ԳրաԴաշտ

Էդուարդ Ավագյան-95․ Ձգտեք ինքնամաքրման, ծովի զարմանալի ուժին․․․

13.03.2022


«Ծովը միշտ զարմացնում է: Մարդիկ հիանում են ծովի անեզրությամբ, գույնով, լայնությամբ, հավերժությամբ, ալիքների մոլեգին ուծով: Իսկ ինձ ծովը զարմացնում է իր մաքրությամբ: Ծովը կեղտոտում են, բայց այն մնում է մաքուր: Այն մնում է թափանցիկ ու կապույտ… Ինձ զարմացնում է ծովի մաքրությունը… մարդի՛կ, թող չարությունն ու նենգությունն անցնեն ձեր կողքից… ձգտեք ինքնամաքրման, ծովի զարմանալի ուժին»:

Էդուարդ Ավագյան



2022 թվականին նշվում է նշանավոր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Էդուարդ Ավագյանի ծննդյան 95-ամյա հոբելյանը։ Հոբելյանական հանդիսությունների շարքում մարտի 14-ին, ժամը՝ 13։00-ին, Մաշտոցի 48 հասցեում տեղի կունենա Էդուարդ Ավագյանի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը, որին էլ կհաջորդի հոբելյանական հանդիսություն Հայաստանի գրողների միությունում։


Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների և լրագրողների միությունների անդամ Էդուարդ Ավագյանը սիրելի անուն է թե մանուկ, թե մեծահասակ ընթերցողների համար: Էդուարդ Ավագյանը ծնվել է Թիֆլիսում։ Երկու տարի անց Ավագյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան ու բնակություն հաստատել քաղաքի այդ ժամանակվա ամենանշանավոր ու հին թաղերուց մեկում՝ Կոնդում: Այստեղ էլ անցել է ապագա գրողի մանկությունն ու պատանեկությունը, որն այնքան խոր ու անջնջելի հետք է թողել նրա ստեղծագործական կյանքում:



1952 թվականին Էդուարդ Ավագյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որից հետո մեկ տարի աշխատել է «Գիտելիք» ընկերությունում որպես դասախոս։ 1953–1954 թթ. հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի գրողների միության կենտրոնական տանը կազմակերպված թարգմանիչների խմբակում։ 1954 թվականից աշխատանքի է անցել Հայպետհրատում որպես սրբագրիչ, ապա՝ խմբագիր։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես մանկապատանեկան խմբագրության ավագ խմբագիր։ Եղել է «Արևիկ» մանկապատանեկան հրատարակչության խմբագիր, Երևանի պատմության թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող։

2001– 2006 թթ. Էդուարդ Ավագյանը եղել է Հայաստանի գրողների միության մանկապատանեկան գրականության մասնաճյուղի նախագահը։ Էդուարդ Ավագյանի ստեղծագործությունների հիմնական թեման ժամանակակից կյանքն է, հայ ժողովրդի պատմական անցյալը։ Հեղինակ է չափածո և արձակ գործերի։ Էդուարդ Ավագյանն արժանացել է ՀԳՄ «Ոսկե» մեդալին:



Բազմաբնույթ են Էդուարդ Ավագյանի հոդվածաշարերը, որոնցում հեղինակը արձագանքում է ժողովրդին հուզող հարցերին, քննադատում է մեր կյանքի հոռի կողմերը: Մամուլում տարիներ շարունակ պարբերաբար հրատարակել է հին Երևանի նշանավոր մարդկանց կյանքին նվիրված ակնարկաշարերը, Երևանի անցյալ դարի պատմաճարտարապետական հուշարձանների, քանդված և մեր օրերը հասած եկեղեցիների մասին ակնարկները: Մեծ է նաև Էդուարդ Ավագյանի ավանդը որպես թարգմանիչ։ Վերջին տարիներին գրողի դուստրը՝ Մարիա Ավագյանն արդեն հասցրել է հրատարակել Էդուարդ Ավագյանի «Հայ մանկան երդումը», ինչպես նաև անտիպ բանաստեղծությունների «Փոշոտված էջեր» ժողովածուն։


No Comments

Leave a Reply