«Էդիթ պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծությունների ժողովածուն։ Այն ընդգրկում է հեղինակի նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջութամբ, իսկ առաջինը՝ շուրջ երկու տասնյակ գրվածքով՝ ընթերցողին հնարավորություն տալով տեսնելու նրա անցած ողջ գրական ուղին ու ընթացքի զարգացումը ժամանակակից հայ պոեզիայի խորապատկերում։ Գրքում տեղ են գտել նաև գրական գործիչների վերլուծությունները «Գնում եմ կորեմ» ժողովածուի մասին։ Ստորև ներկայանում ենք արձակագիր Հովհաննես Երանյանի արձագանքը։
Հոռետեսությունը շատ պոետների համար է ստեղծագործական հենարան դառնում, բայց քչերին է հաջողվում առանց կեղծ լավատեսությանը տուրք տալու, գեղարվեստի ուժով տանել ընթերցողին դեպի լուսավոր արահետներ, չթողնել նրան մռայլ ապրումների անդունդներում։
Անատոլի Հովհանիսյանի պոեզիան ինձ ծանոթ լավագույն օրինակներից է, երբ բանաստեղծը կարողանում է համակել իր հույզերի, հոգեկան փոթորկումների խորությամբ, երբեմն անգամ՝ ողբերգականությամբ, բայց թույլ չի տալիս, որ այն սեփականես։ Ապրումակից դառնում ես, լծակից՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ իր ու մեր ցավը չի դնում քո ուսերին ու սրտի վրա։ Ապրումակցելով վայելիր, թե ունես բանաստեղծական հղկված տողի, պատկերի, անսպասելի համեմատությունների ու մետաֆորների ընկալման ներքին կուլտուրա։ Դժվար է կռահել՝ այդ համեմատություններն ու մետաֆորները բանաստեղծին տրվել են ստեղծագործական հանկարծահաս հայտնությունների հեշտությա՞մբ, թե՞ գրական համառ որոնումի արդյունք են։ Հավանաբար՝ և՛ մեկ, և՛ մյուս կերպ։ Սակայն աշխատանքը, ջանքը նրբորեն թաքցված է։
Ո՞րն է բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հոռետեսության հիմքը, առիթը կամ պատճառը։ Առհասարակ կարող ենք ասել, որ բանաստեղծները գրում են, որովհետև մի օր մարդը վտարվել է դրախտից։
Երկիր մոլորակի վրա մարդու միայնության, երջանիկ լինելու անհնարինության մի ցավագին ենթագիտակցական կամ գիտակցված կասկած նրա գործերում տագնապալի է դարձնում անգամ սիրո երանավետ, բայց վաղանցիկ պահը։
Միայնության ու վտարված լինելու զգացողությունն առավել խոր դրսևորումներ են ստացել հատկապես բանաստեղծի «Ֆրանսիական նամականի» շարքում։ Մի օր դրախտից վտարված բանաստեղծին ճակատագիրը երկրորդ անգամ վտարեց հայրենիք, ծննդավայր ու մանկության քաղաք, տուն, գրական միջավայր հարաբերական դրախտից։
Թեև հիվանդասենյակի միակ պատուհանից սեզանյան երկինք է, բայց դատարկ է շուրջը և չորս պատերից ոչ մեկի տակ չի կարող կծկվել։ Այնտեղ՝ Լիոն քաղաքում, նրա սիրտը բազմության մեջ մոլորված երեխա է, ու այդ քաղաքը բարձի տակ առավոտներ չունի․
Մնացածը․․
Մնացածը թողել եմ քեզ մոտ՝
Երևանում։
․․․․․․․
Քաղաքը, ուր ծնվել եմ,
Փողոցներն ու մարդիկ՝
Հերոսների մոռացվող անուններով,
Վաղուց կարդացած գիրք են թվում։
Տխո՞ւր է, թախծալի՞, հոռետեսակա՞ն․ այո։ Լալկան է ու վհատեցնո՞ղ․ ոչ։ Ուրեմն՝ հաղթել է արվեստը, բանաստեղծական բարձր արվեստը։
Հովհաննես Երանյան
No Comments