Նախորդ տարեվերջին՝ «Սասնա ծռեր» խմբի լեգենդար անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի մահվանից հետո, երգիչ, երգահան Վահան Արծրունին հանդես եկավ մի կարևոր նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բարեգործական համերգ՝ մեր հերոսի ընտանիքին աջակցելու նպատակով: Մեզ հետ զրույցում նա այն ժամանակ այսպես մեկնաբանեց իր որոշումը. «Քանի որ անդամակցում էի Եռաբլուրում Արայիկի հուղարկավորության պատվո հանձնաժողովին, դեպի Եռաբլուր երթի ժամանակ առաջարկեցի նման համերգ-դրամահավաքի գաղափարը՝ ի նպաստ Արայիկի ընտանիքի, և անձամբ ընդգրկվեցի նախաձեռնող խմբում: Սոցիալական խնդիրների մի շարք է ծառացած Խանդոյանների ընտանիքի առաջ՝ կապված թե՛ երեխաների կրթության հետ, թե՛ նրանց Երևան տեղափոխվելու. հասունացել է պահը՝ նրանց ամեն կերպ աջակցելու»: Նշենք, որ համերգ-դրամահավաքի իրականացմանը աջակցեց նաև մշակույթի նախարարությունը: Այն կայացավ 2018-ի նոյեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ե՛վ համերգի ժամանակ, և՛ համերգից հետո իրականացվեց դրամահավաք: Վահան Արծրունին դեռ այն ժամանակ մեզ տեղեկացրեց, որ նախաձեռնող խմբի մեջ հիմանականում «Սասնա ծռեր» կուսակցության անդամներն են, բոլոր հարցերը նրանք են համակարգում, որ բացված է համապատասխան հաշիվ, և ի նպաստ Արայիկ Խանդոյանի ընտանիքի հանգանակությունն իրականացվում է ամբողջ աշխարհում:
Օրեր առաջ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացքի մեջ է իր համերգով մեկնարկած բարեգործական առաքելությունը: Երաժիշտը պատասխանեց, որ, ցավոք, այսօր արդեն չկա նախկին խանդավառությունը, թեև Արայիկ Խանդոյանին աջակցելու նպատակով դրամահավաքը, այնուամենայնիվ, շարունակվում է, գործում է բացված բանկային հաշիվը:
Մեզ մնում է մտորել, թե արդյոք միայնակ է մեր ժողովրդին անհաշիվ ու անգին ծառայություններ մատուցած հերոսը, թե արդյոք իսկապես միայնակ է Գայլը:
Մեր հրապարակումով նպատակ ունենք բոլորի ներսում արթնացնել այս հարցերի պատասխանները գտնելու մղումը և ևս մեկ անգամ հիշեցնել Վահան Արծրունու կատարած քայլի կարևորության, բարեգործական համերգի օրերին մեր հասարակության շրջանում առկա ոգևորության մասին: Թող այս հիշեցումն ընկալվի իբրև հորդոր բոլոր նրանց համար, որոնք կարող են թեկուզ չնչին կերպով օգտակար լինել մեր ազնիվ հայրենակցի ընտանիքին:
ardi.am
No Comments