Ardi.am-ը ներկայացնում է օնլայն հարցազրույց փարիզաբնակ հայ երգիչ, բաս-բարիտոն Ադամ Բարրոյի հետ:
— Պարո՛ն Բարրո, Դուք 1988-ի երկրաշարժի ժամանակ ապրել եք Գյումրիում, դպրոցական եք եղել: Այսինքն՝ այսօրվա կորոնավիրուսային աղետը առաջինը չէ Ձեր կյանքում: Նմա՞ն են իրար երկու աղետները:
— Երկու դեպքում էլ մարդիկ խուճապի մեջ են: Բայց տարբեր են վիճակները: Ծնողներս զոհվել են երկրաշարժի ժամանակ: Ես և եղբայրս դպրոցում էինք, իրենք՝ տանը: Ցնցումից հետո ես դուրս վազեցի դպրոցից, մյուս կողմից վազքով ինձ մոտեցավ եղբայրս: Ճակատն արյունոտ էր: Փաթաթվեց ինձ ու ասաց. «Ա՛պ ջան, սաղ եմ»: Միասին գնացինք տուն: Բնականաբար, մեր տունը չգտնաք: Տասը օր անց դուրս բերեցին ծնողներիս դիակները: Բայց այն ժամանակ այս երկարատև սթրեսը չկար, ինչպես հիմա՝ կորոնավիրուսի սպառնալիքի դեպքում: Գիտեք, ես նախ և առաջ իմ երկրի համար եմ անհանգստանում, իմ թոռնիկների, որ Հայաստանում են: Միշտ մտածել եմ, որ իմ երկիրն ամենաապահով տեղն է աշխարհում: Եվ ուրախ եմ, որ աղջիկներս ամուսնացան հայաստանցի տղաների հետ ու Փարիզից տեղափոխվեցին հայրենիք: Նրանք ասում են, որ իրենց համար շատ թանկ բան է առավոտներն արթնանալ Հայաստանում: Բայց դժբախաբար հիմա Հայաստանում էլ նույն վիճակն է, ինչ Ֆրանսիայում ու ամբողջ աշխարհում: Ես խնդրում եմ մեծ գիտնականներին, որ ոտքի կանգնեն, գտնեն ելք այս վիճակից: Ամեն դեպքում կարծում եմ, որ այս համաճարակը շահեկան է լինելու դեղագործական համաշխարհային ընկերությունների համար. թող ինձ ներեն, բայց ես սա չեմ կարող չասել:
— Եվրոպայից եկած լուրերը վկայում են, որ սննդամթերքի խանութները դատարկ են, մարդիկ խուճապահար ամեն բան սրբել-տարել են: Այդպե՞ս է: Գոնե Փարիզի օրինակով կարո՞ղ եք այս տեղեկությունը հաստատել կամ հերքել:
— Գիտեք, որ մարդիկ հաճախ ղեկավարվում են ամբոխավարության կանոններով: Մարդը մտածում է՝ եթե կողքինս այս բանն արեց, ես էլ պիտի անեմ, ուրեմն սա է ճիշտը: Սա շատ վտանգավոր է: Փա՛ռք Տիրոջը, մեր տանն այդպիսի մտածողություն չկա, մենք անհրաժեշտ ամեն բան ունենք, թեև արդեն մեկ շաբաթից ավելի տանից դուրս չենք գալիս: Իսկ խանութներ դատարկելը, կարծում եմ, նաև մարտավարություն է: Ուրախ եմ, որ Հայաստանում ժողովուրդն իրեն ավելի զուսպ և արժանապատիվ է պահում: Ինչպես միշտ, մեր վարչապետը կարողացավ օրինակ ծառայել ուրիշներին, իր շուրջ հավաքեց գրագետ թիմ, որպեսզի կարողանան կազմակերպել ժողովրդի կյանքը: Բնականաբար, կլինեն մարդիկ, որ կողքից այլ մեկնաբանություններ կանեն այս մասին, բայց մենք արդեն երկու տարի է, որ ընտրել ենք, վստահել մեր վարչապետին ու շարունակում ենք վստահել այս դժվար պահին:
— Համավարակի տարածումը կասեցվա՞ծ է Ֆրանսիայում, թե՞ շարունակվում է նոր վարակվածների հայտնաբերումը:
— Ո՛չ, դժբախտաբար Ֆրասնիայում կասեցված չէ վարակի տարածման ընթացքը: Արդեն նաև բանակն է ներգրավված հակահամաճարակային աշխատանքների մեջ: Ստեղծվել են դաշտային հոսպիտալներ, մարդկանց բուժսպասարկումն իրականացվում է վրաններում, քանի որ հիվանդանոցներում այլևս հնարավոր չէ տեղավորել նրանց:
— Իսկ ի՞նչ հրահանգներ են տալիս մարդկանց, ինչպե՞ս են առաջարկում կազմակերպել կյանքը այս պայմաններում ֆրանսիացի մասնագետները:
— Հրահանգները ամբողջ աշխարհում նույնն են, կարծում եմ: Յուրաքանչյուրը, որ ցանկանում է օգտակար լինել մարդկանց, պիտի տանը մնա: Դա ոչ միայն իրեն է պետք, այլև մյուս մարդկանց, քանի որ տանից դուրս չգալով՝ դու միայն քեզ չէ, որ պաշտպանում ես վարակից, այլև ինքդ չես դառնում վարակի հնարավոր փոխանցող: Եվ այդ հրահանգին բոլորս ենք հետևում, այսօր Փարիզի փողոցները անսովոր կերպով դատարկ են:
Զրուցեց Կարինե Ռաֆայելյանը
No Comments