Երաժշտություն Իսրայել Ասրյան

System Of A Down-ը նոր երգեր է թողարկել

06.11.2020

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ, Գրեմիի մրցանակակիր Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մենք՝ որպես System Of A Down,  տասնհինգ տարվա մեջ առաջին անգամ նոր երգ թողարկեցինք։ Դա անելու ժամանակը հիմա է,  քանի որ մենք չորսով չափազանց կարևոր բան ունենք ասելու ՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը ՝ Protect The Land և Genocidal Humanoidz, երկուսն էլ խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը իրականացվում է Արցախի և Հայաստանի` մեր մշակութային հայրենիքների դեմ:

Ադրբեջանում՝ Ալիևի և Թուրքիայում Էրդողանի ներկայիս կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ուզում են իրենցը դարձնել Արցախն ու Հայաստանը, այլև անպատիժ իրականացնել ցեղասպանության ակտեր մարդկության և բնության դեմ՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանք հույս ունեն, որ աշխարհը չափազանց զբաղված է Քովիդով, ընտրություններով և քաղաքացիական անկարգություններով, որպեսզի ուշադրություն դարձնի  իրենց վայրագություններին։  Նրանք ունեն  ռեսուրսներ, օգտվում են դրամաշնորհներից, վարձել են հասարակական մեծ ընկերությունների՝ ճշմարտությունը շրջելու և ցեղասպանության իրենց բարբարոսական նպատակը թաքցնելու համար։ Այս երկու բռնապետությունները  մեծ ապատեղեկատվություն են տարածում և լռեցնում են ձայները իրենց երկրներում։ Խոսքի ազատությունն այն չէ, ինչը դուր է գալիս բոլորին, բայց ունենք պատասխանատվություն՝ ճշմարտությունը հասցնելու այնտեղ, որտեղ հնարավոր է։ Մենք այստեղ ենք, որ պաշտպանենք մեր հողը, մեր մշակույթն ու մեր ազգը։ Հիմա աչքերը փակելու ժամանակը չէ։

SOAD–ի համար սա աննախադեպ առիթ է, որպեսզի ամեն ինչ մի կողմ դնենք ու ելույթ ունենանք մեր ազգի համար՝ որպես մեկ մարդ՝ չորս հայ տղաներով։ Protect The Land-ը և Genocidal Humanoidz-ն արդեն (գնելու համար) հասանելի են մեր պաշոնական էջում․ systemofadown.bandcamp.com, որտեղից խմբի եկամուտները գնում են ArmeniaFund։ Մեր նոր հավաքածուի նախնական պատվերների միջոցները կօգտագործվեն խիստ անհրաժեշտ օգնության և առաջին անհրաժեշտության իրերի համար, այս սարսափելի գործողություններից տուժածների համար։ Խնդրում եմ՝ այդ երգերը ներբեռնելը դիտարկեք որպես բարեգործության ակտ՝ անկախ նրանից, ինչպես կորոշեք լսել՝ այսօր, վաղը կամ շատ տարիներ։ Երաժշտությունն ու բառերն ինքնին խոսուն են։ Մեզ պետք է, որ դուք խոսեք Արցախի անունից։  soad.lnk.to/PTLGH ներբեռնեք, նախնական պատվեր կատարեք և նվիրաբերեք հենց հիմա։

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի

No Comments

Leave a Reply