Ardi.am-ի զրուցակիցը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, մ.գ.թ., դոցենտ Դավիթ Պողոսյան է։
— Համավարակի և պատերազմի պարտադրած մշակութային դադարից հետո թանգարաններն իրենց աշխատանքը վերսկսելու, թանգարան-այցելու կապը ամրապնդելու առաքելություն ունեն։ Ի՞նչ է սպասվում նոր տարում Հայաստանի պատմության թանգարանում։
— Հայաստանի պատմության թանգարանում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Այցելուների համար թանգարանի մուտքը միառժամանակ փակ է։ Այս ընթացքում թանգարանը, իհարկե, գիտական մասով շարունակում է աշխատել, նաև հավաքագրում է արցախյան վերջին իրադարձություններին վերաբերող նյութեր։ Մասնավորապես, անցյալ տարեվերջից սկսել ենք զոհված տղաների մասին նյութերի հավաքագրում։ Օրերս, բանակի օրվան ընդառաջ, հյուրընկալեցինք Արցախի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցած կամավորների, որոնք պատերազմի ժամանակ իրենց պաշտպանական ամրությունները կառուցել էին հազարաշեն տանիքի եղանակով։ Նրանք սիրով հանձն առան պատմել իրենց այս փորձառության մասին։ Մարտադաշտում ավանդական սիմվոլիկան տեղայնացնելը, կարելի է ասել, բացառիկ երևույթ է։ Մենք ոչ միայն զենքով, այլև մեր մշակույթով ենք պայքարում։ Միշտ է այդպես եղել, այսօր էլ օրինակը կա։ Մենք որոշեցինք արձանագրել այս պատմությունը ապագա սերունդների համար, սա հետաքրքիր օրինակ է, նաև հետաքրքիր ցուցադրության նյութ կարող է դառնալ հետագայում։
— Առհասարակ, ի՞նչ է արվում թանգարանային հավաքածուն, անցուդարձը հանրայնացնելու համար, և ի՞նչ խնդիրներ կան այս առումով։
— Խնդիրների լուծումն ու հետագա ծրագրերը պայմանավորված են շինարարության ավարտով։ Մենք էլ ենք անհամբեր սպասում, թե երբ պիտի կարողանանք թանգարանի ցուցադրական, հանրային, հաղորդակցության տարածքները բացել այցելուների առջև։ Փակ թանգարանը, բնականաբար, չի կատարում իր հիմնական առաքելությունը։ Արդեն իսկ սկսել ենք որոշակի հայեցակարգային, ծրագրային, մասնագիտական գաղափարներ հանձնել թղթին․ շինարարության ավարտից հետո կունենանք մշտական ցուցադրության՝ որոշակի փոփոխված հատված, ժամանակավոր ցուցադրություններ։ Կիրառվելու են նաև կրթական ծրագրեր՝ ուղղված տարիքային տարբեր խմբերի։ Եվ ընդհանրապես, հաղորդակցման նոր քաղաքականություն պետք է սկսենք, որը միտված կլինի պատմության թանգարանը դարձնելու երկխոսությունների և տարբեր ձևաչափերով հաղորդակցվելու հարթակ։
— Թանգարանային ցուցանմուշները համալրվո՞ւմ են։
— Մոտ 400 հազար ցուցանմուշ է պահվում թանգարանում, համալրումներ, իհարկե, լինում են։ Համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, բնականաբար, շատ բան փոխվել է՝ և՛ այցելությունների, և՛ ժառանգության համալրման առումով։ Թանգարանը փորձում է նաև իր համալրման քաղաքականությամբ արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես օրինակ՝ մեր հերոս տղաների մասին նյութերի հավաքագրումն է։ Կարծում եմ, որ արդի թանգարանագիտությունը դրան է միտված․ պետք է հնարավորինս արագ արձագանքել այն ամենին, ինչ տեղի է ունենում՝ և՛ համալրման քաղաքականությամբ, և՛ հաղորդակցման, և՛ կրթամշակութային, և՛ ցուցադրական գործունեությամբ։
-Ի՞նչ կասեք Արցախի՝ վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հուշարձանների մասով։ Ի՞նչ պետք է անեն համապատասխան կառույցները՝ կանխելու համար դրանց անդարձ ոչնչացումը։
— Առաջին հերթին ափսոսանք կարող եմ հայտնել, որ հերթական անգամ մեր ժառանգությունը մնաց օտար զավթիչների ձեռքում. նրանք օր օրի ավելի են կատարելագործում ոչնչացման քաղաքականությունը։ Ոչնչացման վտանգը սպասելի է։ Սակայն Արցախի դեպքում մենք ունենք արձանագրված մեծաքանակ տեղեկատվություն՝ կապված հուշարձանների և ժառանգության մյուս օբյեկտների ու առարկաների հետ։ Եթե, օրինակ, Թուրիքայում մնացած պատմական շատ վայրերի մասին չկան փաստեր, Արցախի դեպքում կա գիտական և փաստական հիմք, որը հետագայում կդառնա կռվան՝ հնարավորինս փրկելու օտարի ձեռքում մնացած ժառանգությունը։ Մնացածը ցույց կատ ժամանակը․ դեռևս շատ հարցեր կան հասկանալու-որոշակիացնելու։ Բնականաբար, Ադրբեջանը ամեն ինչ անելու է՝ ելնելով կեղծ օրակարգից և հօգուտ նեղ ցեղային շահերի։ Բայց նաև կա միջազգային հանրություն։
—Որը հաճախ լուռ է։
-Ցավոք՝ այո, բայց այնպես չէ, որ ամեն ինչ շատ ստատիկ է, որոշ փոփոխությունների դեպքում՝ շատ բան կարելի է անել։ Կարևորը՝ պատրաստ լինենք մեր ունեցած փաստերը պատշաճ և գրագետ մատուցելուն։
-Ի՞նչ կավելացնեիք մեր զրույցին։
-Ես կուզենայի՝ այս տարին բերեր խաղաղ, նաև առողջ ապրելու հնարավորություն, որ կարողանանք հաղթահարել անցյալ տարվա դժվարություններն ու փորձությունները։ Այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք։
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments