Կերպարվեստ

Կարեն Սմբատյան․ «Պատառիկներ օրագրից» (2)

19.06.2022

Ardi.am-ը շարունակում է ներկայացնել հատվածներ անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի օրագրությունից, որ նա վարել է տարիներ շարունակ։ Դրանցում արվեստագետի խոհերն ու մտորումներն են ամենատարբեր խնդիրների և երևույթների մասին։


****

Երբեք մի շտապիր, այն կարող է տապալել գործդ։ Ավելի շատ մտքով նկարիր, քան վրձնով։

****

Չկա ավելի հաճելի զգացում, երբ ազատվում ես պարտքից, ինչպիսին էլ որ այն լինի։

****

Ամեն մեկին նկարելիս ինձ եմ նկարում։

****

 Այս կյանքը փորձաշրջան է հավիտենական կյանքի համար։

****

Ժամանակ, այն քմահաճ կին է, որին պետք է տիրել հենց սկզբից։

****
Դատարակությունը սևին հասնող մոխրագույն է, տագնապը՝ սև։

****

Տարիք։ Օվկիանոսի վրա սուրացող առագաստանավ։

****

Լավ նկար։ Երբ այն լավ է դիտվում օրվա բոլոր պահերին, ցանկացած տեղում։

****

 Ժամանակն արժևորում է յուրաքանչյուր ստեղծագործություն։

****
Նկարչությունը հոգեվիճակ է, աշխարհայացք ու բնավորություն։

****

Ամենաշքեղ շքեղությունը պարզությունն է։

****
Առանց իրական պատկերների չկա աբստրակցիա և առանց աբստրակցիայի չկա իրականության պատկերում։

****

Սպասում եմ գարնանը որպես հաղթանակի։

****

 Հանճարների համար ժամանակը սահման չունի։ Նրանք ի վերուստ ծնված են բոլոր ժամանակների համար, քանի դեռ գոյություն ունի մարդկությունը։

****

Կնոջ մերկ մարմինը բնության մեջ։
Ինչպիսի՜ ներդաշնակություն, ի՜նչ կրկնակի գեղեցկություն․․․

****

Խենթերը կերպարվեստում․․․ Առանց խենթության գեղանկարչությունը դատապարտված է բորբոսի։

No Comments

Leave a Reply