Երաժշտություն՝ հանուն հույսի. այս խորագրով իտալացի հանրահայտ տենոր Անդրեա Բոչելին Սուրբ Զատկին հոգևոր համերգ կտա: Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը: Համավարակի պատճառով նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել ժամերգությանը:
Անդրեա Բոչելին ելույթ կունենա Միլանի Դուոմո գոթական դատարկ տաճարում: Համերգը հեռարձակվելու է համացանցում՝ երգչի YouTube-յան պաշտոնական տեսաալիքով: Բոչելիին նվագակցելու է հայտնի երգեհոնահար Էմանուելե Վիանելին։ Ծրագրում՝ «Ավե Մարիա» և «Սանտա Մարիա» (Պիետրո Մասկանի):
Համերգը տեղի կունենա ապրիլի 12-ին, Իտալիայի ժամանակով՝ 19:00-ին: Համերգի կազմակերպիչները՝ Միլանի քաղաքային իշխանությունները, մասնավորապես՝ քաղաքապետ Ջուզեպե Սալան հայտնել են, որ Բոչելին ելույթ է ունենալու առանց հոնորարի:
Երգիչը առցանց համերգի հրավերը ստացել է Սուրբ եկեղեցու առաջնորդներից ու Միլանի քաղաքապետից: Նա ասել է, որ երջանիկ է այդ հնարավորության համար, քանի որ դա պարզապես հանդիսություն չէ, համերգ չէ, դա աղոթք է, և ինքը հույս ունի, որ բոլոր ունկնդիրները կաղոթեն իր հետ:
Միլանի քաղաքապետի խոսքով՝ տաճարը դատարկ կլինի, սակայն համացանցային հեռարձակման միջոցով նրա ձայնը կնվիրեն ամբողջ աշխարհին:
Ի դեպ, 61-ամյա տենորը աջակցում է Իտալիային՝ համավարկի դեմ պայքարում: Նրա հիմնադրամը (The Andrea Bocelli Foundation, ABF) իտալիայի բժշկական անձնակազմին օգնել է անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ձեռքբերման հարցում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով առաջինն է ԱՄՆ-ն, իսկ վտանգավոր վարակից մահվան ելքերի քանակով՝ Իտալիան։ Ողջ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 143 հազարը: Մահացել է 18 279 մարդ, ապաքինվել՝ 28 470-ը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը երկարաձգվում է առնվազն մինչև մայիսի 3-ը:
Աղբյուրը՝ vogue.ua
Ռուսերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը
No Comments