Նարեկը մեղավոր չէր, որ Վահագնն իրենից 8 տարով փոքր էր: Ոչ էլ մաման ու պապան էին մեղավոր: Ուղղակի Նարեկի ծնվելուց հետո պապան գնացել էր Ռուսաստան, հետո եկավ, հետո նորից գնաց, հետո վերադարձավ ու հազիվ մի տեղ գործի ընդունվեց՝ սկզբում փոքր, հետո նորմալ աշխատավարձով: Նարեկն անհամբեր սպասում էր, որ եղբայրը ծնվի, որ հետը խաղա, բայց երբ առաջին անգամ տեսավ Վահագնին, հասկացավ, որ նա իր հետ խաղալ չի կարող՝ այնքան փոքր է: Սկզբում մտածեց՝ ոչինչ, կմեծանա նոր, հետո հասկացավ, որ երբ Վահագնը դառնա իր տարիքին՝ 8 տարեկան, ինքը կլինի 16 տարեկան ու ամուսնացած իրենց դասարանցի գանգրահեր Սոնայի հետ: Միտքը, որ եղբոր հետ երբեք չի խաղալու, Նարեկը ծանր տարավ, այնքան, որ մաման, պապան, հորքուրը, մորքուրը, տատին, պապին, նույնիսկ հարևանն ու իր ամուսինը, վստահ էին, որ Նարեկին այնքան էլ չի ուրախացրել եղբոր ծնունդը: Բայց ինքը գիշերները, երբ բոլորը քնած էին, թաքուն գնում էր ու եղբորը պաչում…
Ութ տարի անց, երբ Վահագնն արդեն սիրահարված էր իրենց դասարանցի պեպենոտ Մարինեին ու վստահ, որ 16 տարեկանում, հենց դպրոցն ավարտեն, ամուսնանալու է հետը, Նարեկն արդեն ծխում էր ու թրաշվում: Երկուսն էլ անում էր՝ հանուն Սոնայի, որը, սակայն, դաշնամուրի էր գնում ու պատրաստվում ընդունվել կոնսերվատորիա, քանի որ հեռուստացույցով մի դաշնակահար տղա էր տեսել ու մինչեւ գանգուրների ծայրը սիրահարվել: Ու չնայած երկու եղբայր սիրահարված էին, բայց խոսակցության ընդհանուր թեմա չունեին, գուցե հենց այն պատճառով, որ երկուսն էլ սիրահարված էին: Հենց այդ գարնանն էլ պապան երկրորդ գործը ճարեց ու սկսեց գիշերներն էլ աշխատել: Ճիշտ է՝ տանը, բայց աշխատել: Պապան հասկանում էր, որ Նարեկն արդեն մեծ տղա է, հեսա բանակ է գնալու, հեսա վերադառնալու է, հեսա ամուսնանալու է, հեսա տուն է պետք… Ու չէր քնում: Մաման, երբ օրվա ճաշը եփում էր, դեռ ամանները չլցրած, արդեն մտածում էր վաղվա ճաշի մասին, որովհետև երեք տղամարդ էր պահում ու նույնիսկ տալն ու սկեսուրը գիտեին, որ դա սարսափելի տանջանք է: Նարեկի ծխելու հետ կապված պապան բան չասաց: Ինքն էլ էր ծխում, համ էլ զբաղված էր՝ ցերեկները շինարարություն էր անում, գիշերները՝ մինչև երեքը-չորսը կոշիկ էր կարում: Սոսնձի հոտը գիշեր-ցերեկ տան մեջ էր, բայց ոչ մեկը մյուսի հետ խոսելու ժամանակ չուներ, չնայած իրար ե՞րբ էին տեսնում, որ խոսեին: Նույնիսկ մի սենյակում քնող պապան ու մաման գլուխները թեքում էին տարբեր ուղղություններով. այդքան հոգնած էին: Վահագնը, չնայած տան փոքրն էր, բայց մի օր մորն ասել էր, թե իրենց տանը ինքն ամենաշատը սիրում է հեռուստացույցն ու գդալը: Մայրը զարմացել էր, ինքն էլ պարզաբանել էր.
— Որովհետեւ մեր տանը մենակ հեռուստացույցից ու գդալից է ձայն գալիս, երբ հաց ենք ուտում:
Մայրը լուռ ժպտացել էր ու ասել, թե ոչինչ, հեսա, որ մի քիչ փող հավաքենք, որ մի տան հարց լուծենք, պապան էլ գիշերները չի աշխատի, իսկ եթե պապան գիշերները չաշխատի, իրենք երեկոները կգնան զբոսանքի, իսկ եթե գնան զբոսանքի, իրար հետ կխոսեն… Մի խոսքով: Հետո լսվել էր միայն Վահագնի գդալի ձայնը՝ ոսպով ճաշի մեջ ու 8-ամյան տղան հասկացել էր, որ ամբողջ կաթսայի միջի ոսպն ավելի քիչ է, քան այն տարիները, որոնց ընթացքում պապան պետք է գիշերներն աշխատի:
Մաման համով էր սարքում ու միշտ մի քիչ աղի: Ասում են, եթե կինը աղի է սարքում, ուրեմն ամուսնուն շատ է սիրում: Հենց սիրո մեջ էլ ապրում էին, ամեն մեկն իր գործին, ամեն սենյակում մի ժամացույց դրած ու ամեն ժամը մեկ ժամացույցներին նայելով: Տղաները, որ շուտ մեծանան, մաման, պապան, որ հասցնեն:
Մաման, բացի ճաշ եփելուց, նաեւ մանկապարտեզ գործի էր գնում: Մանկավարժ էր: Ոչ ֆինանսապես, ոչ էլ կարգավիճակով վաստակաշատ չէր: Բայց փոքրիկներին սովորեցնում էր պարել, երգել, նկարել, արտասանել, որ մեծանան լավ սովորեն, լավ սովորեն, որ լավ աշխատանք ունենան, լավ աշխատանք ունենան, որ իրենց տունը լավ պահեն, լավ ապրեն, որ իրենց երեխաներն էլ լավ ապրեն…Մաման արդեն 50-ին մոտ կին էր, պապան մամայից տասը տարի մեծ էր, բայց մամայի մազերն ավելի շատ էին սպիտակել, չնայած պապան ավելի շատ էր ծխում: Հատկապես գիշերները, երբ պապան մուրճով խփում էր կոշիկի մեխին, բայց այնպես, որ ոչ մեկի քունը չխանգարի, մաման ամաններն էր շարում դարակում, բայց այնպես, որ ձայն չգա, Նարեկն իրենց սենյակի պատուհանը կիսաբաց արած՝ թաքուն ծխում էր, որ ձայնը հաստ լինի, որ Սոնային սեր խոստովանի, Վահագնը պառկում էր, աչքերը փակում ու հասկանում, որ իրենց տանը միակ բանը, որ առաջ է գնում՝ ժամացույցի սլաքն է: Մի անգամ պապային հարցրեց, թե ինչքա՞ն մնաց, որ փող հավաքեն, որ կարողանան տուն առնել: Պապան սիգարետը հանգցրեց մոխրամանի միակ ազատ կետի վրա ու ասաց.
-Գնա քո գործերով զբաղվի. մեծ տղա ես:
Վահագնին դուր չեկավ, որ պապան չասաց, թե ինչքան փող է մնացել, որ հավաքեն, բայց նա ժպտաց, երբ իմացավ, որ մեծ տղա է, նույնիսկ Նարեկի ածելիով մատը ծակեց, քանի որ չգիտեր, թե դա ինչպես են օգտագործում:
Այդ օրը մաման լոբին մի քիչ վառել էր ու խոհանոցի պատուհանը բացեց, որ ծուխը գնա: Նարեկը սենյակում փակվել էր ու հայտարարել, որ ինքը սոված չի ու չի սովածանալու: Վահագնն իմացել էր, որ Սոնան կոնսերվատորիա չի ընդունվել, որովհետեւ նրա պապան ու մաման Գրին քարտ են շահել ու Սոնան հիմա վերեւից նայում է օվկիանոսին: Պապան ՝ կոշիկի սոսնձից ու կյանքից սեւացած ձեռքերով ճերմակացրել էր մի կնոջ բարձրակրունկ կոշիկները, ու երբ մտավ լոգարան, մաման մտավ նրա հետեւից: Վահագնը լսեց, թե ինչ էին խոսում պապան ու մաման, չնայած ծորակի ջուրը միացրած էր: Մաման ասաց.
-Բա ե՞րբ ենք ապրելու:
Պապան էլ պատասխանեց.
-Վաղը:
Հաջորդ օրը տանն ամենաշուտը Վահագնն արթնացավ: Նրա ծննդյան օրն էր:
No Comments