ardi.am Կերպարվեստ

Լուսինե Ազատյանի մանրանկարները

12.08.2021

Նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանի վերջին աշխատանքները կատարված են հայկական ձեռագիր մատյանների ձևավորման արվեստի և ճարտարապետական զարդաքանդակների ուսումնասիրությունների արդյունքում։

«Նպատակս մեկն էր՝ վերարտադրել և տարածել ազգային դպրոցների հիման վրա ստեղծված մշակութային արժեքները՝  ճանաչողական նպատակով,- ասում է Լուսինե Ազատյանը։- Մասնավորապես անդրադարձել եմ անվանաթերթերի մարդագիր և թռչնագիր տառաձևերին։ Միջնադարյան Հայաստանում ծաղկողները հատուկ ուշադրություն են դարձրել անվանաթերթերի սկզբնատառերին, որոնք ունեցել են թե՛ խորհրդաբանական իմաստ, թե՛ տեղի մանրանկարչական դպրոցների ձևավորված կանոններ։ Սկզբնատառերը առավել հաճախ պատկերել են եկեղեցու հայրերի, աստվածաշնչյան կերպարների Քրիստոսի ծնունդը ավետող հովիվների։

Քիչ թվով կարելի է նաև հանդիպել կենցաղային թեմա պատկերող մարդագրերի՝ լողորդ, երաժիշտ, ձկնորս, ֆանտաստիկ մարդակերպ կերպարների։ Նմանատիպ խորհրդաբանական իմաստ են կրում նաև թռչնագրերը, որոնք եզակի են իրենց ձևով  և կոմպոզիցիոն ճոխությամբ։

Աշխատանքների խորաններում պատկերել եմ Արենիի սբ. Աստվածածին եկեղեցու , արևտյան մուտքի զարդաքանդակը (Ասվածամայրը մանկան հետ, բուսազարդ խորանում) և Հայրավանքի եկեղեցու արևմտյան մուտքի բուսական զարդաքանդակը։

Ավելացրել եմ որոշ ստեղծագործական ֆիգուրներ: Տառատեսակները Գլաձորի (Սյունիք), Կիլկիայի, Իրանի (Օրտուբազարի) 14 րդ դարի անվանաթերթերից են։ Կան նաև ստեղծագործական տառաձևեր, գունային կոմպոզիցիան պահպանելու համար ընտրել եմ առավել հաճախ զարդագրերում հանդիպող գույներ»։
Ardi.am


No Comments

Leave a Reply