Կարինե Ռաֆայելյան Հրատապ

«Հայերի նման լուսավոր մի ազգ ուզում են հետամնաց սարքել»

25.04.2020

Ardi.am-ը զրույցի է հրավիրել արվեստաբան Մարտին Միքայելյանին՝ պարզելու, թե ինչպես է նա լցնում ինքնամեկուսացումի իր շրջանը և ինչ խորհուրդ ունի՝ այն լցնելու մտահոգությամբ ապրողներին:

-Պարո՛ն Միքայելյան, այս օրերի խառնիխուռն զգացողություններից կարո՞ղ է արվեստի գործ ծնվել:

-Այո՛, անպայման կծնվեն այդ թեմայով գործեր: Իմ վիճակից ելնելով՝ հաստատ կասեմ, որ լինելու են այդպիսի գործեր: Ես ինքս, որ հեշտ չեմ աշխատում, շատ պահանջկոտ եմ այն բանի հանդեպ, ինչ որ պիտի ստեղծվի, նկատում եմ, որ ինչ-որ բաներ ստեղծվում են, ինչ-որ բաներ գտնվում են այս օրերին: Եվ ասեմ, որ ես ավելի եմ հավանում այս օրերի մեր վիճակը, քան շատ ավելի կազմակերպված երկրներինը: Սոցիալական իմաստով մենք ավելի ճիշտ վիճակում ենք գտնվում կորոնավիրուսի պայմաններում: Մեր ղեկավարության կազմակերպած քայլերն ինձ դուր են գալիս: Թեև հիմա մեզ մոտ հիվանդացության աճ կա, բայց և այնպես մեր վիճակը շատ ավելի մարդկային է: Լուկաշենկոն ասում է՝ փոխանակ մարդկանց հանեք արևի տակ, բանտարկել եք: Ես հավանեցի նրա այս տեսակետը:

-Ի՞նչ եք կարծում, ինքնամեկուսացումին դիմակայելու լավագույն դեղատոմսը ո՞րն է:

-Ժամանակը, օրը բովանդակությամբ լցնելու լավագույն դեղատոմսը, ոչ միայն ինքնամեկուսացումի օրերին, այլև առհասարակ, գիրքն է: Քանի որ հիմա մենք ունենք ազատ ժամանակ, կուզենայի, որ մարդիկ գիրք կարդան, հատկապես՝ երիտասարդները, որոնք, ցավոք, գիրք չեն սիրում: Բայց կուզենայի հրավիրել այսօրվա երիտասարդների ուշադրությունը մի շատ կարևոր գրքի վրա: Հատկապես այս օրերին, երբ նշում ենք Հայոց ցեղասպանության 105-ամյակը, երբ կարիք ունենք ճիշտ գնահատելու մեր անցյալը, ներկան ու ապագան, այդ և այդպիսի գրքերը առավել կարևոր են դառնում: Խոսքս Հենրի Լինչի աշխատության մասին է:

Հենրի Լինչ

Իռլանդական ազնվական տոհմից սերող անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը, որ նաև Անգլիայի պառլամենտի անդամ էր, 1800-ականների վերջին Հայաստան կատարած երկու այցելությունների ժամանակ հավաքած նյութերի հիման վրա 1901թ. գրել է «Հայաստան. ուղևորություններ ու ուսումնասիրություններ» աշխատությունը, որը կազմված է երկու հատորից՝ «Ռուսահայաստան» ու «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, ինչպես նաև վիճակագրական նյութեր։

Լինչը ավարտել էր Գերմանիայի Հայդերբերգի համալսարանը: Նրա մորական տատը հայ էր՝ Սեբաստիայից (ես էլ միշտ մտածում էի՝ ինչու է Լինչն այդքան նման մեր Դանիել Վարուժանին, որը նույնպես Սեբաստիայից էր): Նրա գիրքը 1901-ին լույս է տեսել Լոնդոնում՝ անգլերեն, 1910-ին՝ Թիֆլիսում՝ ռուսերեն: 1913-ին գրքի համառոտ տարբերակը արևմտահայերեն հրատարակվել է Կոստանդնուպոլսում՝ Լևոն Լարենցի թարգմանությամբ: Կարծեմ ես Թեհրանում էլ եմ տեսել այդ գրքի հայերեն հրատարակությունը (եթե չեմ սխալվում): Երբ Լինչին հարցնում են, թե ինչու է որոշել հայագետ դառնալ, հայերի մասին այդպիսի գիրք գրել, բացատրում է, որ Հնդկաստանից դեպի Արևմուտք ընկած տարածաշրջանի բոլոր երկրներին վերաբերող քաղաքական թնջուկը գտնվում է Հայաստանում, և այստեղ է հնարավոր այդ թնջուկը քանդել-ուսումնասիրել: Հիմա, երբ մենք մեր անկախ պետականությունն ունենք, զարմանում եմ, որ այդ գիրքը չի թարգմանվում և հրատարակվում հայերեն:

-Գուցե խանգարող հանգամանքնե՞ր կան:

-Այո՛, կան: Գիտե՞ք ինչու լայն ճանաչման չեն արժանացնում այդ գիրքը, որովհետև 1910-ի հրատարակության առաջաբանում թարգմանիչը գրել է, թե Լինչը Ռուսաստանի և Թուրքիայի մասին խոսում է անգլիական տեսանկյունից: Փակագծերը չբացեմ:


-Առանց բացելու էլ պարզ է, որ Լինչը Ռուսաստանի և Թուրքիայի միջև զուգահեռներ է տարել, ընդհանրություններ տեսել:

-Այո՛: Նա գրել է, և շատ կոպիտ, որ հայերի նման լուսավոր մի ազգ այդ երկու երկրներն ուզում են հետամնաց սարքել: Մենք պետք է այս գիրքը թարգմանենք ու հրատարակենք, մեզ ի՞նչ, թե Լինչի տեսակետը կարող է ոմանց դուր չգալ:

-Փաստորեն, գիրք հրատարակելու հարցում անգամ մենք շարունակում ենք աշխարհաքաղաքական խնդիրներից կախված լինել:

-Այո-այո: Ես չեմ ուզում՝ մեր աշխարհաքաղաքական այս ու այն գծերը խախտվեն: Ես վաղուց արդեն երիտասարդ հեղափոխական չեմ: Բայց ուզում եմ, որ Հայաստանն իրեն լավ զգա, ուժեղ լինի, չխանգարեն, որ զարգանա: Հայաստանին պետք է ժամանակ տալ: Եվ ոչ միայն Հայաստանին է դա պետք, այլև Հայաստանի նման այլ երկրներին աշխարհում, որոնք առճակատման մեջ են հարևանի հետ:

Դուք ուզում եք այն, ինչ բոլորս ենք ուզում: Կարծում եք՝ այդ ցանկությունը երբևէ կդառնա՞ իրողություն, Հայաստանը երբևէ կուժեղանա՞ այնքան, որ իր քայլերը չպայմանվորի արտաքին ինչ-որ հանգամանքների թելադրանքով, ինչ-որ երկրների և նրանց ղեկավերների քմահաճությամբ:

-Ես կարծում եմ, որ Հայաստանին երբեք թույլ չեն տա շատ ուժեղանալ: Բայց հնարավոր է ինչ-որ մի տեղ հասնել, երբ չենք կարոտի սովետական ժամանակները. այդ ժամանակներում Հայաստանը բավական լավ վիճակում էր: Ես ո՛չ կոմունիստ եմ եղել, ո՛չ էլ սովետական գաղափարախոսության պաշտպան եմ, բայց չեմ կարող չասել, որ Հայաստանի գիտությունը, մշակույթը, որոշ չափով նաև տնտեսությունը կարգին վիճակի մեջ էին այն ժամանակ: Ուզում եմ, որ Հայաստանի համար գան լավ ժամանակներ:

Զրուցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply