Հայաստանի Գրողների Միությունը և «Տոնապետ» գրական մրցույթի հանձնախումբը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի երկրորդ մրցույթը։ Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի համապատկերում։
▪︎ Առաջին մրցանակ — 300.000 դրամ
,▪︎ Երկրորդ մրցանակ — 150.000 դրամ,
▪︎ Երրորդ մրցանակ — 100.000 դրամ,
▪︎ Երիտասարդական մրցանակ — 50.000 դրամ (մինչև 25 տարեկան մասնակիցների համար)։
Հաղթողների հավասար միավորների դեպքում մրցանակային ֆոնդը կարող է վերաբաշխվել համամասնորեն։ Եզրափակիչ անցած, սակայն մրցանակ չշահած հեղինակները կստանան եզրափակչի մասնակցի հավաստագրեր։ Մրցույթի եզրափակիչ անցած ստեղծագործությունները կհրապարակվեն «Կայարան» գրական հանդեսի 2025թ. մարտ ամսվա համարում։
Հինգ տարին մեկ (առաջինը` 2028թ.) «Տոնապետ» գրական մրցույթում հաղթած պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքով։ Մրցույթի պայմանները, ժամանակացույցը և գնահատման կարգը. Հեղինակները մրցույթին կարող են մասնակցել 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջին անգամ հրապարակված կամ երբևէ չհրապարակված մեկ պատմվածքով (մինչև 5.000 բառ)։ Մրցույթի հայտը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025թ. հունվարի 31-ը, հեղինակի անունն ու պատմվածքը ուղարկելով մրցույթի ժյուրիի նախագահի էլ. հասցեին. mher1974.mi@gmail.com։
Մինչև 2024թ. հոկտեմբերի 1֊ը 25 տարին չլրացած մասնակիցներին խնդրում ենք նշել այդ մասին, երիտասարդական մրցանակին հավակնելու համար։ Եթե պատմվածքը հրապարակված է` հայտ ներկայացնողներին խնդրում ենք նշել աղբյուրը, էլեկտրոնային մամուլի դեպքում` հղումը։Գնահատման համակարգում առաջնային է դիտարկվելու պատմվածքի գեղարվեստական արժանիքը։ Հաշվի են առնվելու ստեղծագործության լեզուն, ոճը, ինքնատիպությունը, ասելիքի արդիականությունն ու հավատարմությունը համամարդկային և ազգային արժեքներին։
ժյուրին գնահատելու է հայտերը և ընտրելու է «կարճ ցանկի» կամ եզրափակչի 10 ստեղծագործություն։ Երկրորդ փուլում եզրափակիչ անցած ստեղծագործություններից գնահատման միջոցով ընտրվելու են դափնեկիրները։ Մրցանակակիրները (բացառությամբ խրախուսական մրցանակի դափնեկիրների) չեն կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին։ Երիտասարդական մրցանակի դափնեկիրը հաջորդ տարի կարող է մասնակցել մրցույթին, բայց չհավակնել երիտասարդական մրցանակի։
2025թ. մարտի 1-ին կհայտարարվեն մրցույթի եզրափակչում կամ «կարճ ցանկում» ներառված 10 հեղինակների անուններն ու ստեղծագործությունները։ 2025թ․ապրիլի 2-ին՝ (Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը), տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։
2024թ. ժյուրիի կազմը.
● Մհեր Իսրայելյան, արձակագիր (ժյուրիի նախագահ)
● Հովհաննես Երանյան, արձակագիր
● Աղավնի Գրիգորյան, գրող, երաժիշտ
● Դիանա Խաչատրյան, գրականագետ
● Գրիշ Սարդարյան, արձակագիր