ՕրԸնթաց ՄարզաԴիտակ

Վանաձորի դրամատիկական թատրոնը`«Աբիշի աշխարհում»

30.10.2019

Սեպտեմբերին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հրավեր էր ստացել մասնակցելու Ղազախստանի Ակտաու քաղաքում կայանալիք «Աբիշ Ալեմի» (Աբիշի աշխարհը) միջազգային առաջին թատերական փառատոնին` նվիրված ղազախ ազգային գրող Աբիշ Կեկիլբաևի ծննդյան 80-ամյակին: 

Փառատոնը կայացել է Ղազախստանի Ակտաու քաղաքում` հոկտեմբերի 11-14-ը: Հայկական և Ղազախստանի թատրոնները գրավել են երկրորդ տեղերը՝ արժանանալով «Փառատոնի դափնեկիր» դիպլոմի և գավաթի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իրանը` «Լիր արքա» ներկայացմամբ:
 
Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փառատոնին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. «Հրավիրող կողմից հավաստիացրին, որ վերջին ավելի քան 30 տարիներին Ղազախստանում հայկական որևէ թատերախումբ չի հյուրընկալվել: Փառատոնին ներկայացրել ենք Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման` երիտասարդ ռեժիսոր Մարիամ Մնացականյանի բեմադրությամբ: Հանձախումբը անթաքույց հիացմունքով է ընդունել ներկայացումը,  հիացմունքը չի թաքցրել նաև ժյուրիի ադրբեջանցի փորձագետը` ասելով, որ թեև չէր ուզենա խոսել, այնուամենայնիվ, ահա հենց այսպիսի ներկայացում է պետք փառատոնին»:
Հավելենք, որ հայկական պատվիրակությունը հրավեր է ստացել Թուրքմենստանից և Իրանից` մասնակցելու փառատոների նույն ներկայացմամբ:

Ardi.am

No Comments

Leave a Reply