Ardi.am-ը զրույցի է հրավիրել դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանին: Մեր զրույցն անդրադառնում է նրա մասնակցությամբ վերջերս նկարահանված «Ամերիկացի» աշխատանքային անվանումով ֆիլմին (ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան, պրոդյուսեր՝ Արման Նշանյան, արտադրություն՝ Հայաստանի People of Ar կինոստուդիայի), ինչպես նաև համավարակի օրերին թատրոնի առջև ծառացած խնդիրներին։
-Պարո՛ն Հակոբյան, Դուք խաղացել եք «Ամերիկացի» աշխատանքային անվանումով ֆիլմում: Ինչպե՞ս ստացվեց աշխատանքը համավարակի այս սահմանափակումների պարագայում:
-Ֆիլմի նախնական վերնագիրն էր «Նոր հայը»: Վերջնական տարբերակում ինչպես կկոչվի, ես չգտեմ, բայց շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա մասնակցելու ֆիլմի աշխատանքներին: Ինձ այնքան հետաքրքրեց սցենարը, թեման, որի շուրջ այդ ֆիլմը նկարվել է: Դա ինձ շատ հարազատ թեմա է:
—Որքան գիտեմ, ֆիլմը պատմում է 1947-ին ԱՄՆ—ից Խորհրդային Հայաստան հայրենադարձված հայ երիտասարդի մասին, որը բանտարկվում է և իր խցից բացահայտում նախնիների հայրենիքի մարդկանց։
-Այո՛, ճիշտ եք: Ինձ միշտ ասում են, որ ես այդպես էլ սովետմիությունն իմը չհամարեցի: Իսկապե՛ս, ես երբեք այն իմը չեմ համարել: Մենք ընդամենը նվաճված երկիր էինք սովետմիության կողմից, ռուսական կայսրության կողմից: Նախկինում պարսկական նվաճում էր, հետո դարձավ ռուսական նվաճում, այլ ոչ թե ազատագրում, չգիտես՝ ինչ… Ես այդ հեքիաթներին չեմ հավատում ու երբեք էլ չեմ հավատացել: Մեր բակում ապրում էին լիքը սփյուռքահայեր, որոնք 1946 թվականին ներգաղթել էին Հայաստան: Նրանց մի զգալի մասը Սիբիրում է անցկացրել իր կյանքը, մի մասը՝ այլ աքսորներում, մի մասը՝ ԿԳԲ-ի նկուղներում: Հենց այս մասին է ֆիլմը՝ 40-ականներին ներգաղթած և սովետական բանտերում ու աքսորներում հայտնված մարդկանց: Ֆիլմը մարդու ողբերգությունն է ներկայացնում, մարդու, որ կարոտով եկել է հայրենիք ու չի էլ հասկանում, թե ինչ է իր հետ ու իր շուրջ կատարվում: Իսկ այն, ինչ կատարվում էր սովետմիությունում, ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում: Հանկարծ մարդուն բռնում էին և ասում. «Դու անգլիական շպիոն ես»: Ա՜յ քեզ բան. մարդը մտածում էր՝ ինքն ի՞նչ գործ ունի անգլիացիների հետ, կամ ի՞նչ է նշանակում շպիոն, ո՞վ կբացատրի իրեն այդ բառի իմաստը: Մի խոսքով՝ այս ամենն է պատմվում ֆիլմում: Մայքլ Գյուրջյանը կիսահայ-կիսաամերիկացի է, հայերեն համարյա չի խոսում. ֆիլմի նկարահանումների ընթացքում սովորեց որոշ չափով: Պրոդյուսինգն անում էր Արման Նշանյանը, օգնում նկարահանման աշխատանքներին: Գլխավոր դերը խաղում էր հենց ինքը՝ ռեժիսորը: Ես էլ բախտ ունեցա խաղալու սփյուռքահայերից մեկի կերպարը, որը այդպես էլ պայմանականորեն կոչվում էր՝ սփյուռքահայ դիմացկուն ծերունի: Այսինքն՝ ինչ անում էին, դիմանում էր այդ մարդը, դիմացող տեսակ էր:
-Այս կերպարն ուղիղ աղերս ունի Հրաչյա Քոչարի «Կարոտի» ծերունու հետ, որին Դուք խաղում եք Հ. Մալյանի անվան թատրոնի բեմում: Այսինքն՝ այս թեմայի մեջ ներկայանում եք ոչ առաջին անգամ:
-Այո՛: Վերջին հաշվով, շատերս տեղաբնակներ չենք: Հայաստանի ներկա տարածքում ապրողների մեծ մասը ներգաղթած ժողովուրդ է Արևմտյան Հայաստանից: Մենք մեր հայրենիքը թողել ենք հարկադրաբար և տեղափոխվել Արևելյան Հայաստան: Ուստի, այդ թեման ինձ շատ հարազատ էր, և ես հաճույքով աշխատում էի:
—Թատրոնի դերասանի, բեմադրիչի գործունեությունը կարծես թե առցանց տիրույթ չի ենթադրում: Ասենք՝ գրականության, երաժշտության, կինոյի պարագայում գուցե թե ավելի ընկալելի է այդ ձևաչափը: Շա՞տ բան եք կորցնում այս պայմաններում՝ որպես թատրոնի մարդ:
-Ես մեկ-մեկ կատակով ասում եմ. «Ա՛յ քեզ բան, դարձանք սերիալի դերասան»: Մարտի 1-ից չենք խաղացել բեմում: Ու հիմա էլ անսովոր է, երբ նայում ես դահլիճին ու տեսնում դիմակավոր մարդկանց: Արտառոց հոգեվիճակ է, արտառոց հոգեբանություն:
Իհարկե, առցանց տիրույթում թատրոնն անլուրջ է: Բոլորս ենք սա հասկանում: Նկարահանված ներկայացումների հեռարձակումները թատրոնի իմիտացիա են, թատերական պատկեր չկա այնտեղ, դա բոլորովին ուրիշ բան է: Կինոն այլ գործիքակազմ ունի, թատրոնը՝ այլ: Պերճ Զեյթունցյանը հրաշալի ձևակերպել է կինոյի և թատրոնի տարբերությունը. «Ինչո՞վ են տարբերվում կինոն և թատրոնը իրարից. կինոն մեզ ցույց են տալիս, իսկ թատրոնը մենք ենք դիտում»:
Իսկապես, թատրոնի դեպքում մենք ենք որոշում՝ ինչպես նայել այդ ներկայացումը, որ պահի վրա կենտրոնացնել մեր ուշադրությունը, բեմի որ անկյունը դիտել: Որոշողը հադիսատեսն է: Թատրոնում հանդիսատեսի երևակայությունը բազմապատիկ ակտիվ է: Իսկ կինոն ինքն է որոշում ինչ ցույց տալ հանդիսատեսին: Համավարակից առաջ մենք մի յուրօրինակ ձևաչափով աշխատեցինք՝ արեցինք փորձասենյակային թատերական ընթերեցումներ: Եվրոպայում դա վաղուց են անում, ինքս էլ առիթ եմ ունեցել այնտեղ նայելու այդպիսի ներկայացումներ: Այս ձևաչափում դերասանները նստում են և առանց էմոցիայի պարզապես կարդում ամբողջ պիեսը: Մենք որոշեցինք, որ այդ եվրոպական ոճը կիրառելով այստեղ՝ չենք շահի: Մեր հանդիսատեսը պատրաստ չէ նստել ու դրամատուրգիա լսել՝ բանաստեղծության նման: Մտածեցինք մի քիչ ավելի թատերականացված անել ընթերցումները, իհարկե՝ առանց դեկորի, առանց միզանսցենների: Պարզապես դերասանները ամբողջությամբ խաղում էին կերպարները, ինչպես որ բեմում: Իսկ հանդիսատեսն իր երևակայության մեջ կառուցում էր դեկորը, պատկերացնում միզանսցենը: Անսպասելի էր, բայց մարդիկ սիրեցին այս ձևաչափը, անդադար պահանջում էին կրկնել, խաղալ: Ցավում եմ, որ այս պայմաններում մեզ չի թույլատրվի խաղալ փորձասենյակային ներկայացումներ, այդ փոքր տարածքում հնարավոր չէ հանդիսատես հավաքել և պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորություն:
Իմ հարգարժան բարեկամը՝ Հենրիկ Հովհաննիսյանը երբեմն ասում է. «Թատրոնը մեռավ»: Մարդիկ սխալ են հասկանում այս խոսքը: Սա չի նշանակում, թե թատրոնը մեռավ, այսինքն՝ այլևս չկա: Ո՛չ: Թատրոնը բոլոր դարաշրջաններում մի քանի անգամ մեռնում է, այսինքն՝ կորցնում է իր հին ձևը, այսինքն՝ ոչ թե մեռնում, այլ ձևափոխվում է: Եթե այսօր նայենք, թե թատրոնն ինչպիսին է եղել անտիկ աշխարհում, միջնադարում, նախորդ դարում ու համեմատենք այսօրվա հետ, պիտի արձանագրենք, որ ամեն անգամ թատրոնը մեռել է: Բայց սա չի նշանակում, թե մեռել է-չկա: Ընդամենը թատրոնի ձևն է փոխվել:
Այսօրվա օնլայն ձևը, ցավոք, չի դառնում թատրոն, որովհետև թատրոնի գլխավոր պայմաններից մեկը չի պահպանվում այս դեպքում. չկա կենդանի շփումը: Այդ կենդանի շփումն է թատրոնի առեղծվածը: Երևի մարդիկ բոլոր ժամանակներում թատրոն են գալու հենց դրա շնորհիվ: Թե չէ՝ հեռուստատեսությամբ լիքը լավ բաներ կան նայելու, կինո կա՝ հրաշալի դերասաններով: Բայց հենց փորձում են թատրոնը նկարել ու ցույց տալ օնլայն, այն դադարում է թատրոն լինելուց: Այնպես որ, ուրախ եմ կրկին վերադառնալ թատրոն, բեմ ու խաղալ ոչ օնլայն դերեր:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
No Comments