Արմինե Սարգսյան ՄարզաԴիտակ

Ծրագիրը բացառիկ է նրանով, որ նախաձեռնողը մարզերի երեխաներն են

04.05.2020

Մայիսի 6-ից՝ երեք օր շարունակ, տեղի կունենա բարեգործական առցանց համերգ՝ «Վայելի՜ր երաժշտություն և աջակցի՛ր երեխաներին» խորագրով։ Միջոցառման նպատակն է աջակցել մարզերի երեխաներին տեխնիկական սարքավորումներով (համակարգիչ, հեռախոս, պլանշետ) և այդպիսով զարգացնել առցանց ուսուցումը մարզերում, ինչպես նաև խրախուսել մարզերի երեխաներին՝ բացահայտելու և կիրառելու առցանց հարթակի կրթական բազմատեսակ հնարավորությունները։ Միջոցառումը կազմակերպել են Eworld Kids Foundation / Իվորլդ մանկական հիմնադրամի և «Մարզերի երեխաները մարզերում» ծրագրի մարզաբնակ ակտիվ երեխաները։ 

Իվորլդ մանկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Վիկտորյա Եփրեմյանը ardi.am-ին տեղեկացրեց, որ  ծրագրում ընդգրկված են տասից ավելի գյուղական շրջաններ: Սովորաբար ուշադրության կենտրոնում են լինում սահմանամերձ բնակավայրերը, բայց այս դեպքում թիրախային խմբում այն երեխաներն են, որոնք ունեն սոցիալական օգնության կարիք, միաժամանակ՝ սովորելու ցանկություն: Նրանք հետագայում կրթական տարբեր նախագծերի են մասնակցելու, ընդգրկվելու են անգլերենի, մարքեթինգի, ծրագրավորման և այլ դասընթացների մեջ:

Վիկտորյան նշեց նաև, որ որոշակի  նվիրատվություն կատարվել է և՛ գումարի տեսքով, և՛ տեխնիկայի, որ հաղորդագրություններ են ստանում, մեծ թվով մարդիկ դեռ միանալու են ծրագրին:

«Այս ամենի հիմքը, պատճառը մեկուսացո՞ւմն է» հարցին ի պատասխան՝ ասաց,  որ  խնդրին պարբերաբար բախվել են անգլերենի անվճար առցանց դասընթացներ  կազմակերպելիս: Կան երեխաներ, որ անգամ հեռախոս չունեն, որպեսզի ուսուցիչն իրենց հետ կապ հաստատի: Ընթացքում իրենք ընկերներով օգնել են, բայց մեկուսացումը կարծես հասունացրել է խնդիրը:

Ծրագիրը բացառիկ է նրանով, որ  նախաձեռնողը մարզերի երեխաներն են։ Նրանք պարբերաբար դիմել են Իվորլդ մանկական հիմնադրամին, որպեսզի տեխնիկական սարքավորումների աջակցություն ստանան իրենց հարևան գյուղերի ընկերների համար։ Ամեն ինչ մեծ հաշվով սկսվել է Մարտինի նախաձեռնությունից: Մարտինը  Սույնիքի  Սվարանց գյուղից է,  մասնակցել է հիմնադրամի ծրագրերին, հետո սկսել է անգլերենի դասեր անցկացնել իրենց գյուղում, ինստիգրամի էջ է բացել՝ փորձելով վարակել- ներգրավել ընկերներին: Անգամ առաջարկել է առցանց համերգ կազմակերպել, գումար հավաքել և օգնել գյուղի երեխաներին: Հիմնադրամը ընդառաջել է ու սկսել  աջակցել կազմակերպչական հարցերով:

Միջոցառման արդյունքում հավաքված տեխնիկան իրենց գյուղի ընկերներին կբաժանեն այն երեխաները, որոնց նախաձեռնությամբ իրականացվում է միջոցառումը։ Համերգային ծրագրին միացել են  անհատներ ու կազմակերպություններ, սիրված  երաժիշտներ (Ռոբերտ Ամիրխանյան, Վահագ Ռաշ, Լիլիթ Բլեյան, Անդրե Սիմոնյան, «Ոստան Հայոց», «Լավ էլի»… ): Նրանց կատարումները հասանելի կլինեն  հիմնադրամի էջում մայիսի 6-ին՝ ժամը 20:30-ից սկսած:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply