Նոր կենվորին սպասում էին անհամբեր։ Նա զանգահարել էր վերջին հայտարարությունը կայքում զետեղելուց անմիջապես հետո և խնդրել այլևս որևէ մեկի ցույց չտալ բնակարանը։ Զանգահարողը կիսամանկան-կիսակնոջ ձայնով մի աղջիկ էր, որ ներկայացել էր որպես մայրաքաղաքի բուհերից մեկի ուսանողուհի և ժամ էր նշանակել բնակարանը տեսնելու համար։ Աղջկա հետ զրուցել էր Նունիկի դուստրը, որն իր վրա էր վերցրել կենվոր գտնելու ու նրա հարցադրումներից Նունիկին ազատելու հոգատարությունը։
Նախորդ կենվորներից բաժանվել էին դառն փորձով։ Մայր ու աղջիկ էին, որ բնակվելու էին եկել Նունիկենց կողքի փոքրիկ մեկսենյականոցը, որի հաշվին Նունիկենք դստեր ուսման վարձի խնդիրն էին որոշել լուծել։ Բնակտարածքը մեծացնելու ցանկություն էլ ունեին, սակայն միայն աշխատավարձերի հանրագումարը բավարար չէր ընթացիկ ծախսերի համար, ու երբ տան սենյակներից մեկը առանձնացրին մուտքով և թանկարժեք վերանորոգում արեցին՝ տեղադրելով անհրաժեշտ կենցաղային սարքերը, Նունիկը հոգոց հանեց. «Ո՛վ չարչարվի, ո՛վ գա վայելի»։ Նունիկն ամուսնու այդ առաջարկին դեմ էր կանգնել, քանի որ համոզված էր, որ կենվորները շահագործման դիմաց արված ծախսերը չէին արդարացնելու, ու իրենց մնալու էին միայն տանջանքները, որոնց պտուղները հասկանալի չէ՝ ում էին վստահելու։ «Մեզնից ի՞նչ գործարար»,- իրեն փորձում էր համոզել Նունիկը՝ չհարմարվելով, որ քրտնքի գնով ձեռք բերած տարածքը չվայելած՝ «արած-դրած ու պլպլացրած» հանձնելու էին «Աստծու բախտավորներին»։
Մայր ու աղջիկը, պիտի խոստովանել՝ բավական հաջող ընտրություն էին եղել տասնյակների միջից, որոնք դիմել էին Նունիկենց։ Կիրթ էին, համեստ։ Համամարդկային խառնվածքի մի ընտրյալ փունջ, որին կնախանձեր ցանկացած տանտիկին, ով էլ լիներ Նունիկի փոխարեն։ Գերմանացու կարգապահություն, չինացու շուկայագիտություն և հրեայի հաշվենկատություն։ Եվ այս ամենը համեմված հայկական տնավարիությամբ։ Նրանք գերազանցել էին Նունիկենց սպասելիքները։ Ու Նունիկը նույնիսկ ամոթով էր մնացել ամուսնու մոտ, որին հակադրվել էր։
Աղջիկն աշխատում էր։ Մայրը, որ նախկին ուսուցչուհի էր, տանն էր և ողջ օրը կատարելության էր հասցնում բնակարանի մաքրությունը։ Այնպես որ, կուսանոցի խաղաղությամբ մի օրինակելի օազիս էր ստեղծվել դստեր ննջարանի հարևանությամբ, ինչը Նունիկը երազել կարող էր միայն։
Սակայն, ինչպես ասում են՝ մարմանդ գետում սպասիր փոքրիկ հրեշների։
Սեփական բնակարանը գնելուց հետո, նախքան կտեղափոխվեին, Նունիկենց հորդորին, որ մի քանի օր շուտ ազատեն սենյակը, մայր ու աղջիկը անսպասելիորեն պատասխանել էին՝ խառնվածքի ողջ թաքուն ներուժը գործի դնելով։ Ու չնայած պայմանագրի ժամկետը վաղուց սպառված էր, Նունիկենք տեղի էին տվել։ Բայց էմոցիոնալ բեռը Նունիկի վրա թանկ էր նստել, քանի որ թուլություն էր ունեցել արտասվելու։ Ու նկատել էր, թե ոնց է քթի տակ ժպտում ուսուցչուհի մոր աղջիկը, իսկ ամուսինն էլ հուշել էր, որ նյարդերը բուժման կարիք ունեն․․․
Նոր կենվորը, որոշված էր, պիտի լիներ մենակ։ Գերադասելի է՝ ուսանող։ Իսկ որ ավելի լավ է՝ ուսանողուհի, ինչին հատկապես դեմ չէր ամուսինը։ Դե, աղջիկները խելոք են, սիրում են սովորել ու հոգսեր չեն պատճառի։ Եվ երբ աղջիկը զանգահարեց, Նունիկը դժվարանում էր հավատալ, որ այդպես հեշտությամբ կատարվում են իր բոլոր ցանկությունները։
Շիկամազի ձգտող՝ քսանից երեսուն տարեկանի տեսքով մի աղջիկ էր։ Բանալին Նունիկենք հանձնեցին արդեն փորձառու տանտիրոջ վստահությամբ՝ պահանջելով լինել պարտաճանաչ և հարևանների համար չդառնալ որևէ միջադեպի պատճառ։
Աղջիկը առաջին օրվա ողջ գիշերն անցկացրեց բնակարանը վերադասավորելու եռքի մեջ։ Առավոտյան շքամուտքում հանդիպեցին, ճամպրուկ ու ծովափնյա գլխարկ կար ձեռքին։
-Մորաքույրս էր եկել ծովափից, երեխաների հետ էր։ Այսօր կմեկնի գյուղ,- ասել էր աղջիկը։
Նունիկը գլխով էր արել՝ ո՞ւմ հետ չի պատահի։
Երկրորդ, երրորդ օրը աղմուկը չդադարեց։ Դե, ո՞ւմ հետ չի պատահի։
Չորրորդ օրը աղջիկը մի որոշ ժամանակով անհետացավ, ու նրա գոյության մասին համարյա մոռացել էին, երբ նա հանկարծ թակեց դուռն ու խնդրեց, որ Նունիկենք թույլ տան սենյակի լվացքի մեքենան փոխարինի իր բերած լվացքի մեքենայով։
-Չեմ կարողանում վաճառել, հո դեն չե՞մ գցի,- ասաց։
Մեքենան միացնելու գործը նույնպես Նունիկենց էր վերապահված։ Ամուսինը, ինչպես բոլոր ամուսինները նման դեպքերում, սիրով ստանձնեց այդ գործը, ու Նունիկը թոկը վիզը գցած հորթի պես ընկավ առաջ՝ դեպի հարևան տուն։ Պարզվեց՝ այնքան էլ հեշտ չէր, քանի որ մեքենան տեղափոխելիս վնասվել էր, ու երկու խողովակների ամրակցման հատվածում ժապավենով փաթաթելը հատուկ հմտություն էր պահանջում։
«Թե ո՞ր օրվա սանտեխնիկն ես»,- իր համար էլ աննկատելի՝ Նունիկը խայթեց ամուսնուն, որը, գործն ավարտելով, հայացքով ցույց տվեց տեղահանված մեքենան, որը մի կերպ հրեցին դուրս։ Իսկ մի քանի ժամից եկան բանվորներ ու տարան շենքից վերջնականապես ու ինչպես համոզված էր Նունիկը՝ մշտապես։ Բազում օրեր իրենց, ապա մորն ու աղջկան արդարությամբ ծառայելուց հետո «ղոչաղին» հրաժեշտ տվեցին ուսանողուհու առաջին իսկ պահանջով։ Փաստը Նունիկին ցնցեց։
Ու նրանք տուն վերադարձան լուռ։ Ոչինչ չխոսեցին։ Սակայն ողջ օրը Նունիկը հիշեց ու բազմոցին պառկած ամուսնուն իր բարձրաձայն մենախոսության մեջ հիշեցրեց, թե ինչպես էր վերջինս տարիներ առաջ իրենց փչացած լվացքի մեքենան թողել անսարք, ու ոնց էին լվացքից Նունիկի փոքրիկ մատները խեղճացել նրա անտանելի հագուստների պատճառով․․․
Գիշերը Նունիկը վերցրեց բարձն ու առանց դիմադրության հանդիպելու անցավ դստեր ննջարան՝ մի կերպ ընկնելով բազմոցին։ Պատից այն կողմ լռություն էր։ «Սսկվել է… մաքրուհին»,- և հազիվ էր աչքերը փակել, երբ աղջկա դուռը ճռռոցով բացվեց, ու նա մի տղամարդու հետ ներս ընկավ։ Գրազ կգար, որ տղամարդը նրան գրկած էր բերում։ Որովհետև երբ դուռը փակվեց, պատերը թափահարվեցին։ Հերթով գետնին թափվեցին աղջկա կոշիկներն ու մնացած իրերը՝ պայուսակը, բլուզը, կրծկալը (այո, այո, Նունիկի ականջը խաբվողը չէ), կիսաշրջազգեստը, որի գոտու ճարմանդը խփվեց պատին, ու Նունիկը այսահարի պես մի կողմ թռավ, ասես իրեն էր դիպել։
Դուստրը քնած էր, ու Նունիկը խորը շունչ քաշեց։
«Անամո՜թ․․․ Դրան տես»,- չէր կարողանում աչք կպցնել Նունիկը, երբ հանկարծ շրմփոց լսեց։ Ասես ապտակում էին։ «Տեր Աստված»,- մրմնջաց։ Պատրաստ էր դուրս թռչել, եթե աղջիկը օգնության կանչեր։ Բայց լռությունը երկարեց։ Հետո էլի տնքոցներ։ Ու Նունիկը համոզվեց, որ աղջկա գործերը մութ են։
Համարյա քնել էր, երբ սենյակից կրկին ձայներ լսվեցին։ Նորից ապտակ, ասես մտրակի հարվածներ՝ ինչ-որ փափուկ մսագնդի։ «Տեր Աստված»,- Նունիկը գլուխն առել էր ձեռքերի մեջ ու ականջներին չէր հավատում։ Կմտածեր, թե աղջկան սպանում են, եթե նա պարբերաբար ձայնը փշաքաղված չգցեր ու չխոցեր Նունիկի ամոթահար գլուխը։
Վերջապես ամբողջ պատկերը ուրվագծվեց։ Ու Նունիկը որոշում ընդունածի պես կանգնեց ոտքի։ Հազիվ զսպեց իրեն, որ չհարվածի պատին։ Բայց եթե «իրեղեն ապացույցը» ձեռքից բաց թողներ, չէր կարողանա մտածածը գլուխ բերել։ Նա ոտքերի մատների վրա սահեց ամուսնու սենյակ ու ձայն տվեց։ Ամուսինը քնած էր։ Քաշեց վերմակից․ «Վեր կաց, գողեր են մտել»։ Ամուսինը ցցվեց տեղում։ «Մեր տուն չէ, կողքի՜․․․»,- շշնջաց։ Ամուսինը թռավ տեղից ու երկուսով ճեղքեցին մթությունը, ասես Յասոնն ու Մեդեան՝ վիշապին սպանելու գնալիս։ Եվ երբ հասան պատին, Նունիկը պարզեց ցուցամատն ու ինչպես ցույց կտար վիշապի գլուխը՝ բազմանշանակ շունչը պահեց։
Լռություն էր տիրում։ Ամուսինը գլուխը դրեց պատին։ Նունիկը մտքում սկսեց աղոթել, որ տղամարդը կրկին ապտակի աղջկան ( չզարմացավ նույնիսկ, որ չամաչեց այդ ցանկության համար)։ Իր բախտից՝ արձագանքը չուշացավ։ Ամուսինը հասկացողի հայացք ընդունեց, ականջը հեռացրեց ու մատը քունքի մոտ ոլորելով՝ նախատեց․«Ապո՞ւշ ես․․․ ի՞նչ գողեր, չես հասկանո՞ւմ՝ ինչով են էնտեղ զբաղված․․․»։
Նա հորանջելով հեռացավ՝ խոստանալով, որ առավոտյան մի բան կմտածի։
Առավոտյան աղջկան չկարողացան գտնել, ձեռքի հեռախոսն անջատված էր։
Բայց․․․ հարայ-հրոցով ներս ընկավ ներքևի հարևանը։ Վատ միացման պատճառով մեքենայից հոսած ջուրը հասել էր նրա տուն ու փչացրել առաստաղը։ Իսկ կողքի սենյակում փուլ էր եկել լամինատը, որը նորոգելու համար պիտի ամբողջությամբ փոխեին այն․․․
Աղջիկը վերադարձավ ուշ երեկոյան, վարդերի փնջով։ Նունիկը չկարողացավ բառ ասել ու դուռը շրխկոցով փակեց, որ մտքին եկածը չասի․․․
Մինչև նա նոր կացարան կգտներ՝ Նունիկենք մոտ մեկ ամիս ստիպված եղան հերթապահել դստեր ննջարանում։ Ամուսինը, հոգնած այդ ամենից, հայտարարեց, որ բնակարանն այլևս ոչ մեկի չեն տա։ Ինչ էլ որ լինի։
Սակայն Նունիկն էր դեմ․ նախ՝ «ավել փողը փոր չէր ծակի», երկրորդ՝ «մինչև նորից վերանորոգում չանեին, այդ «լրբի տուն» ոտք դնողը չէր այլևս»։
Նրա գլխում իր մատների պես փոքրիկ կանթեղներ էին վառվում, երբ գիշերները հերթապահելիս ամուսնուն հերթով հիշեցնում էր կյանքի պատմությունները։
Երրորդ՝ ամենակարևորը, որի մասին չէր ասում ու փռթկում էր ինքն իրեն, նոր հայտարարությունն էր, որը գրում էին Նունիկի գլխում արթնացած խավարասերները։ «Թող գա՜ն, թող վայելե՜ն։ Բա ո՞ւմ համար ենք աշխատում»,- հեգնում էր։- «Մայր ու աղջիկ եկան, մենակ աղջիկ եկավ, ինչո՞ւ տղամարդկանց համար խտրականություն դնենք»։
Դժվար չէր, ու Նունիկը մտքում արդեն պատրաստի տեքստ էլ ուներ․ «Վարձով է տրվում մեկ սենյակ։ Դիմեն միայն տղամարդիկ»։
Ամենից շատը, որ ցանկանում էր Նունիկը, որ ամուսինը կարդար այդ տեքստը։ Ու ամենից շատը, որ ցանկանում էր՝ դեմքը տեսներ կարդալու պահին։
Լուսանկարը՝ Մառամ Ավագյանի
No Comments