Արմինե Սարգսյան Կերպարվեստ

«Ե՛վ շատ ժամանակակից է անցյալին նայելը, և՛ շատ ժամանակակից է ապագային նայելը»

01.03.2021

Մեր հյուրը նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանն է։ Զրույցի թեման արվեստն է, հետխորհրդային տարիներին ձևավորված արվեստի աշխարհն  ու խնդիրները, որ անտեսված են մինչ օրս, անկախության տարիների անապատն ու արվեստագետ-քրմերի արարումը։ Նկարիչը համոզված է՝ նահանջի տեղ չունենք, իսկ ոլորտն առողջացնելու համար պետք է ոչ թե ինչ-որ բան շտկենք, այլ սկսենք զրոյից։
 
— Երբ անհայտ, անտեսված նկարչի գործերը տասնամյականեր անց դառնում են հանրահայտ, սա արվեստի ո՞ւժն է, թե՝ ուրիշ մի բան։

— Պատճառները կարող են շատ բազմազան լինել։ Արվեստագետներ կան՝ ստեղծում են գործեր՝ հաշվի առնելով ժամանակի պահանջները։ Արվեստագետներ կան՝ դրանից դուրս են, և նրանց գործն այդ ժամանակի մեջ չի ընկալվում, բայց քանի որ նրանք հիմնավոր գործ են անում, հիմնավոր ուսումնասիրություն, ինչ-որ մի օր դա պիտի երևա։ Իսկ երևալը շատ պայմանական է, որովհետև երևալու համար պիտի ունենալ արվեստի դաշտ, այսինքն՝ մի ոլորտ, որտեղ քննարկվում, ներկայացվում են այդ ամենը… Մեզ մոտ չկա այդ ոլորտը. արվեստը արվեստանոցներից կամ թանգարաններից ուսումնասիրելու, արխիվացնելու, ներկայացնելու, փաթեթավորելու և մատուցելու բոլոր այս փուլերը բացակայում են։ Դրա համար դժվար է ասել՝ ինչը կերևա, ինչը չի երևա։

— Այդ դեպքում՝ ինչպե՞ս է գնահատվում արվեստի աշխատանքը։

— Չկան չափանիշներ։ Նույնիսկ այն ինստիտուցիաները, որ պարտավոր են, ասենք, հանրահայտ արվեստագետների ցուցակ ներկայացնել, չգիտեն ինչպես դա անել։  Ըստ կոչմա՞ն ներկայացնեն, երբ արվեստագետն ինքն է դիմում, որ իրեն արժանացնեն վաստակավորի կամ ժողովրդականի կոչման։ Դա նշանակում է, որ կոչումը արվեստագետի ցանկությունն է, ոչ թե նրա գնահատականը։ Դա մի կողմ դնենք. ո՞ր տարբերակներն են մնում։ Գործի գի՞նը, զրոնե՞րն են չափանիշը։ Դա էլ շուկայի ստեղծած խաղն է։ Դա էլ չափանիշ չէ։ Ի՞նչը մնաց։ Մեր երկիրը կհարգի՞ մի քանի լուրջ, համաշխարհային համբավ ունեցող արվեստաբանների խոսքն այդ արվեստագետի մասին։ Դա էլ չի ընդունվում։ Մեր ինստիտուցիաները տեղյակ էլ չեն՝ ովքեր են լուրջ արվեստաբաներն այսօր, այսինքն՝ համաշխարհային արվեստի թեորետիկ խաղի մեջ էլ չենք։ Երբ հասնում ես այս հարցին, տեսնում ես, որ մեր երկիրը հետխորհրդային շրջանում ոչ մի չափանիշային սանդղակ չի ստեղծել՝ արժևորելու համար իր ներսում ստեղծվողը։ Փաստորեն, մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որ չենք ստեղծել բեմ, չափանիշներ, չենք ստեղծել հարթակ, որի վրա այս հարցերը պետք է արծարծվեն, և գոյանան նոր ուժեր, նոր մտքեր, նոր անուններ։ Ամեն ինչ մնացել է առևտրային մակարդում. այս խանութում այսքանով են վաճառում, նկարի վաճառականերն՝ այսքանով։

— Արվեստի աշխարհի ու արվեստի շուկայի կապը մի՞թե բնականոն չէ։

-Բնականոն է, եթե իրար հետ աշխատեն։ Բայց մեզ մոտ արվեստի աշխարհ գոյություն չունի, վաճառականությունից այն կողմ չենք անցնում։  Եվ փաստորեն, արվեստի բիզնեսն է առաջ քաշում անուններ, իսկ մյուս շրջանակը, որ լուրջ տեսաբաները պետք է արժևորեն, ասեն՝ այս մարդը չի վաճառվում, բայց լուրջ խնդիրներ է դնում, ա՛յ այդ շրջանակը չկա։ Եվ այդ շրջանակի հետ կապված մամուլը չկա, հարթակները չկան, որտեղ կքնարկվեին այդ հարցերը։

— Սա նաև պետական մոտեցման խնդիր է։


— Մեր պետությունը մշակութային ռազմավարություն չունի և չի ուզում ունենալ։ «Ձեռքերը լվացել է» այդ հարցից։ Վաղուց է «լվացել»։

— Մինչդեռ արդյունքը կլիներ դրսի շուկա դուրս գալը, երկիր ներկայացնելը, կապերն ընդլայնելը, ընդհուպ՝ շահույթ ստանալը։

— Այո, եթե դա դիտարկվի որպես ստրատեգիական ոլորտ՝ կապված ինքնության հետ։

— Քայլեր չե՞ն արվում իրավիճակը շտկելու համար։  Դրական միտում չի՞ նկատվում։

— Սա շտկելու հարց չէ, սա զրոյից սկսելու հարց է։ Պետք է ինչ-որ մի բան լինի, որ շտկես։ Ոնց որ ֆուտբոլի առաջնություն չունենաս ու անընդհատ խոսես ֆուտբոլի մասին։ Չկա՛ այդ առաջնությունը։

— Ու չնայած դրան՝ կարո՞ղ ենք խոսել արդի հայ նկարչության մասին։ Ունե՞նք լավ նկարչություն, լավ նկարիչներ:

— «Լավը» չափանիշ չէ.  ճիշտ ներկայացնելու, շփումների, գործ անելու դեպքում է «լավ» տերմինը սկսում աշխատել։ Հակառակ դեպքում՝ մնում է օդում։ «Լավը» սուբյեկտիվ է։ Հարցն այն է, որ այս ամենով հանդերձ, այո՛, ունենք նկարչական խավ, որոնց մեջ կան շատ լուրջ հեղինակներ, և որոնք ուղղակի իրենց գործն անում են։

— Ձեր գործերն ինչո՞վ են առանձնանում՝ հայ ժամանակակից նկարչության համատեքստում։

-Որպեսզի հասկանամ՝ ինչով են առանձնանում իմ գործերը, տարեկան պետք է գոնե 4- 5 արվեստի փառատոն լինի, որ իմ աշխատանքները տեսնեմ մյուսների կողքին և կարողանամ գնահատել դրանք։ Եթե այս ամենը չկա, ես ինչպե՞ս իմ արվեստանոցում աշխատեմ ու նաև կարծիք կազմեմ՝ ինչով է իմը տարբերվում։ Ստրուկտուրան կարող եմ հասկանալ՝ ինչ խնդիրներ եմ դնում, այդպիսի խնդիրներ դնողներ կան, թե չկան։ Բայց այս հարցը պետք է պարզաբանի նաև հանդիսատեսը, և կրկնում եմ, միայն այն դեպքում, երբ հաճախ կլինեն մեծ ցուցահանդեսներ, երբ մեր արվեստը լայնորեն կներկայացվի, ու հանդիսատեսի համար ձեռագրերը ճանաչելի կդառնան։ Եթե դա չկա, այդ հարցն անիմաստ է դառնում։ Ես կարող եմ իմ սուբյկետիվ կարծիքն ունենալ, բայց  դա այն կարծիքը չէ, որ պետք է հայտնեմ, որովհետև չեն կատարվում այն մյուս գործողությունները, որ պետք է այս հարցերին, չասեմ՝ պատասխանեն, բայց գոնե ստեղծեն տեսակետներ։

— Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեր աշխատանքները տարբեր ոճերի սահմանագծին են: Այլ կերպ ասած՝ ժանրային սահմանափակում չունե՞ն։

— Ավելի սահմանափակ արվեստագետներն իրենց սահմանափակում են ժանրի մեջ, սահմանափակում են տերմիններով։ Իրենք են որոշում իրենց ժանրը՝ ուղղությունը։ Բայց՝ առհասարակ, ինչ-որ առումով. ո՛չ իմպրեսիոնիստներն են իրենց իպրեսիոնիստ անվանել, ո՛չ ռոմանտիկներն են իրենք իրենց ռոմանտիկ անվանել։ Ժանր կոչվածը հետանվանում է։ Հետևաբար, սա արվեստագետի դատողոթյունների ոլորտը չէ։ Հասարակությունն է կպցնում անուներ, պիտակներ, որոնք հետո երբեմն դառնում են ուղղություների անուններ, մտածելակերպ և այլն։ Ուրիշ բան է, որ երբեմն համադրում ենք ինչ-որ ցուցահանդեսներ՝ փորձելով պահպանել ինչ-որ ժանրային սահմաններ։ Օրինակ՝ «Կալենց» թանգարանում Սարո Կալենցի և Կարեն Առաքելի հետ փորձեցինք անել սյուրռեալիստական ստեղծագործությունների ցուցահանդես, որ հասկանանք հայկական սյուրռեալիզմ կա՞, չկա՞։ Դա ուրիշ հարց է։

— Ժամանակը պե՞տք է երևա նկարչի աշխատանքերում։ Կամ այսպես հարցնեմ՝  նկարը նայելիս պետք է տեսնե՞նք՝ որ դարաշրջանի աշխատանք է դա։ 

— Ես հանդիսատեսի փոխարեն չեմ կարող ասել՝  պետք է իրեն պարտավորեցնի կամ չպարտավորեցնի տեսնել կամ չտեսնել ժամանակը։ Որպես հետևանք՝ չի կարող ժամանակը չերևալ արվեստում, որովհետև եթե դա արվում է այդ ժամանակի մեջ, կրում է այդ ժամանակի ներվը, բաղադրիչները։ Ուրիշ բան է, թե դա ոնց կարելի է վերծանել։ Այդտեղ կա լեզվի հարց, ձեռագրի հարց, դիտողն ըստ ի՞նչ չափորոշիչների է վերծանում, ո՞ր բնորոշիչներն են արտահայտում ժամանակը, արվեստի մեջ դա ի՞նչ էլեմենտների է վերածվում, ըստ որի՝ դու կարող ես որոշել, թե դա որ ժամանակն է։

Արվեստագետը լող է տալիս ժամանակների, ոճերի միջև։ Ե՛վ շատ ժամանակակից է անցյալին նայելը, և՛ շատ ժամանակակից է ապագային նայելը։  Հարցն այն է, թե հանդիսատեսն ի՞նչ ատրիբուտիկայով է փորձում դրա ժամանակային պատկանելությունը հասկանալ։ Սրանք շատ սուբյեկտիվ կարծիքներ են։ Որովհետև արվետը կարող է լինել և՛ ժամանակի մեջ, և՛ անժամանակյա։ Արվեստի բնույթն է այդպիսին։ Ուրիշ բան, որ  արվեստագետը կարող է  որոշել՝ իր աշխատանքներում ժամանակակից էլեմենտները որոնք են, և փորձի միայն դրանցով աշխատել։ Եղել է դեպք, որ արվեստագետն իմ արվեստանցում ասել է՝ դե՛, այս գույները ժամանակակից չեն։ Ուրեմն, ինքն ունի գույների արդիականության ընկալում, ուրեմն, գույներն էլ կարող են լինել ժամանակավրեպ կամ այժմեական։ Ուրեմն, դա իր՝ արվեստագետի, սուբյեկտիվ ընկալումն է, բայց վերջին հաշվով՝ արվեստագետն ինքն է դա ստեղծում։

— Անհատական և խմբակային ցուցահանդեսներ եք ունեցել Հայաստանում և արտերկրում։ Տարբե՞ր են արվեստասերների ընկալումները, արձագանքը։

— Տարբեր են՝ պայմանավորված տվյալ երկրի մշակութային մթնոլորտով:
Ամեն երկիր ստեղծում է իր հանդիսատեսին՝ հետաքրքրություններով, ժամանակի ընկալմամբ, վերաբերմունքով՝ դեպի նորը, միջինը, հինը, ապագայինը։ Որտեղ որ ցուցադրվել եմ, փորձել եմ ներկայացնել արածիս համատեքստը, ներքին դրդապատճառները, գաղափարական հենքը, որպեսզի խոսքային  կամուրջ ստեղծվի և ընկալելի լինի ասելիքը։ Բայց արվեստը, վերջին հաշվով, սուբյեկտիվ է այն առումով, որ լուռ պատկեր է։ Շատ հարցեր դրանք լեզուներ են, ով այդ լեզվով գիտի խոսել, տեսնում է քո արածը։ Դրանք կոնկրետ լեզուներ են, որոնցով մարդիկ այսօր շփվում են։

— Ի՞նչ էր ասում Ձեր աշխատանքի մասին հայտնի արվեստաբան Պողոս Հայթայանը՝ Ձեր հայրը։

— Հայրիկս արվեստաբանությանը դեմ էր,  կարծես թե չնկարող նկարիչ էր, կարծես թե նկարչի կողմից էր։ Նա միշտ շատ ուշադրությամբ փորձում էր արվեստագետի հղացքի, գաղափարների, արածի մեջ մտնել ու դրա ներքին կառուցվածքը տեսնել, ինչը նրան դարձնում էր շատ տարբեր  ուրիշ արվեստաբաններից կամ արվեստի տեսաբաններից։ Նրա համար հետաքրքիր էր իմ արածը, ամեն անգամ հետաքրքիր անակնկալների առաջ էր կանգնում, նաև իր մտապատկերում ուներ ուրիշ զարգացումներ, դեպի որը ես պիտի գնայի, բայց  տեսնում էր, որ երբեմն ուրիշ ընթացք էր ունենում իմ աշխատանքը։

— Կարելի՞ է ասել, որ ինչ-որ առումով ուղղորդել է Ձեզ։ Խոսքը ազդեցության մասին է։

-Ուղղորդելու հարց չկար։ Իր կարծիքն էր ասում։ Պարզ է, որ թեկուզ բնազդորեն, անգիտակցաբար,  իր գաղափարներից ես ազդվել եմ, բայց նաև քայլեր եմ արել, որ իր պատկերացումներից դուրս են եղել։ Մենք շատ կարևոր դիալոգի մեջ էինք՝ արվեստագետը արվեստագետի հետ, ինչպես լաբորատորիայում աշխատող երկու ուսումնասիրող, որ փորձում են նույն խնդիրը միասին լուծել։

— Արվեստագետի համար կարևո՞ր է միշտ մի քայլ առաջ գնալը, թե՞ երբեմն դադարի, անգամ՝ հետ քայլի, անցյալին նայելու-վերադառնալու անհրաժեշտություն է լինում։

— Արվեստագետներ կան՝  կանգ առնել չեն սիրում, արվեստագետներ կան՝ փորձում են իրենց կողքից նայել, արվեստագետներ կան՝ անընդհատ ձեռք են բերում, արվեստագետներ կան՝ փորձում են հրաժարվել իրենց ձեռք բերածից՝ հանուն մի նոր տարածք մտնելու։ Հենց այդտեղ է երևում արվեստագետի իրական բնույթը. նա անընդհատ պաշար հավաքող և կուտակո՞ղ է, թե՞ ավելի գաղափարական է և կարող է հրաժարվել իր ուժեղ կողմերից՝ մուտք գործելու համար մի նոր տարածք, որտեղ ամեն ինչն անհայտ է։

— Իսկ նոր տարածք մտնելն ի՞նչ արդյունք է ենթադրում։

— Անիմանալի տարածք է. մեկը կմտնի այնտեղ, կտեսնի, որ իր ուժերից վեր է և կմոլորվի, մյուսը կդարձնի իր համար նոր տարածք։ Ա՛յ այդտեղ է երևում արվեստագետի իրական ուժը։

— Հայաստանը 2020-ից հետո ու առաջ նույնը չէ։ Համավարակ, պատերազմ, կապիտուլյացիա, հետպատերազմական զարգացումներ… Արվեստում նո՞ւյնպես զգալու ենք ժամանակային այդ բաժանարարը՝ 2020-ից առաջ ու հետո…

— Սա այնպիսի կոմպլեքս հարց է, որ եթե չարվեց լուրջ ուսումնասիրություն և չհամեմատվեց՝ իսկ ինչպիսին էր արվեստը մինչև այդ, չենք կարող հասկանալ՝ ինչ եղավ դրանից հետո։ Այդ երկուսը պետք է իրար կողքի դնենք, որ տեսնենք ձևափոխումը։ Խնդիրը պետք է փոքրացնել ու դիտարկել կոնկրետ արվեստագետների տիրույթում։ Սա լավ գաղափար է, բայց մի տարվա կտրվածքով  չի լինում։ Արվեստում իրականացումները տարիներ են տևում. անցյալն ավելի հեշտ կարող ես ձևակերպել, որովհետև անցյալն արդեն կատարվածն է, բայց այդ կատարվածը, օրինակ՝ այսօրվա իրականությունը քանի՞ տարի կտևի։ Մենք ըստ պատերազմների՞ ենք իրականությունը փուլերի բաժանում, թե՞ ըստ ինչի։ Եթե մենք չենք ձևակերպել՝ ինչ կատարվեց  1990-2010-ականներին, ինչպե՞ս կարող ենք ձևակերպում տալ, թե ինչ է կատարվում հիմա։ Դուք կարո՞ղ եք ասել՝ 2010-ականների արվեստը ինչով է տարբերվում 2020-ականների արվեստից։ Լեզու չենք ստեղծել, չէ՞, տերմիններ չենք ստեղծել, որ սահմանում տանք։ Եթե չենք ստեղծել, հիմա ի՞նչ լեզվով խոսենք այս կատարվող ձևափոխումների մասին։ Դրա համար պետք է լեզու ստեղծվի։

— Բայց կարող ենք, չէ՞, ենթադրել, որ ստեղծվելու է այդ բաժանարարը։ Ի վերջո, մեծ հարված է հասցվել երկրին, քաղաքացուն, զինվորին, արվեստագետին։

— Չէ՛, էլի չենք կարող ենթադրել՝ այդ հարվածը կարտահայտվի՞ ինչ-որ ձևով, ում մոտ ինչպե՞ս կարտահայտվի, մարդիկ կկրկնե՞ն իրենք իրենց, թե՞ այդ հարվածի հետևանքով կազատվեն, ասենք, իրենց ճահճացած կողմերից։  Այս հարցը ենթադրում է տոտալ մտածելակերպի փոփոխություն, բայց այդ տոտալը ո՞նց ես սահմանելու. 3, 20, թե՞ 800 արվեստագետի պարագայում։ Այդ սահմանման համար ունե՞ս գիտություն, ունե՞ս գործիքակազմ, որ ախտորոշես։ Չկան այդ գործիքները, ուրեմն այդ հարցը մնալու է ըղձական կամ երևակայական մակարդակում։ Արվեստը կոնկրետ կատեգորիա է ու ենթադրում է որոշակի աշխատանք՝ գիտական, վերլուծական, տեսական և այլն։ 
 
— Հասարակական-քաղաքական խնդիրներին պե՞տք է արձագանքի արվեստագետը։ Մեր մտավորականներն այդ իմաստով այնքան էլ ակտիվ չեն։ Կա՞ դրա անհրաժեշտությունը, լսելի՞ է նրանց ձայնը։

— Այստեղ անհրաժեշտության հարցը չէ:  Կա ժողովուրդ, որ բավարարված չէ արվեստագետների հնչեցրած մտքերից, նրանց արձագանքով կամ չարձագանքով։ Ասում են՝ ինչու մտավորականությունը այս-այս պարագաներում իր խոսքը չբարձրաձայնեց։ Բայց նույն հասարակությունը (պայմանական հասկացողություն է հասարակությունը) ուշադիր չի լսում արվեստագետների այն խոսքերը, որ նրանք ասում են ամենաբարենպաստ, ամենախաղաղ օրերին, այսինքն՝  այն ժամանակ, երբ թնդանոթները կամ դրոնները թվացյալ կերպով չեն խփում։ Վերջին հաշվով՝ արվեստագետը կարող է խոսել, չէ՞. Կարեն Վարդանյանն էլ էր խոսում, ահազանգում։ Ո՞վ լսեց, երբ նա իրական բաներ էր ասում։ Երբ  5-6 տարի առաջ Ալիևը Բաքվում հիմնեց Գուգենհեյմի մասնաճյուղը, ես ասացի, որ մենք մշակույթում պարտված ենք, և այդ պարտությունը փոխանցվելու է մյուս ոլորտներին, սակայն որևէ արձագանքի, ըմբռնումի չարժանացա։ Երբ ադրբեջանցիները աշխարհի լավագույն ճարտարապետներից մեկին՝ Զահա Հադիդին, պատվիրեցին հիմնել գորգի թանգարանը,  ես ասացի, որ զիջում ենք գորգը, վաղն էլ տարածքներ ենք զիջելու. դարձյալ՝ ոչ մի արձագանք։ Այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ սահմաններին էին խփում, բայց մյուս ոլորտներում հիմնավոր քայլեր էին անում, յուրացնում մեր ինքնության նշանները։ Մշակույթի, գիտության, հայագիտության ոլորտներում մեզ պարտադրվում էր այդ պարտությունը (որ ձայն չհանենք, չցուցադրվենք), ինչպես որ հետո մարտի դաշտում պարտադրվեց։  Կռիվը նախ և առաջ հենց մեր ղեկավարության կողմից է մղվում մեր ժողովրդի դեմ։ Մեր երեք նախագահները եղել են արվեստատյաց, և դա չեն թաքցրել իրենց կեցվածքով, պահվածքով, մոտեցմամբ։

— Հետպատերազմական այլևայլ դժվարություններին գումարվեց մշակույթին հատկացվող ֆինանսավորման կրճատումը:  

— Մշակույթին գումար, որպես այդպիսին, երբևէ չի տրվել. դա ծաղր էր, ավելի լավ էր՝ չտային։ Այնպես որ, այդ ծաղրի կրճատումն էլ նորերի ձեռագիրն է, այդպես պետք է շեշտեն իրենց արվեստատյաց, մշակութատյաց բնույթը։ Սա է մեր իրականությունը։ Դրա համար,  կարելի է ասել, արվեստի ոլորտը ներքուստ վաղուց է մերժել այս դրվածքը։ Մենք մեզ համարում են մենակներ, մենք մեզ համարում են քրմեր, այո՛, սա մեր հողն է, մենք այստեղ աշխատում ենք: Եթե մեկը օգնության ձեռք պիտի մեկնի, թող մեկնի, բայց ես դեռ չգիտեմ, մենք կընդունե՞նք այդ ձեռքը, թե՝ չէ։

— Հույսը չկորցնելու համար…

 
— Հույսը չի կարելի կորցնել, ունենք հիանալի երիտասարդություն։  Նոր սերունդը նոր միջավայր կստեղի։ Նահանջի տեղ չկա։ Ամեն մարդ պետք է իր գործն անի: Ուղղակի մշակույթի ոլորտում իշխող օղակները պիտի արձանագրեն, որ իրենք ունեն շենքեր, ունեն ինստիտուցիաներ, բայց  արվեստի խաղից դուրս են։ Խաղն ուրիշների ձեռքում է՝  մեր ձեռքում։ Չունենք տպարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, բայց ոլորտը մենք ենք պահում, ոլորտի լարումը մենք ենք պահում։ Դա արվեստն է։ Պետությունը ցանկություն ունի, թող աջակցի դրան, միանա, ավելի լայն հնարավորություններ տա, իսկ եթե չանի, արդեն վաղուց դա խնդիր չէ, ինքը խաղից դուրս է։

-Ի՞նչ կասեք  Ձեր ծրագրերի մասին։

— Ապրել, արարել։

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply