Ալափարս գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդանի ձախ ափին՝ Երևանից 30 կիլոմետր հյուսիս: Այն նաև հիշատակվում է Այլաբերք անվամբ:
Ալափարս-Այլաբերք բնակատեղիում մարդն ապրել է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։
Ալափարսը հայտնի է հնամյա հուշարձաններով, որոնք ունեն ուշագրավ պատմություն։
Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի
Այս նշանավոր ուխտատեղին գտնվում է գյուղի կենտրոնում։ Ըստ պատմական վկայությունների՝ կառուցվել է IV-V դարերում, սակայն մեզ է հասել 1857 թվականի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ։ Նշենք, որ եկեղեցու մուտքին փակցված ցուցանակը վկայում է, որ այն կառուցվել է 901 թվականին:
Ալափարս գաղթած խոյեցիները, ըստ ավանդության, Ավարայրի դաշտում զոհված Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված երկու սև քար են բերում իրենց հետ, որոնցից մեկը պահ են տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում։ Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով։
Սուրբ Հովհաննես — Ծիրանավոր եկեղեցի
Եռախորան այս եկեղեցին կառուցվել է VII դարում։ Եկեղեցին գտնվում է Սբ. Վարդանից քիչ հյուսիս-արևելք։ Եկեղեցին և գյուղը IX-X դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո։ Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահայտված խաչեր։
Ardi.am-ը նեկայացնում է Ալափարսի Սուրբ Վարդան Զորավար և Սուրբ Հովհաննես-Ծիրանավոր եկեղեցիները՝ լուսանկարներով:
Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի
Սուրբ Հովհաննես-Ծիրանավոր եկեղեցի
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի