ԳրաԴաշտ Շուշանիկ Թամրազյան

Շուշանիկ Թամրազյան․ «Ադրինե»

27.10.2021


Շուշանիկ Թամրազյանի «Ադրինե» ժողովածուն ընթերցողի սեղանին է (պատմվածքներ, վիպակ): Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Առկա է երևանյան գրախանութներում։ Ներկայացնում ենք հատված ժողովածուում տեղ գտած «Ադրինե» վիպակից։

****                                                                  7.                             

Երբ երկաթե ճաղաշարը փակվել էր ուժեղ դղրդյունով, Սառան ճամպրուկը մոտեցրել էր նստարանին, մի ձեռքը փաթաթել բռնակին ու ճկուն մի շարժումով ոտքերը վեր տնկելով՝ մարմինը երկարել էր սպասասրահի պլաստմասսե նստարաններին: Սփրթնած ծիրանագույն էին, անհուսալի սառն ու անհարմար: Թռիչքը նախատեսված էր ժամը յոթին, ու դա թվում էր սարսափելի հեռու, անիրական: Տուլուզի օդանավակայանում թռիչքները վերսկսվում էին առավոտյան վեցից, ու կեսգիշերից հետո սահուն, երգեցիկ մի հերթագայությամբ հանգում էին օդանավակայանում գործող սրճարանների, կրպակների, դեղատների ցուցափեղկերը: Տուլուզ էր եկել Մոնպելյեից: Ճամպրուկը ձեռքին՝ անցել էր կայարանամերձ բոլոր հյուրանոցներով: Առաջին մերժումը թվացել էր չափազանցված ու անհավանական, բայց երեք-չորս բացասական պատասխանից հետո Սառան սկսել էր նյարդայնանալ: «Առևտրական քաղաք է,-զուսպ, սիրալիր ժպիտով բացատրել էր ընդունարանի տիկինը,-ես պարզապես զարմանում եմ՝ ինչու նախապես չեք ամրագրել: Տուլուզը… հայտնի բան է… վտանգավոր, խաբուսիկ քաղաք է: Ամեն շաբաթ գործարարները գալիս են տարբեր քաղաքներից ու կանգ են առնում հյուրանոցներում… Ո՛չ կենտրոնում, ո՛չ ծայրամասում…»:

Ազատ էր արձակել տաքսին, երկու ժամ ճամպրուկով շրջել էր անծանոթ քաղաքի փողոցներով, ի վերջո հետևել ոստիկանի խորհրդին. «Միակ ապահով լուծումը օդանավակայանն է»:

Պլաստմասսե նստաթոռները բացառում էին քնելու ամեն մի հեռանկար: Սպասասրահի դիմացի հատվածում՝ երրորդ շարքում, տարեց մի մարդ էր նստած՝ առանց ուղեբեռի, անորոշ սպասողական դիրքով: Սառան ամբողջ ուժով սկսել էր երազել, որ անծանոթն էլ ուղևոր է ու պատրաստվում է լուսաբացը դիմավորել օդանավակայանում, չէր հիշում՝ որ պահից էր նրան կորցրել տեսադաշտից: Ժամանակ առ ժամանակ տարօրինակ համազգեստով մի կերպարանք էր հայտնվում ու բանալիների տրցակը չխկչխկացնելով՝ անկենդան հայացքը սահեցնում դատարկված սպասասրահի նստարաններով. հսկիչն էր կամ պահակը: Սառան սրտխառնոց էր զգում՝ անվերջորեն ձգվող պլաստմասսե աթոռներին նայելիս, որ շատ նման էին պահակի համազգեստին: Մտքում փնտրում էր բանտապահի շներին: Ուշադրությունը շեղելու համար պառկած նայում էր երկար զգեստի մետաքսե բոլորածալքերին, դժվար էր պատկերացնել ավելի կոպիտ անհամատեղելիություն օդանավակայանային այդ համայնապատկերի, հորիզոնական իր դիրքի և մետաքսե փեշերի միջև, ու հիմա, չնայած աճող սրտխառնոցին, այդ ամենը Սառային թվում էր ֆիլմից մի հատված, որին հետևում էր թաքուն հետաքրքրությամբ, գրեթե զվարճացած: 

Առաջին ճռնչացող շերտավարագույրի հետ վերցրել էր ճամպրուկն ու հաղթական մի սթափությամբ, գիշերվա անքնությունից է՛լ ավելի պրկված մարմնով սկսել էր շրջել սպասասրահների դեռևս անկյանք միջանցքներով, ագահորեն հետևել վերսկսվող կյանքի առաջին, երկչոտ նշաններին: Քաղցած չէր, բայց առաջին կռուասաններն ու կրոք-մսյոները՝ իրենց կախարդված քնին հանձնված փեղկերի հետևում, երազ էին թվացել:

Մի քանի ժամ անց «Բոմոնդի» իր համարում Սառան թերթում էր պոեզիայի փառատոնի ծրագիրը՝ թաքուն հետևելով գիշերվա թիթեղյա իրարանցմանը, որից հիմա խուլ այդ գվվոցն էր մնում քունքերում ու սրունքներում: Երեք ժամ ուներ մինչև բացման երեկոն…

Մաստրիխտում օրերն անցել էին գլխապտույտ արագությամբ: Պոետներն արտասանել էին տարբեր լեզուներով ու խմել, ինչպես լինում է վեպերում: Լիճը կամ գետը՝ ինչ-որ տեղ՝ պղտոր փեղկերի հետևում, շարունակել էր անքթիթ հետևել իրենց, անդրադարձնել իրենց կիսատ մարմինները ժամ առ ժամ մակարդվող իր կանաչում: Ու օդում էլ՝ մամռագույն այդ կանաչը, որ ստիպում էր մտածել ափեզրին ձանձրացող քարերի մասին, ծանրացող ընթացքի ու մոլորված մակույկների, որ դեպի ափ են շրջվում անշնորհք, չստացված մի պտույտով: Անսպասելիորեն արգելակվող այդ ընթացքից, արագ անցումներից դահլիճից դեպի մոտակա սրճարան մնում էր քամոտ իր փեշերի զգացողությունը, որ փախչում էին, երբեք չէին կախարդվում: Երեկոյան ելույթները շատ ուշ էին ավարտվում, ու գրգռված, աղմկոտ մասնակիցները հոգնած, ցաքուցրիվ իրենց թափորով դուրս էին լողում սրահների կապույտ-կարմիր գոլորշիներից, տեղափոխվում հյուրանոցի կապույտ նախասրահ, որ ծխից ու մարտնչող անքնությունից դառնում էր է՛լ ավելի կապույտ: Սառան ծլկում էր աննկատ: Այս անգամ ոչ թե թարգմանում էր, այլ թարգմանում էին իրեն: Ու հրճվում էր տարաշխարհիկ թռչունի իր լռությամբ, է՛լ ավելի տարաշխարհիկ իր բառերով, որ կասկածելի էին ու կախարդող, մետաքսե փեշերով ու փախուստներով: Այդպես էր վճռված ի սկզբանե: Սառան ոչ մի տարաձայնություն չուներ իր դերի հետ:

Իր ելույթը նախատեսված էր վերջին երեկոյին: Ամբողջ ընթացքում լուսարձակները ճերմակ մի անհանգստություն էին կրակել, Սառան լավ գիտեր թարթող լույսերի շուրջպարը, այն հազվադեպ էր իրեն խաբում: Երբ բեմ էր բարձրացել, տեսախցիկի հսկա լուսարձակը, լուսնի սկավառակի նման, կախվել էր առաստաղից: Սառան նայել էր լուսնի անճոռնի այդ կրկնակին ու լույսերի թարթող լճերով սկսել էր լողալ առաջ: Բառերը տրվում ու հաղթում էին ալիքներին, ծառս էին լինում ու հետո սահուն, կոհակվելով իջնում էին ներքև:

Հետո մուգ, ճառագող գույների հորձանքն իրեն հասցրել էր միջանցք, խելահեղ շուրջպարը չէր ավարտվել, որովհետև հիմա բոլորը, անբացատրելիորեն ոգևորված, շնորհավորում ու իր կենացն էին խմում: Հարբած հետևում էր ձայների, գույների, դեմքերի ջերմող այդ ընթացքին: Իսրայելից եկած հրաժայթ աչքերով բանաստեղծը մոտեցել էր իրեն ու երկար խոսել անհասկանալի լեզվով: Սառան միայն «Սիրենների ձայնն» էր հասկացել: «Ասում է, որ ոչինչ չէր հասկանում,-թարգմանել էր թարգմանիչը,-բայց Սիրենի Ձեր ձայնը…»: Սառան ինքն էլ ոչինչ չէր հասկանում, հետևում էր միայն հնչյուններին, որ ծագում ու մարում էին գիշերի այդ արարում: «Սիրենի Ձեր ձայնը… Սիրենի Ձեր ձայնը…»-կրկնել էր հրաժայթ աչքերով բանաստեղծը, ու Սառան սկսել էր ծիծաղել: Ածուխի պես սև գանգուրներն էլ էին պսպղում, «աստղերի հրդեհ է»՝ մտածել էր Սառան ու սկսել էր է՛լ ավելի ուժեղ ծիծաղել: «Ալեքսանդրը…,-ազգանունը չգիտեր,-փառատոնի ամենագեղեցիկ բանաստեղծն է»,-ծիծաղելով դարձել էր թարգմանչին: «Դա իսկապես այդպես է»,-հաստատել էր թարգմանիչը հեգնախառն ու փիլիսոփայորեն: Հիմա իրենք հենված էին նախասրահի կիսաբաց փեղկերին, Սառան անծայրածիր մի ազատություն էր զգում: Ներքևում անորսալի, թափառող այն հովիտն էր, որ շողշողում էր՝ սև, բյուրեղյա իր փայլով, ու Սառան իսկապես օրորվում էր գլխապտույտից:

Հետո հերթով հանգում էին փողոցները, իրենք խմբով վերադառնում էին հյուրանոց: Սառան չէր ուզել մենակ թողնել թարգմանչին, հրաժարվել էր Ա.-ի առաջարկից: «Սիրենի ձայնը», «Սիրենի ձայնը», «Սիրենի ձայնը»,-շշնջում էին մարած փողոցներն ամբողջ ճանապարհին, ու հիմա հեռացել էին գիշերի հավքերը, ու գիշերը շողշողուն պսակներ էր նվիրում գետին, որ արթնացել էր ճահճե իր կախարդանքից:

Հաջորդ առավոտ պոետները գնացել էին պիկնիկի, ու Սառան մնացել էր իր սենյակում: Երբ դուրս էր եկել, գետը ծանր էր ու արևոտ, ինչ-որ տեղ՝ քաղաքամերձ բացատներից մեկում, պոետները փիլիսոփայում էին ու տեսաբանում, բելգիացի դառնադեմ գրողը «խայտառակ էր անում բումբարաշներին», ու ծուխը թանձրանում էր, միախառնվում էր մաղձին, ու ծուխը նորից իր ապարանքներն ու աշտարակներն էր հիմնում մտքի բարձր, բարձր հորիզոններում: Սառան երկար շրջել էր անծանոթ քաղաքի փողոցներում, մոլորվել, մտել հագուստի խանութ, պտտվել հայելապատ սրահով. մեկնումի նախօրեին օտար, քամոտ քաղաքն իրեն նոր մարմին էր նվիրում, ու ինքը դա ընդունում էր որպես ընծա: Դուրս էր եկել սև ամառային զգեստով, վերջին օրերի պսպղուն երթը վերջույթներում:

                                                                   ***

Հիմա հեռու էր այն քաղաքը, որ արթնանում էր թերթիկների մետաքսե փախուստներում: Առլում գիշերները երկար էին ու մետաքսե, երբեք չէին հեռանում: Անձրևները հազվագյուտ շքեղություն էին, բայց քամին սիրում էր պտտվել Թարգմանչաց տան հին, թիթեղյա կտուրով, մատնահարում էր երդիկներին ու ջրհորդաններին, որ գիշերը սկսում էին երգել տխուր, վայրի ձայնով: Ցնցվում էին առաստաղի գերանները, հիշում էին ցախավելով չարքերին:

Ուշ էին պառկում քնելու: Մեծ, տձև հյուրասենյակում միշտ ինչ-որ բան կար նշելու. ինչ-որ մեկի մեկնումը կամ գալուստը: Սառան երկար մնում էր գրադարանում, կեսգիշերն անց լուր էր ուղարկում Սոֆյային: Կամ միասին ծլկում էին կինո ու հետո երկար զբոսնում կենտրոնի հին, անհավասար փողոցներով: Ցերեկը վարդամատ աղավնիները կտուրներից իջնում, նստում էին քարե շատրվանին: Աշխատասենյակի կամ գրադարանի պատուհանից Սառան հետևում էր հրապարակի մեղմ իրարանցմանը. շարժումները, մարմինները տեղում էին ջրի շիթերի պես մեղմ ու արևոտ, կանգ էին առնում կավե կրիաների ու օճառների կրպակներում, սրճարաններում:

Ու տևական դադարներ ծաղկավաճառի ցուցափեղկերի առջև: Ծաղիկները լուռ, վճիտ համաձայնությամբ հետևում էին իրենց զբոսանքներին: Երբեմն էլ երկար ցողունները գրկած՝ վերադառնում էին Թարգմանչաց տուն, շրջվում էր օրը, արևը փակում էր կոպերը հետկեսօրի հրդեհվող մայթերին, օրը փակվում էր մետաքսե թերթիկներում: Բեշիրն ու Բեռնադետը՝ Սեզարի ուղեկցությամբ, պարբերաբար հայտնվում էին Թարգմանչաց տան նախասրահում, ու դատարկվող շշերի հնչյունը խառնվում էր խառնիճաղանջ ժխորին. «Բեռնադե՜տ, Բեռնադե՜տ, համոզի՜ր Սոֆյային՝ երգի»: Ձայները խզվում էին գիշերվա անքնությունից: Ուշ երեկոյան տագնապը կապույտ ծառուղիներ էր նկարում Սոֆյայի գունատ, շափյուղա մաշկին: Բեշիրը սիրահարվել էր, ու խոսքի տղմուտ քարավանները Վան Գոգի հրապարակից ձգվում էին մինչև Թարգմանչաց տուն:

Հետո մի օր Սոֆյան վերադարձել էր Աթենք: Լուսադեմին տաքսիով ճանապարհել էին կայարան: Ցուրտ էր: Վերադարձել էր ոտքով, միայնակ: Հին թատրոնի ճաղաշարի հետևում նոճիները սառն էին ու կապույտ: Սառան կիսաբաց դռնով մտել էր դատարկ սենյակ: Կիսախավարում թունավոր նարնջագույն գլխիկները թվում էին գունատ մարջանագույն: Ձեռքը մեկնել էր սուր-սուր եղունգներին: Շնչում էին: Նման էին առասպելական գազանների: Տեղափոխել էր իր սենյակ: Ու ինչ-որ տեղ՝ ծոցատետրում, անհավանականորեն գրքային, ոչ այնքան համոզիչ այդ անունը՝ ասես հատուկ հորինված օտարերկրացիների համար… «Strelitzia reginae… Oiseau de paradis»,-կրկնել էր ծաղկավաճառը՝ ժպտալով, զվարճացած: Դրսում դանդաղ սկսվում էր օրը: «Reginae, reginae»,-մտքում կրկնում էր Սառան: Թագերը հանգչում էին գիհիների գունատ կատարներին: Փակել էր փեղկը, պառկել: Այդ ժամին ծայրամասերում շրջում էին գնչուները: Գնչուների ամբողջ ընտանիքներ:

                                                          ***

Առլում հուլիսյան փառատոնները սկսվում էին հորդառատ անձրևի պես՝ անդադրում ու անկասելի: Լինում էին զգացմունքների հորդաբուխ վարարումներ, հեղեղում էին անհավասար մայթերը մուգ թանաքագույն իրենց հորձանքով: Տիկնիկային թատրոնի բեմահարթակ հիշեցնող հրապարակները է՛լ ավելի էին կծկվում, մարդիկ, շատրվաններն ու աղավնիները խառնվում էին իրար: Մուտքը Թարգմանչաց տուն հետևից կամ բակից դառնում էր դժվարանցանելի: Երկար ձգվող գիշերներին փառատոնային եռուզեռը կարկտահարում էր խարխլված տանիքները, կաթիլե շղթաներն անվերջ-անվերջ տեղում էին փոշոտ մայթերին, անքուն քաղաքն առնում իրենց հորձանքի մեջ: Ռոնայի պղտոր, ծանրացած հունը փակվում էր ինքն իր մեջ, շունչը պահում, մտքում փնտրում գունատ գնչուներին:

Քամոտ ցերեկներին դեպի կայարան տանող առափնյակներին մոլեգին մի շուրջպար էր սկսվում. տոպրակներն ու ստվարաթղթե արկղերը ճախրում էին՝ զայրացած օդապարիկների պես: Ու հյուրերը, որ կայարանի փառատոնային տոպրակներով դանդաղ, մաքառելով դուրս էին լողում քամու ու փոշու օվկիանոսից, թվում էին գրքային մի պատկեր, անհաջող նկարազարդում, որ շուտով պիտի անշարժանար: Թանաքագույն անձրևը հասնում էր գրադարան, արհամարհում էր փեղկերը՝ փակված տարատեսակ աղմուկների ու իրարանցումների առջև. ինչ-որ ժամի Սառան բարձրանում էր աշխատասենյակ կամ միանում միջոցառման շտապող թարգմանիչների խմբին: Անիմաստ էր դիմադրել:

Ամեն ինչ սկսվել էր թանաքագույն, չմակարդվող հորձանքի հետ ու կավարտվեր տեղատվությունների գիշերը՝ երկուշաբթի: Անտիկ Թատրոնում նախատեսված համերգի մասին Սառան իմացել էր հետկեսօրին: «Պիտի գաս, պիտի գաս,-ծիծաղել էր Իզաբելը,-վե՛րջ, պիտի գաս, նա էլ է լինելու»: Ու Սառայի մարմնով սարսուռ էր անցել՝ թանաքագույն, անձրևային: Նայել էր հյուրասենյակի խորքում դրված հայելուն. երկար, գունատ ուղղանկյան մեջ սեփական արտացոլանքը հուշում էր իրեն, որ ինքը վաղուց արդեն դավաճանել է, որ ինքը, առանց իր թույլտվության, վաղուց արդեն միացել է թափորին: Երդիկների ու ջրհորդանների թանաքագույն կոկորդներով մարմինը կաթիլ-կաթիլ լքել էր իրեն, դատարկվել: Ամեն ինչ սկսվել էր թանաքագույն, չմակարդվող հորձանքի հետ ու կավարտվեր տեղատվությունների գիշերը՝ երկուշաբթի:

«Պիտի հագնես քո սև, երկար զգեստը, շալդ պիտի գցես,-ծիծաղում էր Իզաբելը,-Քրիստինա Բրանկոն է երգելու, հովհար ու մի դյուժին թաշկինակներ- լյա-լյա…լա-լա-լա…»: Սառան չէր սիրում Քրիստինա Բրանկոյին, առհասարակ չէր սիրում խոստովանություններ: Լյուսիենը մեկնում էր հաջորդ երեկո, ու չէին լինելու թագադրումներ, ու ֆադոներն անհնարին իրենց սերերն էին հեղելու, հրաժեշտներն ու բաժանումները՝ նույնքան անհնարին, վարարելու էր երգը ամբողջ գիշեր, հեղեղելու էր Անտիկ Թատրոնի բեմը մութ, տեղատարափ իր հորձանքով, հասնելու էր ամֆիթատրոն:

Արդեն մթնում էր, երբ թարգմանիչները խմբով դուրս էին եկել հետևի մուտքից ու գալարվող փողոցներով հասել էին Անտիկ թատրոն: Մուտքի առջև հոծ բազմություն էր կուտակված: Հանդիսատեսներին ընդունում էին մեկ առ մեկ՝ հրավիրատոմսերը ստուգելով: Սառան ամբոխի մեջ կորցրել, հետո գտել էր Իզաբելին ու Ֆիլիպին, Մայալենան սկսել էր մրսել, Լյուսիենը, լուռ, նյարդայնացած, երկրորդ ծխախոտն էր վառել: Մթության մեջ նրա գանգուրները դարձել էին կապույտ, ու Սառան նորից դողացել էր նույն՝ անդիմադրելի հորձանքից:

Հետո արդեն ներսում էին՝ համարակալված տեղերում, ու հնչյուններն իսկապես սկսել էին արտասվել: Մութ, թանձրացած գիշերը նոճիներից կաթում էր իրենց մարմիններին: Հայտնվել էր տարաշխարհիկ երգչուհին՝ գիշերային թռչունի սանրվածքով, սև, տարաշխարհիկ զգեստով, ու երգը հորդել էր անվերջ, անարգել՝ անհասցե նամակի պես՝ մելամաղձոտ ու անվերջանալի: Խմբերգի ժամանակ Իզաբելը Սառայի կողմն էր թեքվել.

-Հասկանո՞ւմ ես երգի խոսքերը:

— Բնականաբար, ոչ:

-Ասում է՝ իմ թագուհի, իմ թագուհի…

Սառան թոթվել էր ուսերը, ու երկուսով սկսել էին ծիծաղել: Շուտով քամի էր բարձրացել: Չկանխատեսված, սառցե հորձանքը ներկաներին ստիպել էր կծկվել: Հայտնվել էին փառատոնի կազմակերպիչներն ու ծածկոցներ էին բաժանել: Սառայի կողքին Ֆիլիպը մռայլված ատամներն էր կրճտացնում: Քամին աղմուկով շրջել էր լուսարձակներից մեկը, Մայալենան սկսել էր ծիծաղել սպառնական, հարբած իր ծիծաղով, ներկաների ատամները կափկափում էին ցրտից, ու ֆադոն շարունակում էր հոսել: Երբ Սառան շրջվել էր, հետևի շարքում՝ մթության մեջ, Լյուսիենը նայում էր իրեն՝ նույնքան հեռու ու համախոհ: Կամ Սառան երազել էր այդ հայացքը: Պարզապես, մեկնումների նախօրեին: Հեռվում՝ բեմի վրա, հնչյունները տարաշխարհիկ կոկորդից հեղվում էին սառցե գիշերի խորք, հյուսում օտար կյանքեր, սերեր ու մեկնումներ՝ օտար ու մանվածապատ: «Իմ թագուհի… իմ թագուհի… »,-կրակում էին գիշերի թռչունները, ու նույն հնչյունը՝ զեղված ու չափազանց, անքուն քաղաքն առնում էր իր ծորուն ընթացքի մեջ… Վերադարձել էին մտրակող հեղեղի տակ, «Առլում մեկ էլ հիսուն տարի առաջ էր նման ջրհեղեղ եղել, թու՜,-զայրանում էր Ֆիլիպը,-Մայալենա՜, սա դու ես բերել հյուսիսային քո երկրից…»: Ու թիթեղյա կտուրների հեծեծանքը չէր լռել ամբողջ գիշեր: Հաջորդ օրը Մայալենան հիվանդացել ու անկողին էր ընկել:

                                                      ***

…Ես սկսեցի թարգմանել, որովհետև կորցրել էի իմ վայրը: Երբ դեմքն անհարմար դիրքով պարզած բարձրախոսին՝ Սառան արտաբերել էր առաջին բառերը, անբացատրելի մի ալիք էր անցել դահլիճով: Սառան դա նկատել էր ու տարակուսած նայել էր իր առջև՝ լուռ, կենտրոնացած կերպարանքներին: Օտար դեմքերով այդ մարդիկ այսօր այդտեղ պիտի լսեին ու հասկանայի՞ն այնքան հեռվից եկող բառեր… դա նախատեսված չէր: Գրադարանի փեղկը կիսաբաց էր, Սառան որսացել էր հեռացող ծիծեռնակների ձայնն ու անսպասելիորեն հուզվել էր ծանոթ զգացողությունից: Ավանի իր ննջասենյակում՝ պատի ճեղքերից մեկում, ծիծեռնակների մի ամբողջ ընտանիք էր գիշերում: Արթնանում էին անհավանական մի ժամի ու գիշերի լռության մեջ հանկարծ սկսում խոսել: Այնքան մոտիկ ու կապույտ:

Սառան խոսում էր՝ հուզված, բառերը վստահած ծիծեռնակներին, որ տենդագին, անհավասար իրենց պտույտներով դանդաղ հեռանում էին դեպի գիշեր: Առաջին շաբաթն էր Առլում՝ Թարգմանիչների միջազգային կենտրոնում, տասնինը տարեկան էր — ու ներկաներից ոչ մեկին չէր ճանաչում: Երբ անցել էր հայերեն հատվածն ընթերցելուն, ինչ-որ պահի հայացքն իջեցրել էր գրադարանի ճաքճքած պատերից ու զարմանքով նկատել էր առաջին շարքում նստած դեմքերը, որ հուզմունքով նայում էին իրեն: Հետո ապակիների հետևում երեկոն դանդաղ սկսել էր թանձրանալ, ու գիշերն իրեն առել էր խտացող իր դարսերի մեջ: Հիմա գիշերային քաղաքի խճճված փողոցներով, բարձրաձայն խոսելով ու կատակելով՝ հսկայական խմբով գնում էին իր ելույթը տոնելու: Կենտրոնի տնօրենը Սառայից խնդրել էր ելույթի տեքստը: «Ես տեքստ չունեմ,-ծիծաղել էր Սառան,-բայց խոստանում եմ, կգրեմ»: Ծառս եղող փողոցներով մագլցել էին վերև, էլի վերև, ի վերջո հայտնվել անհավանական նեղ մի փողոցում. սեղանները նման էին ողկույզների: Սառան նայել էր անծայրածիր, անպատնեշ այդ գիշերին, ու գլուխը պտտվել էր նոր, անծանոթ մի հարազատության, անծանոթ մի ապահովության զգացումից… Այդ օրն ինքը բոլոր այդ դեմքերին, օտար անուններով փողոցներին, կամուրջներին տարել էր Դիլիջանի իրենց պատշգամբ, տվել էր օթևան, գիշերը բա՜րձր խարույկներ էր վառել, քաղցած գազանիկները մոտեցել էին աստղերին, բառերը պարել էին սահմանների ողնաշարին, պարել էին զվարթ, պարել էին երկար: Տունը դարձել էր հնարավոր: Խոսքի սաղարթը շնչում էր խաղաղ ու հավասար, սերտաճում էր այգու ստվերներին: Օտար բառերի ողկույզներում Սառան վերագտել էր սեփական սկզբի զգացողությունը, ու դա նման էր հրաշքի:

«Ես սկսեցի թարգմանել…»,-հայացքը զույգ ճայերին՝ Սառան մտքում ինքնաբերաբար կրկնում էր տարիների խորքում մնացած այդ բառերը, որ հիմա հնչում էին հեռացող արձագանքի նման: Աշխարհը նմանվել էր դանդաղ հեռացող արձագանքի: Հսկայական, թևատարած՝ ճայերը հատել էին ճեմարանի բակը, եկել էին իր մոտ… ես սկսեցի թարգմանել, որովհետև… Տարվա վերջին դասն ավարտված էր, ու Սառան հովանոցով քայլել էր մինչև ափ: Լողափի հյուրատներն անճաշակ, սրտակեղեք հնչյուններ էին կրակում, որ ժամանակ առ ժամանակ խզվելով, խեղդվելով՝ հառնում էին նոր եռանդով, նոր համառությամբ: Վերջին տասը-տասնհինգ տարիներին երբեմնի անշուք, հարազատ ափը վերածվել էր իջևանատների ու հյուրանոցների մարտնչող մի հաջորդականության, որ ժպտում էր Սառային բետոնե կոկիկ իր ժպիտով: Ցրված հետևում էր լողափի քարերով խաղացող երեխային. հանկարծ իր կյանքն իրեն թվում էր անհավանական երկար: Քաղաքներ ու ցնցվող կամուրջներ, սահմանների ողնաշարին պարող տախտակամած, օտար ու հարազատ անուններ, որ ձգվում էին ծաղկաշղթաների նման, հյուսում հեռու այն պատմությունը՝ քամոտ արտևանունքներով միջակայքերի: Ու հեռու, քամոտ այն օրերը, երբ իրենք քնում ու արթնանում էին այդտեղ՝ թրթռուն այդ միջակայքում, լարերը ձգվում էին, պարող կամուրջները շաղկապում էին իրար, ամբարտակները տեղի էին տալիս չկախարդվող իրենց քայլերի առաջ: Այսօր այդ ամենից իրեն բաժանում էին պատերազմներ ու դիմակավոր շքերթներ, խաղաղարարներ ու փրկչական առաքելություններ, համաձայնագրեր ու հաղորդակցական միջանցքներ, ապաշրջափակումներ ու տարածաշրջանային զարգացման հեռանկարներ, կողոպուտներ, կողոպուտներ՝ մեծ ու անդառնալի – ու հարկադիր անդիմության մեջ խորտակվող մի աշխարհ… Սառան ձեռքը տարել էր հեռախոսին:

                                                       ***

Ու մնում էին Ադրինեի բառերը, որ անխոս հեռացել էին մի օր: Հեռացել էին առանց հրաժեշտների: Սառան գիտեր, երբեք չէր մոռանում: Երբեմն նա նամակներ էր ուղարկում: Անհասցե: Կամ քամին էր. կապույտ ծառուղիներում փնտրում էր Ադրինեին ու ձանձրանում:

10. 06. 2021 — 07. 07. 2021 
Երևան-Ծաղկաձոր

                                                                                                    

                                                                                                                                       

No Comments

Leave a Reply