Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Զանգակ». գրքեր, որ հրատարակվելու են այս տարի

30.09.2019

«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի ղեկավար և միջազգային կապերի պատասխանատու, բանաստեղծ, գրականագետ Արթուր Մեսրոպյանը  ներկայացնում է գրքեր, որ նախատեսում են հրատարակել այս տարի.

Շուտով լույս կտեսնի ամենասպասված գրքերից մեկը՝ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գիրքը՝ փոթթերյան տիեզերքի չորրորդ հատորը: Նախատեսվում է հետաքրքիր ծրագիր, շնորհանդես: Վերահրատարակվելու է ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» վեպը:  Խորհրդային շրջանում է հրատարակվել, դպրոցական տարիքի ընթերցողների համար շատ հետաքրքիր է. ընտանիքի մասին է, միայնության, սեփական ուժերով ինչ-որ բանի հասնելու, ընտանիքին օգնելու, նաև պատմական էքսկուրս է՝ տեսնելու Ֆրանսիայի կյանքը 19-րդ դարի վերջին՝ երեխաների աչքերով:

Հաջորդը  Ջերոնիմո Ստիլտոնի հայտնի դարձած շարքից է, կոչվում է «Սև ծովահենի արկածները», հիմնված Էմիլիո Սալգարիի համանուն վեպի վրա: Այս գիրքը կլրացնի Ջերոնիմոյի շարքի արդեն հրատարակված երեք գրքերը: Արկածային, արագ ընթերցվող, գունավոր ու գեղեցիկ տառատեսակներով գիրք է լինելու:

Շատ եմ կարևորում Ակիհիրո Նիշինոյի «Փուփելը ծխնելույզների քաղաքից» պատկերագրքի հրատարակումը: Թարգմանվել է ճապոներենից: Ծնողերեխա հարաբերությունների մասին հուզիչ պատմություն է՝ պարզապես ֆանտաստիկ նկարներովԱյդ գրքին ծանոթացել ենք Բոլոնիայի գրքի տոնավաճառում: Ճապոնական հրատարակչի ամբողջ տաղավարը ներկայանում էր միայն Ակիհիրո Նիշինոյի գրքերով, իսկ առաջնային պլանում հենց այս գիրքն էր:

 Սա  վերաբերում էր մանկակապատանեկան գրքերին:

Վերջապես կհրատարկվի Չաք Փոլընիքի «Մարտակումբը» վեպի թարգմանությունըՄեր ընթերցողը շատ սպասեց այս գրքին: Ներկայացված են տղամարդուն բնորոշ հատկանիշների վերացումը, զսպումը ու դրա հետևանքները՝ անքնություն, մարտակումբների ստեղծում, այնուհետև՝ նիհիլիստական, անարխիստական բնույթ ունեցող գործողություններ: Այդ ամենի հիմքում ժամանակակից աշխարհում տղամարդկային բնազդային երևույթների լուսանցք մղվելն է:

Հրատարակման ենք պատրաստում Սթիվեն Քինգի «Փայլատակում» վեպի թարգմանությունը:  Սարսափ ժանրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Սթիվեն Քինգի առաջին վեպն է, որ թարգմանվում է հայերեն: Մանկական վախերի, իրականության հասնող  հեռազգացողության մասին է: 1980-ին էկրանավորվել է (դերերում՝  Ջեք Նիքոլսոն, Շելլի Դյուվալ):

Հետաքրքիր է նաև Ջոզեֆ Հելլերի «Ծուղակ 22» գիրքը: Այս տարի այդ ստեղծագործության հիման վրա  թողարկվել է բազմասերիանոց ֆիլմՊատերազմի մասին է, բայց սատիրիկ բնույթ ունի:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորների՝ կենդանի մնալու ցանկությունն այնքան մեծ էր, որ նրանք տարբեր հնարքների էին դիմում: Այսպիսի մի իրավիճակ կա, թռիչքից խուսափելու համար պետք է ապացուցես, որ խելագար ես, բայց եթե դու ի վիճակի ես ապացուցելու, որ խելագար ես, նշանակում է խելագար չես: Այսինքն՝ թռիչքից պրծում չկա: Ծուղակ է:

Հավանաբար այս տարի կհասցնենք հրատարկել Ջեք Քերուակի «Ճանապարհին» վեպըորը, կարելի է ասել, Բիթնիկական շարժման հիմնաքարն է:

Հրատարակելու ենք նաև  «Այսպիսին է Գոգենը», վերահրատարակելու ենք Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» լրացված նախորդ հրատարակությունից դուրս մնացած պատմվածքերի թարգմանությամբ, Բերնհարդ Շլինկի սիրային պատմվածքները  և այլ գրքեր:

Սովորաբար գրքերն ընտրում ենք արտասահմանյան հրատարակչությունների մեզ ներկայացրած ցանկերից: Երբեմն մենք ինքներս ենք ծանոթանում տարբեր հրատարակչությունների գրքերին և դրանցից ենք ընտրում: Անդրադառնում ենք նաև հայտնի հեղինակների, հայտնի գրքերի, որոնց հայերեն թարգմանությունները չկան:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply