Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

Քամանչան` ընդդեմ մահաբեր ուժի

21.10.2020

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին դարձել է մահաբեր ուժին մշակույթով հակադրվելու յուրօրինակ հարթակ:

Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավետիսյանից հետո այստեղ իր քամանչան է հնչեցրել անվանի երաժիշտ Հակոբ Խալաթյանը, որն արդեն տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությունն է ծավալում Արցախում:

Պատերազմը նրան հետ չի պահել իր առաքելությունն իրականացնելու մտադրությունից: Պատերազմի առաջին օրերին նա եղել է Երևանում, մասնակցել Eddy art TV  ֆրանսիական ստուդիայի կողմից նկարահանվող ֆիլմերի աշխատանքներին: Ֆիլմերը նվիրված են Փարաջանովին, Սարյանին, Ազնավուրին, Խոր Վիրապին: Ռեժիսորը և պրոդյուսերը մեր հայրենակիցներն են՝ Վիգեն Նուգուջիկյան, Միքայել Խաչիկյան, օպերատորը ֆրանսուհի է՝ Անն Կոետ: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվելուց հետո Հակոբ Խալաթյանը վերադարձել է Ստեփանակերտ, քանի որ դա է համարում իր տեղը և չի ենթադրում այլ տարբերակ:

Մենք կապվել ենք նրա հետ և հետաքրքրվել, թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում, թե ինչով է զբաղված երևանցի արվեստագետը կրակի թիրախ դարձած արցախյան մայրաքաղաքում: Նա հայտնում է, որ Միքայել Խաչիկյանի ուղեկցությամբ պատերազմական այս իրավիճակում Արցախ են ժամանել  La province journal ֆրանսիական պարբերականի լրագրողներ Ժիլե Բադերը և Ինես Գիլը՝ հավանաբար մտածելով, թե պիտի ռեպորտաժ պատրաստեն ահաբեկված ու հուսահատված մարդկանց, ավերված բնակավայրերի մասին: Սակայն նրանք տեսել են տոկացող, ծայրահեղ դժվարությունները արժանապատվորեն հաղթահարող ժողովուրդ, որ նաև բարբարոս թշնամու մահաբեր ուժին իր լուսավոր մշակույթն է հակադրում: Միքայել Խաչիկյանի առաջարկությամբ Հակոբ Խալաթյանն իր քամանչայով ազգային երաժշտություն է հնչեցրել ռմբահարված Ղազանչեցոց եկեղեցում:

Նրան լուսանկարել և տեսանկարել են ֆրանսիացի լրագրողները: Ֆրանսիական խմբին անակնկալ էր սպասվում նաև Ստեփանակերտի բնակելի տներից մեկի ապաստարանում, որտեղ իրենց սովորական դարձած առօրյան էին անցկացնում բազմաթիվ ստեփանակերտցիներ, այդ թվում և Արցախի ԿԳՄ նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ քրոջ՝ Մարինեի հետ: Նախկին նախարարի հանգամանալից հարցազրույցը և Մարինե Աղաբալյանի վոկալ կատարումը ՝ Հակոբ Խալաթյանի նվագակցությամբ, իսկական նվեր էր ֆրանսիացիների համար. ռեպորտաժը սպասվածից ավելի տպավորիչ էր ստացվել: 

Մեր տագնապով լի հարցին, թե ինչ վիճակում են Ստեփանակերտն ու ստեփանակերտցին,  Հակոբ Խալաթյանը նախանձելի հանգստությամբ պատասխանում է. «Դուք Երևանում ավելի անհանգիստ եք, քան մենք՝ այստեղ: Մենք այս վիճակի հետ հարմարվել ենք, անհրաժեշտ պայմաններ ստեղծել մեզ համար ու այսպես ապրում ենք: Իհարկե, սա նորմալ վիճակ չէ, հատկապես դժվար է ծերերի, հիվանդների, երեխաների համար: Ցանկալի է օր առաջ ազատվել այս պատերազմից և ապրել նորմալ կյանքով: Իսկ քանի դեռ այս պայմաններում ենք գտնվում, ես որոշել եմ պարբերաբար այցելել բազմամարդ ապաստարաններ և իմ նվագով փոքր-ինչ փոխել մարդկանց տրամադրությունը»:

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply