Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Բոտիչելլիի նկարը վաճառել են ավելի քան 92 միլիոն դոլարով

03.02.2021

«Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» դարձել է իտալացի նկարչի՝ աճուրդում վաճառված ամենաթանկ աշխատանքը։ Կտավը ձեռք է բերել մի ռուսախոս գնորդ, որի ինքնությունը չի ներկայացվում։

Վերածննդի դարաշրջանի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի «Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 92,2 միլիոն դոլարով։ Այդ մասին հաղորդվում է Սոթբիս աճուրդային տան կայքում։

Աճուրդի տունը պարզաբանում է, որ այս նկարը դարձել է Վերածննդի դարաշրջանի նկարչի՝ երբևէ աճուրդի հանված ամենաթանկ աշխատանքը և Սոթբիսում վաճառված հին վարպետների (այդպես են անվանում մինչև 18-րդ դարի սկիզբն ստեղծագործած Արևմտյան Եվրոպայի ակնառու նկարիչներին) գործերից ամենաարժեքավորը:

Ստեղծագործությունը, որը թվագրվում է մոտավորապես 1480-ականներով, փորձագետների կողմից գնահատվում էր ամենաքիչը 80 միլիոն դոլար, նշում է Wall Street Journal-ը։ Ամենաբարձր գինն առաջարկել է ռուսախոս գնորդը։

Կտավի նախորդ սեփականատերը՝ ամերիկացի ծրագրավորող Շելդոն Սոլոուն, 1982 թվին այն ձեռք էր բերել 1,2 միլիոն դոլարով։

Նախկինում Բոտտիչելիի՝ աճուրդում վաճառված ամենաթանկ աշխատանքը եղել է «Տիրամայրը՝ Մանկան և Հավաննես Մկրտչի հետ» կտավը, որ նաև հայտնի է «Ռոքֆելլերի Տիրամայրը» անվանումով։ 2013 թվականին Քրիստիս աճուրդային տանն այն վաճառվել է 10,4 միլիոն դոլարով։ Հին վարպետների ամենաթանկ աշխատանքը համարվում է Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը՝ «Աշխարհի Փրկիչը»՝ վաճառված Քրիստիսում՝ 450 միլիոն դոլարով (2016 թվին)։

Սոթբիսի աճուրդին ներգրավված էր ավելի քան 40 նմուշ, այդ թվում՝ ֆլորենցիական քանդակագործ Լուկա դելլա Ռոբբիայի, բարոկկո դարաշրջանի նիդերլանդական նկարիչ Վիլյոմ վան Ալստայի և ֆլամանդական նկարիչ Անտոնիս վան Դեյկայի գործերից։ Աճուրդային տան ընդհանուր եկամուտը կազմել է 114,5 միլիոն դոլար։

Թարգմանիչ՝ Իսրայել Ասրյան
Նյութի աղբյուր՝ rbc.ru

No Comments

Leave a Reply