ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան, Տիպանգո (վիպակ)

20.08.2020

Դեն Ալարոդ

Սկիզբը՝ այստեղ


— Այսպիսով, ես ձեզ ասում եմ, որ ստատիկ վիճակում դիտելիս մեր աշխարհը երեք տեսակներից բաղկացած մի համակարգ է։  Ըստ ծագման հերթականության՝ այդ երեք տեսակներն են՝ Հանքային աշխարհը, Բուսական աշխարհը և Կենդանական աշխարհը։ Դինամիկ վիճակում դրանք երեքն էլ ունեն իրենց կյանքը։ Հանքային աշխարհը զարգանում, փոփոխվում է ինքն իր մեջ, բայց չունի զգայարաններ։ Բուսական աշխարհն օժտված  է շնչելու, զարգանալու հատկությամբ, բայց չունի վազելու և ճանկռելու ունակություն։ Երրորդ տեսակը՝ Կենդանական աշխարհը, ունի զգայարաններ, զարգանում ու փոփոխվում է, ունի վազելու և ճանկռելու ունակություն։ Նույնիսկ կրիան իր կարծիքով վազում է։ Համենայնդեպս, նա այդ անում է՝ որդի համեմատությամբ։ Կենդանական աշխարհն իր հերթին բաժանվում է երեք մասի՝ Անուղեղներ, Ուղեղավորներ, և Բարձր ուղեղավորներ՝ որդեր, հովազներ և մարդիկ։ Մարդկային ամբողջ կյանքը հիմնվում է զգայարանների միջոցով կուտակված փորձի վրա։ Իր զգայարաններից դուրս մարդն առայժմ հնարավորություն չի ունեցել թափանցել։ Ծայրահեղ դեպքում, խարխափելով, ասենք, մագնիսական դաշտում, մարդն այդ դաշտը թարգմանում է իր զգայարանների համար ընկալունակ ձևի։
— Դուք ուզում եք ասել, որ մարդը մի ամբողջություն  է, որ գործում է ներդաշնակ և առանց հակասությունների՞․․․,- դահլիճից առարկեց մի ճերմակահեր մարդ։
— Հարգելի առարկողիս խորհուրդ կտամ ձեռք բերել մինչև վերջ լսելու և հետո առարկելու սովորություն,- հայտարարեց Դենը։
— Երիտասարդ,- հուզվեց ծեր ակադեմիկոսը։
— Երտասարդը Դուք եք,- պատասխանեց Դենը,- և խնդրում եմ մտքում խոսել։ Մարդ կոչվող այդ միասնական համակարգը բաժանվում է երկու հակադիր մասի՝ բարոյական և ֆիզիկական, որոնց միջև ճշգրիտ սահման դնել հնարավոր չէ։ Բարոյական կատեգորիաների մեջ են մտնում հոգեկան, սիրային և հավատարմության կոմպլեքսները, իսկ ֆիզիկականի մեջ՝ սննդային, սեքսուալ  և կռվի․․․ Դուք՝ մարդիկ, երջանիկ եք, բայց կարծում եք, թե դժբախտ եք, քանի որ չունեք հագենալու հակում։ Դուք չեք գոհանում ձեր ԵՍ-ի ապրած կյանքով, երազում եք անմահություն՝ առանց հասկանալու, որ բարոյական և ֆիզիկական երկու կոմպլեքսներ ծառայում են այդ նպատակին՝ ձեր անմահությանը ձեր զավակի միջոցով։ Սակայն ձեզ համար կարևոր նշանակություն ունի նաև հիմարությունների մի շարք, ինչպիսին են, օրինակ, անունների պահպանությունը․․․ Ձեր բոլոր արարքները հիմնվում են կենսաբանության վրա և դրանք երկու տեսակ են լինում՝ ուղղակի կերպով կենսաբանորեն և անուղղակի կերպով: Դուք կենդանիներից տարբերվում եք ստեղծելու և ստեղծագործելու ունակությամբ։
— Դուք խոսում եք մարդու մասին, իսկ մարդի՞կ,- դահլիճից առարկեց մի երիտասարդ։
— Իրավացի դիտողություն է,- պատասխանեց Դենը,- ես արդեն պատրաստվում էի այդ հարցին անդրադառնալ։ Իր պատմության ամբողջ ընթացքում մարդը ստեղծել է երկու զարգացման գործոն՝ հասարակություն և անհատ։ Հասարակությունը աշխարհն առաջ տանող ուժն է, իսկ անհատը՝ այն ըմբոստությունը, որն առաջ է մղում հասարակությանը՝ շարունակելու պատմությունը։ Անհատների ըմբոստությունը հասարակական մեքենայի վառելանյութ է։ Հասարակությունը ստեղծել է պետություն և տնտեսություն, իսկ անհատը պարզաբանել է օրենք՝ այդ պետության և տնտեսության համար։ Հասարակությունն ապրում է իր համար, անհատը՝ հասարակության։ Ամեն պարագայում անհատը հասարակության ծառան է, լինի այդ հասարակությունը հայրենիք, մոնոպոլիա՝ իր գործարաններով ու բանկերով, հանքերով ու տրանսպորտով, լինի պետություն՝ իր պետական ապարատով, իր օրենքներով, քարոզչական համակարգով, լինի այդ հասարակությունը բանակ․․․ Անհատը և հասարակությունը միասին անում են ամեն ինչ՝ հասարակության ֆիզիկական պահանջները բավարարելու համար։ Անգամ գեղագիտական պահանջները բավարարելով՝ մարդն անուղղակիորեն բավարարում է իր կենսաբանական պահաջները կամ գտնում ճանապարհ՝ դրանք բավարարելու համար։ Անհատն ապրում է, ճանապարհներ է որոնում, որպեսզի, ասենք, իր ժողովուրդը կուշտ ու հագնված լինի, կամ իր պետությունը՝ տիրապետող։ Հապա բանն ի՞նչ է։ Քաղաքակիրթ աշխարհի բնակիչները բանակների են բաժանվում և գռմռում են իրար վրա։ Դարձյալ լավ ապրելո՞ւ, փառասիրությա՞ն, սպանության կրքի՞ համար․․․ Ինչի՞ համար․․․
Դահլիճը շաչեց, լսվեցին կանչեր․ «Բռավո» և «Կոմունիստական շուն»…
Դեն Ալարոդի ճակատը լցվեց կնճիռներով,  ձեռքը բարձրացավ վեր ու կշռաքարի պես կախվեց հասարակության գլխավերևում, հագուստի ծալքերը վեր ձգտեցին ու քարացան սլացքի դիրքով։ Ճակատի վրա ուռեց երակը։
Հռետորը դեռ ոչինչ չէր ասել։
Հասարակությունը քարացավ։
— Արևից ծնվածներ, արևի պահածներ, արևի փայփայած զավակներ՝ մարդիկ, դուք չեք բավարարվում, որովհետև սիրում եք հավասարությունը, իսկ դա լիովին ձեզ չի տրվում։ Համեմատությունը առաջ է տանում ձեզ և կործանում միաժամանակ։ Ձեր անհագուրդությունը ձեր առաջմղիչ ուժն է և կործանումը միաժամանակ։ Արևորդիներ, եթե ձեզ մի բան է պետք, դիմեք արեգակին, և նա կտա ամեն ինչ։ Վերացրեք Իմ-ը հասկացողությունը, քանի որ արեգակը բոլորինն է, և նրա տվածը՝ նույնպես։
Դահլիճը որոտաց։ Առաջին շարքում նստած մի խելագար՝ նախկին ֆալսմանական, որին դիտմամբ քաշ էին տվել այստեղ, գիտակցության եկավ, իր պարզված միտքը լարելով՝ գոռաց․
— Դեն Ալարոդը վերադարձել է, ուռռաաա՜․․․
Ինչ-որ տեղից կրակեցին Դենի վրա։ Դենը մտավ մետաղե ամբիոնի մեջ, որ գնդապետ Ֆալսմանի վերադարձի օրերից մտել էր հասարակական կենցաղի մեջ։ Նա մոտեցրեց բարձրախոսը շուրթերին ու գոռաց.
— Դե՛, տղանե՛ր, դա արդեն երեխայություն է ձեր կողմից, թաքցրեք չրխկանը։
Էլի կրակեցին։
Դենը դուրս եկավ ամբիոնի տակից ու կանգնեց կրակի տակ։ Գնդակը դիպավ մետաղե ամբիոնին, տժժալով մխրճվեց մեկի ազդրը։ Վիրավորը ոռնաց։ Դենը ծիծաղեց։ Հաջորդ գնդակը քերծեց Դենի այտը։ Արյունը չռաց դեմքի վրայով։ Դենը սրբեց այտը․
— Դե՛, սա արդեն մեր կառավարությունն է կրակում ինձ վրա։ Հանձնարարության համառություն է երևում գործի մեջ։
Կրակոցն ուղղվեց առաստացին։ Դենը դուրս էր եկել։
— Յո՛թ,- բարձրախոսի մեջ գնդակները հաշվեց Դենը։- Հիմա շարունակենք։
Հանկարծ նա հասկացավ, որ շատ է ուզում իրագործել իր մտքերը, սակայն շատ է թույլ դրա համար։ Այն, ինչ նա արդեն արել էր, իր բաժնից նույնիսկ շատ էր։ Պետք էր արդեն հանձնել էստաֆետի ջահը։ Բայց ո՞ւմ: Այս հարցի առաջ ժամանակավոր կանգ էր առնում Դենի ուղեղը։ Նա գիտեր, որ մինչև չլուծի այդ խնդիրը, չի մեռնելու։
— Ի՞նչ եմ արել ես,- շարունակեց նա,- հասկացել եմ այս ամենը։ Իմ հաջորդը պետք է լուսաբանի, նրա հաջորդը՝ բացատրի, չորրորդը՝ տարածի, հինգերորդը՝ առաջ մղի հասարակությանը՝ իրագործելու, և այսպես շարունակ․․․
Ժամանակակից աշխարհում ես այլևս գործ չունեմ անելու։ Իմ վիճակը նույնիսկ ծիծաղելի է։ Դուք հասկանո՞ւմ եք իմ վիճակի ողջ ծիծաղելիությունն ու ողբերգական կողմը․․․ Արևի քուրմը՝ արդյուանբերական քաղաքում։ Այդ քրմերը հիմա չկան, ավելի ճիշտ՝ միայն ես եմ ամբողջ աշխարհում, ամբողջ քաղաքկիրթ աշխարհում․․․
Գնացեք ձեր տները և սպասեք իմ հաջորդին։ Ես դուրս եմ գալիս խաղից։

— Դու ասես քուրմ չլինես,- ասաց Լայման Դենին՝ առանց կասկածելու, թե որքան մոտ է ճշմարտությանը։
Նրանք նայում էին լեռնային տեսարանին, որ տարածվում էր առջևում՝ բազմաթիվ կիլոմետրերի վրա։ Դենն իրագործել էր իր վաղեմի իղձը՝ հեռու լեռների կուսական անտառներում, ջրվեժով ու մարմարյա քարայրով սքանչելի կիրճում կառուցել իր պատանության երազանքների ամրոցը։
Դենի «Ջունգլիներում» գիրքը տպագրվեց աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Հետո էլ կազմվեց հոդվածների երեքհատորանոց ժողովածուն։ Դա էլ մի քանի անգամ վերահրատարակվեց։
Մեկ տարի Դեն Ալարոդի ընտանիքը բնակվում էր լեռներում։ Սակայն լեռների լռության մեջ Լայմայի տրամադրությունն օր օրի փչանում էր։ Թե՛ ձիերով որսերը, թե՛ բազմաթիվ շները, ձեռնասուն հովազը, գեղեցիկ դահլիճներն ու ստորգետնյա ավազանները՝ այս բոլորը մեկ տարում ձանձրացրին։ Ամբողջ 6-7 տարի ապրելով քաղաքում առանց Դենի՝ Լայման ոչինչ չէր տեսել, բացի իր տան չորս պատերից։ Հիմա սկսվել էին դասախոսություններ, աշխատանքներ հնագիտական թանգարանում, համագումարներ, բազմաթիվ երեկույթներ, սալոններում հավաքույթներ, փառք, որին նա մասնակցում էր Դենի հետ միասին։ Այդ բոլորը սարսափելի ձգում էին։ Լայմային շատ էր դուրս գալիս փառքի լուսապսակը, որով  նա շրջապատված էր։ Նա բնականից սիրում էր դափնիներ։ Փաստորեն, Դենի վերադարձը, որի հետ Լայման մեծ հույսեր էր կապում, իրեն չարդարացրեց։
— Դու ամբողջ օրերով կորչում ես անտառներում, մնացած ժամանակդ էլ երկրպագությամբ ես զբաղված,- ասում էր նա Դենին։- Եթե կենդանի լինեին հայրիկը կամ էլ պրոֆեսոր Շթերնը, նրանք քո կյանքը կկարգավորեին։
Դենը ծիծաղում էր և առանց պատասխանելու թամբում  ձին։
Սակայն անսալով կնոջ աղերսանքներին, որին սիրում էր տակավին բուռն սիրով, Դենը վերադարձավ քաղաք։ Բայց քաղաքում նրան զայրացնում էր ինչ-որ բան անելու անհրաժեշտությունը։ Տնից դուրս գալ չէր ցանկանում։ Մեծ քաղաքը նյարդայնացնում էր նրան։ Հատկապես տեղեկատվության աներես հեղեղը, որ Դենին բոլորովին չէր հետաքրքրում։ Նա ժամերով փակվում էր սենյակում և նայելով Տիպանգոյին՝ խորհում։ Ամեն առավոտ բարձրանում էր շենքի տանիքը և արևգալի ծես մատուցում լուսատուին։ Գիշերվա ժամանակի մեծ մասն էլ լուսնին էր նվիրում։ Նա իր երկրպագություններն արդարացնում էր՝ ասելով, որ դա իրեն հաճելի է։ Իր երախտապարտության զգացումը հպարտացնում, երջանկացնում և մարդացնում էր նրան։ Իսկ մնացած ժամանակ նա նորից դառնում էր այն անալիտիկը, որ կար էությամբ։ Ուզում էր հասկանալ, թե իրենից ինչ էր ներկայացնում այն աշխարհը, որում ինքն ապրում էր։ Նախ և առաջ՝ նա հարցին մոտենում էր Հատ քաղաքի բնակչի տեսանկյունից և ուզում էր պարզել, թե ինչով է տարբերվում քաղաքակիրթ աշխարհը Հատ քաղաքից։ Հատ քաղաքը Հատ քաղաքն էր, իսկ այս քաղաքը՝ ամբողջ աշխարհը՝ իր բոլոր կողմերով, խտացած վիճակում, դարձյալ՝ շնորհիվ գարշելի տեղեկատվության։ Ինչի՞ էին ձգտում ժամանակակից մարդիկ․․․ Այստեղ Դենը կանգ էր առնում մի կարևոր հարցի առաջ․․․ Ո՞ր մարդիկ․․․ Հետո նա նորից սկսում էր ամեն ինչ սկզբից։ Նախ պետք էր պարզել, թե ինչ է աշխարհը, ովքեր են մարդիկ, ինչից է բաղկացած կյանքը․․․
Եվ այս բոլորը երբեք չէր ձանձրացնում։
Մի օր նա կանչեց Լայմային իր սենյակը։
— Լայմա, ես այլևս չեմ կարող ապրել քաղաքում։ Ինձ թվում է՝ ավելի լավ կլիներ, եթե մենք վերադառնայինք լեռները։ Ես քեզ եմ լսում։
Լայման երկար մտածեց, կշռադատեց հարցը բոլոր կողմերից և վերջապես խոսեց․
— Դեն, ես չեմ կարող, ես չեմ կարող ապրել լեռներում։ Այնտեղ ինձ ամեն ինչ զայրացնում է։ Ձանձրույթից ես չգիտեմ ինչ անել։ Գուցե մնայինք քաղաքում։
Դենը պատասխանեց․
— Լայմա, ես և դու սիրում ենք իրար, գուցե ավելի, քան պետք է։ Բայց եթե քեզ լեռներն են զայրացնում, նույն բանն է անում ինձ հետ քաղաքը։ Ես երբեք քո առաջ ընտրություն չեմ դնի՝ ես կամ քաղաքը․․․
Հաճախ ես կգամ քեզ մոտ կամ դու՝ լեռները․․․
— Շատ լավ, Դեն, ես էլ հաճախ կգամ քեզ մոտ, բայց քաղաքում կապրեմ ընդմիշտ։ Դու ուզում ես իմանալ, թե ինչու եմ ես ուզում ապրել քաղաքում։ Ուրեմն լսիր, չէ՞ որ ես քո կինն եմ։ Ես ուզում եմ հպարտանալ, որ կինն եմ Դեն Ալարոդի և ուզում եմ, որ իմ հպարտությունը տեսնողներ լինեն։ Ես ուզում եմ, որ ինձ նախանձեն։ Ես սիրում եմ մարդկանց նախանձոտ հայացքները։
Լայման կանգնել էր մի հզոր հարցի առաջ՝ Ընտանի՞ք, թե՞ կանացի հպարտություն, և երկրորդը հաղթեց։
Սակայն մի հարց էլ կար…
․․․Որդին։
— Երբ նա քսան տարեկան դառնա, կուղարկեմ լեռները, իսկ առայժմ թող մնա քաղաքում,- ասաց Լայման, և Դենը գնահատեց կնոջ մտքի խորաթափանցությունը։
Այդ ընթացքում որդին կհասցնի գարշել քաղաքից։
— Իսկ եթե ես այնտեղ չլինե՞մ,- հարցրեց Դենը։
— Միևնույն է, կուղարկեմ,- պատասխանեց Լայման, և նրա աչքերն ասացին Դենին, որ այդ ժամանակ կինն էլ կգա լեռները։
— Նա ինքը կգնա այնտեղ,- ասաց Դենն ու կիտեց հոնքերը՝ որպես Գոռ Սիկաուի խոսքի անժխտելի գրավական։
Նա անտարբերությամբ զգաց, որ այս խոսակցությունը բոլորովին չհուզեց իրեն։ Հասկացավ, որ արդեն բանականությունն է որոշում իր կյանքը, և սիրտը լռում է օրեցօր։

Որքան կապույտ են փոքրիկ տղայի աչքերը, բայց դրանք երբեմն երկնագույն են դառնում, երբեմն էլ՝ գորշ։ Ծնոտն էլ ժամանակին զանգվածային է լինելու՝ ճիշտ և ճիշտ Դենի ծնոտի նման։ Դենը նայում էր փոքրիկ տղային և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ այդ հրաշքը։ Ահա մի հանելուկ, որի առաջ կանգ էր առնում նրա բանական միտքը։ Իհարկե, հենց Դենի համար շատ պարզ էր, բայց որտեղի՞ց, որտեղի՞ց հայտնվեց այս մարդը, և այն էլ՝ այդքան նման իրեն։ Անէությունից, չգոյությունից ի հայտ եկավ նա այնքան անսպասելի և այժմ պատրաստվում է լցվել դենալարոդությամբ, որպեսզի Դենը շարունակի ապրել, նրա միջով անի այն գործը, որ չէր հասցրել անել, ասենք, ֆիզիկայի բնագավառում։
Անքես Ալարոդ․․
Ուրեմն՝ Դեն Ալարոդ, Լայմա Ալարոդ, Անքես Ալարոդ։
Ահա Դենի ընտանիքը․․․ Ահա Դենի կյանքն ու անմահությունը․․․
Դեն Ալարոդ․․․
Լայմա Ալարոդ և․․․
ԱՆՔԵՍ ԱԼԱՐՈԴ։
Երևի կլինեն էլի շատ ու շատ Ալարոդներ․․․ Բայց այդ բոլորը կլինեն միաստվածայնորեն կատարյալ ու անմահ։

ԴԵՆ ԱԼԱՐՈԴ


Իսկ ի՞նչ ասել է Դեն Ալարոդ։
Էթնոգրաֆիա գիտությունից Դենը գիտեր, թե ովքեր են ալարոդները, գիտեր այդ հիմնավոր ժողովրդին, ինչ-որ չափով ուսումնասիրել էր դրանց պատմությունը փոքրաթիվ փաստերի հիման վրա․․․ Բայց ի՞նչ կապ ունեն ալարոդները Դենի հետ․․․
Համենայնդեպս, ռմբակոծության ժամանակ կորցրած մորից մեդալիոն էր մնացել Դենի վզին՝ «Դեն Ալարոդ» մակագրությամբ։ Այժմ այդ մեդալիոնը՝ «Անքես» հավելումով, կախված էր փոքրիկ տղայի վզին։
Համենայնդեպս, Դենը ստեղծել էր նոր ալարոդների, որոնք հզոր ազգ էին լինելու։
Դենի շարունակությունը համառ էր, կամքի մեծ ուժ ուներ, տոկունություն և ժամանակին պիտի ունենար հզոր ուղեղ, ինքնուրույն մտածելակերպ․․․ Դենը հաճախ սարսափում էր երեխայի խելքից։
Անքես Ալարոդ․․․
․․․Ալարոդ։
․․․Ալարոդ։
Եվ այսպես շարունակ․․․ Ալարոդների հզոր ցեղը․․․ Հզոր ցեղը՝ ի՞նչ․․․
Եվ հանկարծ Դենը, ուշադիր նայելով տղային, աչքերի արևորդու փայլից հասկացավ, որ ինքն արդյունաբերական ֆինանսական աշխարհում սիկաուների ցեղ է ստեղծել, որը պետք է հեղաշրջի աշխարհը, նա՝ Արեգակի քրմերի-Հատ Սիկաուների ցեղը․․․
Էհեեեե՜յ․․․ Սիկաուների հզոր քաղաքը տեղափոխվել է քաղաքկիրթ աշխարհ, քայքայված աշխարհ։ Մոռացության խավարից ետ է եկել պատմության սքանչելի արշալույսը․․․
Նոր արշալույսը։

Հաջորդ օրն իսկ Դեն Ալարոդը մեկնեց լեռներ։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

ՏԻՊԱՆԳՈ

Լեռնային ամրոցի կիսախավար սենյակում մոմի դեղին լեզուն լուսավորեց Տիպանգոյի չհղկած երեսը։
Դենը ելավ բազկաթոռից ու մոտեցավ Տիպանգոյին։
Տիպանգոն նոր տպագրված գիրք դառավ, որից տպարանի հոտ էր փչում։ Կազմի վրա գրված էր․ Գոռ Սիկաու, «ՀԱՏ» չգրված գիրք։
Բացելով գիրքը՝ Դենը կարդաց․
— Դեն Ալարոդ՝ Հատ քաղաքի վերջին Գոռ Սիկաուն։
— Ի՞նչ, ուրեմն քաղաքն այլևս չկա՞․․․,- ապշեց Դենը։
— Այո, Դեն Ալարոդ,- կարդաց նա գրքում,- Հատ քաղաքը կործանվեց այն օրը, երբ Տիպանգոն լքեց այն։ Եվ այդ Տիպանգոն դու էիր, Դեն Ալարոդ։
— Իսկ ի՞նչ է Տիպանգոն, ի՞նչ է Տիպանգոն,- գոռաց Դենն ու խորասուզվեց գրքի մեջ։
«Տիպանգոն ամեն ինչ է, Դեն Ալարոդ․․․
Տիպանգոն ամեն ինչ է, Դեն Ալարոդ․․․
Տիպանգոն ամեն ինչ է, Դեն Ալարոդ․․․
Տիպանգոն ամեն ինչ է, Դեն Ալարոդ․․․»։
Դենը ժամեր շարունակ կարդաց նույն նախադասությունը և երբ վերջացրեց, փակեց գիրքը։ Նրա ձեռքում անտաշ փայտյա արեգակն էր նորից։ Եվ Դենը հիշեց Հարրի Ֆալսմանին։ Հիշեց տխրությամբ։
Իսկ որո՞նք կարող են լինել այդ ամեն ինչի բաղկացուցիչ մասերը։
Եվ հանկարծ Դենը կռահեց․․․ Կը-ռա-հեեեեեց․․․
Տիպանգոն Երկիրն էր՝ այն մոլորակը, որ շնորհիվ արեգակի՝ մարդու համար ձև և գույն է ընդունում։
ՏԻՊԱՆԳՈՆ ԱՐԵՎՆ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ ԷՐ ԱՄԵՆ ԻՆՉ
ՏԻՊԱՆԳՈՆ ԱՇԽԱՐՀՆ ԷՐ՝ ԿԱԽԱՐԴՎԱԾ ՄԻ ՇՐՋԱՆ, ՈՐԸ ԱՄԵՆ ՈՔ ՏԵՍՆՈՒՄ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԻՆՔՆ Է ՁԳՏՈՒՄ ՏԵՍՆԵԼ
ՏԻՊԱՆԳՈՆ ՏԱՌԱՊԱՆՔ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԻՐԵՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՈՒՄ ԷՐ ՏԱՌԱՊԵԼ։
ԱՅԴ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՎՃԱՐԸ ՍՈՍԿԱԼԻ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԴՐԱ ԱՆՈՒՆԸ
ՏԻՊԱՆԳՈՆ ԿԱԽԱՐԴՎԱԾ ՇՐՋԱՆԻՑ ԵԼՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷՐ
ՏԻՊԱՆԳՈՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄՆ ԷՐ, ԱՅՆՊԵՍ, ՈՐՊԵՍ ԱՅՆ ԿԱ, ԱՅՆՊԵՍ, ՈՐՊԵՍ ԱՅՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ՏԻՊԱՆԳՈ բառը հատ լեզվով նշանակում է երջանկություն
ՏԻՊԱՆԳՈՆ ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՐԵԳԱԿ
ՏԻՊԱՆԳՈՆ ԱՄԵՆ ՈՔ ՅՈՒՐՈՎԻ Է ՏԵՍՆՈՒՄ
ՏԻՊԱՆԳՈՆ ԱՄԵՆ ԻՆՉ Է
ԱՆԳԱՄ ԴԵՆԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐԴԻՆ։

Դենը շարունակեց մտորել, մտորել, հետո թուղթ ու մատիտ առավ, հանգցրեց լույսն ու խավարի մեջ գրեց։
Տիպանգոն լուսավորեց արեգակի նման։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

ՏԻՊԱՆԳՈ


Եվ մենակ էին նրանք,
Ինքն իրեն հետ՝
Դենը՝ Տիպանգոյի․․․
Հավերժորեն
․․․

Դեն Ալարոդի «Տիպանգո» գիրքը լույս տեսավ հսկայական տպաքանակով և դարձյալ նամակները հեղեղում էին նրա քաղաքային տան առանձնասենյակը։
Դեն Ալարոդի կենսական վիթխարի պաշարը, որ ժամանակին անսպառ էր թվում, այժմ սպառվելու վրա էր՝ տարիներ շարունակ ինքն իր հետ միայնակ լինելուց։
Դեն Ալարոդի համար կյանքի նպատակակետը ճշմարտության հայտնագործումն էր, և նա այդ երևույթի շեմին էր։ Սակայն չէր հասկանում, որ դրանից այն կողմ ճանապարհ չկա։
Դեն Ալարոդին ուղղված բազմաթիվ նամակները հեղեղում էին նրա առանձնասենյակը․․․ Իսկ նա՝ Դեն Ալարոդը, նստել էր բազկաթոռին լեռնային ամրոցի կիսախավար սենյակում և չէր խորհում այլևս։ Նա երազում էր, ինչպես մանկության տխրահուշ օրերին։ ․․․

Դենը դարձյալ ջունգլիներում էր։
Գեղեցիկ էին ջունգլիները՝ իրենց սարսափելի, կանաչ խավարի մեջ։ Լիանաները փաթաթվել էին ծառերին, իսկ Վագրերի արահետը վերջանում էր, և առջևում Օրխիդեաների բացատն էր։ Այնտեղ Հատ քաղաքի վերջին Գոռ Սիկաուն անցկացնում էր սքանչելի ժամեր։ Նա խոսում էր շլացուցիչ օրխիդեաների հետ, զմայլվում այդ հրաշալի ծաղիկներով։
Սենը վազվում էր թփերի մեջ, հետո պառկում այն փոքրիկ լուսավոր տեղում, որտեղ օրվա որոշ ժամերի արեգակը լույս ու ջերմություն էր կաթեցնում բացատ։

Օրեր շարունակ Դենը երազում էր այսպես՝ բազկաթոռին նստած, փակ աչքերով։ Բայց արդեն նրա երազանքներն առաջվա նման չէին և ապագայի մասին չէին։ Նա անցյալն էր երազում։ Համենայնդեպս, նա մարդ էր։

Մի անգամ նա որսի էր ելել։ Վագրերի արահետը վերջացավ, և հանկարծ Օրխիդեաների բացատի փոխարեն երևաց ծխահան խողովակների անտառը, իրար գլխի կուտակված ձեռնարկություններն ու գործարանները․․․
Դենը փորձեց վանել իրենից մղձավանջը, շրջվեց դեպի Վագրերի արահետը, վազեց, հասավ Սիկաուների ճանապարհին․․․ Արդեն հեռվում երևաց ճերմակ քաղաքի հրացոլքը, լսվեց երգեցողությունը․․.
․․․Հետո հանդիպակաց ծառից ճանապարհին ցատկեց սև հովազը։ Նրա աչքերը վառվում էին կանաչ ճրագների նման։ 

Լեռնային ամրոցի բակում մահասարսուռ ձայնով ոռնաց Սենը․․․
Դեն Ալարոդը ցնցվեց ու աչքերը բացեց։
Պատուհանից դուրս երկինքն արնագույն էր։ Քարի պես ծանր լռության մեջ մի անճառագայթ արեգակ սողում էր ներքև։ Հետո արեգակը կախվեց ու ցած ընկավ։ Հենց այդ պահին էլ սև հովազը ցատկեց Դենի վրա։

Վերջ
1972թ․



No Comments

Leave a Reply