ՄարզաԴիտակ Սուրեն Սարումյան

Հադրութի Վանք գյուղը կամ մշակույթի դանդաղ հոգեվարքը

26.02.2020

Խողխողված ու ողջակիզված մարդկանց հետ միասին Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված բազմաթիվ պատերազմների զոհ դարձել է նաև մշակույթը: Արվեստի գործը ստեղծվում է ձևի և բովադակության՝ կատարելության հավակնող միասնությամբ: Եթե բովանդակությունը հոգևորի ինչ-որ չափով անորսալի դրսևորումն է, ապա ձևի կրողը նյութն է: Գրականությունը գեղարվեստական տեքստից բացի նաև մագաղաթն է, թուղթը, թանաքը, համակարգչի կոշտ սկավառակը, որտեղ մի թղթապանակում գտնվում է դեռևս անտիպ «Հարյուր տարվա մենությունը» կամ «Amazon Kindle»-ից ոգեշնչված բազմաթիվ էլեկտրոնային սարքերից ինչ-որ մեկի հիշողության բջիջներում պարփակված հսկայական գրադարանը: Գեղանկարչությունը պահանջում է կտավ, ստվարաթուղթ, մետաքսյա պաստառ կամ ավտոտնակի նոր սպիտակեցված պատ ու թիթեղյա տուփի մեջ բարձր ճնշման ներքո գտնվող փչովի ներկ: Քանդակագործի հատիչը վերցնող յուրաքանչյուր Պիգմալիոնի նրբագեղ Գալաթեան բանտարկված է մարմարի կոպիտ ժայռաբեկորի մեջ: Ճարտարապետության կատարյալ համաչափությունները, նախքան ճարտարապետի տաղանդով ու շինարարի հմուտ ձեռքով ձև ստանալը, թաքնված են շինարարական քարի անկանոն կույտերի ու դրանք իրար միացնելու կոչված շաղախի հոծ զանգվածի մեջ:

    Մշակույթի նյութեղեն ձևը արվեստագետին թույլ է տալիս խաղալ հավերժության հետ, սակայն մշակույթի նյութեղեն ձևը նախասահմանում է նաև սեփական խոցելիությունը: Յուրաքանչյուր հրդեհ, ոչնչացնելով Ալեքսանդրիայի գրադարանի նյութեղեն մատյանները, ոչնչացնում է նաև հիշողություն, զգացմունքներ, գեղեցկություն:

   Երկիրը կատարելապես նվաճելու համար պետք է անսասան կերպով արմատախիլ անել նրա մշակույթը: Թերևս նվաճողների այդ ցանկության հետևանքն է, որ Հայաստանում գրեթե չկան պատմական ճարտարապետության ընդհանուր դիմագիծ ունեցող բնակավայրեր: Իսկ այն, ինչը չի կարողացել ավարտին հասցնել նվաճողի հեռատես դաժանությունը, արել և շարունակում է անել գումար վաստակելու ճշմարիտ հայկական ցանկությունը:

     Ճարտարապետական ուրույն դիմագիծ ունեցող հազվագյուտ բնակավայրերից մեկը Արցախի Հադրութի շրջանի Վանք գյուղն է: Ամպամած օրերին միջնադարյան մռայլ բնակավայր հիշեցնող գյուղում մշակույթի դանդաղ հոգեվարքը ձգվում է տասնամյակներ շարունակ: Ճիշտ է, այստեղ չի հասել շինարարական մագնատի հողափոր տեխնիկան. առևտրային առումով գյուղը հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն ամենակուլ ժամանակը, օգտվելով հոգածության բացակայությունից, օր առ օր խարխլում է մշակույթը տեսանելի ու շոշափելի դարձնող նյութը, իսկ երբ անվերադարձ հեռանան նաև հիշողությունը կրող վերջին տարեցները, մշակույթը կազմաքանդվելու է՝ դառնալով քարերի տձև կույտեր, փտող գերաններ ու քայքայվող շաղախից առաջացող կպչուն փոշի….

Հ.Գ. Լուսանկարներում պատկերված են Վանք, Հադրութ, Առաջաձոր բնակավայրերը
Սուրեն Սարումյան
Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply