ardi.am ԳրաԴաշտ

Դիմագրավելով մարտահրավերներին

23.12.2021


Գնո՞ւմ ենք գրքեր, այցելո՞ւմ ենք գրադարաններ։ Մշակութային աշխուժությունը արդյոք
վերականգնվե՞լ է։ Ի՞նչ հետք թողեցին պատերազմն ու համավարակը։ Ի՞նչ է սպասվում նոր տարում։ Պատասխանները՝ ստորև։


Մինչև պատերազմը

Դավիթ Սամվելյան («Էդիթ պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի բաժնի գլխավոր մասնագետ)

Մինչև վերջին պատերազմը բավականին շատ էին ընթերցում, մեծ էր հետաքրքրությունը գրքերի, գրականության նկատմամբ։ Դրան նպաստեցին նաև քովիդով պայմանավորված որոշ ժամանակ տանը փակված մնալը կամ ժամանցի որոշ վայրեր գնալու սահմանափակումները, այսինքն, մարդիկ այն, ինչը  բաց էին թողել զբաղվածության պատճառով, այդ թվում՝ այս կամ այն գրքի ընթերցանությունը, վերականգնեցին։ Բայց պատերազմն ու հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակը մարդկանց հոգեբանորեն ճնշում են։ Իմ ճանաչած մարդկանցից շատերը, որոնք լավ ընթերցողներ էին, չեն կարողանում տրամադրվել ու ընթերցել։

Վաճառքի տեմպը պահպանվում է

Վաճառքի տեմպը այս տարի գրեթե նույնն է, ինչ մինչև 2020 թվականի սեպտեմբերը։ Այսինքն, ընդհանուր առմամբ, վաճառքի տեմպը պահպանվում է։ Ի՞նչ է ստացվում. մարդիկ եթե անգամ քիչ են կարդում, ամեն դեպքում գիրքը դիտարկում են որպես նվեր։ Գրքեր կան, որոնք միշտ, ամեն տարի մեծ պահանջարկ ունեն։ Մեծացել է նաև մարդու զարգացմանը նպաստող, մեր պատմությանը, ինքնությանը վերաբերող գրքերի պահանջարկը։ Բացի այդ, կան մարդիկ, որոնք ընթերցանությունը դիտարկում են որպես փախուստ այս իրականությունից։ 

Նոր գրքեր

«Էդիթ պրինտը» հրատարակել է շուրջ 50 անուն գիրք (և՛ մանկական, և՛ գեղարվեստական, և՛ բիզնես-մոտիվացիոն, և՛ ուսումնական), որոնք ընդգրկում են և՛ հայ, և՛ արտասահմանյան հեղինակների գործեր։ Մենք թևաթափ լինելու իրավունք չունենք, քանի որ մեզ պետք է  գրագետ, բանիմաց, մտածող և ինքն իրեն ճանաչող հասարակություն, և հավատացած ենք, որ միայն այդպես կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու դիմագրավել մարտահրավերներին։

Նոր տարում

Նոր տարում դետեկտիվ ժանրի սիրահարներին սպասում են բազմաթիվ անակնկալներ «Ագաթա Քրիստի» շարքից։  Նոր խմբագրությամբ ու ձևավորմամբ լույս կտեսնի Շերլոք Հոլմսի յոթհատորյակը (նախկին վեցհատորյակի փոխարեն): Կհամալրվեն հրատարակչության «Ինքնություն», «Արդի», «Ծովահենի գրադարանը», «Հայտնի հեքաթագիրներ» շարքերը։  «Ինքնություն» շարքից լույս կտեսնեն Ղևոնդ Ալիշան, Անանիա Շիրակացի, «Ծովահենի գրադարանից»՝ «Գանձերի կղզին»։ Անդրադառնալու ենք Ջեք Լոնդոնի, Թեոդոր Դրայզերի գրական ժառանգությանը։ Կներկայացնենք Դունկան Կլարկի (Alibaba) «Տուն, որ կառուցեց Ջեք Ման» գիրքը։ Եկող տարի վերջապես հայերեն թարգմանությամբ կներկայացվի Մարիամ Պետրոսյանի` բազմաթիվ լեզուներով թարգմանված “Дом, в котором…” գիրքը։ Արտավազդ Փելեշյանի մասին գիրք ենք նախատեսում։ Հավանաբար լույս կտեսնի նոր տարում։
****

Ջերմուկի գրադարանը

Լուսանկարը՝ Ջերմուկի քաղաքային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Զեմֆիրա Սարգսյան (Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն)

Գրքերի նկատմամբ հետաքրքրությունն այս տարվա ցուցանիշներով եթե չի մեծացել, ապա չի էլ  նվազել։ Չհամեմատենք 2020 թվականի հետ, քանի որ քովիդով պայմանավորված մեկուսացումը և պատերազմը էապես ազդել էին։ Համեմատենք 2019-ի ցուցանիշների հետ․ 2019-ին ունեցել ենք 662 ընթերցող, 2021-ին՝ արդեն 740։ Հաճախումները համեմատաբար՝ 7440 և 7037, գրքերի տացքը՝ 7677 և 7573։

2020-ը

2020-ի մեկուսացումը բացասաբար անդրադարձավ գրադարանի գործունեության վրա։ Ընթերցողների մի մասը  մոտ երեք ամիս գրադարանից կտրվելով՝ ինքնաբերաբար մղվեց դեպի սոցիալական ցանցեր, գտավ օնլայն ընթերցումների հարթակներ ու տեղեկատվության աղբյուրներ։ Պատերազմը ևս բացասաբար ազդեցություն ունեցավ․ շատերը, հատկապես պատերազմի դաշտում հարազատներ ունեցող ընտանիքները, իրենց ուշադրությունը սևեռեցին բացառապես իրադարձությունների դաժան, արյունալի և հաճախ հակասական իրողությունների վրա, գրքի նկատմամբ հետաքրքրությունը մղվեց հետին պլան։ Ունեցանք 621 ընթերցող, 5538 հաճախում, 5549 գրքատացք։ 

 Պահանջված գրքեր

Ժանրային առումով ավելի պահանջված են ժամանակակից գրողների արձակ ստեղծագործությունները՝ պատմվածքներ, վիպակներ, վեպեր։ Վերջին երեք տարում գրադարանի գրքային հավաքածուն համալրվել է բազմաթիվ նոր ժողովածուներով։ Տեղական բյուջեից տարեկան մեկ միլիոն դրամ հատկացվող գումարով 2019 թ․ ձեռք են բերվել 326, 2020 թ․՝ 205, 2021 թ․՝ 336 օրինակ գիրք, որոնց ընտրությունը և պատվերը ձևավորվում են՝ հաշվի առնելով ընթերցողների պահանջը։ Նրանք հետևում են հրատարակչությունների տեղեկատու էջերին և իրենց հետաքրքրող գրքի պահանջով դիմում գրադարանին։ Գրադարանը ևս կապ է պահպանում հրատարակչությունների հետ։ Վերջին երեք տարիներին գնումներ են կատարվել «Անտարես», «Արմավ», «Զանգակ», «Արևիկ», «Էդիթ պրինպ» և այլ հրատարակչություններից։ Ձեռք բերված նոր գրքերի մասին ծանուցումներ են հրապարակվում գրադարանի ֆեյսբուքյան էջում և կայքում, կազմակերպվում են գրքի վերլուծություններ ու քննարկումներ։

Ardi.am


No Comments

Leave a Reply