Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան․ Ձկան արցունք

26.09.2020

Սկիզբը՝ այստեղ

Եվ մի օր էլ հենց այնպես, ինչ-որ տարերային մղումով, տան մեծերը հավաքվեցին ընտանեկան խորհրդի, որը, ի տարբերություն նախորդ, հանպատրաստից հավաքների՝ անցավ բավական խաղաղ պայմաններում:

— Այսպիսով,- սկսեց զոքանչը,- դրությունը բարդանում է, և հնարավոր է, որ մենք ստիպված լինենք տանը կենդանիներ պահել:

— Եվ դրա դեմ ոչինչ հնարավոր չէ անել,- ավելացրեց կինը՝ քիչ գրգռված տոնով, ասես Սիմոն Պարսամյանը արդեն հակառակվել էր իրեն:

— Ի-ինչո՞ւ…,- չհապաղեց կնոջ հույսերն արդարացնել Պարսամյանը:

— Որովհետև երեխաների՝ օրեցօր աճող հակումները կենդանիների նկատմամբ մեզ փաստի առաջ են կանգնեցնում,- դստերն օգնության հասավ զոքանչը` մի ոչնչացնող հայացք նետելով Պարսամյանի վրա:

-Լա-լա-լավ,-ասաց Սիմոն Պարսամյանը:         

-Ուրեմն,- շարունակեցզոքանչը, հարկավոր է քննարկել, թե կենդանիների որ տեսակներն են առավել հարմար բնակարանում պահելու: Առայժմ մենք շփվել ենք միայնշան և կատվի հետ,- և մի փոքր լռություն պահեց՝ ավելի ուշադիր զննելով իր խոսքերի տպավորությունը ունկնդիրների դեմքերին:

-Ա-այո,-շփոթված համաձայնեց Սիմոն Պարսամյանը:

-Բայց շուն, կատու մենք չենք կարող պահել,- ասաց զոքանչը,- նրանք ոչ միայն իրենք են կեղտոտ…

-Նրանց կարելի է լողացնել,- կտրեց կինը:

-… Այլև կեղտոտում են շրջապատը,- աչքերը դստեր վրա ոլորելով՝ ավարտեց զոքանչը:

-Նրանց կարելի է վարժեցնել,- ասաց կինը,- հարևանուհի Սաթենիկն իրենց Քոթոթին…

-Մենք դրա ժամանակը չունենք,- կտրեց զոքանչը:

-Երեխաներն իրենք կզբաղվեն դրանով,- ասավ կինը:

-Նրանք շատ շուտ կձանձրանան, նրանք ոչ միայն մեր կողմն են քաշել,- ու բազմանշանակ հայացքը հառեց սեղանին:

-Դրանք իմ երեխաներն են և այդքան էլ շուտ ձանձրացողներից չեն,- ասաց կինը:

-Բայց նրանք երեխաներ են,- ձայնը բարձրացրեց զոքանչը:

Այո, խաղաղությունը ձեռնտու չէր այդ կանանց: Խաղաղ պայմաններում նրանք չէին կարողանում «մտավոր» աշխատանքով զբաղվել, եղած չեղած մի քանի նախադասություններն էլ սպառվում էին, և օդի պես անհրաժեշտ էին դառնում ձայնի բարձրացումը, նրբերանգների խաղը, հայացքների բախումները:

-Ուրեմն, դու քո թոռներին չես ճանաչում,- անմիջապես տրամադրությունը պահեց կինը:

-Ո՞ւմ, ի՞մ թոռներին: Նրանք իմ թոռներն են, ոչ թե քո…,- զլեց զոքանչը,- և ոչ թե որևէ մեկինը,- ու հաղթական նայեց Սիմոն Պարսամյանին, որի ձախ աչքի կոպն սկսել էր թխկթխկալ:

-Թը-թը-թը…,- ասաց նա:

Երկու կանայք զարմացած նայեցին նրան ու միաժամանակ հարցրին:

— Ի՞նչ՝ թը:

-Ռռռ՜…,- համառորեն շարունակեց Սիմոն Պարսամյանը:

Երկու կանայք իրար նայեցին:

-Չուն…,- բավարարված ժպիտով ավարտեց Սիմոն Պարսամյանն ու իրենից գոհ նայեց կանանց:

-Թռչո՞ւն,- հարցրեց կինը:

-Ի՞նչ թռչուն,- հարցրեց զոքանչը:

Սիմոն Պարսամյանը խորամանկ ժպտիով նայեց նրանց ու թափահարեց թևերը:

-Բը-բը-բվվվ՜…

-Նա ուզում էր ասել՝թռռռ՜…

-Ա՜խ, թռչուն,- առաջինը գլխի ընկավ կինը,- հրաշալի միտք:

-Ծը-ծը-ծռտ,- ասաց Սիմոն Պարսամյանը:

-Ճիշտէ,- նրան լրիվ հասկացավ զոքանչը,- թռչունը նույնպես կեղտոտում է: Քո ամուսինն էլ երբեմն մտքեր ունի, ափսո՜ս…,- ու չշարունակեց:

-Թռչունն իր վանդակում է կեղտոտում:

-Միևնույն է, կեղտոտում է: Եկեք ավելի լավ բան մտածենք,- ասաց զոքանչը:

Եվ երկու կանայք մտասուզվեցին, իսկ Սիմոն Պարսամյանը մտածում էր, թե որքան անհավանական ջանքեր էին պահանջվում իրենից` ընտանիքում խաղաղություն պահպանելու համար:

Եվ հանկարծ զոքանչն ահռելի ձայնով գոռաց.

-Գտաաա՜:

-Ի՞նչ,- նույնպիսի զրնգուն տենորով հարցրեց կինը:

-Ձուուո՜ւկ,- անմիջապես դիսկանտի անցավ զոքանչն ու հաղթական նայեց ամուսիններին:

Երևի շատ ժամանակներ առաջ մի ավելի համեստ մարդ նույնպիսի ձայնային բեկումների էր ենթարկվել՝ նույնպես ջրերի հետ կապված մի դեպքի պատճառով նույն բառը «Գտաա՜» գոռալիս: Իսկ թե ինչո՞ւ այդ հինավուրց օրինակով զոքանչի ձայնն էլ չլսվեց ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, բացատրվում է այն բանով, որ այդ համեստ մարդը քաղքենի չէր, այլ իսկական քաղաքացի, և եթե ռմբակոծում էր թշնամիներին, ապա դա անում էր հայրենասիրությունից դրդված, ինչը որ չէր կարելի ասել Սիմոն Պարսամյանի ռմբակոծող զոքանչի մասին, որը, երևի, պատճառներ չուներ այդ բանն անելու: Բայց ճակատագրի որպիսի կատակ. և՛մեծ քաղաքացին, և՛ փոքրիկ քաղքենին հենց նույն պատճառով դատապարտված էին պարտության, որը մենք քիչ անց կտեսնենք:

-Ձուկն ունի մի շարք առավելություններ,-շարունակեց զոքանչն արդեն իր թեորիան ամրապնդող գիտնականի հանդարտ, վստահ ձայնով,- չի կեղտոտում, անընդհատ լողանում է և հենց դրանով կարող է հրաշալի օրինակ ծառայել երեխաներին: Բացի այդ, նա կարող է լիակատար լռության օրինակ ցույց տալ, և ոչ միայն երեխաներին,- այս ասելիս կարճատև հայացք նետեց փեսայի կողմը,- նա չի երգում և քչակեր է:

-Քա-քա…,- ասաց Սիմոն Պարսամյանը:

-Ի՞նչ,- ապշեց զոքանչը:

-Քա-քանի՞,- և բութ մատը տենդորեն քսեց ցուցամատին, որովհետև ակվարիումային ոսկե ձկները միշտ նրան չափազանց թանկ հաճույք էին թվացել:

-Նրան արժեքն է հետաքրքրում,- բացատրեց կինը:

-Խելոք հարց է,- ասաց զոքանչը և անմիջապես ցուցաբերեց տնտեսագիտական փայլուն ընդունակությունները,- աշխարհում ավելի շատ են ձկների տեսակները, քան մարդկանց: Հետևաբար, նույնքան էլ տարբեր են նրանց արժեքները: Եթե դու, սիրելի փեսա, մի փոքր ավելի մտածեիր ընտանիքիդ մասին, ապա դրամական չնչին հարցերը քեզ այդքան չէին հուզի:

-Ես, ես…,- սկսեց Սիմոն Պարսամյանը:

-Նա ազնիվ ճանապարհով է իր հացը վա-վաստակում,- հեգնեց կինը:

Սիմոն Պարսամյանը կարմրեց, ու լեզուն լրիվ կապ ընկավ, միայն կատաղի կերպով գլխով արեց ու սկսեց քաշքշել սփռոցի ծոպերը:

— Հանգիստ թող սփռոցը, ազնիվս,- շարունակեց կինը,- եթե դա փչանա, դու դրա արժեքն էլ չես կարող վճարել, դա հնդկական է:

Վերջապես, օ՜, վերջապես նրանց սիրելի թեման: Հաջորդ հարցը պետք է լիներ մի քանի կաթիլ արցունքն ու Հայրապետ Կանդալյանի առնական հիշատակը:

— Ձ-ձ-ձուկ,- մի կերպ վրա բերեց Սիմոն Պարսամյանը և սկսեց ծափահարել զոքանչին:

Զոքանչը մի հիպնոսող հայացք նետեց փեսայի վրա, բայց Սիմոն Պարսամյանի հայացքը ոչինչ չէր արտահայտում, միայն ծափահարելու ռիթմով ձախ աչքի կոպն էր թխկթխկում:

— Այո՛, ձո՛ւկ,- ասաց զոքանչը:

Սակայն կինը լռում էր և քթի տակ նենգորեն ժպտում:

— Ուրեմն, ձո՞ւկ,- դարձյալ հարցրեց զոքանչը:

Սիմոն Պարսամյանը եռանդագին գլխով էր անում:

— Որոշվեց, ձուկ,- ասաց զոքանչն ու ելավ:

Նա անմիջապես գնաց հարևան-հարևանուհիների հետ խորհրդակցելու, որովհետև երբեք առանց նրանց բարի խորհուրդների ոչինչ չէր անում:
Շարունակելի

No Comments

Leave a Reply