Անի Անտոնյան Կինո

Մարիա Սահակյանի ժամանակը

01.02.2022

«Կինոն այն ոլորտն է, որին պետք է ամբողջությամբ տրվես»,- ռեժիսոր Մարիա Սահակյանի խոսքերն են։ Չնայած իր կարճատև կյանքին՝ այս նրբազգաց և ուժեղ կինն աշխարհին թողել է հինգ ֆիլմ և․․․ նույնքան երեխա։ 

Նրանք, ովքեր փոքր-ինչ ճանաչել են Մարիա Սահակյանին, կպնդեն, որ կյանքը եռում էր նրա մեջ։ Երևանում ծնված-մեծացած, ապա Մոսկվայում իր ձեռագիրը կերտած ռեժիսորը փորձարար էր, որը վարպետորեն կարողանում էր խառնել պատկերն ու ձայնը, համադրել առաջին հայացքից անհամադրելի թվացող երևույթները։ Չափազանց տարօրինակ է, որ երիտասարդության ծաղկուն շրջանում գտնվող կինն անընդհատ հետհայացք է գցում անցյալին։ Նրա ֆիլմերի հիմքում ինքնաճանաչումն է, ինքնահաշտեցումը, քո ու քո «ես»-ի միջև երկխոսությունը, որը նոր հորիզոններ է բացում։ Ռեժիսորը պատմում է իր անձնական դրաման՝ արտագաղթ, պատերազմ․․․

Ո՞րն է Մարիա Սահակյանի ստեղծագործության բացառիկությունը։ Առաջինը կերպարների ֆանտաստիկ ընկալումն է։ Նրա հերոսները հասարակ մարդիկ են, շատ հաճախ՝ արտաքնապես և դերասանական ընդունակություններով չփայլող։ Օրինակ՝ մոր և դստեր բարդ հարաբերությունների մասին պատմող «Այդ ես չեմ» ֆիլմի հերոսուհի Արինա Ադջույին ռեժիսորը գտել էր համացանցով և անմիջապես առաջարկել գլխավոր դերը։  Անպատմելի է բնության հանդեպ նրա սերը։ Մարիան պաշտում էր Հայաստանը․ շունչը կտրվելու չափ գեղեցիկ համայնապատկերները՝ լեռներն առած մառախուղը, գնացքների բուսածածկ ու դեպի անորոշություն տանող ռելսերը, հայելապատ գետերն ու լճերը, գյուղական տների խաղաղ համակեցությունը նրա ֆիլմերի անբաժան մասն են։ Այդ ամենում յուրահատուկ պոեզիա կա․ հավանաբար դա էլ բանաստեղծուհի տատի՝ Սեդա Վերմիշևայի  թողած շնորհն է։ Փառքը երբեք նրա համար գերնպատակ չի եղել, նա պարզապես երջանիկ էր այն ամենով, ինչ ուներ՝ ընտանիք, ստեղծագործելու հնարավորություն։

«Մարիա Սահակյանի հետ առաջին ծանոթությունս Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էր ՝ «Այդ ես չեմ» ֆիլմի քասթինգի ժամանակ։ Ժպիտով, սևեռուն հայացքով ինձ նայեց, ու ես պատկերացրի, որ մտքում արդեն տեղավորում է ինձ ինչ-որ տեսարանում։ Թատրոնում ես դրական  կերպարներ էի խաղում, բայց քասթինգից հետո պարզվեց, որ ընտրվել եմ ոչ ավելի, ոչ պակաս սեքսուալ մոլագարի դերի համար։ Դա կինոյում իմ առաջին քայլն էր»- վերհիշում է դրամատուրգ, դերասան Էլֆիք Զոհրաբյանը։ 

«Բարի ու ժպտադեմ» ռեժիսորը, որը «ռ» հնչյունն արտաբերել չկարողանալու պատճառով ֆրանսուհու տպավորություն էր թողնում,  ինքն էլ  սկզբում տարակուսում էր՝  ինչպես է այդ ամենը գլուխ բերելու։ Փոքր քաղաքում՝ Ալավերդիում, կինոյի մարդկանց հայտնվելն իսկական իրադարձություն էր։ Դրամատուրգը ծիծաղով մտաբերում է՝ ինչպես էին տեղացի վարորդները, հեռվում դրված տեսախցիկը չնկատելով, շտապում իր՝ մոլագարի ձեռքից ազատելու երիտասարդ աղջկան։ 

Մարիայի հետ աշխատելը հեշտ էր։ Նա մեկ-երկու առանցքային խնդիր էր դնում, ինչի շնորհիվ ամեն ինչ պատկերավոր էր դառնում։ Խոսքում ամբիցիա չկար, դերասանին ազատություն էր տալիս, իսկ դիտարկումներն անում նրբանկատորեն, որ հանկարծ դիմացինին չվիրավորի։ Ստացված կադրի գնահատականը ժպտացող աչքերն էին։ «Պրեմիերայի ժամանակ ապշել էի։ Այդքան խառնիխուռն տեսարաններից նա կարողացել էր այդպիսի մակարդակով ֆիլմ ստեղծել։ Նայեցի նրան ու տեսա ամուր կինոռեժիսորի։ Նա կարողանում էր բնությանը կերպարային նշանակություն տալ»,- ասում է Էլֆիք Զոհրաբյանը։ 

Բեմադրող-օպերատոր Մկո Մալխասյանն ու Մարիա Սահակյանը տասնյակ տարիների ընկերությամբ էին կապված։ Ծանոթացել էին Երևանում մի լավ բարեկամի միջոցով, երբ Մարիան ու նրա պրոդյուսեր Վիկտորիա Լյուպիկն «Այդ ես չեմ» ֆիլմի համար տեղանք էին փնտրում։ Երիտասարդի աֆրիկյան ֆիլմից տպավորված՝ ռեժիսորը համագործակցության առաջարկ էր արել։  «Սցենարը շատ հավանեցի։ Դեռ երկու տարի առաջ էր դուրս եկել Մարիայի «Փարոս»-ը, բայց նա հստակ գիտեր, որ ուզում է նոր ֆիլմը նույն տեղում՝ Ալավերդիում նկարել։ Նրա համար կարծես չավարտված մի բան էր մնացել այնտեղ։ Առաջին իսկ վայրկյանից մեզ միացրին Լոռվա հանդեպ սերը, մեր կյանքի պատմությունները՝ վաղ ամուսնություն, ամուսնալուծություն, երկու աղջիկ զավակ։ Դրանից հետո եղան հարյուրավոր ճամփորդություններ դեպի Լոռի»,- պատմում է օպերատորը։ 

Այս ֆիլմի հետ Մարիան առանձնակի զգացմունքային կապ ուներ ու բոլորին փորձում էր տեղափոխել իր աշխարհ։ Թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս հարյուրավոր աղջիկներ քասթինգ էին անցել գլխավոր հերոսուհու կերպարի համար, սակայն նա ոչ մեկին չէր հավանում։ Մի «գերբնական» համոզվածությամբ զգում էր, որ գտնելու է իր պատկերացրածը, թեև նկարահանումների սկզբին մնացել էր մեկ շաբաթ։ Եվ ահա Livejournal կայքից նա հայտնաբերում է ֆենոմենալ կերպով թե՛ ձայնով, թե՛ ֆիզիկական ու զգացմունքային առումով իրեն նման Արինային։ 

Նկարահանումն ընթանում է տեխնիկական դժվարությունններով․ որոշվում է թվային տեսախցիկ օգտագործել, որն այդ ժամանակ կինոարտադրությանը խորթ երևույթ էր։ Սցենարով նախատեսված այն տեսարանները, որոնցում դեռատի հերոսուհին  բջջային հեռախոսով նկարում է իր շուրջը կատարվող իրադարձությունները, հենց ռեժիսորի ձեռագիրն են․  «Ոչ ոք ավելի լավ չէր կարող փոխանցել նրա պատկերացումները։ Այն դեպքում, երբ ես փորձում էի սիրուն կադր ստանալ, նա 8 մմ կինոժապավենով պարզապես վերարտադրում էր աղջկա ապրումները։ Ֆիլմի վերջաբանն ամբողջությամբ արված է 35 մմ ժապավենով»։

«Փարոս»-ը Մարիա Սահակյանի համար կարևոր հենակետ  էր՝  հաջորդ ֆիլմի վիզուալացման համար։ Բայց, ի տարբերություն առաջինի, որում քաղաքային տեսարանները ծառայում էին որպես գեղեցիկ կադր ստեղծելու միջոց, «Այդ ես չեմ» ֆիլմում շեշտը դրվեց իրականությունը ցույց տալու վրա՝ խիտ բնության մեջ կորած ու քանդված Ալավերդի քաղաքը։ Մկո Մալխասյանի խոսքով՝ երկու ֆիլմերում գնացքների սիմվոլիկան միաժամանակ պարզ է ու հետաքրքիր։ Հենց նկարահանումների ժամանակ փլուզվել էր Ալավերդի տանող ճանապարհը։ Վանաձորի պանսիոնատում ժամանակավորապես հաստատված անձնակազմի համար քաղաք հասնելու երկու տարբերակ կար՝ Վանաձորից դեպի փլուզված գոտի, այնտեղից էլ՝ Ալավերդի․ պետք էր երկու ավտոբուս փոխել։ Իսկ եթե նկարահանումներից ժամանակ էին խնայում, հասցնում էին Սանահինի կայարանից գնացքով վերադառնալ տուն։ Լավագույն ակնթարթները հենց վագոններում էին։ 

Մարիան առանձնանում էր իր նրբազգացությամբ և խորությամբ։ Համեստ էր, համբերատար, բայց պահանջկոտ։ Նրա ֆիլմերն «առաջ էին ընկնում» ժամանակից․ բեմադրող օպերատորի համոզմամբ՝ եթե այսօր դրանք ցուցադրվեն թվային հեղափոխության սերնդի համար, միևնույն է, նույն հնչեղությունն են ունենալու։ Տաղանդավոր, ուժեղ մարդկանց ստեղծածը տարիներ անց է արժանանում գնահատանքի։ 

Ինչպիսի՞ մայր էր Մարիան։ «Նրա համար ընտանիքը եղել է միշտ իր հետ ու իր մեջ։ Նա այդպես էլ չգնաց ընտրության՝ լինել մա՞յր, թե՞ ռեժիսոր, չնայած բոլոր արվեստագետները նման դժվարության առաջ կանգնում են։ Մարիայի ընտրությունն էր համատեղել կինոն և ընտանիքը, նա հակառակվում էր ընդունված կանոններին ու դրանով էր բացառիկ։ Երբ ծնվեց նրա երրորդ աղջիկը, մենք Մոսկվայում նկարահանում էինք «Էնտրոպիա» ֆիլմը։ Մարիան այդ ժամանակ կերակրող մայր էր, ու եթե մեկ անգամ տեսել եք այդ տարօրինակություններով լի սկանդալային տրագիկոմեդիան, ապա այն անհամադրելի էր թվում նրա էմոցիոնալ վիճակին։ Բայց նա ոչ միայն այդ ամենը հաղթահարեց, այլև ստեղծեց պատկերներ, հարաբերություններ»,- նշում է Մկո Մալխասյանը։ 

Ճանապարհներն առժամանակ բաժանվեցին։ Ռեժիսորի հետ վերջին հանդիպումը Լոս Անջելեսում էր, որտեղ նա բուժվում էր քաղցկեղից։ Ասաց, որ իրեն Մոսկվայից առաջարկել են ֆիլմ նկարել քաղցկեղ ունեցող աղջկա մասին․ համաձայնել է։ Հետո հումորով ավելացրեց, որ այդ հիվանդությունը տրվել է իրեն, որ լավ հետազոտի ու ֆիլմի էությունն ամբողջությամբ հասկանա։ 

Մարիայի հետ կապված հիշողություններն ընկերոջ համար առանձին դարակում են, դա մի ամբողջ ապրած կյանք է։ Դժվար է նրան անցյալում տեսնելը․ նա դիսկուրսի մարդ էր, որից միշտ կարելի էր նոր բան սովորել, որի հետ անհնար էր չվիճել։ 

Անի Անտոնյան

Լուսանկարների աղբյուրը՝ annikofilms.am
«Այդ ես չեմ» ֆիլմից ու կադրից դուրս դրվագներն՝ այստեղ։

Հ․Գ․ 2018 թվականի հունվարի 28-ին կյանքից հեռացավ հայ ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի ազգային «Հայակ» կինոմրցանակակիր, բազմաթիվ փառատոներում աչքի ընկած Մարիա Սահակյանը։ Նա ստեղծել էր հինգ ֆիլմ՝ «Հրաժեշտ», «Փարոս», «Այդ ես չեմ», «Էնտրոպիա», «Սխտոր, սոխ ու պղպեղ»․ գրում էր սցենարներ։ Նրա տունը Հայաստանն էր, իսկ Սանահինը՝ վերջին հանգրվանը։ Մի համեստ անկյուն, որտեղ միշտ թարմ ծաղիկներ կան և, ինչպես իր ֆիլմերում,  բալենիներ են ծաղկում։ 

No Comments

Leave a Reply