ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Գունդուչիկի աշխարհը

01.06.2022

Գոհար Գալստյանի «Գունդուչիկն ու հայելին» մանկական բանաստեղծաշարը յուրատեսակ բանալի է, որով գրքի ընթերցողները պիտի բացեն դեպի մեծ կյանք տանող ճանապարհի նախադուռը: Հեղինակային վառվռուն նկարազարդումներով և խոհուն-թեթև բանաստեղծություններով Գոհար Գալստյանը ոչ միայն դպրոցահասակ, այլև նախադպրոցական տարիքի երեխաներին սովորեցնում է լինել բնասեր, ընկերասեր, ուսումնատենչ, պրպտող, անգամ՝ մանկորեն փիլիսոփա:

Ստորև գրքից ներկայացվող բանաստեղծությունները և համապատասխան նկարազարդումները, կարծում ենք, հնարավորություն կտան փոքրիշատե պատկերացում կազմելու Գունդուչիկ տղայի և նրա գունագեղ աշխարհի մասին:  

Կարինե Ռաֆայելյան

Գունդուչիկը խաղընկեր

Գունդուչիկը երևի

Նոր էր տեսնում հայելին.

Եկավ, կանգնեց դեմուդեմ,

Ու չգիտեր՝ ի՜նչ աներ…

Ձեռքի գնդակը փափուկ

Թափով նետեց հայելուն,

Հայելին էլ, դե՝ գիտեք,

Ողջը կրկնեց մեկ առ մեկ։

Գունդուչիկը, այս անգամ,

Գնդակն առավ ու ժպտաց.

Հիմա ուներ խաղընկեր՝

Ժպտերես ու գանգրահեր։

Բռնոցիներ բազմոցին

Վիզը տաք-տաք փաթաթած,

Թուշիկները՝ կաս-կարմիր,

Հիվանդ պառկել էր ջերմով

Գունդուչիկը բազմոցին…

Մի քիչ տխուր էր կարծես,

Եվ մայրիկն էր անհանգիստ,

Բայց Գունդուչիկը մտքով

Բակում ելել էր վազքի…

Այնքան խաղաց բռնոցի,

Մինչև քրտնեց՝ ջուր դարձավ…

Իսկ երբ շորերը փոխեց,

Ջերմը իջավ՝ լավացավ։

Լավ ընկերներ

Աղջիկների հետ բակում՝

Բաբկենի կամ Սոսի պես,

Գունդուչիկը չէր կարող

Կոպիտ վարվել կամ խոսել։

Չէր քաշքշի հյուսքերից

Երկարամազ Մանեի,

Չէր թողնի, որ նեղացնեն

Անիին կամ Նանեին։

Խաղի մեջ ինքը անգամ

Նրանց կարող էր զիջել,

Իսկ քույրիկի լացն անհամ

Գիտեր իսկույն ընդմիջել,-

Ժպտում, կանչում էր՝ Արփի՜,

Գիրկն էր առնում սայլակից,

Ու կչկչում էր Արփին,

Հեծանիվի ընթացքից…

Գունդուչիկը իր նման

Ուներ բակում ընկերներ,

Որ գիտեին և՛ խաղալ,

Ե՛վ փոքրերին պաշտպանել։

Մտքի հայելին

Պատկերազարդ, գունագեղ

Իր գրքույկի էջերին,

Մատն էր շարժում ձախից աջ

Գունդուչիկը տողերին։

Կարդում էր վարժ, անսայթաք,

Չէր շփոթում ո՛չ մի տեղ,

Կարդում էր, բայց, ո՜վ զարմանք՝

Դեռ տառերը չգիտեր…

Անգիր արել լսելով՝

Մտքում պահել էր քիչ-քիչ,

Շուտով՝ գնա երբ դպրոց,

Կսովորի ամեն ինչ։

Գունդուչիկը՝ երազում                

Քնելուց առաջ

Միշտ բարի՜ գիշեր,

Բարի երա՜զ է

Մաղթում ամենքին,

Հեքիաթասացը՝

Գլխարկով գունեղ,

Ձայնով թավիշե,

Ժպիտը դեմքին։

Եվ հաճախ, քնած

Մանուկներն անհոգ

Տեսնում են իրար

Նաև երազում,

Հեքիաթների մեջ,

Թե խաղին տրված՝

Կանչում են իրար,

Ցատկում, վազվզում։

Մեր Գունդուչիկն էլ՝

Նոր աչքը փակած,

Իր ընկերներին

Պատմում է արդեն.

— Գիտե՞ք, մեր մասին

Մի գիրք կա գրված,

Կկարդանք վաղը՝

Հենց քնից զարթնենք։


1 Comment

  • Reply Նունե Գալստյան 01.06.2022 at 08:47

    Շնորհակալություն Գոհար Գալստյանին
    այս հրաշալի գրքի համար, որ շատ լավ նվեր է բոլոր մանուկների համար։

  • Leave a Reply