Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

Սևանավանքի շողշողուն Խաչկալը

10.07.2021

         

Սևանավանք  վանական համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի թերակղզու վրա: Այն մշտապես մարդաշատ է. հատկապես ամռան ամիսներին Սևանա լճի ափին հանգստացող հայաստանցի և ոչ հայաստանցի հովեկները մեծ հետաքրքրությամբ են այցելում վանական համալիր, մանավանդ որ համալիրի տարածքում տեղակայված հեռադիտակով հնարավորություն է ստեղծված ափի մեջ տեսնելու Սևանա լիճն ու դրան հարող հատվածները:

Սևանավանքի համալիրը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, 305 թվականին, երբ ներկայիս թերակղզին կղզի էր՝ չորս կողմից շրջապատված իսկապես կապուտակ (և ոչ՝ այսօրվա պղտոր) ջրերով: Երկու եկեղեցին հիմնադրվել են 874 թվականին։

Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դարում Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը՝ Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։

Ի դեպ, այսօր թերակղզում ամենաակնառու կառույցը «Աշոտ Երկաթ» հյուրանոցային-ռեստորանային համալիրն է, որն այս պատմական դեմքերի և անցքերի բիզնես-վավերացումն է՝ այցելուների հակասական գնահատականների համապատկերով և, ըստ իս, ճնշող ահռելիությամբ:

Ինչևէ, վերադառնանք պատմա-մշակութային առանցքին. Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ արված 874 թվականին։

Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցու արևմտյան կողմին կցվել է գավիթ, որը հնագույններից է և եղել է կանգուն մինչև 1930-ական թվականները։ Գավթի սյուներն ունեցել են փայտե քանդակազարդ խոյակներ, որոնք այժմ պահվում են Երևանում՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում և Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թվականներին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանում կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է։

Սևանավանքին մեր անդրադարձը պայմանավորված է հաճելի իրողությամբ: Եթե չեք եղել այնտեղ տևական ժամանակ, ապա այցելեք և հոգևոր լիցքերից զատ, վայելեք նաև գեղագիտական մեծ բավականություն. մոտ մեկ ամիս առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, մասնագետ-վերականգնողները բացառիկ աշխատանք են իրականացրել և վերադարձրել են Սևանավանքի Խաչկալի նախնական շլացուցիչ փայլն ու շողշողուն գույները:

Սևանավանքի վերականգնված Խաչկալը

Ինչպես տեղեկացանք եկեղեցու աշխարհիկ դասի ծառայողներից, 1872 թվին Խաչկալը Սևանավանք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող Սուրբ Թադեի հայկական վանահամալիրից, որին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում:

Հարյուրամյակների փոշին, մոմերից բարձրացող ծուխը, բնականաբար, սևով են պատել գեղեցկագույն Խաչկալը, և որևէ մեկի մտքով չի անցել, թե ինչ հրաշք է կորսված այդ անթափանց սևի տակ: Փա՛ռք Տիրոջը, որ այսօր Մայր Աթոռն իրականացրել է կարևոր առաքելություն, ու վերականգնվել է մշակութային բացառիկ մի արժեք՝ վերագտնելով իր նախնական տեսքը:

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply