Աշխարհի տարբեր երկրներում թագավարակի (կոռոնավիրուսի) տարածման պատճառով փակվեցին, հետաձգվեցին կամ չեղարկվեցին հանրային տարածքներում անցկացվելիք մեծ թվով միջոցառումներ: Այս տարի չեն կայանալու նաև Լոնդոնի և Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսները: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացանք, որ մարտի 9-ից ապրիլի 13-ը Հայաստանը պետք է մասնակցեր Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով մասնավարապես «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտասահմանյան հրատարակչություններին՝ հայ դասական և ժամանակակից գրականություն հրատարակելու համար: Մարտի 11-16-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու էր նաև Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը Եվրոպայի ամենամեծ ցուցահանդեսներից է և ժամանակակից գրականության ներկայացման լավագույն հարթակը:
Ի տարբերություն նշված ցուցահանդեսների՝ Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է: Բոլոնիայի մանկական գրքի միջազգային ցուցահանդեսը հիմնվել է 1963 թվականին: Այն մանկական գրքեր հրատարակող բոլոր մասնագետների հանդիպման վայրն է, որտեղ հրատարակիչները կարողանում են թարգմանությունների, նկարազարդումների, անիմացիոն գրքերի գույքային իրավունքներ գնել և վաճառել: Յուրաքանչյուր տարի շուրջ քսանվեց հազար մարդ է մասնակցում ցուցահանդեսին, այդ թվում՝ 1300-ից ավելի հրատարակիչ աշխարհի 67 երկրից: Մեր երկրից Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդես է մեկնելու նկարազարդողների «Կուտ» թիմը (Հարություն Թումաղյան, Արմինե Շահբազյան, Լիլիթ Ալթունյան, Նվարդ Երկանյան, Աննա Հակոբյան): Բոլոնիայի ցուցահանդեսին «Կուտ»-ի մասնակցությունը նպատակ ունի մասնավարապես ստեղծել համագործակցության կապեր իտալական փառատոների ու հայ նկարազարդողների միջև, վեր հանել միջազգային մրցույթներին մասնակցելու բոլոր խնդիրները, մշակել համատեղ աշխատանքի տարբերակներ, ստեղծել մրցունակ համագործակցության ծրագրեր նկարազարդողների ու հայ հրատարակիչների հետ:
Արմինե Սարգսյան
No Comments