Վաճառքի է հանվել դարի ամենասպասված և ամենահակասական գիրքը։ Սա չափազանցություն չէ. լույս է տեսել Գաբրիել Գարսիա Մարկեսի անտիպ վեպը, որը կենդանության օրոք նա երբևէ չի ցանկացել հրատարակել
Մարտի 6-ին լրացավ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան 97- ամյակը։ Հռչակավոր գրողը ծնվել է Արակատակայում 1927 թվականին և մահացել 2014 թվականին՝ Մեխիկոյում, 87 տարեկան հասակում։ Մոգական ռեալիզմի և այսպես կոչված լատինամերիկյան բումի առանցքային ներկայացուցիչ Գաբոն (այդպես էին անվանում նրան ընտանիքի անդամներն ու ընկերները) մի ամբողջ մայրցամաքի գրականության խորհրդանիշն է, և նրա ազդեցությունը շարունակում է մինչ օրս: Մարկեսի հարուստ գրականությունն ընդգրկում է բազմաթիվ ժանրեր, սակայն նրա ամենանշանավոր ստեղծագործություններն են «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1961 թ.), «Հարյուր տարվա մենություն» (1967 թ.), «Կանխագուշակված մահվան տարեգրություն» (1981 թ.) և «Սերը ժանտախտի օրերին» (1985 թ.) վեպերը, ինչպես նաև «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» (1962 թ.) և «Տասներկու պատմվածք ուխտավորների մասին» (1992 թ.) պատմվածքների ժողովածուները: 1982 թվականին Մարկեսն արժանացել է Նոբելյան մրցանակի։
Տարեդարձի կապակցությամբ լույս է տեսել նրա անտիպ և անավարտ «Կհանդիպենք օգոստոսին» վեպը, որի հրատարակումը հակասությունների ու վիճաբանությունների տեղիք է տվել. ինքը՝ Մարկեսը, կենդանության օրոք խնդրել է ոչնչացնել աշխատանքը, սակայն նրա որդիները՝ Ռոդրիգոն և Գոնսալոն որոշել են «փրկել» այն։ Ձեռագիրը պահվում էր Օսթինի Տեխասի համալսարանի ձեռագրերի կենտրոնի՝ Մարկեսի անձնական արխիվում: Նրա ժառանգները հաստատում են, որ անավարտ վեպն ուներ հանրաճանաչ գրողի գրականությանը բնորոշ շատ ու շատ արժանիքներ, ինչն էլ պատճառ էր մտածելու այն հրատարելու մասին։
Գարսիա Մարկեսը հարցազրույցներից մեկում ասել է, որ «Կհանդիպենք օգոստոսին»ը ի սկզբանե գրվել է որպես պատմվածք, բայց կամաց-կամաց վերածվել է վեպի: Սակայն աշխատանքի վերջնական արդյունքը նրան չէր գոհացրել, ուստի նա պարբերաբար վերաշարադրել և վերախմբագրել է այն։ Հիմա, երբ լույս տեսավ այս վեպը, «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» գործը այլևս չի համարվի գրողի վերջին հրատարակված ստեղծագործությունը, թեև կշարունակի լինել վերջինը, որը լույս է տեսել հեղինակի համաձայնությամբ և հասցվել է ավարտին իր կողմից: «Կհանդիպենք օգոստոսին» վեպը պատմում է Աննա Մագդալենա Բախի՝ ամեն օգոստոսին Կարիբյան կղզի կատարած ուղևորությունների մասին՝ այնտեղ թաղված մոր գերեզմանին այցելելու համար: Այնտեղ նա գիշերում է մի տղամարդու հետ, որին հանդիպում է նույն հյուրանոցում։ Վեպը կնոջ ցանկությունների, ապրել ցանկանալու մասին է:
Գիրքը բաղկացած է 120 էջից և ներառում է գրառումներ հեղինակի բնօրինակ ձեռագրից: Նրանք, ովքեր կարդացել են, փաստում են, որ վեպում կան Մարկեսին բնորոշ գրական փայլատակումներ, բայց այն ընդհանուր առմամբ գրողի լավագույն ստեղծագործությունների մակարդակին չէ։ Ինչևէ, մենք չենք կարող բաց թողնել հնարավորությունը՝ ևս մեկ անգամ (թերևս՝ վերջին) վայելելու Գարսիա Մարկեսի արձակը և այդպիսով կարևորելու նրա կերպարն ու ստեղծագործական բնույթը։
Այս հրատարակությունը, թերևս, համաշխարհային գրականության վերջին տարիների կարևորագույն իրադարձություններից է։
Ստորև ներկայացնում ենք վեպի առաջին պարբերությունը:
«Նա կղզի վերադարձավ ուրբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, կեսօրվա ժամը երեքի լաստանավով: Նա կրում էր ջինսե տաբատ, վանդակավոր վերնաշապիկ, հասարակ, ցածրակրունկ կոշիկներ, առանց գուլպաների էր, ատլասե հովանոցով ու պայուսակով։ Նրա միակ ուղեբեռը լողափի պայուսակն էր։ Վարորդը բարեկամաբար ողջունեց նրան և մեքենան վարեց աղքատ արվարձանի միջով՝ բուխարիներով և արմավենու տերևներից տանիքներով տներ, այրվող, ավազոտ փողոցներ, որոնք ձգվում էին դեպի ծովը…»։
Թարգմանությունն իսպաներենից՝ Շուշաննա Ալեքսանյանի
Նյութի աղբյուր՝ https://www.esquire.com/es/actualidad/libros/a46871019/gabriel-garcia-marquez-en-agosto-nos-vemos-libro-inedito-novela/
Լուսանկարը՝ google.com որոնման համակարգի