեկը Եղեռնի հուշարձանինն էր՝ 1964 թվականին, որը բազմաթիվ նախագծերի մեջհաղթող ճանաչվեց և իրականացվեց:

Նորը պետք է կյանք մտներ

Աշխատանքի ընթացքում, իհարկե, դիմադրությունը կար։ Քննադատում էին, որ ապազգային է, արտասահմանյան բարքեր են բերվում, բայց քանի որ մոտեցումը ռացիոնալ էր, շենքը անհամեմատ էժան էր կառուցվում, զգում էին, որչի արդարացվում հակառակ կողմի առաջարկը։ Նորը պետք է կյանք մտներ՝ ուզեր, թե չուզեր։

 Հին ավանդույթ, նորլուծումներ

Ճարտարապետության գեղեցկության մեջ մի շատ կարևոր բան կա՝ համաչափությունը։ Դա հնուց է գալիս. այսօր, ցավոք, կիրառություն չունի։ Արթուրը կիրառում էր հին ավանդույթը՝ նոր լուծումներով։ Դրա համար կային կիրառման բանաձևներ։ Ափսոսում եմ, որ դա չի դասավանդվում բուհերում, իսկ եթե դասավանդվում է՝ զուտ տեղեկատվական կարգով, ոչ կիրառական։

Լսող չկա

Ցավում ենք, որ նրա կառույցների մի մասը քանդուքարափ եղան երրորդ հանրապետության  կողմից։ Դա ուղղակի բարբարոսություն էր։ Մենք մեր զայրույթը, մասնագիտական կարծիքը արտահայտեցինք, բայց լսող չեղավ։

Ես պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն էի, երբ սկսեցին «Զվարթնոց» օդանավակայանը քանդելու գործընթացը։ Մոսկվայից սկսած՝ բողոքներ էին գալիս, որչի կարելի քանդել, որ համաշխարհային համբավ ունեցող օդանավակայան է, Խորհրդային Միության ճարատարապետական գլուխգործներից մեկը։ Ո՞նց կարելի է պետական մրցանակ շնորհել մի կառույցի, հետո քանդել առանց հիմնավորման։ Ես դա հանրապետության երրորդ նախագահին էլ ասացի, և հրաժարվեցի զբաղվել մրցանակների տրամադրմամբ։ 2017 թվականն էր։ Մինչօրս կարևորագույն այդ հուշարձանի ճակատագիրն անորոշ է։


Ստեղծագործական ինքնատիպ ձեռագիր. Երիտասարդության պալատ (հատակագիծ), Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մարզահամերգային համալիր, «Զվարթնոց» օդանավակայան (մակետ)


Տաղանդավոր՝ կյանքում և ստեղծագործելու մեջ

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նկատում է՝ մարդն ամբողջական էություն է, դժվար է տարանջատել. Արթուր Թարխանյանը և՛ ստեղծագործելու պահերին, և՛ կյանքի մնացած ժամերին նույն տաղանդավոր մարդն էր։

Դժվարանում եմ ասել՝ բացի աշխատանքից ինչո՞վ էինք զբաղվում

Մենք ընկերություն ենք արել շատ երկար՝ սկսած 1960 թվականից, երբ սկսեցինք նախագծել Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծը։ Դժվար է ասել ընկերությո՞ւն էր, թե՞ բարեկամություն։ Երեք ընկերներով (նաև Սպարտակ Խաչիկյանը), աշխատում էինք ողջ օրը։ Աշխատանքը, կյանքը, ընկերությունը, ճաշը միասին էր անցնում։ Հիշում եմ, որ էսքիզների նախնական տարբերակները մեր տանն էինք անում։ Առանձնատուն էր, մեծ սենյակ կար ու հարմար էր այնտեղ աշխատել։ «Ռոսիա» կինոթատրոնի թղթից և պալստիկից մակետն առաջինը պատրաստեցինք մեր տանը։ Պահածոների տուփերի կլոր կափարիչներից հավաքեցինք Երիտասարդության պալատի հյուրանոցի ամբողջ հորինվածքը: Հանգիստն այնքան քիչ է եղել, աշխատանքն այնքան մեծ տոկոս է զբաղեցրել մեր կյանքում, որ ես մինչև անգամ դժվարանում եմ ասել՝ բացի աշխատանքից ինչո՞վ էինք զբաղվում։

Ընկերություն էինք անում ընտանիքներով։ Կիրակի օրերին, իհարկե շատ հազվադեպ, փորձում էինք հանգստանալ՝ պետք էր ժամանակ անցկացնել նաև ընտանիքի հետ։ Ես մի փոքր մեքենա ունեի՝ «Զապորոժեց», նստում էինք բոլորս, դահուկները դնում մեքենայի վրաու գնում Բյուրական, Ծաղկաձոր։ Արթուրն ամենալավն էր դահուկներով սահում, մենք՝ ավելի վատ, Արթուրի կինը՝ Գուբիևա Զառեման, որ մի երիտասարդ, գեղեցիկ կին էր, հագնում էր դահուկորդի զգեստն ու կանգնում վերևում, որովհետև իջնել չէր կարողանում։ Արթուրը բնավորության մի գիծ ուներ, որ հատուկ է սպորտսմեններին՝ հաղթելու մոլուցքը:  Դա և՛ ստեղծագործելու մեջ էր դրսևորվում, և՛ կյանքում, նաև՝ սպորտում։ Երիտասարդ տարիներին զբաղվում էր բաստկետբոլով, և շատ լավ էր խաղում։

Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան, Արթուր Թարխանյան, 1980

Մի անգամ, շատ մեծ նախագծից հետո, ես և Արթուրը Ճարտարապետների միությունից ուղեգիր վերցրինք ու գնացինք Սուխանովո։ Հետաքրքիր ամիս անցկացրինք, այնտեղ հանգստանում էր նաև Տիգրան Պետրոսյանը, նրա հետ բիլիարդ էինք խաղում, Արթուրը մեկ-մեկ՝ նաև շախմատ։

Ինչ-որ մի հատվածում սկսեցինք զբաղվել Ուրախների և հնարամիտների ակումբով։ Մի քանի ելույթներ եղան։ Այն ժամանակ հայտնի թիմ էր, հետո կարծես մոռացվեց։

Անտեսելով վտանգները

Մարզահամերգային համալիրը կառուցելու ընթացքում Արթուրը պտտվող տրիբունայի կոնստրուկցիայի վրա էր բարձրացել և երկրորդ հարկից ընկել ներքև։ Մոտ երկու ամիս պառկեց հիվանդանոցում։ Հիմա զարմանում եմ, երբհիշում եմ, թե ինչ տեղերով էինք քայլում շինարարության ընթացքում՝ 30 մետր բարձրության վրա, կես մետր լայնությամբ հեծանի վրայով անցնում էինք մի ծայրից մյուսը, տակը՝ անդունդ։ Բայց մենք այդ բաներին ուշադրություն չէինք դարձնում:

Քանդված խորհրդանիշ

Հնարավոր ամեն ինչ արել եմ, որ չքանդվի Երիտասարդության պալատը։ Սկսել էին առասպելներ պտտել, որ կոնստրուկտիվ թերություներ կան, սխալ է հաշվարկված։ Դրա համար «Հայպետնախագիծը» ստուգումներ անցկացրեց, կոնստրուկտորները նորից վերահաշվարկեցին ու ապացուցեցին, որ կառուցված վիճակում նա ոչ մի վտանգ, թերություն չունի, կարող է այդպես ապրել ևս 100 տարի։ Մի ուրիշ բան դեր խաղաց շինության ճակատագրում։ Խորհրդային կարգերի փլուզման շրջանում ու դրանից հետո՝ 20-25 տարի վերանորոգման, պահպանման որևէ աշխատանք չէր արվել այդ շենքում։

Սեփականատիրոջ հետ աշխատել եմ մոտ մեկ տարի, էսքիզներ էի անում, իմ կարծիքով համոզել էի, որ այն, ինչ ինքը ուզում է, մենք կտանք՝ վերափոխումներ անելով։ Հավատացած էի, որ չի քանդի։ Բայց մի օր տեսա՝ կռունկով հանում են երեսպատումները։ Արդեն ուշ էր։ Որոշումն ընդունվել էր։ Վատ է այդպես ասելը, բայց լավ է, որ Արթուրն ու Սպարտակը այդ ցավը չտեսան։ Խելագարվել կարելի էր։

  Երիտասարդության պալատը նորից վերակառուցելու առաջարկներ եղել են, բայց ընթացք չիտրվել։ Կարծում եմ, որորպես վառ հիշողություն, ինչպես ասում են՝ Երևանի խորհրդանիշ, կարելի է վերականգնել։ Կա և ուրիշ տեսակետ, որ շատ տարիներ են անցել, ու հիմա հեղինակները եթե կենդանի լինեին, հնարավոր է՝ ավելի հետաքրքիր մի բան անեին։

Ես այն կարծիքն եմ, որ հնարավորության դեպքում՝ ճիշտը վերականգնելն է։ Մի րոպե պատկերացնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի նման այրվել է. ճիշտ է, տաճարի միայն ծածկը վնասվեց, բայց եթե ավելի շատ վնասվեր, նրանք չէին մտածելու՝ քանդել, ուրիշ բան սարքել, անպայման կվերականգնեին։ Որովհետև տաճարն այնքան փարիզյան է, այնքան մեծ նշանակություն ունի Փարիզի համար, որ չէին կարող ուրիշ բան անել այդտեղ։ Նույնը վերաբերում է այս կառույցին։

Քանդելուց էլ վատ

«Ռոսիա» կինոթատրոնն ավելի վատ վիճակում հայտնվեց, քան Երիտասարդների պալատը, որը թեև քանդվեց, սակայն  էթնիկ տեսքը մնաց մեր հիշողության մեջ: Իսկ«Ռոսիան» տարեցտարի է փոխվում, հմայքը հետզհետե կորչում է։ Այսօրվա երիտասարդութունը չի էլ հիշում՝ նախկինում ինչ տեսքուներ հուշարձանը, երբ չկային կողքի շենքերն և այդ «յառմռկան»։ Շենքը քանդելով՝ քանդում ես նաև միջավայրը՝ հոգևոր, ֆիզիկական։ «Ռոսիան», օրինակ նախագծված էր որպես մշակութային կենտրոն, այնտեղ դահլիճներ կային, պարասրահներ, ցուցասրահներ, ռեստորաններ, և մտածված էր այնպես, որ կինոթատրոն գնացողն իր ճանապարհին առնչվի նաև արվեստի մյուս ճյուղերի հետ։ Սիլաչիի մայլա կոչվող այդ վայրում շուկա էր, հին կեղտոտ երևանյան շուկա, որտեղ փոքր ժամանակ գնում էինք առևտուր անելու։ Հիմա այդ թաղամասի նույն ապրելակերպը վերադարձրին, էլի դարձավ շուկա։

Բոլոր ստեղծագործությունները, որ արել ենք միասին թե առանձին, թանկ էին մեզ համար։ Սակայն ամենահաջողված ստեղծագործությունը մեզ համար, Արթուրի համար նույնպես, «Ռոսիա» կինոթատրոնն էր. մեզ հաջողվեց մոդեռնիստական մեր բոլոր մտքերն իրականացնել, միևնույն ժամանակ հայկական ճարտարապետություն ստեղծել։

 Մարզահամերգային համալիրն առանձին պատմութուն ունի, որովհետև այնքան բարդ բազմազան ու հզոր կառույց է, որ ոչ մի բանի հետ չես կարող համեմատել։

Երբ հասարակությունը սիրում է կառույցը՝ դրանից վեր բան չկա

«Ճարտարապետական կառույցը պատմության մեջմնում է կարևոր մի առանձնահատկության շնորհիվ՝  բնության, միջավայրի հետներդաշնակության։ Արթուր Թարխանյանին դա լավագույնս հաջողվում էր. նա ճարտարապետական մեծ ձիրքով էր օժտված, նաև մաթեմատիկական ճշգրտության հասնող մտածելակերպ ուներ»,- բանաձևում է Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինանսյանը։

Թարախանյանը և իր ժամանակը

Այն տարիներին կային երկու հիմնական նախագծային ինստիտուտներ, որոնցում կենտրոնացել էին մեր լավագույն ճարտարապետները. «Հայպետնախագիծը», որտեղ աշխատում էին Արթուր Թարխանյանը, ՀրաչյաՊողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Սաշուր Քալաշյանը, և «Երևան նախագիծը», որտեղ աշխատում էին Ջիմ Թորոսյանը, Ֆելիքս Դարբինյանը, Լիպարիտ Սադոյանը, Ստեփան Քյուրքչյանը և այլոք։ Բոլորն էլ հրաշալի կառույցների հեղինակներ էին, և մի տեսակ մրցակցություն կար (հիմա այդքան ասում են՝ պետք է մրցակցություն լինի, որ լավ արտադրանք ունենանք. այն ժամանակ այդպես էր)։ Մեր ճարտարապետությունը աչքի էր ընկնում իր յուրահատկությամբ։ Դրսից եկողները զարմանում էին, որ կա թամանյանական շինությունու դրա կողքին նաև՝ ավանգարդը։ Կարող էիր տեսնել 30, 40, 50-ականների լավագույն կառույցները, այսինքն՝ քաղաքի զարգացումը։

Ավելին, քան մրցանակը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման համար մրցույթ հայտարարվեց, մասնակցեցին գրեթե բոլորը, հաղթեց Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի ներկայացրած նախագիծը։ Բոլորին գրավեց գաղափարը. վերին աստիճանի պարզ, բայց միևնույն ժամանակ տպավորիչ՝ խոնարված նիստերով, անշեջ կրակով ու վերածննդի գաղափարով։

Մի տարօրինակ թվացող բան կա: Եթե հեղինակները Երիտասարդության պալատի համար արժանացել են Կոմերիտմիության համամիութենական մրցանակի, «Ռոսիա» կինոթատրոնի համար՝ ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի մրցանակի, «Զվարթնոց» օդանավակայանի համար՝ ՀԽՍՀ պետական մրցանակի, ապա մեր լավագույն կառույցներից  մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի համար մրցանակ չիտրվել: Խորհրդային երկրում դա ուներ իր քաղաքական պատճառները: Ե՛վ Արթուր Թարխանյանին, և՛ Սաշուր Քալաշյանին ասել եմ, որ դեռ ուշ չէ մրցանակի համար, բայց երկուսին էլ, որպես մարդկային հատուկ որակներ կրողների, բավարարում էր այն, որ հասարակությունը ընդունել ու սիրել է կառույցը՝  դրանից վեր բան չկա։

Երևանի խորհրդանիշը

Երիտասարդական պալատը, այսպես կոչված՝ «կուկուրուզնիկը», նախատեսված էր երիտասարդների համար։ Կառուցվել է ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ։ Ճարտարապետներն էին՝ Արթուր Թարխանյանը, Հրաչյա Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը։

Բազմագործառույթ շենք էր, որտեղ տեղակայված էին հյուրանոց, դահլիճ, մարզասրահ, ընդունելության սրահներ, ակումբներ, լողավազան, վիտրաժե լուսամուտներով հարսանյաց սրահ։ Արված էր կոնստրուկտիվ և զուսպ լուծումներով, առանց պաճուճանքի, շքեղ համարներ չկային։ Վերնահարկում  իր առանցքի շուրջը պտտվող սրճարանից կարելի էր տեսնել քաղաքի համայնապատկերը, ներքևում կառույցի հիմքն այնպես վարպետորեն ու գեղեցիկ էր հարմարեցված ռելիեֆին, որ թվում է՝ այդ տեղում հենց այդ պետք է լիներ։

Նոր Երևանի կերպարը խորհրդանշող պալատը քանդելու որոշումը կայացվեց 2005 թվականին, իրագործվեց 2006-ին։ Շենքը խնդիրներ ուներ, վթարային էր ճանաչվել։ Հնարավոր էր ամրակայել, վերականգնել, բայց արդեն չկար այդ պետությունը. մենք մի օր բոլորովին ուրիշ պետության մեջ զարթնեցինք՝ անկախ, բայց անուժ։

2010-ին միջազգային մրցույթ անցկացվեց, ներկայացվեց մոտ երեք հարյուր նախագիծ աշխարհի տարբեր երկրներից։ Նախատիպն կար արդեն, ու մենք ուզում էինք նմանօրինակ բան լիներ։ Միջազգային ժյուրին (հանձնախմբի կազմում մասնագետներ էին Հայաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իսպանիայից) նախագծերից ոչ մեկն առանձնապես հավանության չարժանացրեց։ Իսկ հաղթող ճանաչված ճապոնացի ճարտարապետի նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց: Պալատի տեղում մինչ օրս ոչինչ չի կառուցվել, ամայություն է և քարի հանք։

Շուկայից՝ շուկա

«Ռոսիա» կինոթատրոնի տեղում նախկինում էլ շուկա է եղել ու տեղանքը իներցիայով պահում էր իր հիշողությունը. շատ թափթված վայր էր, պետք էր բերել քաղաքին վայել տեսքի (համարյա կենտրոն էր): Թարխանյանի նախագծած երկդահլիճանոց «Ռոսիան» հետաքրքիր կառույց էր՝ կոնստրուկտիվ լուծումներով։ Մարդիկ շատ էին ուրախացել, չնայած երկու մեծ դահլիճներին՝ կինոթատրոնում տեղու դադար չկար։ Դիմացը հրաշալի քանդակներ էին, Օղակաձև այգին լրացնում էր պատկերը։ Հիմա վերադարձել ենք նախկին թափթվածությանը։

Լավ է, որ Արթուրը այս ամենը չտեսավ

Շփումս նրա հետ եղել է հիմնականում այդ տարիներին, երբ վատառողջ էր։ Հաճախ էր գալիս ճարտարապետների միություն, մեկ-երկու շենք այն կողմ էր ապրում։

Երբեմն ասում ենք իրար՝ լավ է, որ Արթուրը այս ամենը չտեսավ։ Մյուսների աչքի առաջ քանդեցին իրենց ստեղծած կառույցները։ Մինչև հիմա Հրաչյա Պողոսյանը պայքարում է «Ռոսիա»-ի համար։

*****

Հանիրավի քանդված ու վտանգված կառույցներն իրենց նախաստեղծ տեսքով շարունակում են ապրել մարդկանց հիշողություններում, գրքերում, նկարներում…

Երկու քրոջ թոռներ

«Արթուր Թարխանյանը ստեղծագործական առումով փարոս էր, բոլորը փորձում էին նրա հետ համագործակցել։ Ստեղծագործում էր շատ պարզ, ժամանակակից, պրոգրեսիվ, գիտականորեն հիմնավորված, նյութը հասկանալով։ Ոչ մի շեղում իրստեղծագործական ուղուցթույլ չէր տալիս։ Նրան հարգում էին և՛ ղեկավարությունը (համարձակ էր դրսևորում իրեն), և՛ընկերները»,- ասում է Վաստակավոր Ճարտարապետ Աշոտ Ալելքսանյանը։

Արթուր Թարխանյանի հետ երկու քրոջ թոռներ ենք։ Ծանոթացել ենք ինստիտուտում սովորելիս: Պատմությունն այսպես է եղել. այն ծանր տարիներն էին, երբ մեր հայրերը կռվում էին Հայրենական պատերազմում, իսկ մենք սովորում էինք դպրոցում: Լենինական-Երևան կապը շատ դժվար էր, և մենք երբևէ չէինք հանդիպել, թեև միմյանց մասին լսել էինք։

Երբ առաջին կուրսում հանդիպեցինք, ես իրեն հարցրի՝ տատիկիդ անունն ի՞նչ է, ասաց՝ քե՛զ ինչ։ Կարծեց ծաղրում եմ: Ասացի՝ լավ, ես իմ տատիկի անունն ասեմ, դու եզրակացություն արա։ Այդպես պարզվեց, որ երկու քրոջ թոռներ ենք։ Ուրախացանք, գնացինք «Երևան» հյուրանոցի ռեստորան՝նշելու:

5-6 տարի սովորեցինք իրար հետ, որպես եղբայրներ՝ ստեղծագործական հարցերով միասին կիսվում էինք, մասնակցում մրցույթների, շահում խրախուսական մրցանակներ։

Մի անգամ մրցույթին ներկայացրինք միևնույն նախագծի երկու իրար հակադրվող տարբերակ. մեկը խիստ ժամանակակից, մյուսը՝ դասական, հայկական ավանդույթներով։ Բանն այն է, որ երկու նախագծերն էլ ստացան խրախուսական մրցանակ, ընդ որում՝ մեր ամբիոնի վարիչ Վարազդատ Հարությունյանը փնովում էր մի նախագիծը՝ դրվատելով մյուսը։ Ծրարները բացեցին ու պարզվեց, որ երկու նախագծերի տակնույն ազգանուներն են՝ Թարխանյան, Ալեքսանյան։ Վարազդատ Հարությունյանը շատ վատ զգաց իրեն, որ չի կարողացել կողմնորոշվել, հագնվեց ու դուրս եկավ՝ առանց ցտեսություն ասելու։

Դրանք էլ մեծ քանդակներ ասես լինեն

Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի բնորոշմամբ՝ Արթուր Թարխանյանին ճանաչելը երջանկություն էր, տասը րոպե հետը շփվելը՝ մի ակադեմիա. լցվում էիր կյանքով, գիտելիքով։

Մարդիկ այն են, ինչ արել են

Նրա արածները դուրս էին լճացումից, ստանդարտից, նա կառուցում էր հեղափոխական ծավալներով ու կոնստրուկցիաներով։ Ընդ որում՝ դրանք ոչ միայն արտաքին կերպար ունեին, այլև բացառիկ էին ներսից. ամեն ինչ արված էր հանուն մարդու հարմարավետության։ Ինքը1.75 սմ հասակով սովորական մարդ էր, բայց ներսում «կիլոմետրերով տարածք» ուներ։ Չէր խնայում ինքն իրեն, որպեսզի կարողանար ստեղծել այն, ինչ մեր ժողովրդի համար ստեղծել է։ Հանգիստ, հանդարտ, մեղմ անձնավարություն էր Թարխանյանը, հումորով, դեմքին ասես զսպված ծիծաղ լիներ։ Տխրության ժամանակ էլ այդպիսին էր։

Բանալի էր իր հետ շփվող ցանկացած մարդու համար։ Վայրկենապես տեսնում էր՝ դու կարո՞ղ ես իր օբյեկտի համար ստեղծագործել, թե՝ ոչ։ Ես  բանավոր ներկայացնում էի էսքիզները, նա արդեն ըմբռնում էր, նյութի վրա վերածելիս՝ բացարձակ չէր միջամատում, հասկանում էր, որ հյուսվում եմ՝ մի լեզվով եմ խոսում իրենց արածի հետ։  Չնայած հակասություններին՝ միասնություն էր մեր արածը: Օրինակ՝  օդանավակայանի՝ ապակիներով տված լուծումս լրիվ այլ բան է, բայց մի կուռ հորինվածք է ստացվել։ Պատմությունն այսպես է եղել. էսքիզն արեցի, հավանեցին, բայց իրականացնելը շատ դժվար էր։ Ապակուց էր, հարց էր՝ կդիմանա՞ր ծանրությանը, թե՞ոչ։ Մրցույթ հայտարարվեց։ 10-12 նախագիծ ներկայացվեց, դարձյալ ընտրվեց իմ աշխատանքը։

 Մի այլ անգամ տարածք էր տրված, գեղեցիկ սրճարան էր, որտեղ ես պետք է սյուները թաքցնեի։ Ստեղծեցի «Ադամ ու Եվա» կոմպոզիցիան. բուսական հորինվածքներեն, մեջտեղում՝ Ադամն ու Եվան դեմ դիմաց կանգնած՝ իրենց կրքի, էներգիայի ջերմությունից հալվում- միանում էին։ Ոսկեգույն էր կոմպոզիցան, շրջապատը՝ կանաչ։Նյութը՝ բետոն էր ու գիպս, ափսոս որ կորավ-գնաց. եթե Երևանի խորհրդանիշը՝ Երիտասարդության պալատը քանդեցին, արձանն ի՞նչ էր նրանց համար։

Համր հանճար

Նա անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ էր, կարող էր կինո նայել ու գծել միաժամանակ։ Խոսում էր հետդ, թվում էր՝ լսում է քեզ, իրականում իր ծավալներն էր գծում գլխի մեջ։

Պարզագույն մարդ էր, իր հետ շփման ոչ մի բանալի պետք չէր փնտրել։ Բարեհամբույր էր, բարի։ Արթուրը հանճարեղ, զուսպ մարդ էր, այսպես ասեմ՝ համր հանճար էր։ Ե՛վ հորինող էր, և՛ կոսնտրուկտոր, և՛  գյուտարար: Իր գործերիցոչ մեկը մյուսին նման չէ, ամեն մեկը լրիվնոր հորինվածք է։

  Ցավոք, հինը ոչնչացնելու միտում է գնում։ Մենք պետք է հպարտանանք,  որ մեր ճարտարապետության պատմության ընթացքում  «Կինոռոսիայի» նման շինություն ենք ձեռք բերել: Իսկ հիմա գիշատիչները ինչպե՜ս են հարձակվել վրան, շենքերը մտել են շինության տակը, մեջը…

Իր կարևոր հատկանիշներից մեկը պիտի շեշտեմ՝ միանձնյա չէր։ Նրա հետ մեծ վարպետներ են աշխատել՝ Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, Սաշուր Քալաշյանը։ Ներդաշնակ էին աշխատում, մեկը մյուսին լրացնում էին։ Հայաստանի համար մի նպաստավոր ժամանակաշրջան էր. այդ մարդիկ տալիս էին ճարտարապետական լուծումներ, որոնցում չէին օգտագործվում քանոն ու կարկին, այսինքն՝ կամարը կամ պսևդո-հայկական որևէ բան բացակայում էր։

Թարխանյանն ու ճարտարապետների այդ սերունդը նոր ճաշակ, նոր մտածալեկերպ ձևավորեցին։ Նրանց կառույցները հայտնվեցին քաղաքի տարբեր  հատվածներում և գեղեցկացրին միջավայրն ամբողջությամբ: Դրանք էլ մեծ քանդակներ ասես լինեն, որ համահունչ են միջավայրին ու նրա անբաժանելի մասնիկն են։

Պատրաստեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply