ԳրաԴաշտ Իսրայել Ասրյան

Ինչո՞ւ կարդալ Հարփըր Լիի ստեղծագործությունները

18.05.2020


Կան անվանի գրողներ, որոնց ճանաչում ենք մեկ գրքով, թեև ունեն բազմաթիվ հրապարակված ստեղծագործություններ։ Կան նաև քիչ թվով գրողներ, որոնք ողջ կյանքի ընթացքում հրապարակում են միայն մեկ ստեղծագործություն, և այն դառնում է համաշխարհային  գլուխգործոց։

Այդպիսիներից են Էմիլի Բրոնտեն՝ «Մոլեգին հողմերի դարավանդը», Մարգարետ Միտչելը՝ «Քամուց քշվածները» և Հարփըր Լին՝ «Ծաղրասարյակ սպանելը» վեպերով։

Հարփըր Լիին ներկայացնելու կարիք չկա, նա հայտնի է և սիրված ողջ աշխարհում։ Լին հրապարակեց իր պաշտանմունքային վեպը, երբ երեսուննանց էր, իսկ հետո՝ մինչև կյանքի վերջը,  չավարտեց և ոչ մի ստեղծագործություն։ Հայտնի է, որ նա մի քանի անգամ աշխատել է նոր գրքերի վրա, բայց կանգ է առել վաղ փուլերում։ Այնուամենայնիվ, Լին շարունակում է մնալ ամերիկյան գրականության պատմության ամենակարևոր ու խոհրդավոր դեմքերից մեկը։

Ծաղրասարյակ սպանելը

Հարփըր Լի։ Ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային գրականության այս դասականը բարձր է գնահատվում իր հերոսների քարոզած բարոյական հատկանիշների համար։ Վեպի հիմնական՝ քաջության թեման, այն հայեցադաշտն է, որն ընթերցողին ակնթարթորեն կապում է պատմության հետ։ Գրքի հերոսները հավատում են, որ անհրաժեշտ է պաշտպանել այն, ինչը ճիշտ է: Նրանք կարեկցող են, սիրող և ամենից առաջ՝ ազնիվ։ Ռասսայական,  դասային անհավասարության խնդիրներին անդրադարձող այս վեպը հայտնի է իր ջերմությամբ և հումորով։ Պատմողի հայրը՝ Ատիքըս Ֆինչը, շատ ընթերցողների համար տիպիկ բարոյական հերոս է և իբրև փաստաբան՝ ազնվության օրինակ։ Վեպը հրատարակվել է 1960-ին՝ 5000 տպաքանակով և միանգամից մեծ հաջողություն է ունեցել՝ դառնալով բեսթսելլեր, 1961-ին  արժանանալով  Պուլիտցերյան մրցանակի։ Վեպը համարվում է ամերիկյան գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում։ Այն դարձել է բոլոր ժամանակների դասական ստեղծագործություն,  թարգմանվել երեսունից ավելի լեզվով, վաճառվել ավելի քան քառասուն միլիոն օրինակ։ 1962-ին Ռոբերտ Միլիգանը գիրքը վերածեց  ֆիլմի, որն առաջադրվեց «Օսկարի» 8 անվանակարգում և արժանացավ դրանցից երեքին։

Գնա ու պահակ կանգնիր

Կյանքը հաճախ տհաճ անակնկալներ է մատուցում, ինչի մասին Հարփըր Լին գրել է իր «Գնա ու պահակ կանգնիր» վեպում։ Այն գրվել էր «Ծաղրասարյակ սպանելը» գրքի լույս ընծայումից առաջ, և չնայած գիրքն ի սկզբանե կոչում էին  Լիի պաշտամունքային վեպի շարունակություն, հիմա այն համարվում է «Ծաղրասարյակ սպանելը» վեպի առաջին տարբերակը։ Ըստ սյուժեի՝ Սրաչուկն արդեն ավելի քան քսան տարեկան է, երբ  վերադառնում է տուն՝  հոր՝ Ատիքըսի մոտ, որն առաջվա պես ապրում է Մեյկոմբում։ Ատիքըսը  շատ էր փոխվել, ինչը զարմացնում է  Սրաչուկին։ Ի դեպ, գրքի անունը վերցված է Եսայու մարգարեությունից /տե՛ս 21․6/։ «Գնա ու պահակ կանգնիրը»-ը անդրադառնում է ռասսայական լարվածության խնդրին,  որը ծագել էր հարավում 1950-ականներին ևխորացել հոր ու դստեր միջանձնային բարդ հարաբերություններում։ Գրվելուց տասնյակ տարիներ անց գրքի անսպասելի հայտնվելը ամերիկյան դասականի միակ «մյուս ստեղծագործության» կողքին դարձավ անհավանական իրադարձություն։ Amazon-ը հայտարարեց, որ դա «նախապես ամենից շատ պատվիրված գիրքն» է իրենց մոտ՝«Հարրի Փոթերը և մահվան պարգևները» գրքի լույս ընծայումից հետո (2007թ.), իսկ խանութները վաճառքը սկսու մ էին կեսգիշերից՝ սպասելի պահանջարկը բավարարելու համար։

Այլ գործեր

Հարփըր Լին հրապարակել է նաևայլ գործեր, դրանք գտնելն անհավատալիորեն դժվար է այն պատճառով, որ  հրատարակվել են  գրական համալսարանական պարբերականներում,  1940-ականների վերջերին, և երբևէ չեն վերահրատարակվել։

Նյութի աղբյուր՝ vogue.ua
 Ռուսերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply