Անի Անտոնյան Արմինե Սարգսյան Թանգարան

Չենք սպասելու, որ այցելուն գա թանգարան, գնալու ենք այցելուի մոտ

25.01.2021

Ստեղծվել են կրթական տարբեր ծրագրեր ներառող փաթեթներ

Մշակութային կյանքը, չնայած դժվարություններին, վերսկսվում է։ Համավարակը պարտադրեց մշակութային դադար, ներկայանալու առցանց ձևաչափեր, պատերազմը գլխիվայր շրջեց կյանքը։ Ի՞նչ նոր մարտահրավերների առաջ են կանգնած մշակութային օջախները, որո՞նք են լինելու առաջնահերթ քայլերը նոր տարում։

Թեմայի շուրջ զրուցել ենք «Էրեբունի» պատմամշակութային ամրոց-թանգարանի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի հետ։ Պատերազմի օրերին «Էրեբունին» հյուրընկալում էր արցախցիներին, ինչպես նաև «Է­րե­բու­նու» և «Շեն­գա­վի­թի» թան­գա­րան­նե­րին կից ար­հես­տա­կան պե­ղա­վայ­րե­րում Ար­ցա­խից ժա­մա­նած փոք­րիկ­նե­րի հա­մար ի­րա­կա­նաց­նում «Ա­րի պե­ղենք միա­սին» կր­թա­կան ծրա­գի­րը։ Դեռ այն ժամանակ տնօրենն ընդգծում էր, որ շատ կարևոր է ա­պա­հո­վել ար­գե­լոց-թան­գա­րա­նի բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը։

Արցախցի երեխաները՝ «Ա­րի պե­ղենք միա­սին» կր­թա­կան ծրա­գրի ժամանակ


Տարեվերջին «Էրեբունին» ներկայացավ ‹‹Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ և վերաարժևորում›› ժամանակավոր ցուցադրությամբ։ Մարտին նախատեսվում է մեկ այլ կարևոր ցուցադրություն, որ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք Արմավիրին։

Խոսելով առաջիկա ծրագրերի, առկա դժվարությունների, թանգարան-այցելու կապն արդյունավետ դարձնելու միջոցների մասին՝ տնօրենն ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ գոնետարվա առաջին չորս ամիսներին արտասահմանցի զբոսաշրջիկների այցեր շատ չեն լինելու։ Այցելուների թիրախային խումբը լինելու են տեղացիները, գլխավորապես՝ դպրոցահասակները։ Ընդ որում՝ չեն սպասելու, որ այցելուն գա թանգարան, իրենք են գնալու այցելուի մոտ և տարբեր միջոցներով բերելու են թանգարան։ Միքայել Բադալյանը հստակեցրեց, որ երբ խոսում է «Էրեբունու» մասին, պետք է հասկանալ, որ այն դիտարկվում է որպես մեկ համալիր՝ իր Կարմիր բլուր և Շենգավիթ մասնաճյուղերով։

Ռուբենը և Արեգը

Թանգարանի Մարքեթինգի և արտաքին կապերի բաժնի, ինչպես նաև Գիտահետազոտական, վերականգնման և ամրակայման բաժնի աշխատակցիների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվել են կրթական տարբեր ծրագրեր ներառող փաթեթներ։ Տարեսկզբից նրանք այցելում են դպրոցներ, ներկայացնում այդ փաթեթները։ Անցյալ տարվա փետրվարին մարքեթինգային այս քայլով 200-ից ավելի դպրոցականներ են բերել «Էրեբունի», մոտ 100 դպրոցական այցելել է «Կարմիր բլուր» հնավայր։ Ընդ որում՝ երբ կրթօջախները մասնակցում են թանգարանի մարքեթինգային կրթական ծրագրի, ստանում են մի շարք արտոնություններ. օրինակ՝ մեկ այլ ծրագրի կարող են մասնակցել անվճար։

Դպրոցականները «Կարմիր բլուր» հնավայրում

Միքայել Բադալյանը տեղեկացրեց նաև, որ «Շենգավիթ» հնավայրում բացվել է Պատանի հնագետի վերգետնյա արհեստական պեղավայր։ Օգտագործել են փխրուն ավազ, որ կարողանան իրականացնել նաև ավազաթերապիայի դասընթացներ՝ որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Շենգավիթի արհեստական ուսումնական պեղավայր
Պատրաստվել է 25 հնագիտական առարկայի նմանօրինակ՝ Բրայլի համապատասխան ուղեկցող տեքստերով

Անցյալ տարի ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով իրականացվել է ծրագիր, որն «Էրեբունի» թանգարանը հասանելի է դարձնում տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց։ Թանգարանը ներկայանող գիտահանրամատչելի 12 տեսահոլովակները (առկա են թանգարանի կայքում և յութուբյան էջում) ուղեկցվում են պատկերաշարերով և սուրդո-թարգմանությամբ։ Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար պատրաստվել է 25 հնագիտական առարկայի նմանօրինակ՝ Բրայլի համապատասխան ուղեկցող տեքստերով։ Պաշտոնական բացումը կլինի փետրվարին։ Թեև ներկայումս թանգարանում բացված ժամանակավոր ցուցադրության սրահում նույնպես կա անկյուն՝ տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար։ Այս առումով մասնագիտական շատ կարևոր խորհրդատվություն է տրամադրել քաղաքապետարանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը։


Գործարկվելու է թան­գա­րան-ար­գե­լո­ցի «Ֆորդ Տրան­զիտ» միկ­րոավտո­բու­սը

Փետրվարից ո­րո­շա­կի օ­րե­րին կազմակերպվելու են Երևանի կենտրոնից զբոսաշրջիկների անվճար տե­ղա­փո­խում «Է­րե­բու­նի», «Շեն­գա­վիթ» ու «Կար­միր բլուր» հնա­վայ­րեր։ Այդ նպատակով գործարկվելու է թան­գա­րան-ար­գե­լո­ցի «Ֆորդ Տրան­զիտ» միկ­րոավտո­բու­սը, որ երկար տարիներ չի շահագործվել։ «Շատերի համար հնավայրերը հեռու են, մենք անվճար կազմակերպում ենք տեղափոխումը՝ կենտրոնից հնավայրեր և հակառակ ուղղությամբ։ Պետք է ուղղակի զանգահարել, հերթագրվել»,- ընդգծեց Միքայել Բադալյանը։

«Ֆորդ Տրան­զիտ» միկ­րոավտո­բու­սը

Աուդիոգիդերը հասանելի կլինեն հանրությանը

Արմսվիսբանկը 24 աուդիոգիդ սարքեր է նվիրաբերել թանգարանին։ Գրեթե ավարտված են աուդիոգիդերի տեքստերի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն տարբերակները։ Միքայել Բադալյանն ասաց, որ ուզում են ավելացնել նաև չինարենը, քանի որ ըստ վիճակագրության՝ 2019-ին թանգարան-ամրոցն ունեցել է 1000-ից ավելի չինախոս այցելու։ Մոտ օրերս դիմելու ենք Չինաստանի դեսպանատանը և մեծ ակնկալիքներ ունենք աջակցություն ստանալ՝ չինարենի թարգմանության առումով։ Հաջորդիվ կիրականացվի ձայնագրությունը, և աուդիոգիդերը հասանելի կլինեն հանրությանը։ Սա ևս միջոց է՝ թանգարանն ավելի հրապուրիչ դարձնելու։

Բացատրական ցուցանակներ՝ եռաչափ մո­դե­լա­վոր­ման պատ­կեր­նե­րով


Հնավայրերում կտեղադրվեն մի քանի բացատրական ցուցանակներ՝ եռաչափ մո­դե­լա­վոր­ման պատ­կեր­նե­րով և ուղեկցող գիտահանրամատչելի տեսքտերով։ Կան նաև Էրեբունու և Կարմիր բլուրի տարբեր կառույցների եռաչափ մոդելների 360 աստիճան տարբերակները, երբ կարողանում ես պտտվել, օրինակ, «էրեբունի» ամրոցի սյունազարդ դահլիճում և տեսնել վերականգնված տարբերակը։ Թանգարանի յութուբյան ալիքում, կրթական եռաչափ մոդելները օգտագործելով, հետաքրքիր ծրագրեր են անում. ցուցադրվում է ժամանակակից նկարը, և նրա վրա գալիս-նստում է եռաչափ վերակազմությունը։ Գլխավոր նպատակներից մեկն այն է, որ այցելուները կարողանան հուշարձաններում QR կոդերի միոջոցով դրանք ներբեռնել և տեսնել։ Միքայել Բադալյանը առանձնակի կարևորեց թանգարանի ճարտարապետ, եռաչափ վերակազմող Ռուբեն Սարգսյանի աշխատանքը, որն իր գործի մեծ նվիրյալն է, օրնիբուն աշխատում է եռաչափ վերակազմությունների վրա։

Ռուբեն Սարգսյանը դպրոցականներին է ներկայացնում իր վերակազմած արքայի հագուստը

Լուրջ աշխատաքն է տարվել թանգարանային իրերի համալրման առումով

Գիտահետազոտական վերականգնման և ամրակայման բաժնի ղեկավար, մետաղի վերականգնող Մանվել Ղալաչյանի պրոֆեսիոնալ, երկարատև աշխատանքի շնորհիվ մաքրվել, ամրակայվել և վերականգնվել են թանգարանի մետաղե առարկաները, մի քանիսն էլ ներկայացվել են հանրությանը՝ տեղ գտնելով ժամանակավոր ցուցադրությունում։

Լուրջ աշխատանք է տարվել թանգարանային իրերի համալրման առումով։ 2018-ին թանգարանը համալրվել է 34 հնագիտական իրերով, 2019-ին՝ 314, 2020-ին՝ 405։ Դրանցից շատերը բացառիկ արժեք են ներկայացնում։

Հեծյալով արծաթե ռիտոնը ցուցադրվում է Էրեբունի թանգարանում

Մի մասը նվիրում են մեր հայրենակիցները, մյուս մասը տրամադրում են հնագետները։ «Օրինակ՝ անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ Սևանի ավազանին վերաբերող ժամանակավոր ցուցադրություն արեցինք, առարկաների մի մասը մեզ տրամադրել էին հնագետները։ Դրանք ցուցադրվում են, հետո նաև մշտական ցուցադրության մաս դառնում։ Եթե երեք տարին լրանում է, թանգարանը կարող է տնօրինել առարկան, սակայն մենք հանձնված իրերը հասանալի ենք թողնում հնագետների համար։ Որպես հնագետ՝ ասեմ, որ հնագետի ամենաերջանիկ պահերից մեկն այն է, երբ քո պեղած իրը դառնում է ցուցադրության մաս ու կրթում այցելուներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նույնը վերաբերում է նվիրաբերված առարկաներին. նվիրատուների անուններն անպայման նշվում է։ «Պատկերացրեք, նվիրաբերողը իր ընտանքի, ընկերների հետ գալիս է թանգարան ու տեսնում իր անունը։ Մենք պետք է հասնենք նրան, որ մարդիկ զգան, որ նվիրաբերելով դառնում են թանգարանի բարեկամ ու մեծապես նպաստում այլ մարդկանց կրթելուն»։

Նվիրատուների շնորհիվ է կյանքի կոչվում թանգարանի «Նվիրիր դրամ» ծրագիրը։ Մինչ այդ թանգարանն իր հավաքածուում ոչ մի դրամ չուներ, այցելուները հաճախ են հարցել՝ ինչո՞ւ չկան դրամներ։ Եվ նպատակ է դրվել ստեղծել դրամների ցուցադրության հատված։ Թանգարանին նվիրաբերվել են 300-ից ավելի դրամներ՝ Տիգրան Մեծի, պարթևական, հռոեմական, սելջուկյան, սասանյան, Շադդադյանների, մոնղոլական, օսմանյան, Ցարական Ռուսաստանի և այլն։ Դարձյալ բոլոր նվիրատուների անունները նշվելու է ցուցադրության ժամանակ, որը նախատեսվում է բացել այս տարի։

Թանգարանին նվիրաբերված Տիգրան Մեծի դրամը

Մարքետինգի և արտաքին կապերի բաժինը՝ Արեգ Փիլիպոսյանի գլխավորությամբ, լուրջ աշխատանք է տարել թանգարանի մենեջմենթի և նրա նորովի ընկալման առումով:

 Շենգավիթում փոխվելու է ցուցադրությունը, որը շատ հնացած է

Անդրադառնալով մասնաճյուղերի գործունեությանը՝ Միքայել Բադալյանը նշեց, որ Շենգավիթում փոխվելու է ցուցադրությունը, որը շատ հնացած է։ Նրա խոսքով՝ երկար տարիներ տարաձայնություններ են եղել՝ կապված «էրեբունի» թանգարանի իրերի հետվերադարձի հետ: «Մենք պեղող-հնագետ Հակոբ Սիմոնյանի հետ հեշտությամբ համաձայնության եկանք, և այդ իրերը վերադարձվում են «էրեբունի» թանգարանին ու դառնալու են Շենգավիթի ցուցադրության մասը։ Քչերը գիտեին հնավայրի գոյության մասին, այսօր արդեն այցելությունների միտում կա։ Լինելու են նաև ընթացիկ վերանորոգումներ տարբեր հատվածներում»։ Շենգավիթի ցուցադրության կազմման ժամանակ անպայման նաև համագործակցելու ենք պարոն Սիմոնյանի հետ:


Հնավայրի տարածքը շատ մաքուր է, մարդիկ ընտանիքներով զբոսնում են

Կարմիր բլուրում 4,5 հեկտար շինաղբի 4,3 հեկտարը մաքրվել է (մի հատված է մնացել, որտեղ շինարարական ավազ կա աղբի վրա և պետք է օգտագործվի այլ նպատակներով)։ Այսօր արդեն հնավայրի տարածքը շատ մաքուր է, մարդիկ ընտանիքներով զբոսնում են։ Նաև ժամանակակից պահակակետ է կառուցվել։

«Կարմիր բլուրի ղեկավար, ուրարտագետ Վահե Սարգսյանը լուրջ աշխատանք է տանում,- ասաց Մ. Բադալյանը՝ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարելով թանգարանի աշխատանքային գաղափարախոսության փոփոխությունը։- Սուբյեկտիվ կարծիք ունեմ, որ մեր պետությունը խարխլող ամենավտանգավոր երևույթներից մեկը իմիտացիան է։ Օրինակ, երբ աշխատանքի իմիտացիա է արվում և ներկայացվում է որպես արդյունք, ձևը գերակշռում է բովանդակությանը։ Այս տենդենցը կար նաև Էրեբունիում»։

Վերականգնող Սուրեն Մանուկյանը ամբողջացնում է կնագույն կարասը


Կարևոր է, երբ աշխատողի աշխատանքը գնահատվում է, մոտիվացվում

Մեր զրուցակիցը նշեց, որ փորձել են ներդաշնակություն ստեղծել թանգարանի երկար տարիների նվիրյալ աշխատակիցների և երիտասարդների միջև։ «Ես տվեցի մի քանի երիտասարդ աշխատակիցների անուն, որոնց համալրմամբ թանգարանում լուրջ փոփոխություններ են եղել։ Անցյալ տարի կարողացանք նաև կառուցվածքային փոփոխություններ անել ու ստեղծել պարգևավճարների ֆոնդ, որի միջոցները  տարամադրվում են արդյունավետ աշխատանքի համար։ Ֆեյսբուքյան էջում նույնպես նշում ենք աշխատանքի արդյունավետությունն ու շնորհակալություն հայտնում։ Կարևոր է, երբ աշխատողի աշխատանքը գնահատվում է, մոտիվացվում։ Ինքս 12 տարի աշխատում եմ Էրեբունի թանգարանում և շատ ու շատ անգամ կարիք եմ ունեցել գնահատված լինելու»։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ կրկին իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր բոլոր աշխատակիցներին՝ բանվորից մինչև փոխտնօրեն՝ Էրեբունին սիրելու և այն զարգացնելու համար:


Այլ հարթակների հետ համագործակցելը երկուստեք արդյունավետ միջոց է


Ներկայումս աշխատում ենք տուր-օպերատորների հետ, նրանց փաթեթներ ենք ներկայացնում, մի քանի օր հետո մի տուրիստական կազմակերպության հետ կրթական քուեսթ պետք է անենք։

Պայմանավորվածություն ունենք հեծանվասպորտի և հեծանվասերների ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանի հետ։ 2020-ի սեպտեմբերի 27-ին պետք է իրականացնեինք hեծանվային տուր՝ Հանրապետության հրապարակից դեպի Երևանի հնագույն բնակավայրեր՝ Շենգավիթ-Կարմիր բլուր-Էրեբունի ամրոց և թանգարան, որտեղ բոլոր մասնակիցների համար անցկացվելու էին ճանաչողական-տեղեկատվական էքսկուրսիաներ: Բնականաբար չեղարկվել է։ Հավանաբար կիրականացնենք գարնանը՝ Թանգարանների միջազգային օրը։ Տնօրենի բնորոշմամբ՝ այլ հարթակների հետ համագործակցելը երկուստեք արդյունավետ միջոց է։

Հնագիտության ինստիտոտի հետ մի քանի ամսից լույս կընծայեն Սևանի հնագիտական ժառանգությանը վերաբերող մոտ 500 էջանոց նկարազարդ ժողովածուն, որտեղ մոտ 40 գիտական հոդված է ներառված։

Պետք է շատ աշխատենք, որպեսզի ապահովենք ֆինանսական մուտքեր

Շատ գործ կա անելու, պետք են նվիրյալ աշխատանք, շահագրգռություն և իհարկե, ֆինանսական ռեսուրսներ։ Հիմա, օրինակ, նվիրատվություն ենք ստացել, թարմացնում ենք թանգարանի կայքէջը։

Շատ աշխատանք կա հատկապես մասնաճյուղերում։ 2019-ին 30 տոկոս ֆինանսական աճ են ապահովել, 2020-ին կարողացել են խնայողաբար օգտագործել բյուջեն՝ մնացորդ թողնելով այս տարվա համար։ «Տարրական ծախսերը հոգալու համար կա գումար, բայց պետք է շատ աշխատենք, որպեսզի ապահովենք ֆինանսական մուտքեր։ Հավանաբար, Գիտության պետական կոմիտեի ‹‹Ուրարտագիտական սեկտորի զարգացման ենթակառուցվածքների›› ծրագիրը կտեղափոխվի Էրեբունի թանգարան, ու դրա շնորհիվ մեր գիտաշխատողներից շատերը, ընդգրկվելով այս գիտական թեմայի շրջանակներում, կկատարեն աշխատանք, կստանան լրացուցիչ աշխատավարձ։ Մի բան, որ մեզ համար շատ կարևոր է, որովհետև գիտեք, որ մարդիկ բավարար չեն վարձատրվում»,- ասաց Մ. Բադալյանը։ 

 Ուրարատական սեպագիրն են հանրահռչակում

Բավական ակտիվ է արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջը: 2018-ի մայիսին մոտ 3000 հետևորդ ունեին, հիմա գերազանցել են 10500-ը։ Հրապարակում են գիտահանրամատչելի տեղեկատվություն, իրականացնում կրթական առցանց ծրագրեր՝ «Բիայնապատում», «Արքաներն Արարատի երկրի», «Օտարները հայերի մասին», «Գուշակիր արքայի անունը»։ Վերջինիս միջոցով ուրարտական սեպագիրն են հանրահռչակում։ Հաճախ մարդիկ հարցնում են՝ ինչպես է գրվում իրենց կամ իրենց կազմակերպության անունը սեպագրով։ Թանգարանի աշխատակիցները սիրով ներկայացնում են։ 

«Գուշակիր թվեր»

Մտածեցիքն՝ ինչ անել, որ սիրո ու երիտասարդության տոնը ացելուներ բերի Էրեբունի, և՛ տոնը հանրահռչակվի, և՛ մեր ժառանգությունը

Հունվարի 30-ին նշվելու է Սուրբ Սարգսի տոնը։ «Առաջին հայացքից էրեբունին գլխավորապես նախաքրիստոնեական ժամանակաշրջանին է վերաբերում։ Մենք մտածեցինք՝ ինչ անել, որ սիրո ու երիտասարդության տոնը ացելուներ բերի Էրեբունի, և՛ տոնը հանրահռչակվի, և՛ մեր ժառանգությունը։ Ուրարտական պատկերագրությունից վերցրինք տղայի և աղջկա պատկեր, վրան սեպագիր ու հայերեն տարընթերցմամբ գրեցինք տղայի ու աղջկա սիմվոլիկ անուններ ու «երջանկություն»։ Սուրբ Սարգսի տոնին Էրեբունիում և մասնաճյուղերում մուտքը անվճար էր, ինչպես լինելու է և այս տարի։ Այն զույգերը, որ կհաճախեն մեր թանգարան կամ մասնաճյուղեր, մեր աշխատակիցները հատուկ մատյանում նրանց անունները կլրացնեն,և մենք յոթ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեով կուղարկենք իրենց անունները՝ սեպագրով»,- ասաց Միքայել Բադալյանը, հավելեց, որ անցյալ տարի այս տոնին հարյուրավոր այցելուներ են ունեցել։

Արմինե Սարգսյան
Անի Անտոնյան


No Comments

Leave a Reply