ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)

16.09.2020

Սկիզբը՝ այստեղ

Գլուխ հինգերորդ

Միայն ամենավերջում, երբ պատերից բացի, մնացածը վերածվել էր մոխրի, ծխից առանձնացան ու տարածքը լքեցին երկու գրադարանային հրեշտակ[i]: Նրանք, որ, երբ  ինչ-որ գրքի կարիք ունեք ու ո՛չ անունը գիտեք, ո՛չ էլ հեղինակին, ձեր ձեռքը տանում-դնում են անհրաժեշտի վրա։ Հեռու չգնացին։ Թառեցին մոտակա շենքի կտուրի ծայրին ու չգիտեին իրենց անելիքը։

          -Հիմա, երբ ինչ-որ մեկին գի՛րք պետք լինի, նրան դեպի մոխիրնե՞րն ենք տանելու։

          -Ավելի լավ կլիներ մեռնեինք, ինչպես մարդիկ են կարողանում, քան թե այս օրն ընկնեինք։

          -Քեզ ի՞նչ կա, դու բարակ գրքույկից ես ծնվել, ու եթե մի քանի տարի չկարդան, կանէանաս, իսկ ինձ երկնողը ժամանակը չխնայեց ու ինձ պես հաստափոր գիրք գրեց, քանի՜-քանի տարի պետք կլինի, որ վերջանամ, դրանից հետո  էլ մեջբերումների մի մեծ հատոր կմնա, ես էլ կիսաերևույթ կդառնամ։

          -Իսկ գուցե ուրի՞շ գրադարան գնանք։

          -Ո՞վ կընդունի մեզ. մե՛րը չկարողացանք պահպանել։

          -Բայց պահակի բունը մեր տարածքը չէր. նա գիրք չի կարդում ու միայն հարբել-քնել գիտի։

          -Նշանակություն չունի, պիտի մի կերպ հանգցնեինք կրակը… իսկ հիմա պիտի գտնենք մեր տունն այրողին,- իրեն ծնունդ տված գրքին համապատասխան լրջությամբ ու պատասխանատվությա՛մբ ասաց հաստլիկը,- դու տեսա՞ր նրան։

          -Նրան՝ չէ, բայց ա՜յ այնտեղ հիմա էլ եմ տեսնում շենքն այրող հրե պոչը։ Գնանք տեսնենք՝ ի՞նչ հրեշի հետ գործ ունենք։

          -Սպասիր, նախ վրաներիս մուրը թափ տանք, թե չէ կնկատեն…

          Փոքրիկ շեղում նրանց համար, որոնք դեռ չգիտեն։

          Ասեմ, որ գրադարանային հրեշտակները բնավ էլ մարդանման թևավոր էակներ չեն։ Սրանք ավելի գրքի են նման, թեև քառանկյուն չեն ու անտեսանելիության աստիճանի թափանցիկ են։ Երբ հարկ է թռչել, բացում են իրենց էջերն ու թռչում, թեև որևէ տեղում հայտնվելու համար բնավ էլ էջ-թևերի կամ էլ թռչելու կարիք չունեն։ Կարող են հայտնվել, որտեղ ցանկանան՝ անշուշտ, իրենց նախկին տեղում անհետանալուց հետո։ Սակայն, նյութական-կենսաբանական էակներից չօտարվելու համար, որոնց և ծառայում են, հիմնականում, տարածության մեջ շարժվում են մեզ ընդունելի-սովորական ձևերով։ Նույնիսկ երբեմն հազում ու փռշտում են գրադարանային փոշուց, որպեսզի հասկանան ընթերցասերների հոգեբանությունը։ Ասեմ նաև, որ սրանք ոչ թե Աստծո, այլ Նրա արարածների արարածներն են, ու, ինչպես գուցե-արդեն հասկացաք, երբ գրողներն ասում են՝ երկնեցի գիրքս, հենց սրանց նկատի ունեն, թեև չեն էլ տեսնում իրենց ծնունդները։ Ինչևէ, գրածին-գրասեր այս էակների մասին դեռ շատ բան կիմանաք այս երկի հաջորդ էջերում, իսկ հիմա շարունակենք մեր պատմությանը։

          -Տեսնու՞մ ես դրա գլխում տեղավորված մողեսին,- ասաց հաստափոր հրեշտակը, երբ հայտնվեցին Հակոբիկի գլխավերևում։

          -Թունատամ[ii] է,- հաստատեց բարալիկը, որի գրքի գլխավոր հերոսը մի հրաշալի աղջնակ էր[iii], ու այդ պատճառով էլ իր ընկերոջից ավելի նուրբ ու գեղեցիկ էր։

          -Իսկ պո՜չը, հրե հոգեպո՜չը…

          -Խե՜ղճ տղա, տեսնես ինչպե՞ս է ինքն-իրեն կրակը գցել…

          -Այդ մե՛նք ենք խեղճը հիմա… տե՛ս, արդեն փորս բարակեց… քսան օրինակ, իմ գրքից քսան օրինակ այրեց այդ խլեզահարը։[iv]  8

          -Ոչինչ, հավանաբար դեռ մի քանի հարյուր հազարն էլ ունես, մի՛ մտածիր։

          -Այո, բայց երբ չափերիս են նայում, չեն ուզուն ձեռքները վերցնել. քեզ ի՞նչ կա, ով չալարի, մի քանի ժամում կկարդա, հետո էլ՝ ոչ մի մանրամասն չի մոռանա…

          -Հերի՛ք է, արդեն մարտյան ճագարիս ես նմանվում։ Պիտի մի քիչ զգույշ ու շատ լուռ լինենք, որ այդ գլխաբնակ մողեսը չնկատի մեզ։

          -Ահ՛ա, տուն են մտնում… դու նիհար ես, պատուհանի ճեղքից մտիր, հետո դուռը կբացես ինձ համար…

          -Է՜լ մի… պատվարները մեզ չեն կանգնեցնի, բայց եթե վախենում ես, կհետազոտեմ տարածքը։ Երկնողդ էլ, ավելի ուրիշներից լսածները գրեց, քան իր տեսածը։

          -Քեզ հեշտ է ասել, քո բոլոր գործողությունները, իրականում, միայն աղջնակի երազում, այսինքն՝ գլխում են կատարվում, իսկ իմ ինը մասերը այն ժամանակվա ողջ աշխարհն են ընդգրկում ու ամբողջ տեսանելի պատմությունը…

-Լա՛վ, ես գնացի,- ասաց բարալիկ հրեշտակն ու պատուհանից ներս անցավ Հակոբիկենց, ավելի ստույգ՝ այժմ-արդեն Հակոբիկի՛ բնակարանը։

Համարյա իսկույն էլ դուրս թռավ.

-Ֆո՛ւ, անտանելի-թունավոր միջավայր է. ոչ մի գիրք չկա, ու միայն ամանեղեն են շարել ամենուրեք… ես չեմ կարող, ես կխեղդվեմ…

          -Սպասիր ե՛ս փորձեմ,- անձնուրացաբար արտասանեց հաստափորիկն ու ներս մտավ. սակայն մի քանի վայրկյանից էլ դուրս թռավ.

-Ե՛ս էլ չեմ կարող, ոչ մի իմաստակիր իր, ոչ մի հիշողություն ու հիշատակ, նույնիսկ մի հին լուսանկար չկա։ Այս մարդիկ միայն ներկայո՜վ են ապրում, անցյալ բնա՛վ-բոլորովին չունեն…

          -Ուրե՜մն… մենք օգնականի կարի՜ք կունենանք, որևէ մա՜րդ, որ կկատարի՜ մեր ուզածները…,- իր գլխավոր հերոսուհու պես բառերը երկարեցնելով՝ արտասանեց գրհրեշտակը (գուցե սրանից հետո այդպես անվանեմ սրանց՝ կարճության համար. գուցե ավելի կարճ՝ գրհեշտակ)։

          -Մոտակա շենքերից, որպեսզի ճանաչի տղային,- հաստատեց հերոդոտածինն ու ամենատես հայացքն ուղղեց դրանց պատերից ներս։

          Տուն մտնելուն պես Հակոբիկը սկսեց շուռ ու մուռ գալ հայելու դիմաց, բայց ոչինչ չտեսավ։

          «Հայելիներում չի արտացոլվում,- տղայի տքնանքն ընդհատեց Ներքինը,- այլ եղանակ գտիր»։

          -Ահա՜,- իր սրամտությունից գոհ՝ արտաշնչեց Հակոբիկն ու կռացավ, որպեսզի ոտքերի արանքից նայի։

          «Որքան կռանաս, էնքան պոչդ վերև կբարձրանա ու տեսադաշտիցդ դուրս կմնա,- հեգնանքով վրա բերեց Ներքինը,- ավելի լավ կլինի՝ հարցնես, պատասխանեմ»։

          -Ի՞նչ գույն ունի,- անիմաստ փնտրտուքից հոգնած՝ հարցրեց Հակոբիկն ու վերջապես դադար առավ։

          «Հանգիստ ժամանակ կարմրականաչ գույն ունի, իսկ երբ ջղայնանաս, կդառնա հրակարմիր ու ցանկությանդ դեպքում կայրի ամեն ինչ,- ուսուցչի դիրք գրավեց Ներքին մողեսականը,- երբեմն, երբ կարիք լինի կանանց ջերմացնել, ծիրանագույն կդառնա, թե տղաների հետ գործ ունենաս, կկապտի. միայն… աշխատիր չթրջել»։

          «Բա ինչպե՞ս լողանամ»։

          «Ավազով… կամ՝ լողանալիս պարզապես մոռացիր դրա մասին,- կարճ կապեց Ներքինը,- ժամանակ մի՛ կորցրու, գոնե դեմքիդ մուրը մաքրիր»։

          Հակոբիկը հասկացավ երեկոյի կարևորությունն ու սկսեց պատրաստվել դրան։

          -Ահա, տե՛ս, դիմացի շենքում, այն շիկահեր տղան,- ձայներանգում համակրանքը չթաքցնելով՝ ասաց քերոլածին գրհրեշտակը։

          -Իսկ գուցե աղջի՞կ,- ձևականորեն հակադրվեց հաստլիկը։

          -Հրե պոչավորի՞ն…

          -Ներիր. լավ, տեսնե՛նք շիկահերի ինչ լինելը,- համաձայնեց ցմփորիկը, ու երկուսն էլ միանգամից հայտնվեցին Արտաշեսի պատուհանի դիմաց։

          -Նույն դասարանից են…

          -Իսկ գլխում, գլխում ի՞նչ ես տեսնում,- կարճատես էր ձևանում ցմփորը։

          -Քեզ հետաքրքրող նյութերից… Հայկ ու Բելի առասպելը… Ավարայրի ճակատամարտը… ահա… Հուլիոս կեսարի մասին գիրք է կարդացել։

          -Իսկ ի՞մ, հունական առասպելներից ոչինչ չկա՞։

          -Ո՛չ, ի՞նչը չի բավարարում, ետջրհեղեղյան առաջին ճակատամա՞րտը[v], թե՞ առաջին քրիստոնեական պատերազմը…[vi]

          -Իսկ երկրաչափությու՞ն. գոնե գիտի՞, թե ով էր Էվկլիդեսը[vii],- տեղի տվեց ցմփորը։

          -Երկրաչափությո՜ւն… գիտի՛…

          -Դե լավ, մնացածը կլրացնենք, հենց հիմա էլ սկսենք…

          -Ինձնից սկսե՞մ։

          -Չէ մի չէ՜, քեզ կիսատ-պռա՛տ կհասկանա, եթե մաթեմատիկա չիմանա… հետո էլ՝ բա որ հանկարծ սիրահարվեց քո մտացածին հերոսուհուն… որտեղի՞ց պիտի կյանքո՛ւմ գտնի դրա նմանին…

          -Լավ, մի ուրիշ վեպ գտնեմ…

          -Ինչո՞ւ վեպ, առաջին գեղարվեստական վեպը առաջին դարում են գրել.[viii] ուզում ես կիսակի՞րթ մնա…

          -Բայց փոխարենը… վեպերը գոնե գրավիչ են…

          -Ես գիտեմ, որ մարդկանց համար սուտը միշտ էլ գրավիչ կլինի…

          -Սո՞ւտը… դու այդպե՞ս ասացիր… քո կարծիքով Էվկլիդեսի երկրաչափությունը բացարձակապես համընկնո՞ւմ է իրականությանը…[ix]

          -Իհարկե՝ ոչ, բայց համաձայնիր՝ այն շատ օգտակար դուրս եկավ մարդկանց համար…

          -Վեպերն էլ են օգտակար… լավ… դո՛ւ ընտրիր, բայց այնպես, որ տղան չհիասթափվի գրքերից. ինչի՞ց ես սկսելու։

          -Դե, նախ թող ինձ կարդա…

          -Միայն ո՛չ դա…  պատմաբաններն է՜լ են խուսափում քեզնից[x] [14]…

          -Բայց առանց ինձ էլ յոլա չեն գնում…

          -Տե՛ս, մենք շատախոսում ենք, իսկ տղան ինքը ինչ-որ գիրք սկսեց… հիմա կնայեմ… պատկերացնո՞ւմ ես… կգուշակե՞ս…

          -Գուշակությունները քո ոլորտն են, ես միայն կանխատեսում եմ, բայց ոչ այս պարագայում… ելնելով քո հիացումից՝ հենց քեզ է կարդում…

          -Սխալվեցի՛ր. այս գիրքը հարթում է իմ ու քո հակասությունները…

          -Սվի՞ֆթ… Գուլիվերի ճանապարհորդությու՞նը…[xi] շատ խոսեցինք, արի օգնենք…

          Իսկույն էլ գրհեշտակները հայտնվեցին տղայի ուսերին. թմփլիկը՝ աջ, նիհարը՝ ձախ։ Արտոն չհասկացավ, թե ի՞նչ կատարվեց. թվում էր, թե ուղեղի կիսագնդերը սկսեցին առանձին-առանձին գործել. աջը հիշում էր էջի պատկերը միանգամից, ու մինչ տղան կհասցներ թերթել այն, ձախը կարդում էր ամբողջն ու տեղավորում հիշողության մեջ։ Քսան րոպե տևեց գրքի ընթերցումը։

          -Անցանք հաջորդ գրքին,- աջից խոսեց Հերոդոտածինը։

          -Թող մի քիչ հանգստանա,- ձախից հակաճառեց Քերոլածինը։

Գլուխ վեցերորդ

          Լոգարանում կես ժամ Փորինեին երազելուց հետո Հակոբիկը դուրս եկավ, մոտեցավ հագուստների պահարանին, սակայն որքան էլ փորձեց հանդիսավոր երեկոյին հարմար որևէ բան գտնել, ոչինչ չստացվեց։ Հոր բաժինը դատարկ էր, իսկ մոր մասը լի էր միայն մեկ անգամ հագած պարահանդեսային շրջազգեստներով, այնքան, որ տղան մտածեց, հանուն վայելուչ տեսքի, սեռը փոխելու մասին։

          «Իզուր ժամանակ մի՛ կորցրու. մոտեցի՛ր անկողնուդ,- տղայի հպանցիկ մտքին լուրջ վերաբերվեց ներքին մողեսականը»։

          Անկողնու կողքին մուգ կանաչի բոլոր երանգներով փայլատակում էին լաքապատ կոշիկները, իսկ ողջ մահճակալով մեկ, զմրուխտականաչի ու սևի խամրափայլ վեհությամբ, փռված էր պոչի մասում նեղ ու երկար մի ֆրակ։ Կողքին դրված ձյունասպիտակ վերնաշապկի զմրուխտե կոճակների արտացոլումները սենյակին կախարդական երազի փայլ էին տալիս։ Ամեն ինչ հրաշալի էր, միայն… Հակոբիկը, եթե մի գլուխ էլ բոյով լիներ, միևնույն է, հագուստները մեծ կլինեին վրան։

          «Հիմա՛ր տղա,- մեջ ընկավ, որպեսզի չհասցնի տխրել-հուսահատվել,- դու փորձի՛ր, իսկ մնացածը քո գործը չէ,- ապա խոր շունչ քաշեց տղայի քթի վերնամասում ու պոչը թափ տալով՝ շարունակեց,- հաշվիր, թե սա Մեղոս Վեցերորդ փառավորյալի նվերն է, քո՝ բարձրագույն պոչախավ մուտք գործելու առթիվ»։

          Հակոբիկը ենթարկվեց ու չհասկացավ՝ հագո՞ւստը փոքրացավ, թե՝ ինքը մեծացավ։

          «Մի՞թե կարծում ես,- խոսեց ներքին մողեսականը հիպոֆիզի[xii] կողքից,- թե Մեղոսին պատիվ կբերեր ընդամենը մեկ մետր քառասուն սանտիմետրանոց բարեկամը»։

          Հագուստի միակ պակասող մանրուքը լրացնելու համար Հակոբիկը քրքրեց իր դարակն ու գտավ միակ մաքուր՝ կեղտադեղին գուլպաների զույգը. հագավ, հուսալով, որ շալվարի տակից չի երևա, ու կանգեց հայելու դիմաց։ «Դե հիմա՛ թող ինչ-որ մեկը փորձի իրեն վերևից նայել… թող «գեղեցկուհիները», ինչքան ուզեն, պտտվեն կողքերը, ինքը միայն Փորինեին բանի տեղ կդնի՝ թեկուզ մնացածին ստորացնելու համար։ Արտոն… Արտոն կլինի միակ մարդը, որի հետ ընկերություն կանի, այն էլ՝ եթե ենթարկվի իրեն»… Հետո երևակայեց դասարանցիների զարմացած հայացքները, համարյա տեսավ, թե ինչպես է բոլորին վերևից նայում, իսկ հաճելի մանրուքներն ակնհայտորեն պատկերացնելու համար մեկնվեց անկողնուն ու աչքերը փակեց։

          «Դու մտադիր ես միշտ այդ հագուստներո՞վ շրջել,- քմծիծաղով մեջ ընկավ ներքին մողեսականը, թեև նրան դուր էր գալիս տղայի մտքերի ընթացքը,- ես քեզ դիրիժորի փայտիկ կնվիրեմ, եթե դասարանդ նվագախումբ դարձնես…»:

          «Մի բան կմտածեմ,- անտեսեց Ներքինի հումորն իր նոր բոյով ոգևորված Հակոբիկը,- ֆրակի պոչը կկտրե՛մ,- ասաց այնպիսի վճռականությամբ, որ Ներքինը տեղի տվեց»։

          «Լավ, շատ մի ոգևորվիր, եթե քեզ խելոք պահես, բոյ տվող տաբատ-բաճկոններից բացի, ներքնազգեստ ու գիշերանոց է՛լ կստանաս, իսկ հիմա՝ կառքը մատուցված է։ Չհարցնես, թե ուր ենք գնալու. չգիտեմ. ուր որ տանի»։

          Իսկ «կառքը», որ մատուցվել էր Հակոբիկի ննջասենյակի դռանը, բոլոր չորս կողմերից սևացրած ապակիներով, սև, նախապատերազմյան ԶԻԼ մակնիշի լիմուզին էր, ինչպիսիք, հիսուն տարի առաջ, միայն Կրեմլի ամենակարևոր չինովնիկներն էին ներսից տեսել։ Հետնամասն ու ետևի դուռը սենյակում էին, մնացածը, հավանաբար, շարունակվում էր միջանցքում։

          «Ի՜նչ պատիվ,- գլխի գագաթից խոսեց ներքին մողեսականը հենց որ Հակոբիկը տեղավորվեց վարորդից առանձնացած ետնամասում,- հավանաբար շատ են կարևորություն տալիս քեզ, եթե քո պատվին դուրս են հանել այս հրաշքը՝ հնամենի մեքենաների հավաքածուից, կամ,- տեղափոխվեց ծոծրակ ու նոր միայն շարունակեց,- հյուրերն էնքան շատ են, որ զրահապատ Մերսեդեսներն ու ԲՄՎ-ները չեն հերիքել…»:

          Ներքին մողեսականը շարունակում էր շատախոսել՝ պատմելով Մեղոսի կազմակերպած բազմաթիվ հավաքների մասին, որոնց մասնակցում են աշխարհի ամենահզոր երկրների նախագահներն ու վարչապետները, իշխանազուրկ թագավորներն ու իրական իշխանության տեր ավազակները։ Գուցե՝ ամբողջը սուտ, սակայն Հակոբիկի մտքովն էլ չէր անցնում կասկածել. ինչպե՞ս կասկածես, երբ պատմում են գլխիդ միջից, ու ոչ միայն բառերով, այլև՝ պատկերներով՝ կինոյի պես։

          «Կարող ես մի քիչ քնել, որ հետո թարմ տեսք ունենաս,- կրկնակի հիպնոսի ենթարկեց իր խնամառուին Ներքինը,- երբ պետք լինի, կարթնացնեմ»։[xiii]

          Երբ կրկին տանը հայտնվեց, դրանից առաջ կատարվածը նման էր երկար ու իրականանման երազի. չէր հասկանում՝ ինչն էր տեսել, ինչն էր լսել, իսկ ինչն էր լրացնում՝ ըստ ցանկության։

          Համենայնդեպս վստահ էր, որ երազում կամ արթմնի, մասնակցեց ինչ-որ բազմամարդ-բազմէակ հավաքի մի հսկա ստորգետնյա սյունազարդ քարանձավ-դահլիճում, որ լուսավորվում էր պատերի ու սյուների ներսից, առաստաղի ու հատակի տակից՝ մուգ կանաչ լույսով, որն ավելի խավարն էր ընդգծում, քան լույս էր սփռում։

          Ամենից տարօրինակ հյուրերը պոչերը որպես ոտք օգտագործող ու գոտկատեղից վեր ակվարիումներում պարփակված ձուկ, հիմնականում՝ շնաձուկ հյուրերն էին։ Օձերը, պոչերը պարուրաձև ոլորած, կանգնած էին, իսկ շարժվելիս նման էին հարսանեկան հագուստում տառապող գեղջկուհու։ Մողեսները, որպեսզի չտանջվեն երկու ոտքի վրա քայլելիս, հենվում էին ձեռնափայտերին, իսկ ագռավները իրենց համեմատաբար ազատ էին զգում. բոլորն էլ պարուրված էին զմրուխտականաչ ֆրակներով։ Միայն կանայք էին իրենց բազմագույն հագուստներով խախտում պատկերի համասեռությունը։

          Երազում, թե արթմնի՝ վերջին իրադարձություններից հետո Հակոբիկի համար առանձնապես տարբերություն չկար, ու նույնիսկ, շատ աղոտ հիշողություններն ավելի հավաստի էին, քան իր՝ բարդու պես բոյ քաշելն ու թզուկանալը։ Էնպես որ, զարմանալու առիթ չէին Հռոմի Պապի ու Իմամ Հոմեյնիի[xiv] փոխադարձ համբույրները ջերմ հանդիպման պահին, կամ Անգլիայի թագուհու և իբր հանգուցյալ Բեն Լադենի[xv] թևանցուկ-մտերմիկ զբոսանքը մողեսների ու օձերի արանքներով։ Որքան էլ աղոտ էր հիշում ամեն ինչ, գիտեր, որ իր մտքով նման բաներ երբևէ ինքնուրույնաբար չէին անցնի։ Հյուրերի մի մասը քաղաքապետարանի ու վարչակազմի կարևորագույն պաշտոնյաներն էին, մյուսն էլ՝ իր քաղաքի հանրածանոթ կամ հաճախ հանդիպող դեմքերը։ Օրինակ՝ մի թոռոմած բանաստեղծ, որն ընտրելով կնաշատ վայրերը՝ արտասանում էր՝ հայացքը կանանց տարբեր մասերին ուղղելով. սովորաբար, նույն ոտանավորը.

                    Ամենագեղեցի՜կն եմ ես,

                    Ամենահումորո՜վն եմ ես,

                    Եթե ուզես,   

                    Ինձ կսիրես՝ ինչպես ե՛ս։[xvi]           

          Ծանոթ դեմքով մի խմբագիր-արձակագիր էլ կար՝ դիմագծերը սովետական մեկ կոպեկանոցից արտատպված. կոնյակը կուլ տալուց առաջ ասում էր.

          -Գարշելի են գրում, գրողներ չկան, միայն ես եմ՝ բարբարոս ու նրբահյուս[xvii]

          Կուլ տալուց հետո՝

          -Ընթերցողներ չկան, միայն ես եմ, այն էլ՝ ստիպված…

          Իսկ երբ բաժակը կրկին լցնում էին.

          -Մարդ եմ, չէ՞… ուտել է պետք… մի քիչ փող տվեք, նոր վեպ գրեմ… միայն ինձ համար… խոստանում եմ՝ ո՛չ ոք, ո՛չ խմբագիր, ո՛չ սրբագրիչ չեն կարդա…

          Հիշում էր, թեև նաև կասկածում հիշողությունների իրական լինելուն, իր դասղեկին, որը զարմացած, բայց ուրախ մոտեցավ, շնորհավորեց անտեսանելի պոչի առթիվ, բարևներ փոխանցեց իր անհետացած մայրիկին ու արագորեն քայլեց բանաստեղծի ուղղությամբ։

          Մեղոսի հետ իր զրույցը մի քանի օր առաջ տեսած երազի պես էր, ու միայն խոսակցությունն էր հստակ։ Վերջինիս միայն աչքերն ու պոչն էին մնացել մողեսական, մնացածը, հագուստների տակից, մարդկային մարմնի էր նման՝ մողեսական նրբերանգներով։

          -Չնայած անսահման հնարավորություններիս… Ես, սիրելի Հակոբիկ, դժբախտ եմ անձնապես… Ես անկարող եմ ժառանգներ ունենալ… բոլոր կենդանի էակներն են իմ ժառանգները, ես բոլորի համար եմ ջանում… Իհարկե… որևէ մեկին կընտրեմ ինձ ժառանգ… գուցե հենց քեզ… նրան, որ կկարողանա շարունակել իմ գործը… «լավագույնին»…

          Միայն Մեղոսի արտասանած ճառն էր հիշում ամբողջովին, բոլոր նրբերանգներով, գրավոր խոսքում անարտահայտելի խորախոր ենթատեքստերով։ 

          -Ընկերներ, տիկնայք, պոչակիցներ, ազգակիցներ, պարոններ, սրտակիցներ, հպատակներ, կուսակիցներ, բնակիցներ և այլք։ Ես՝ Մեղոս վեցերորդս՝ կենդանի ու մեռյալ մողեսների կայսրս[xviii], ուրախ եմ ողջունել Ձեզ՝ հարյուր քառասունչորսերորդ  քաղաքը մերը դարձնելու այս տոնահանդեսի առիթով։ Սա վերջին քաղաքն էր, ու դուք վերջիններն եք, որ փրկվելու են…

          Միայն Ձեզ համար բարի՛ լուր եմ բերել… մո՛տ է մեր ժամանակը… Ձեր սպասումները կիրականանա՛ն… եղբայրությո՛ւն… մարդակենտրոն աշխարհի ինքնավերջը մոտ է… հավասարությո՛ւն… մե՛նք ենք տիրանալու մոլորակին… արդարությո՜ւն… ուրախացե՛ք այդ առիթով… Աստված կա, ու ե՛ս եմ նրա միակ բերանը… մենք կփրկե՛նք մոլորակը… վե՛րջ կաշառակերությանը… միասնական ֆաունա նո՛ր դարաշրջանում… հնգամյակը երե՛ք տարում… առաջ, դեպի լուսավո՛ր ապագա… վե՛րջ աղքատությանը… միա՛յն բարի լուրեր… աշխարհի վերջը, հաստատ, մոտ է… բայց դուք կփրկվեք… Մի հարց էլ կա. մողեսահպատակների տիեզերաժողովին մասնակցող պատգամավորի ընտրությունը։ Բոլորդ կարող եք թեկնածուներ առաջադրել։ Ես մարդկանցից առաջադրում եմ հրեպոչակիր… Հակոբիկին։

          Հակոբիկը վայրկենապես, թաքուն նախանձով լի հայացքներից զգաց, որ ինքն աշխարհի կենտրոնում է կանգնած։ Հավանության ճիչերն ու ծափահարությունները նրան ավելի բոյով դարձրին, հայացքին մողեսական սրություն տվեցին, պոչն էլ էնպես ոգևորվեց, որ ֆրակի պոչերը վեր բարձրացրեց։ Համաքաղաքացիները գոհ էին, որ բոլոր հարյուր քառասունչորս մեղոսահպատակ քաղաքներից հենց իրենցի՛ց է ընտրվել միակ մարդ-պատգամավորը։ Հակոբիկն այնքան էր տարված իր նոր զգացումներով, որ չէր էլ հասկանում «պատգամավոր» բառի իմաստը. ակնհայտը միայն այն էր, որ դա շատ կարևոր պիտակ է։ Դրանից հետո այլևս որևէ բան հիշելու կարիք չկար։

          Երբ իջավ ավտոմեքենայից ու պառկեց անկողնում՝ քունը շարունակելու, գլխում տոնահանդեսը դեռ չէր ավարտվել։ Ներքին մողեսականը նորանոր մանրամասներ էր հիշեցնում, ինչպես ձևակերպեց՝ «Այս քաղաքի հասարակական խորհրդի» հաղթական բանկետից։ Միաժամանակ բացատրեց, թե որքան կարևոր միջոցառման է մասնակցել, ու կարելի էր ենթադրել, թե որքան կարևոր անձ է դարձել ինքն այժմ՝ իր պես մշտական խորհրդատու և անտեսանելի հրե պոչ ունենալուց հետո։

          Ներքին մողեսականն ակնհայտորեն, բոլոր սողուններին բնորոշ հիպնոտիկ արվեստից օգտվելով, ինչեր ասես, որ չէր ներշնչում, հետո էլ գրանցում տղայի հիշողության մեջ։ Հենց այդ եղանակով էլ Հակոբիկին հայտնի դարձավ, որ ինքը դեռ օրորոցից է եղել Մեղոսի հովանավորության տակ, իր համար, ծնվելուց հետո, միանգամից պատրաստվել է փայլուն ապագա, Մեղոսը աշխարհի բոլոր այն երեխաների տերն ու հայրն է, որոնց ծնողները չեն սիրում կամ բավարա՛ր չեն սիրում. այնպես որ, Մեղոսի թագավորությունը սահմաններ չունի…

          Դեռ էլի ու էլի նոր բաներ կիմանար Հակոբիկը, եթե դռան համառ զանգը չընդհատեր տրանսային քունը։ Սակայն մինչ այդ վերադառնանք-անդրադառնանք գրադարանային հրեշտակներին ու նրանց սանիկին։
Շարունակելի


[i] Գրադարանային հրեշտակները կարող են և իսկապես ռեալ գոյություն ունեցող էակներ լինել, եթե հաշվի առնենք Ռուպերտ Շելդրեյքի (Անգլիական թագավորական ակադեմիայի իսկական անդամ) այն տեսությունը, ըստ որի՝ հրեշտակները ֆիզիկական դաշտեր են ու կարող են առաջանալ նաև գրքերի ընթերցանությունից։

[ii] Թունատամները մողեսների ընտանիքին պատկանող մողեսներ են, որոնց ատամները լցված են թույնով։

[iii] Հեղինակը նկատի ունի Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վեպի հերոսուհուն՝ Ալիսին։

[iv] Հաջորդ գրհրեշտակի նախագիրքը Համաշխարհային պատմագիտության հիմնադիր Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից»-ն էր, որում պատմվում է մ.թ.ա. վեցերորդ դարում գոյություն ունեցող երկրների, դրանց սովորությունների ու պատմության մասին։

[v] Հայկի ու Բելի ճակատամարտը մարդկության պատմությանը հայտնի առաջին ճակատամարտն է ջրհեղեղից հետո։

[vi] Վարդանանց պատերազը առաջին կրոնական պատերազմն էր, քանի որ մինչ քրիստոնեությունը այդպիսիք չեն եղել։

[vii] Էվկլիդյան երկրաչափությունը այսօր դպրոցներում դասավանդվող երկրաչափությունն է.( է մ.թ.ա. 365-մ.թ.ա. 270թթ.):

[viii] Առաջին գեղարվեստական վեպ է համարվում մ.թ. 1-ին դարում գրված՝ Ապուլեոսի «Կերպարանափոխություններ» կամ «Ոսկե ավանակը» վեպը:

[ix] Էվկլիդյան երկրաչափությունը հարթաչափական է, իսկ տարածությունը իրականում երբեք հարթ չի լինում։

[x] Պատմագիտության հայրը համարվող Հերոդոտոսը հստակ սկզբունքներ է հաստատել այդ գիտության համար, սակայն քանի որ պատմագիտությունը քաղաքականացված է ու հաճախ ծառայում է ոչ թե ճշմարտությանը, այլ պատվիրատուին, այդ սկզբունքները հաճախ են խախտվում։

[xi] Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը» ինչ-որ իմաստով կապում է այս գրքերը, քանի որ և՛ հեքիաթային է, և՛ նկարագրական։

[xii] Հիպոֆիզը փոքրուղեղն է։

[xiii] Տրանսային, կիսաքուն վիճակը հիպնոսի սկիզբն է։

[xiv] Պարսկաստանի կրոնական առաջնորդը։

[xv] Արաբական միլիարդատեր, Ալ Քաիդայի առաջնորդը։

[xvi] Նկատի ունի Արամայիս Սահակյանին։

[xvii] Նկատի ունի Վարուժան Այվազյանին ու նրա համանուն հոդվածը։

[xviii] Իրենց այսպես էին անվանում նաև Եգիպտական փարավոնները։

No Comments

Leave a Reply