Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ զրույցի առիթը վերջերս լույս տեսած ամերիկացի հանրահայտ գրող, նովելիստ Օ’Հենրիի «Ամերիկյան պատմություններ» գիրքն է։ «Մաշտոց» նորաստեղծ հրատարակչության առաջին ժողովածուն գրական-թարգմանական ուշագրավ նախաձեռնության արդյունք է։
Որպես այդպիսին հրատարակչություն ստեղծելու ծրագիր չի եղել։ Հովիկ Չարխչյանի խոսքով՝ այն հիմնադրվել է անհրաժեշտությունից ելնելով։ Մեկ տարի առաջ Եղեգնաձոր քաղաքում տեղի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ սրբազանի հովանավորությամբ սկիզբ է դրվել մի նախաձեռնության, որի նպատակն է հավաքել տեղի կարող ուժերին, նրանց հասու դարձնել համաշխարհային գրականության մերօրյա տենդենցներին, միաժամանակ սովորեցնել թարգմանական գործ։ Սկզբում նախաձեռնությանը միացել է օտար լեզուներ իմացող, թարգմանչական ձիրք ունեցող շուրջ 20 երիտասարդ մասնագետ։ Այսօր արդեն նրանից թիվն անցնում է յոթ տասնյակը։ Նախնական եղել է միայն անգլերենի թարգմանիչների խումբը, հիմա կա նաև գերմաներեն, ձևավորվում է ֆրանսերենի խումբը։
«Աշխատանքները շատ են։ Երևանից թարգմանիչների խումբը պարբերաբար մեկնում է Եղեգնաձոր, անցկացնում տեսական և գործնական պարապմունքներ, ինչի արդյունքում էլ հրատարակվել է Օ’Հենրիի պատմվածքների ժողովածուն,- ասում է Հովիկ Չարխչյանը։- Օ ‘Հենրին մեր երկրում բավականին սիրված ու բավականին քիչ թարգմանված հեղինակ է։ 15 նոր պատմվածք թարգմանվեց, որոնցով ձևավորվեց ժողովածուն։ Ներկա պահին աշխատում ենք 5-6 հեղինակների պատմվածքների ժողովածուների վրա։ Թե դրանցիցի քանիսը գիրք կդառնա, պարզ կլինի արդյունքները ամփոփելուց հետո, բայց առաջընթացն ակնհայտ է, կարող ուժեր կան, որ գուցե մեկ-երկու տարի հետո լրացնեն հայ թարգմանիչների բանակը»։
Թարգմանչական դպրոց են հաճախում աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ։ Տարիքային տարբեր խմբեր կան։ Անհատական գործնական պարապմունքների ժամանակ նախապես տեքստեր են հանձնարարում, ստուգում են, համեմատում տեքստերը, խմբագրական աշխատանք անում, բացատրում լեզվի, ոճի հարցերը, թարգմանական գրականության առանձնահատկությունները, նրբությունները և այլն։ Հովիկ Չարխչյանն ընդգծում է՝ բավականին ծավալուն գործ է, բավականին էլ վարակիչ։ Պարբերաբար Հայաստանի տարբեր անկյուններից նամակներ է ստանում, խնդրում են իրենց շրջաններում էլ դասընթացներ անցկացնել։ Ներկա պահին հնարավորությունները թույլ չեն տալիս շրջանակը մեծացնել, բայց փորձում են նրանց էլ որևէ կերպ ընդգրկել այդ աշխատանքներում։ Ֆրանսերեն խմբի ձևավորումից հետո թարգմանչական դպրոց այցելողների թիվը 70 -ից կհասնի 100-ի։ Ըստ այդմ՝ մեծանում է աշխատանքի ծավալը, Երևանից մեկնող աշխատանքային խումբը նույնպես պետք է մեծանա։
Այս պահին ընտրություն են կատարում, փորձում են հարմար թեկնածուներ գտնել, որոնց գիտելիքները թույլ կտան միանալ նախաձեռնությանը, միաժամանակ, պարբերաբար հայտնի թարգմանիչներ են հրավիրվում տեսական դասախոսություններ կարդալու, փորձը փոխանցելու։ Սկսել են մի նոր շարք․ անցկացնում են թարգմանիչների գրքերի քննարկումներ․ հանձնարարված գիրքը ընթերցում են, հետո հավաքվում- քննարկում են գրքի գեղարվեստական ու թարգմանական որակները։ Երիտասարդ մասնագետները անմիջապես թարգմանչի հետ շփման մեջ են․ հարցեր են տալիս, պատասխաններ ստանում։ Դասընթացների ժամանակ կատարելագործվում է նաև երիտասարդների հայերենի և օտար լեզուների իմացությունը, նրանց հետ աշխատում են փորձառու մասնագետներ։
Պարապմունքներ անցկացնող թարգմանիչների հիմնական խմբում ընդգրկված են Արմինե Մուրադյանը, Լուսինե Հակոբյանը, Սիրանուշ Փարսադանյանը, Նունե Բաղդասարյանը, խմբագրական աշխատանքներն իրականացնում է Աննա Բաբաջանյանը։ Եթե աշխատանքի ծավալը մեծ է, հրավիրում են այլ մասնագետների։
Այսպիսով, Օ’Հենրին թարգմանվել է սկսնակ թարգմանիչների ուժերով (բավականին որակյալ աշխատանք է), ինչը նախադեպ չունի։ Ի դեպ, գրքում տեղ գտած թարգմանությունների համար երիտասարդ մասնագետները վճարվում են։ Գրքի վաճառքի ծավալից գիտեն, որ բավական լավ է նաև արձագանքը, որում դեր է խաղացել նաև հեղինակի ընտրությունը։ Մեր զրուցակիցն ասում է, որ ուսումնասիրում են ընդհանուր դաշտը, պարզում, որ հեղինակներն են դուրս մնացել թարգմանիչների ուշադրությունից, և իհարկե, փորձում են մատուցել բարձրարժեք աշխատանքներ։ Պատահական ընտրություն չեն կատարում։ Բնականաբար հաշվի են առնում նաև լեզվի բարդության աստիճանն ու շատ ուրիշ առանձնահատկություններ։ Շատ բարդ հեղինակի թարգմանելու դեպքում արդյունքը գոհացուցիչ չի լինի։
Ի պատասխան «Ինչպե՞ս է կատարվել թարգմանիչների ընտրությունը» հարցին՝ Հովիկ Չարխչյանն ասաց․ «Մենք հայտարարություն տվեցինք, որ հավաքում ենք թարգմանիչների խումբ, եկան մարդիկ, սկսեցին աշխատել։ Մենք բոլորի հետ հավասար աշխատանք ենք տանում, իրենք են իրենց մեջ վերլուծում իրենց կարողությունները, որովհետև այլ բան է թարգմանական գործը, այլ բան է գեղարվեստական թարգմանությունը։ Ենթադրենք, եթե գիտելիքների պաշարը դեռ չի բավարարում այսպիսի գործ կատարելու համար, այցելում են լեզվի պարապմունքների, որ հմտության աստիճանը բարձրացնեն։ Մենք չենք գնացել մարդկանց ընտրելու, մենք գնացել ենք փոխանցելու գիտելիքները, ում համար դա ցանկալի է, ով ուզում է իր ուժերը փորձել այդ ոլորտում, նա մասնակցում է»։
Ardi.am
No Comments