Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ

Հին Երևան, նոր շենքեր

01.07.2020


«Հին Երևանում Հին Երևանից բան չի մնացել» արտահայտությունը հաճախ ենք լսում։ Երևանը կորցրել է դեմքը, կոլորիտը, գույնն ու հատկապես՝ վարդագույնը, պատմամշակութային արժեքները ոչնչացվել են, ձևախեղվել և այլն։ Հինը կորցնում ենք, նորն էլ առանձնապես նկատելի չէ։ Քաղաքաշինությունը զարգանում է դանդաղ տեմպերով։ Մեր քաղաքում շարունակում են գերակշռել ժամկետն անցած բնակելի շենքերը՝ բաղդադ, պոստխրուշչովկա, խրուշչովկա, ստալինկա․․․ Մենք կրեատիվ ազգ ենք, ու հարմարավետություն ստեղծելու համար մեկը առաջ  է տվել պատշգամբը, մյուսը տանիք է կառուցել, ներսի ձևափոխումների մասին՝ էլ չասենք։
Տեղ-տեղ վեր խոյացող նորակառույցներն է՛լ ավելի են ընդգծում հին շենքերի անհարմարավետությունը։ Փորձ է արվում նաև բնակելի նոր թաղամասեր կառուցել՝ միաժամանակ ազատվելով հնամաշ բնակելի շենքերից։ Համակարգված, համընդհանուր բնույթ չի կրում այս ամենը, բայց ինչ-ինչ քայլեր արվում են։

Ուշագրավ մի ծրագրով էլ ներկայանում է Designers.am շինարարական կրեատիվ ընկերությունը։ Գնում են հողատարածք, նախագծում առանձնատներ, որոնք բավականին մատչելի են՝ նախատեսված միջին եկամուտ ունեցող մարդկանց համար։ Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Ավետիսյանն ասաց, որ առանձնատների թաղամաս զարգացնելու համար առայժմ ընտրել են երկու տարածք՝ Ավանի Դուրյան փողոցի սարալանջը և դեպի Աշտարակ գնացող մայրուղու աջ հատվածը։
Ընկերության անունը և ծրագիրը գուցե նոր են, բայց Արմեն Ավետիսյանը ճանաչված դեմք է ոլորտում․ երկարատև փորձ ունի՝ որպես ինժեներ-շինարար, նաև 20 տարուց ավելի է՝ Հայաստանում զբաղվում է գործարարությամբ։ Այլ կերպ ասած՝ վստահությունն ու հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ ապահովված է։

Փորձեցինք պարզել, թե ինչո՞վ են տարբերվում նոր առանձնատները։
«Դրանք տարբերվելու են մեր հայրենակիցների պատկերացրած առանձնատներից։ Փորձում ենք կիրառել եվրոպական փորձը․ պրակտիկ տներ ենք կառուցում. այսինքն՝ չեն լինի ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս տարածքներ։ Կլինի այն ամենը, ինչ մարդուն անհրաժեշտ է՝ հարմարավետ կյանք վարելու համար։ Հայաստանում ինչպե՞ս է ընդունված. ուզում են մեծ առանձնատներ ունենալ, սկսում են կառուցել, հետո չեն կարողանում ավարտին հասցնել կամ ձմռանը, ինչպես հարկն է, ջեռուցել։ Նախ և առաջ, մեր առանձնատները ջերմամեկուսացված են լինելու, այսպես կոչված՝ էկոտներ, և շատ գումար չի ծախսվելու դրանք ջերմացնելու համար։ Ամռան ամիսներին հով է լինելու։ Առանձնատներն ունենալու են պատշգամբային տարածքներ, որ հնարավոր լինի դուրս գալ խոհանոցից հյուրասենյակ, այնտեղից էլ՝ բակ, ընտանիքով նստել, սուրճ խմել, վայելել բացվող տեսարանը: Առանձնատնից երևալու են Արա և Արագած լեռները»: Առանձնատների ամրությանը վերաբերող հարցին մեր զրուցակիցը տալիս է այսպիսի պատասխան․ «Այդ հարցը մի քիչ ընդլայնենք: Տեսեք, Խորհրդային Միությունը որոշում էր ընդունել, որ Հայաստանը յոթ բալ մագնիտուդով հաշվարկի գոտի է. այսինքն՝ չէր ենթադրվում, որ Հայաստանում երկրաշարժը կարող է ինը բալ լինել: Այդ պատճառով մենք կառուցեցինք յոթ բալի համար հաշվարկված շենքեր, ու գիտեք՝ ոնց կառուցեցինք․ շատ վատ։ Խորհրդային շինարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում այսօրվա չափանիշներին։ Նայում ես այդ տարիների շինարարությանն ու պարզապես ապշում՝ ո՞նց կարելի էր այդպես կառուցել։ Մի օրինակ․ բետոնը համատարած վիբրացիա չէին անում, դա նշանակում է՝ տվյալ կոնստրուկտիվ` կրող մասի կրողունակությունը ընկնում էր։ Բացի այդ, վիբրացիա չարած բետոնը շուտ է քայքայվում։ Սա՝ ուղղակի մեկ օրինակ է։ Նման բազմաթիվ նրբություններ կան շինարարական տեխնոլոգիաների մեջ, որ խորհրդային տարիներին անտեսվել են։ 

Ինժեներ-շինարարը նկատում է, որ մայրաքաղաքում բնակֆոնդի մեծ խնդիր կա։ Մարդիկ հետզհետե սկսում են հասկանալ սովետական շենքերի թերությունները և ուղղակի այլևս չեն ցանկանում ապրել այդ շենքերում․ «Դրանք, եթե հաշվի առնենք արդի շինարարական նորմերը, վթարային են, ժամկետանց, անհարմար, երկրաշարժին ոչ ռեսիստենտ, աղբանոցներով լի, թույլ պատշգամբներով։  Մի խոսքով` ոչ ստանդարտ: Աստված մի արարասցե, եթե Երևանում լինի հինգ բալանոց երկրաշարժ, սովետական պատշգամբները կփլուզվեն: Կփլուզվեն նաև «սովետական» միջնորմները, «խրուշչովկաները»։ Այս պարագայում շատ տրամաբանական է, որ պահանջարկը խորհրդային բնակարանների նկատմամբ մարի, նորակառույցներինը և առանձնատներինը՝ աճի: Սեյսմիկ նորմերով կառուցված առանձնատունը նույնիսկ 10 բալանոց երկրաշարժին կարող է դիմակայել: Իհարկե, բացառված չէ, որ նման հզորության երկրաշարժը ինչ-որ չափով դեֆորմացնի կառույցը, բայց փլուզում չի լինի, ինչը ենթադրում է մարդկային զոհերի նվազագույն մակարդակ։ Պատը կարելի է կառուցել, շենքը՝ նույնպես, բայց մարդու կյանքը չես կարող հետ բերել։ Այս տեսանկյունից առանձնատներն ավելի հարմար են ու անվտանգ»։ 

Կա կարծիք, որ նորակառույցները դեռ «փորձված» չեն, ու չենք կարող վստահաբար պնդել, որ կդիմանան երկրաշարժին։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Արմեն Ավետիսյանն ասաց, որ բարձրահարկ նորակառույցներն անհամեմատ ավելի դիմակայուն են, քան խորհրդային շենքերը, որովհետև նախ՝ հաշվարկված են ինը բալի համար, երկրորդ՝ նկատելի է, որ բետոնը ավելի որակով է և այլն։ Նշված հատկանիշներն արդեն իսկ բավական են։ «Իհարկե, բացառություններ լինում են: Մենք չենք կարող պնդել, որ բոլոր նորակառույցները կառուցվել են նորմերին համապատաասխան։ Դա պարզելը պատկան մարմինների գործառույթն է»,- ընգդգծեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է թույլատրելի հարկայնությանը, ասաց, որ գոյություն ունի «սեյսմիկ շինարարություն» նորմ, որով թույլատրվում է, երկաթբետոնյա կրող համակարգերով շենքերի կառուցման դեպքում, մինչև 20 հարկանի, ոչ ավելի, քան 63 մետր բարձրությամբ շենքեր․ «Ավելի բարձր կարելի է կառուցել երկաթյա կրող համակարգով կամ կիրառելով հատուկ մեթոդներ: Այսօր գոյություն ունեն համապատասխան ծրագրեր, որոնցով կատարվում է կոնստրուկտիվ-սեյսմիկ հաշվարկ, և մոդելավորվում է շենքի աշխատանքը երկրաշարժի դեպքում: Ծրագրով կարելի է վիզուալ տեսնել`ինչպես է հաշվարկված շենքը դիմակայում երկրաշարժի դեպքում: Սա հեշտացնում է կոնստրուկտորների աշխատանքը: Բացի այդ, Հայաստանում արդեն 20 տարի է՝ լայնորեն օգտագործվում է սեյսմիկ մեկուսացման տեխնոլոգիան: Այս մեթոդը լուծում է խնդիրներ՝ հիմնականում ռիսկային`4-րդ ռիսկայնության բարդ շենքերի կառուցման դեպքերում: Տվյալ տեխնոլոգիայի հիմնադիրն է Հայաստանում տեխնիկական գիտությունների դոկտոր Միշա Մելքումյանը: Նա նախագծել է 50-ից ավելի շենք, որոնցից մեկը հյուսիսային ճառագայթն է, որը մոտ 25 մետր կոնսոլային մաս ունի շենքի վերնամասում: Կարծում եմ՝ առանց վերոնշյալ տեխնոլոգիայի այս կարգի շենք ՀՀ-ում շատ դժվար կլիներ կառուցել: Այս տեխնոլոգիայի հիմնական միտքը շատ պարզ է․ սեյսմիկ ուժը  հանգցնում է սեյսմիկ մեկուսացումը և թույլ չի տալիս՝ այն իր ամբողջ ուժով փոխանցվի շենքի երկայնքով: Ուժգին երկրաշարժի դեպքում, տանը նստած, կարող եք անգամ  չզգալ երկրաշարժը: Այս տեխնոլոգիան, կարծում եմ, պետք է կիրառվի շատ ավելի ինտենսիվ, պետք է  այն ավելի ու ավելի կատարելագործենք, պետական մակարդակով խթանենք, որպեզի այս ոլորտի գիտնականները շատանան: Մեր երկիրը գտնվում է սեյսմիկ գոտում, մենք պարտավոր ենք այս հարցերի մասին մտածել և զարգացնել սեյսմիկ գիտությունը»։

Հավելենք, որ, Designer.am ընկերությունը զբաղվում է ոչ միայն կապիտալ շինարարությամբ, այլև իրականացնում է նախագծում (ճարտարապետություն և կոնստրուկտավորում), ինտերյեր և էքստերյեր դիզայն, գովազդի դիզայն և պատրաստում, դիզայներական աշխատանք, բրենդինգ, հանդիսանում է Huennebeck ընկերության ներկայացուցիչը, որը մատակարարում է լավագույն և տարբեր տեսակի բարդության կաղապարներ՝ բետոնային աշխատանքների համար, և Ստրոնգ Բիլդինգ ընկերության ներկայացուցիչը, որը մասնագիտանում է երկաթյա կոնստրուկցիաների և սենդվիչ պանելների նախագծման և արտադրության ոլորտում:

Արմինե Սարգսյան


No Comments

Leave a Reply