2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը:
Հոբելյանական նշանակալի իրադարձության, ինչպես նաև թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակի կապակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ հունիսի 16-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական N 2 տան հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) կմեկնարկի հոբելյանական միջոցառումների շարքը:
Հունիսի 17-ից նշված հասցեում երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որին ընթացքում կներկայացվեն 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքներ, կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմությանն ու գործունեությանը, հեղինակներին նվիրված տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ և ծրագրեր:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների և ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 16:00-ին, որի շրջանակներում նախատեսվում է.
«Ժամանակակից արվեստի թանգարան» երկլեզու (ռուսերեն, անգլերեն) պատկերագրքի 3-րդ հատորի շնորհանդես:
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ Գայանե Խաչատուրյանի «Սպիտակ կարուսել», Արմեն Գևորգյանի «Համբարձում» և Աշոտ Բայանդուրի «Համերգ» գեղանկարների գրաֆիկական ցուցադրություն:
«Այդ Իգիթյանը…» խորագրով լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքների մեկնարկ՝ մունջ դերասաններով (ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, սցեարի հեղինակ՝ Աննա Սարգսյան):
Բացման խոսքով հանդես կգա թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:
Միջոցառմանը հրավիրված են մշակույթի և պետական-հասարակական գործիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հանդիսավոր բացման արարողության մուտքը՝ հրավիրատոմսերով:
No Comments