Կրեատիվ Արմինե Սարգսյան Արցախ Կերպարվեստ

«Samsonyan Crafts»-ն ու Արցախյան մտապատկերները

13.09.2021



Ջեմմա Սամսոնյան։ Նկարիչ-խեցեգործ։ Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը՝ ստանալով դիզայների որակավորում: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում։ Աշխատել է Արմեն Աթանյանի արվեստանոցում, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում:
2018-ի հոկտեմբերին ամուսնացել է և ամուսնու՝ Մեխակավանի զորամասի սպա Ռաֆայել Խալաֆյանցի հետ տեղափոխվել Մեխակավան (Ջեբրայիլ)։ 2018-ի դեկտեմբերին բացվել է Մեխակավանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (Հադրութի ՄՊՍ կենտրոնի մասնաճյուղը), որտեղ Ջեմման աշխատել է որպես մեթոդիստ, դասավանդել կավագործություն և նկարչություն։ Հարազատ դարձած զինվորական բնակավայրը լքել է սեպտեմբերի 27-ին. առաջնեկի՝ փոքրիկ Արեգի հետ։ Հոկտեմբերի 4-ին Արեգը դարձել է վեց ամսական։ Նույն օրը պատերազմում վիրավորվել է ամուսինը։

Ջեմման կորցրել է հարազատ դարձած բնակավայրը, բազմաթիվ հայրենակիցների, հարազատ, սիրելի մարդկանց։ Հիշողությունները, կարոտը, ափսոսանքը արտահայտվում են արվեստի միջոցով։ Նպատակ ունի Մեխակավանին նվիրված ցուցահանդես բացելու։ 

Չնայած դժվարություններին՝ չի հանձնվել։ Շարունակում է գործել-արարել։

Երևանում ապրելու ամիսներին հիմնել է «Samsonyan Crafts» էկո-պայուսակների ընկերությունը։ Ամուսինը ապաքինվել է, ծառայությունը շարունակում է Վայքում։ «Քանի որ զինվորականի կին եմ, մտածում էի՝ այնպիսի աշխատանք գտնել, որը չեմ կորցնի այլ բնակավայր տեղափոխվելիս»,- ասում է Ջեմման։


— Ջեմմա, ովքե՞ր էին հաճախում Մեխակավանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, կա՞ր հետաքրքրություն։

— Մեխակավանը  զինվորական բնակավայր էր։ Հաճախում էին հիմնականում սպաների, նաև շրջակա գյուղերի երեխաները։ Ընդհանուր առմամբ աշխատում էինք 180 սաների հետ։ Տարբեր խմբակներ կային։ Հետաքրքրությունը մեծ էր։

— Ցուցահանդեսներ ունեցե՞լ եք։

— Ցուցահանդես ենք ունեցել Հադրութում։  Ստեփանակերտի պատկերասրահում բացված ցուցահանդեսին մասնակցում էին Հադրութի ուսումնական  կենտրոնի և Մեխակավանի մասնաճյուղի սաները։

— Ինչպիսի՞ն էր կյանքը Մեխակավանում։

— Այնտեղ կյանքը և՛ ուրախ էր, և՛ դժվար։ Օրինակ, միրգը, բանջարեղենը շաբաթը մեկ էին բերում՝ մեքենայով․ մեկին հասնում էր, մյուսին՝ չէ։ Բայց մարդիկ այնտեղ երջանիկ էին, անկեղծ եմ ասում, նյութապաշտ չէին։ Եթե մեկը մի կոնֆետ էր ունենում, մյուսներին բաժին էր հանում։ Մենք հրաշալի ընկերներ ձեռք բերեցինք։ Ես Երևանում եմ ծնվել-մեծացել, բայց ինձ համար արդեն դժվար է Երևանում ապրելը։ 

— Արցախցի սաների հետ կապ պահպանո՞ւմ եք։ 

— Այո, իհարկե, կապ պահում եմ, գիտեմ՝ որտեղ են ապրում, ինչպես են, ինչով են զբաղվում։ Բոլորին շատ կարոտում եմ։  Ուրիշ ստուդիաներում աշխատել եմ, բայց այդպես չեմ կապվել, ինչպես Մեխակավանի սաների հետ։ Այնտեղ երեխաների թախծոտ աչքերը, որ պապան դիրքերում է, կարոտը․․․ այդ ամենը, մեզ ավելի մտերմացրել է։

— Ինքներդ ե՞րբ եւ որտե՞ղ եք ցուցադրություններ ունեցել։  

— Խմբակային ցուցահանդեսների եմ մասնակցել Թերլեմեզյանում, ՆՓԱԿ-ում, Գեղարվեստի ակադեմիայում և այլն։  Իմ առաջին՝ «Խաղաղությունից խաղաղություն» խորագրով անհատական ցուցահանդեսը  բացել եմ Ստեփանակերտի գեղագիտության ազգային կենտրոնում։ «Սպայի կնոջ ցուցահանդես» էին կոչում։ Ներկա էին ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը,  բարձրաստիճան զինվորականներ,  զինծառայողներ, արվեստասերներ։ «Խաղաղությունից խաղաղությունը» ցուցադրվել է նաև Երևանի «Դալան» պատկերասրահում։

— Պատերազմից հետո․․․

— Նպատակ ունեմ «Դալանում» բացել «Մեխակավան» խորագրով ցուցահանդես, եթե հաջողվի, ցուցահանդեսը տեղափոխել նաև Ստեփանակերտ։

— Մեխակավանը պատկերող գործե՞ր են։ Առհասարակ, ո՞ր թեմաներն են գերակշռում ձեր արվեստում։

— Ուսանելու տարիներին և ավարտելուց հետո նատյուրմորտներն էին գերակշռում, Արցախ տեղափոխվելուց հետո՝ նկարում էի Մեխակավանի բնությունը, քարքարոտ ճանապարհները, ամայությունը, ծառերը, որոնց վրա անգամ տերև չկար․․․ այդպես։ Թեև Մեխակավանում արված նկարները մնացել են այնտեղ, բայց հիշողություններս, պատկերացումներս թղթին եմ հանձնում։ Մի գործ է պահպանվել՝ բակում կանգնած շատ հին մեքենա, որը նկարում էի՝ մեր տան պատուհանից նայելով։

— Նյութեր, որոնցով աշխատում եք։

— Ուսանող ժամանակ աշխատել եմ յուղաներկով, ջրաներկով, հիմա հիմնականում գրիչներով, մարկերներով, գունավոր մատիտներով։  Գրաֆիկական աշխատանքներ եմ անում։

— Ո՞րն է Ձեր առջև դրված գերագույն նպատակը կերպարվեստում: 

— Չեմ մտածել՝ որն է գերագույն նպատակը, միայն կասեմ, որ մինչև կյանքիս վերջին օրը ուզում եմ զբաղվել արվեստով։

— Պահանջարկ ունե՞ն ձեր արտադրած էկո-պայուսակները։

— Սկզբում դժվար էին վաճառվում, բայց չէի հուսահատվում։ Հիմա արդեն պահանջարկը  մեծ է։ 

Ո՞վ է որոշում նկարի գինը։ Առհասարակ, արվեստի շուկան ի՞նչ կանոններ է թելադրում։ Հետևո՞ւմ եք դրանց։

— Գինը որոշում եմ ես ու անում եմ այն, ինչ ես եմ ցանկանում, չնայած կոնկրետ էկո-պայուսակների դեպքում եղել է, որ պատվիրատուն է ընտրել՝ ինչ նկարեմ: Օրինակ, էկո-պայուսակների վրա, Մեխակավանի ընկերներիս խնդրանքով, պատկերում եմ Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը թշնամին վերացրեց։

— Ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում «Samsonyan Crafts»-ի հետ կապված։

— Զարգացնում եմ մտքերս, շուտով կլինեն դրամապանակներ՝  հայկական զարդանախշերով։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply