ԴիտաՆյութ Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Լև Տոլստոյի կալվածքը՝ ներսից և դրսից

15.06.2024

Յասնայա Պոլյանա թանգարան-կալվածքը գտնվում է Տուլայի մարզի Շչյոկինսկի շրջանում։ Ստեղծվել է XVII դարում։ Սկզբում պատկանել է Կարցովների, ապա՝ Վոլկոնսկիների և Տոլստոյների ընտանիքներին։ Այստեղ 1828 թ․ օգոստոսի 28-ին ծնվել է Լև Տոլստոյը և ապրել ավելի քան 50 տարի։ Այս կալվածքում են գրվել «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» վեպերը։ Տոլստոյի տունը, հարակից շինությունները, Տուլայի մարզում գործող մի շարք մասնաճյուղ-թանգարաններ ի մի են բերված մեկ ընդհանուր համակարգում և համարվում են «Յասնայա Պոլյանա» հուշային համալիր՝ Լև Տոլստոյի տուն-թանգարան։ Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին, Տոլստոյի ժառանգների ջանքերով, որոնք եղել են թանգարանի առաջին տնօրենները։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Յասնայա Պոլյանան 45 օր գրավված է եղել գերմանաֆաշիստական զորքերի կողմից, ենթարկվել վանդալիզմի, այրվել։ 1942 թվականի մայիսին ագարակը կրկին վերաբացվել է այցելուների համար, 1950-ականներին՝ վերականգնվել։

Կյանքի վերջին տարիներին Տոլստոյը բազմիցս խնդրել է իրեն թաղել իր կալվածքի անտառում՝ ձորի եզրին՝ «կախարդական փայտիկի վայրում»։ Կանաչ փայտիկի լեգենդը Տոլստոյը լսել էր իր եղբայր Նիկոլայից։ Նիկոլայը, որ մահացել էր մանուկ հասակում, 12 տարեկանում ընտանիքին հայտնել էր մեծ գաղտնիքի մասին ու հավատացրել, որ եթե այն բացահայտվի, այլևս ոչ ոք չի մահանա, պատերազմներ չեն լինի, և մարդիկ կլինեն իրար հետ հաշտ, ինչպես եղբայրներ։ Մնում էր միայն գտնել կախարդական փայտիկը, որը թաղված էր ձորի եզրին, և որի վրա էլ գրված էր գաղտնիքը։ Մոտավորապես այդ տեղում էլ հողին են հանձնել Տոլստոյին։

Ըստ հավաստի փաստերի՝ Լև Տոլստոյի հոգեհանգիստը և հուղարկավորությունը կատարել են հայերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Յասնայա Պոլյանա» թանգարանային համալիրն ընդգկում է ոչ միայն Տոլստոյի տունը, այլև երկու առանձնատուն՝ «Մալոյե Պիրոգովոն», որտեղ ապրել է Տոլստոյի քույրը՝ Մարիան, և «Կռապիվյան թանգարանը»՝ Կռապիվնան։

«Մալոյե Պիրոգովո» կալվածքը Տոլստոյներին է պատկանել 1837 թվականից։ Տոլստոյը հյուրընկալվել է քրոջ տանը  բավական հաճախ և երկար ժամանակով։ Այստեղ են գրվել «Կազակները», «Կրեյցերյան սոնատ» և այլ ստեղծագործություններ։ 1896 թվականին՝ հենց այս առանձնատանը եղած ժամանակ, Տոլստոյը մտահղացել է գրել իր հանրահայտ «Հաջի Մուրադ» վիպակը։ Բոլոր այս երկերն ու դրանց առնչվող ուշագրավ մանրամասներն այսօր հանգամանորեն ներկայացված են թանգարանի ցուցադրության մեջ և համալիրի բացօթյա հատվածներում։ Այստեղ գործող թանգարանը «Յասնայա Պոլյանայի» մասնաճյուղի կարգավիճակ է ստացել 1999 թվականին, իսկ 2008-ից բացվել է այցելուների համար՝ իբրև թանգարան։

«Կռապիվյան թանգարանը» բացվել է 1990 թ։ Այն ևս 1999-ից «Յասնայա Պոլյանայի» մասնաճյուղի կարգավիճակ է ստացել։ Գտնվում է Տոլստոյի կալվածքից մոտ 40 կմ հեռավորության վրա՝ Կռապիվնա բնակավայրում։ Թանգարանային համալիրն այստեղ զբաղեցնում է մի մեծ հատված, որում ընդգրկված են տեղի պատմությանը, նիստուկացին, կենցաղին, արդյունաբերական, մշակութային կյանքին առնչվող տարատեսակ ցուցանմուշներ։

«Յասնայա Պոլյանա» թանգարանային համալիրի լուսանկարները, արված վերջերս այնտեղ կայացած «Դասական գրողների ժառանգությունը ԱՊՀ տարածքում․ գրական թանգարանների դերը» միջազգային կոնֆերանսի շրջանակներում, ներկայացնում ենք ստորև։

Լև Տոլստոյի տունը, Յասնայա Պոլյանա

Լև Տոլստոյի հյուրասենյակը, Յասնայա Պոլյանա

Բանակցությունների անկյունը Տոլստոյի հյուրասենյակում

Սեղան՝ տեքստերի արտագրության համար

Տոլստոյի տպագրական մեքենան

Տոլստոյի պատճենահանող սարքը

Տոլստոյի սենյակի արևելյան պատը, Յասնայա Պոլյանա

Տոլստոյի մահճակալը, Յասնայա Պոլյանա

Տոլստոյի սիրելի ճեմուղին, Յասնայա Պոլյանա

Տոլստոյի գերեզմանը, Յասնայա Պոլյանա

Մարիա Տոլստայայի հյուրասենյակը, Մալոյե Պիրոգովո

Մարիա Տոլստայայի ռոյալը, Մալոյե Պիրոգովո

Հաջի Մուրադին նվիրված հուշարձան, Մալոյե Պիրոգովո

Կռապիվնայի շենքը

Կռապիվնայի ցուցասրահներից մեկը

Կռապիվնայի ինտերակտիվ ցուցանմուշներից

Տիկնոջ թատերական պարագաներ, 19-րդ դար, Կռապիվնա

Ցանցկեն պաննոյով բացօթյա տաղավար, Յասնայա Պոլյանա հյուրանոցային համալիրի տարածք

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի