Արմինե Սարգսյան Հրատապ

Հատկապես ստեղծագործական կոլեկտիվների համար մեծ փնտրտուքի շրջան է սկսվելու

25.05.2020

Անցումը առցանց հարթություն՝ մշակութային կազմակերպությունների համար անսպասելի էր և կտրուկ։ Կրեատիվ լուծումները չուշացան, բայց դեռ նոր կենսաձևին չհարմարված՝  կարծես թե վերադառնում են (կիսով չափ)  նախկին՝  իրական կյանքի ռիթմին։ Թե՛ կենդանի, թե՛ առցանց աշխատանքը հանրայնացնելու, արվեստասերների հետ կապը չկորցնելու գործում կարևորվում է հանրային կապերի մասնագետների դերն ու պրոֆեսոինալ գործելակերպը։  Թեմայի շուրջ մասնագիտական ուշագրավ մանրամասներ է ներկայացնում  բա­նա­սի­րա­կան գիտութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու, ԵՊՀ դո­ցենտ Վահագն Զաքարյանը։


— Կարծես մոտեցել ենք համավարակով պայմանավորված պարապուրդի սահմանագծին: Փի Ար ոլորտի մասնագետների համար սա փորձությո՞ւն էր, թե՞մի նոր հնարավորություն:

— Փորձություն էր, որը նոր հնարավորություններ ընձեռեց ստեղծագործելու, աշխատանքի նոր ուղղություներ բացահայտելու համար: Ասածս հատկապես վերաբերում է մշակույթի ոլորտի կառույցներին. դրանք կիրառեցին նոր հնարավորությունները՝ հիմնվելով նախկինում անտեսվածների վրա՝առավել սերտացնելով հանդիսատեսի, այցելուի հետ կապը: Բացառիկ հնարավորություն ստեղծվեց սեփական գործունեությունը հանրահռչակելու, մշակույթ-հասարակություն կապն առավել խորացնելու համար: Եթե փորձենք փուլային բաժանումներ անել, ապա պիտի ասենք, որ առաջին փուլում մի տեսակ անորոշություն էր, որը շատ արագ լրացվեց առցանց գործունեությամբ, բացեր նկատվեցին թվային նյութերի մասով: Երկրորդ փուլում ակտիվ մրցակցություն էր և մշակութային կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացման ընթացք: Ինչպես և ակնկալվում էր, վերջին՝ երրորդ փուլում, արդեն նկատվեց սեփական թվային պրոդուկտի ստեղծման անհրաժեշտություն: Այս ուղղությամբ դեռևս էական քայլեր չեն արվում: Բարդագույն և առավել մեծ ստեղծագործական հնարավորությունների ընթացքը նոր է սկսվելու: Պետք է արագորեն կողմնորոշվել այս փուլի ակնկալիքների առնչությամբ:

— Կարո՞ղ եք, հնարավորինս հակիրճ, առանձնացնել վնասներն ու ձեռքբերումները:

— Սերտացավ հասարակության և մշակութային կառույցների միջև կապը, առցանց հարթակներում մեծացան մշակութային կազմակերպությունների հնարավորությունները: Մեծաթիվ մշակութային կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ լուսանցքում էին մնացել, կարճ ժամանակում ճանաչելի դարձան: Մշակութային կազմակերպությունների համար, հատկապես՝ հանրության հետ կապերի ակտիվացման առումով, ինքնակազմակերպման և ստեղծագործական նորանոր հնարավորությունների բացահայտման ընթացք սկսվեց: Եվ ի վերջո, հետագայի համար անսահմանափակ հնարավորությունների հարթակ է բացվել. պարզապես պետք է ճիշտ կողմնորոշվել այս փուլում: Վնասների առումով առաջնայինն այն էր, որ դադարեց հանդիսատեսի և արտիստի միջև անմիջական կապը, երկարատև պարապուրդը չի կարող ի շահ արտիստի լինել, ի վերջո, նախապես պլանավորված բազմաթիվ ծրագրեր դադարեցվեցին:Այս ամենի հետևանքով՝ նվազագույնը մեկ տարի կպահանջվի՝ նախկին հունին վերադառնալու համար:

— Փի Ար ոլորտի հիմնախնդիրներից ո՞րը կառանձնացնեք՝ համավարկից առաջ, թե հետո:

— Այս ոլորտում մասնագիտական ուժերի պակաս է զգացվում, տեղայնացված աշխատանքը ենթադրում է ոլորտի մասնագետների գործունեություն՝ արդեն իսկ համապատասխան վերլուծությունների արդյունքում մշակված ծրագրերով: Ցավոք, այս ամենը դեռևս պրոֆեսիոնալ մակարդակի վրա դրված չէ, դեռևս հանրային կապերի մասնագետների գործառույթը իրականացնում են գործավարները կամ էլ, լավագույն դեպքում, ինչ-որ բաժիններում առավել քիչ զբաղվածություն ունեցող անձինք: Արդյունքում՝ նմանօրինակ ճգնաժամային իրավիճակներում ուղղակի անհնար է լինում պատշաճ գործունեություն ապահովող քայլեր իրականացնել: Այս ամենից հետո պետք է խորքային վերլուծություն իրականացնել, վեր հանել բոլոր բացերը և հետագայի համար պատրաստ լինել բոլոր հնարավոր մարտահրավերներին: Ուժեղ և պրոֆեսիոնալ Փի Ար բաժիններ ունեցող կառույցները լավագույնս կարող են դիմակայել այսօրինակ ցանկացած խնդրի: Ի վերջո, պետք է գիտակցել, որ անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական ներդրումներ, հանրային կապերի ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրեր: Փորձը ցույց է տալիս, որ միայն այս դեպքում է հնարավոր նվազագույն կորուստներ ունենալ ցանկացած արտակարգ իրավիճակում:

— Համավարկից հետո վերադառնալու ենք հին կենսակերպի՞ն, թե՞ արդեն ամեն բան ուրիշ է լինելու:

— Հին կենսակերպին այլևս վերադարձ չի լինի, երկու-երեք ամիսը բավականին մեծ ժամանակահատված էր՝ նորի ձևավորման համար, նոր ասելիքի ժամանակներ են գալիս, հատկապես ստեղծագործական կոլեկտիվների համար մեծ փնտրտուքի շրջան է սկսվելու: Նախ՝ դեռ շատ երկար ժամանակահատված պետք է դրսևորման նոր հարթակներ փնտրել, բացի այդ՝ հանդիսատեսին, այցելուին մշակութային կառույց բերելու համար պետք է նորանոր ձևեր գտնել և առաջարկել: Գլխավորն այն պետք է լինի, որ այցելելով մշակութային հաստատություն՝մարդը վստահ լինի, որ իր առողջության մասին առավելագույնս հոգում են: Սակայն, նորից եմ ասում, հոգևորի մեծ սովի շրջան է սկսվելու: Առցանց հարթակներում գործունեության գագաթնակետը ավարտին է մոտենալու, հիմա հոգևոր սովը իրական կյանքում լրացնելու շրջանն է սկսվելու: Իսահակյանի կանխատեսած հոգու սովը որոշակիորեն նաև այս դեպքում է դրսևորվելու:

 — Ասում են՝ առցանց գործունեությունն ավելի շատ հանդիսատեսի հետ կապը պահելու միջոց է, իսկ բնականոն գործունեության ժամանակ այդ կապը պահելու անհարժեշտությունը ընդգծված չէ՞:

 — Մեր դարն արդեն այլ կերպ անհնար է պատկերացնել: Մեր ամենօրյա գործունեության անբաժան մասն են լինելու առցանց ծրագրերը: Իհարկե, այս ընթացքը ամբողջ աշխարհում, նաև մեզ մոտ մշակութային կառույցների առցանց գործունեության լավագույն ժամանակահատվածն էր: Շահեկան դիրքերում հայտնվեցին այն մշակութային կառույցները, որոնք չկորցրին հարմար առիթը և մեծացրին առցանց գործունեության հնարավորությունները։ Նկատելի առաջընթաց եղավ արտիստների ճանաչելիության ուղղությամբ: Պետք է այս ընթացքում ձեռք բերվածից առավելագույն օգուտ քաղել և հետագայում նույնպես որակական նոր աստիճանի հասցնել ոլորտի մասնագետների աշխատանքը:

Կենդանի շփման կարևորությունը, բոլոր դեպքերում, ընդգծվե՞ց:

— Կենդանի շփման կարևորությունը շեշտակի ընդգծվեց արդեն իմ  նշած երրորդ փուլում: Որքան էլ առցանց գործունեությունը որոշակի բացեր լրացրեց մշակութային կառույցների աշխատանքում,  աստիճանաբար նկատելի դարձավ կարոտը մշակութային կառույցների նկատմամբ: Մարդիկ սկսեցին իրենց կարոտը տարբեր մշակութային կառույցների նկատմամբ արտահայտել սոցիալական հարթակներում: Դեռևս ժամանակ կա՝ ապագայի համար օգուտներ քաղելու, իսպառ անհետևանք չթողնելու  վերջին երկու ամսվա ընթացքում ձեռք բերված հաջողությունները առցանց տիրույթում:

— Արդեն առկա՞ են այս ընթացքին առնչվող որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ, որոնք կարող են ուղղորդող դեր կատարել ձեր նշած ձեռքբերումները չսպառելու համար:

— Դեռևս մի փոքր շուտ է այդ մասին խոսել: Վստահաբար, կլինեն ուսումնասիրություններ, սակայն պետք է ժամանակ չկորցնել: Որոշ մշակութային կառույցներ արդեն անցել են սահմանափակ ռեժիմով աշխատանքին, պետք է նրանց գործունեությունը, փորձերը, փոքր ձևաչափով համերգներն ու ներկայացումները հասանելի դարձնել հանրությանը: Տարվա լավագույն ժամանակահատվածն է, հնարավոր է լավագույն լուծումներ գտնել և այս պահին ներկայանալ ժանրային նոր ձևաչափերով: Այս դեպքում է, որ անհրաժեշտ է մշակույթի ոլորտում ներգրավված համապատասխան մասնագետների վերապատրաստում, վեբինարների կազմակերպում՝ Փի Ար ոլորտի մասնագետների, մարքեթինգի բաժինների աշխատակիցների համար:

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply