Հունվարի 22-ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք մեծանուն կոմպոզիտորի մտքերը՝ քաղված տարբեր հրապարակումներից, հարցազրույցներից, այդ թվում՝ նրա վերջին հարցազրույցից: Ի դեպ, 2021-ը հոբելյանական է լինելու. լրանում է կոմպոզիտորի 100-ամյակը:
****
Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի:
****
Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել։ Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի։ Այո, ես պաշարված եմ հնչյուններով։ Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ։ Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված։ Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում։ Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին:
****
Ամենամեծ դատավորը ժողովուրդն է, ժողովրդին ոչ մի բանով չես կարող խաբել, շատ ժամանակ լինում է, որ գործ ես գրում, քեզ թվում է, որ պիտի լավ լինի, որովհետև բոլոր կանոններով գրել ես, բայց վերջին խոսքն ասում է ժողովուրդը, ուրեմն այնտեղ (այդ գործի մեջ) մեծ սիրտ չես դրել…
****
Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակներում ավելի հեշտ էր. ժողովներ չէին անցկացվում, նարդի և շախմատ չէին խաղում, և կյանքն այդքան էլ հետաքրքիր չէր։ Այսօր նույնիսկ չգիտես՝ երաժշտություն գրես, թե ապրես։ Եթե ես կոմպոզիտոր չլինեի, հավանաբար, բեմում կխաղայի, կատակերգու կլինեի։ Կարծում եմ` ես գրոտեսկային կերպար կլինեի:
****
Գիտեմ, որ ժողովուրդը երգեր է ուզում: Երգեր ես հատուկ չեմ հնարել երբեք, երգը, ոնց որ ասում են, ինքն իրեն է գալիս:
ardi.am
No Comments