Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր
«Շարունակելով բացահայտել Թամանյանին». այս վերտառությամբ էր հրապարակվել Դավիթի առաջին նյութը «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրում: Ա. Թամանյանի թանգարանի երիտասարդ աշխատակցի ուսումնասիրություններն այն ժամանակ արդեն հետազոտող-գիտնականի լուրջ հայտ էին ներկայացնում: Հոդվածում խոսվում էր կարևոր սկզբունքներից մեկի՝ քաղաք-պարտեզի մասին, որը մեծատաղանդ ստեղծագործողը դրել էր իր բոլոր քաղաքաշինական նախագծերի հիմքում:
Այսօր չենք շարունակելու բացահայտել Թամանյանին:
Այսօր շարունակելու ենք բացահայտել Դավիթին…
«Երբ ես նյութը գրում եմ, ինչպես քանդակը՝ թրծում եմ, խմբագրում եմ ամենաքիչը հարյուր անգամ….Ոնց որ երեխայիս ձեռքը կտրեն, երբ մի բառ փոխում են». Դավիթն ասես իմ սրտից էր խոսում և այնքան տպավորիչ, որ իսկույն գրի առնելով նրա խոսքերը՝ ասացի. «Երբևէ պետք կգան, եթե որոշեմ քո մասին գրել»: Դա 2017-ի հուլիսին էր, երբ միասին քննարկում էինք նրա բերած հերթական նյութը՝ Սանահինի վանքային համալիրում տիրող անմխիթար վիճակի մասին:
Եվ ահա հինգ տարի անց ես գրում եմ նրա մասին: Այն չարաբաստիկ իրողությունից հետո, երբ Դավիթը հասկացավ, որ հանուն ազգային ինքնագիտակցության և արժեքների պայքարում այլևս բոլոր միջոցները սպառվել են, որ հայ ժողովրդի երազանքներն ու հույսերը դեպի անդունդ են գլորվում, որորպես արժանապատիվ հայորդու՝ իրեն միայն մեկ քայլ է մնում: Եվ նա անդրդվելիորեն գնաց ճակատագրական այդ քայլին:
«Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ կամ այս ժողովրդի մեջ». մեծն Թումանյանի՝ անհուն ցավով գրած այս տողերով է նա սկսում իր «Կարսի ինքնասպանները» գրքույկը: Եվ ավարտում է հայրենիքը սեփական անձից վեր դասելու բարձրագույն գիտակցությանը հասած հայի վճռական խոսքերով. «Վերջաբանի փոխարեն: Մեռնել, բայց չտեսնել հայրենիքը պարտված»: Գոնե իր՝ ճարտարապետ, մշակութաբան, մեծ հայրենասեր, ազգային գաղափարախոսության նվիրյալ մարտիկ Դավիթ Պետրոսյանի համար արդարացված էր այդ դատավճիռը… Հավատացած էր, որ այդպես գեթ ինչ-որ չափով կարթնացնի մարդկանց խիղճն ու ամոթը, որ դրանով իր քարը կդնի ազգային վերազարթոնքի շինության վրա:
Նրա յուրաքանչյուր հոդված հրապարակախոսական կրքոտ շեշտադրում ուներ: «Բայց արդյո՞ք մեր սերունդը շարունակում է անել դա…», «Հնարավո՞ր է առարկայացած պաշտամունքի հետ տեղափոխել նաև հոգևոր բաղադրիչը», «Ե՞րբ պետք է վերջ տրվի պատմական հուշարձանների տարածքը զավթելու և ավերելու այդ և նման արատավոր երևույթներին» հարցադրումներն իրենց մեջ արդեն իսկ պարունակում էին պատասխանները: Համաշխարհային հուշարձանների հետ որքան տեղին զուգահեռներով էր նա հիմնավորում իր փաստարկները, ինչպիսի իմացություն, նյութի ինչ խոր ու բազմակողմանի վերլուծություն, մասնագիտական ինչպիսի բարձր որակների տիրապետում ու զարգացածություն: Հետևենք նրա մտքերի ընթացքին և կտեսնենք իր քաղաքացիական դիրքորոշումը հստակորեն բարձրաձայնող, ամրագրող և պարտադրող ճարտարապետին. «Այս նյութն ամենևին լրագրողական խայթիչ ակնարկ կամ աստվածաբանական մտորումների շարադրանք չէ: Սա զարթուցիչ ազդաշեփոր է ուղղված ճարտարապետին, պատվիրատուին, ինձ, քեզ, նրան», «Ո՞րն է միջոցներն ուղղելու քաղաքակիրթ տարբերակը. վերականգնել հի՞նը, թե՞ թմրեցնող ագահությամբ կառուցել նորը, ավելի մեծը, ավելի բարձրը, մոռանալ բաբելոնյան աշտարակի խորհուրդը»:
Եվ ինչ հոգածությամբ, մտահոգությամբ ու ցավով էր նա խոսում անուշադրության մատնված այս կամ այն հուշարձանի, այն մոռացումից ու կորստից փրկելու մասին, ափսոսանք հայտնում քաղաքաշինական այս կամ այն արժեքավոր գաղափարների անավարտ մնալու համար: «Իսկ վարագույրից այն կողմ մեզ են սպասում խոնարհված Մայրավանքը, ջրահեղձ Պողոս-Պետրոսը, փշրվող Մաթոսավանքը, գլխաբաց Արուճը, կիսված Հավուց Թառը, վիրավոր Աղջոցն ու եղջերավորների ճեմասրահ դարձած Սպիտակավորը»…
Իսկ վերնագրերը… Դրանք թեմայի շուրջ բարձրացված հարցերի բծախնդրորեն մտածված խտացումն էին, որ ընդգծում էին երևույթի խորությունն ու քայլեր ձեռնարկելու անհետաձգելիությունը. «Եկեղեցաշինության ետնաբեմում կամ անհաղորդ վեղարներ», «Միայն իբրև վերջին հույս»…
Իբրև վերջին հույս, իբրև զարթուցիչ ազդաշեփոր…
Մտածելակերպ, որ դրսևորվում էր ոչ միայն հոդվածներում, այլև բոցաշունչ հայորդու կյանքի ամեն մի քայլափոխին: Եվ ապրած ընդամենը քսանինը տարիների կյանք, որ սկզբից մինչև վերջ նվիրաբերեց իր ազգին ու հայրենիքին:
Որքա՛ն բան ունենք մտորելու, որքա՛ն հարցեր ունենք տալու ինքներս մեզ Դավիթի հեռանալով: Հարցեր, որ հնչելու են որպես պատասխան: Թե ինչու և ինչպես եղավ այն, որ չպետք է լիներ:
Անահիտ Պողոսյան
No Comments