Արմինե Սարգսյան Հրատապ

Կյանքը՝ առհասարակ

07.07.2020

Մշակութային դադարը երկարում է։ Փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոններն ու համերգասրահները։ Առցանց տիրույթում նրանց հետևելը ավելի նպատակահարմար էր, երբ մարդկանց զգալի մասը պարապուրդում էր։ Դերասանները, երաժիշտները նույնպես, ինչ-որ առումով, պարապուրդից դուրս են եկել։ Փորձերը վերսկվել են։ Հանդիսատեսի հետ կենդանի կապը պահելու նոր ձևեր են մշակում- առաջարկում. բացօթյա ներկայացումներ՝ քիչ թվով մարդկանց համար, քիչ թվով հանդիսատես՝ մեծ դահլիճում։ Նաև հորդորում են բոլորին կրել դիմակ, որ վերսկսվի մշակութային կյանքը, կյանքը՝ առհասարակ։ Լեփ-լեցուն դահլիճների սովոր արտիստները պատրաստ են «բեմ դուրս գալ» 10-20 հանդիսատեսի համար։ Համաշխարհային սարդոստայնն առանց այն էլ մարդկային շփումը դարձրել էր վերացական։ Այս պարտադրված հեռավորությունը նույնպես վերացական է։ Այսքան թվայնացված աշխարհը, շփվելու անսպառ հնարավորությունները, տեխնոլոգիական բազմապիսի նորարարությունները, պարզվեց, չարժեն մի ձեռքսեղմում․․․ Առայժմ պահպանում ենք մեկուկես մետր հեռավորություն։ Այդքան է Քովիդ 19- ով չվարակվելու համար պահանջվող նվազագույն հեռավորությունը։ Սահմաններ չճանաչող արվեստը ստիպված է ժամանակավորապես հարմարվել այս և այլ սահմանափակումների։

Արմինե Սարգսյան
Լուսանկարը՝ «Նյու Յորք թայմս»-ի հրապարակած «Մեծ ամայություն» լուսանկարչական նախագծից

Հ․ Գ․ Միջազգային լրահոսից տեղեկացանք, որ Փարիզում այցելուների համար վերաբացվել է Լուվրի թանգարանը։ Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը փակ էր շուրջ չորս ամիս։

No Comments

Leave a Reply