Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել: Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձևաթղթերում: Հանդիպում են գրության այսպիսի ձևեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15-ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»-ը հունվար 2018 թ. կամ 15-ը հունվար 2018 թ. կամ15/01/2018 թ. կամ 15-01-2018 կամ 15.01.2018 և այլն:
Նկատելի է, որ ամսանվան (նաև ամիսը ցույց տվող թվի) և տարեթվի միջև ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է —ը և այլն: Համեմատաբար նոր իրողություն է, որ օր-ամիս-տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով:
Այս անհարկի բազմաձևությունը վերացնելու և գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
1. Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել և գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձևով: Պահպանել ամսաթիվ-ամսանուն-տարեթիվ հերթականությունը: Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ 15.05.2019: Ամսանունը գրել փոքրատառ:
Թույլատրելի է նաև ամսանվան ուղիղ ձևով գրությունը: Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.: Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաև սկզբում: Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.:
2. Ամիս-ամսաթիվը և տարեթիվն իրարից ստորակետով չանջատել: Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1:
3. Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերում գործածել միջակետ և ոչ թե թեք գիծ կամ գծիկ: Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25-01-2019, այլ 25.01.2019:
4. «Թվական» բառի համառոտագրությունը՝ «թ.»-ն, գրել թվանշանից առանձին՝ թողնելով բացատ: Օրինակ՝ 31 հունվարի 2019 թ.: Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերից հետո «թ.»-ն չգրել՝ համարելով ավելորդ:
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ
No Comments