«Այս պահին մենք շարունակում ենք կերտել մեր պատմությունը, մեր արարչագործ պատմությունը և հստակ գիտենք՝ ուր ենք գնում։ Մենք չենք կարող անուս թողնել մեր ապագան, վնասել մեր աշակերտներին»,- այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ նշելով, որ թուրք-ադրբեջանական և միջազգային ահաբեկչական համատեղ դաշինքով սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ավերվել է 70-ից ավելի դպրոց, 10-ից ավելի մանկապարտեզ, 10-ից ավելի մշակութային օջախ։ Պատերազմի հետևանքով խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցականներ են, 4 հազարը նախադպրոցահասակ երեխաներ, մնացածը՝ քոլեջների, ուսումնարանների, բուհերի ուսանողներ։
«Մենք մտածում ենք, որ օր առաջ կվերադառնանք հայրենիք, բայց քանի որ պատերազմական գործողություները շարունակվում են, և հնարավորություն չունենք կրթություն կազմակեպել մեր աշակերտների և ուսանողների համար, առաջիկայում՝ մինչև պատերազմի ավարտը, կրթությունը կազմակերպվելու է Հայաստանում»,- ասաց Լ․ Ղարախանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ կազմակերպել են աշակերտների գրանցման աշխատանքներ, նպատակ ունեն նոյեմբերի 13-ից սկսել հանրակրթության կազմակերպման գործընթացը։
Արցախի ուսանողությունը միասնական առցանց հարթակներուվ այս պահին աշխատում է Արցախի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Առաջիկայում լուծելու են նաև արհեստագործական ուսումնարանների, քոլեջների ուսանողության կրթության հարցը։
Բանախոսը նշեց նաև, որ ծնողները երեխաների հաշվառման համար կարող են դիմել համայնքապետարան, որտեղ գրանցված են, կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատություն՝ լինի պետական դպրոց, թե մանկապարտեզ։ Հասկանալի պատճառներով հանվել է նաև պարտադիր փաստաթղթերերի պահանջը։
Արցախի ուսուցիչների բազան նույնպես հաշվառվում է, նախարարը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին, որոնք պատերազմի առաջին իսկ օրից առցանց պարապում են աշակերտների հետ։ «ՀՀ այն դպրոցներում, որտեղ կծագի ուսուցչի խնդիր, ներգրավվելու և դասավանդելու են Արցախի ուսուցիչները,- հավալեց բանախոսը՝ հավաստիացնելով,- մենք բոլոր ջանքերը պետք է համատեղենք, որ կթության ոլորտում նահանջ ու պարտություն չունենանք»։
Տաթև Խաչատրյան
No Comments