Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

Զառա Տոնիկյան․«Կապույտ երազ»

12.10.2024

Երեկ իմ առավոտն սկսվեց Զառա Տոնիկյանի երգով։ Հեռախոսիս զարթուցիչն անջատելուց հետո մտա YouTube, իմ սիրելի բազմում երաժշտաշարերից ընտրեցի Զառային ու մինչև տանից դուրս գալս վայելում էի նրա աստվածային ձայնի ելևէջները։

Տրանսպորտում, սովորականի նման, բացեցի ՖԲ հավելվածն ու քարացա առաջին նյութը Զառա Տոնիկյանի մահվան բոթն էր, որն ընկալելուց առաջ հիշեցի մորս երբ նրա մոտ ու հեռու ծանոթներից մեկը մահանում էր, մայրս առանց կոնկրետ պատճառի հիշում էր նրան, մտածում նրա մասին։ Դա ասես վերերկրային երևույթների հետ հարաբերվելու նրա կերպն էր․․․ Ինչո՞ւ իմ առավոտն այսօր սկսվեց Զառայով․․․ Երևույթը ժառանգակա՞ն է․․․ Մահախոսականից էլ իմացա (ևս մի առեղծվածային զուգադիպություն), որ ես ու Զառա Տոնիկյանը նույն օրն ենք ծնվել՝ Ճրագալույցին՝ հունվարի 5-ին։ 

Այսօր, երբ երեկվանից արդեն գիտեմ, որ մահկանուցներիս աշխարհը մեկ ամիս առաջ լքել է մեր տաղանդավոր, լուսավոր, մանկան նման անմիջական, վստահող, խոցելի Զառա Տոնիկյանը, օրս դարձյալ լցրել եմ նրա երգերի հնչյուններով ու փշուր առ փշուր հավաքում եմ իմ կյանքում նրա ներկայության համապատկերը։

Զառա Տոնիկյանն իմ մանկության ու պատանեկության «կապույտ երազն» էր, երաժշտական կրթություն ստացող ու պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու հովերը փայփայող աղջնակի երաժշտական ճաշակի ձևավորողներից մեկը։

Նա երազի նման էլ մի օր ցնդեց-անհետացավ իմ կյանքից, բայց ոչ՝ հիշողությունից։ Երբ արդեն մեծ էի ու իր կոլեգաներից շատերի հետ անձամբ ծանոթ էի, նույնիսկ՝ մտերիմ, հարցուփորձ էի անում Զառա Տոնիկյանի մասին, ջանում ինչ-որ կերպ կապ հաստատել նրա հետ, բայց պատասխանը միշտ նույնն էր՝ մեկնել է արտասահման։ Զառա Տոնիկյանն ասուպի նման մի բան էր թվում առկայծել-վայր էր ընկել հայ էստրադայի երկնքից, ու ես հույս չունեի երբևէ տեսնելու նրան։

Բայց․․․ 2014 թվականն էր, լուրերից, եթերից, համերգային ազդագրերից տեղեկացա, որ Զառա Տոնիկյանը Երևանում է, ավելին՝ ելույթ պիտի ունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Իմ «կապույտ երազը», իմ ասուպը նյութականացել-իջեր էր երկիր՝ իմ ու իր քաղաք։ Պետք էր գտնել, հանդիպել նրան։ Բայց ինչպե՞ս։ Աստղային հիվանդությունը ծանր բան է կկարողանա՞մ համաձայնություն ստանալ, կցանկանա՞ իր հարյուր տարվա երկրպագուի, այժմ «Իրատես» թերթի մշակութային բաժնի լրագրողի հետ հարցազրույց ունենալ։ 

Շոու-բիզնեսի աշխարհի մտերիմներիս շարքում ընտրությունը կանգ առավ Արամոյի վրա։ Նրան խնդրեցի ծանոթացնել ինձ Զառա Տոնիկյանի հետ ու բարեխոսել, որ չմերժի խնդրանքս։

Համերգից հետո կուլիսներում Արամոն մեզ ծանոթացրեց, օրեր անց Զառա Տոնիկյանը հյուր եկավ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան։ Այնքա՜ն կարոտ, ջերմություն, երազանք կար այդ փխրուն կնոջ ամեն խոսքի ու լռության մեջ, որ դժվար էր չսիրել նրան նույնքան, որքան սիրելի էր եղել ինձ համար նրա երգը։

«Ինչ լավ էր, որ դու Արամոյին էիր դիմել ինձ հետ ծանոթանալու համար։ Արամոյին էնքա՜ն եմ սիրում, էնքա՜մ եմ վստահում։ Եթե ուրիշն ինձ ասեր քո մասին, կմերժեի, չէի հանդիպի։ Ի՜նչ ափսոս կլիներ, որ քեզ չճանաչեի»,— ասաց բաժանվելուց առաջ։

Նա հայրենիք վերադառնալու հաստատ ծրագիր ուներ, փորձում էր համագործակցության տարբերակներ գտնել երաժշտության աշխարհի մարդկանց հետ։ Իմացավ, որ առաջիկայում պիտի հանդիպեմ Տիգրան Համասյանի հետ, ուրախությունից փայլեց։ «Ինձ կծանոթացնե՞ս Տիգրանի հետ։ Պատկերացնո՞ւմ ես, թե մենք երկուսով ինչեր կարող ենք անել»,- ասաց առանց ձևականությունների։ Ես խոստացա կապել նրանց միմյանց հետ, ավա՜ղ այդ հանդիպումը չկայացավ. օրեր անց Զառան մեկնեց Բելգիա։

Դա մեր մի քանի հանդիպումներից վերջինն էր, որի արձանագրությունն օրեր անց տպագրվեց «Իրատեսում»։

Ներկայացնում եմ մեր զրույցը՝ մասնակի կրճատումներով։

Զառա Տոնիկյանը անմահների փաղանգից էր․ թող ինքն էլ երկնքում վերհիշի այդ հանդիպման տաք ակնթարթները։ 

 

Զառա Տոնիկյան, Երևան, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան, 10․09․2014

«Երբ մարդը մահանում է, նրա միտքը մնում է ինչ-որ տեղ` մթնոլորտային ինչ-որ շերտում»

-Զառա՛, երկար տարիների բացակայությունից հետո եկաք Հայաստան և միանգամից հայտնվեցիք լրատվամիջոցների հետաքրքրության դաշտում, ունեցաք ելույթներ «Երգ երգոց» հեռուստատեսային ծրագրում, «Կրկին երգում է 70-ականների Երևանը» համերգային նախագծում: Այսպե՞ս էիք պատկերացնում Ձեր վերադարձը:

-Ճիշտն ասած` այսպիսի ընդունելության չէի սպասում: Բայց սա իմ վերադարձը չէ` մեծ առումով: Ես ընդամենը մի քանի երգ եմ ներկայացրել, և չէի սպասում նման սիրո դրսևորման ժողովրդի կողմից: Այդ չափի սեր, այդ չափի կարոտ չէի սպասում: Ինձ համար ամենակարևորը ժողովուրդն է, մնացյալն ավելորդ է, անկարևոր: Ես ուղղակի ճախրում եմ օդերի մեջ այդ սիրո շնորհիվ:

-Եթե սա վերադարձ չէր, ուրեմն ո՞րն է վերադարձը` ըստ Զառա Տոնիկյանի:

-Վերադարձը վերադառնալն է` ընդմիշտ այստեղ մնալու պայմանով: Իսկ արվեստի առումով վերադարձը կլինի իմ մենահամերգը:

-Կա՞ն նախադրյալներ այդպիսի վերադարաձի համար:

-Հուսով եմ` այո: Տագնապով ու հաճույքով սպասում եմ դրան:

-Երաժիշտների ավագ սերունդը չափազանց ջերմ է արտահայտվում Ձեր մասին: Արամ Սաթյանը, որ դեռ Ձեր երիտասարդ տարիներին` 1980-ականներին, մի ելույթի ժամանակ ասաց, թե հայ էստրադայի ապագան Գերորգի Մինասյանն ու Զառա Տոնիկյանն են, այսօր էլ հայտարարում է, թե Դուք ունեք բացառիկ մաքուր երգեցողություն: Երվանդ Երզնկյանը հայտարարում է. «Առանց Զառայի մեր երգային պալիտրան թերի է»: «Կրկին երգում է 70-ականների Երևանը» համերգի ընթացքում Ձեզ հենց վետերանները` Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանն էին նվագակցում: Այս ամենին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Գիտեք, այդ գնահատականները լսելիս ես չեմ կարողանում իմ երջանկության չափը պատկերացնել: Այդ չափը պարզապես չկա:  

-Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ էլ ինքներդ Ձեզ հարց տվեցիք. «Դա երջանկությո՞ւն է, թե՞ ավելին»: Երևանյան համերգից հետո, երբ հանդիսատեսը հոտնկայս էր Ձեզ ծափահարում, և կուլիսներում երկար հերթ էր գոյացել Ձեզ հասնելու համար, գտա՞ք այդ հարցի պատասխանը:

-Այո՛, գտա: Դա ավելին է, քան երջանկությունը, քանի որ ինձ, իմ երգը ոչ միայն ընկերներս, կոլեգաներս, իմ ժամանակի մարդիկ են սիրում, այլև երիտասարդները: Ինչպե՞ս կարող է այդ սերունդը սիրել 70-ականների մի երգչուհու, չեմ պատկերացնում: Չէ՞ որ այսօր ուրիշ ոգի է, ուրիշ մթնոլորտ, ուրիշ երաժշտական ուղղություն: Բայց ինձ սիրում են, ընդունում: Այո՛, սա ավելին է, քան երջանկությունը: Իհարկե, իմ մասին լավ կարծիքների պակաս չի եղել նաև տասնամյակներ առաջ: Ռոբերտ Ամիրխանյանի «Դու իմ երգն ես» երգը, որ մենք անվանում ենք «Զուռնա», ես ձայնագրել եմ առավոտյան ժամը իննին: Այդ ժամին ոչ մի երգչուհու ձայն չի կարող լիարժեք հնչել: Դա արտառոց բան էր: Այդ երգը ձայնագրվել է մեկ անգամից: Հնչյունային ռեժիսորը, որը հրեա էր, Կոնստանտին Օրբելյանին ասաց, որ իր քառասնամյա փարձառության ընթացքում ձայնի այդպիսի մաքրություն առավոտյան ժամին ինքը չի հիշում: Բայց հիմա ես մի քիչ տխուր եմ, որովհետև ինչ-ինչ խնդիրներ ինձ խանգարեցին լիարժեք երգել Ձեր նշած համերգի ժամանակ:

-Հանդիսատեսը անլիարժեքնության տպավորություն չի ստացել Ձեր ելույթից:

-Ուրախ եմ, որ այդպես է: Բայց հիմա ես շատ խոցելի եմ դարձել: Մի փոքր պատճառը բավական է, որ հոգեպես ընկճվեմ: Իսկ երբ ցավեցնում են բեմ դուրս գալու պահին, արդեն հուզվում եմ այնքան, որ որոշ նոտաներ ճիշտ չեմ վերցնում: Համենայնդեպս, ես աշխատեցի ժողովրդիս գոհանցնել այն երեք երգով, որոնք երգել էի անցյալում: Ու եթե ես բեմ դուրս գալուց առաջ ինչ-ինչ բացասական էմոցիաներ ունեի ներսումս, ապա բեմից հեռացա անասելի երջանիկ, առավել քան դրական էմոցիաներով:

-Ձեր բացակայությունը մեծ դատարկություն էր գոյացրել հայ էստրադային բեմում, և մարդիկ ցանկանում էին գոնե ինչ-որ լուր առնել Ձեզանից, իմանալ, թե որտեղ եք, ինչով եք զբաղված: Չգիտեմ, թե որքան ապահով է եղել Ձեր կյանքը Բելգիայում, բայց հիշում եմ Արամայիս Սահակյանի մի հեռուստատեսային հաղորդումը, որ նա տարիներ առաջ նկարահանել էր Բելգիայում` այնտեղ ապրող հայերի, այդ թվում և Ձեր մասնակցությամբ: Ձեզ առաջարկվեց կատարել Ձեր երգերից մեկը, և Դուք անգամ բառերը չմտաբերեցիք: Ես, որ միշտ եմ եղել Ձեր երկրպագուն, պարզապես կարկամել էի: Ինձ համար դա անասելի մեծ ցավ էր, իսկական ցնցում: Այնպիսի զգացում ունեի, որ Դուք Ձեզ շատ անհարմար եք զգում տեսախցիկի առաջ, կգերադասեիք չլինել այդտեղ: Իրո՞ք այդպես էր:

-Ես հիացած եմ Ձեր հոգաբանական խորաթափանցությամբ: Այո՛, ես անհարմար վիճակում էի: Այնտեղ կար մի հայ կին` փաստաբանի քարտուղարուհի, որն իմ փոխարեն Արամայիսին հայտնել էր, թե ես չեմ ցանկանում մասնակցել իր հաղորդմանը: Ես նման բան չէի ասել, և ստիպված եղա ինքս գտնել Արամայիսին, ինքս հասնել նրա նկարահանման վայրը, որը բավական հեռու էր իմ բնակավայրից: Նախ չէի ցանկանում նեղացնել Արամայիսին, ապա և դեմ չէի հանդես գալ հայ հեռուստադիտողի առաջ: Բայց տեսեք, թե մարդկային չարությունն ինչ դրսևորումներ կարող է ունենալ. իմ փոխարեն, իմ անունից ինչ-որ հայտարարություն անել, որի հետ ես ոչ մի կապ չունեմ: Ու այդ պատմությունը, նաև նկարահանման ընթացքում եղած որոշ տեխնիկական անհարմարություններ ինձ հունից հանեցին, և ես մոռացա երգիս բառերը: Այո՛, ես ինձ շատ անհարմար վիճակում էի զգում: Լինում են պահեր, երբ հոգնում ես կյանքից, մարդկային չարություններից: Եթե առաջ երիտասարդ էի, դիմադրողականություն ունեի, հիմա արդեն ուրիշ եմ: Ինձ թվում է, եթե մի քիչ էլ շարունակվեն իմ դեմ նյութվող դավերը, ես կթողնեմ բեմը:

-Հիմա ի՞նչ, մեր սիրելի երգչուհի Զառա Տոնիկյանը մնո՞ւմ է Երևանում` ի հեճուկս այլևայլ խոչընդոտների, իր դեմ նյութվող դավերի, թե՞ վայր է դնում զենքերն ու լքում իրեն այդքան սիրող, այդքան երկար սպասած հանդիսատեսին: Ձեր պատասխանն իմանալուց առաջ շտապեմ ասել, որ շատերիս համար է անհնարինության չափ դժվար ապրելն ու չկոտրվելը Հայաստանում, բայց և այնպես դիմանում ենք` թեկուզ և ի հեճուկս նրանց, ովքեր համառորեն ջանում են մեզ կոտրել:

-Ես պատրաստ եմ վերադառնալ: Խնդրում եմ չմոռանալ, որ եթե շատերի համար երկրից դուրս գալու հնարավորությունը բացվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ապա ես այն մարդկանցից եմ եղել, որ շրջել են աշխարհով մեկ դեռ խորհրդային տարիներին: Մեզ համար բաց է եղել աշխարհը, մենք շնչել ենք յուրաքանչյուր երկրի օդը, զգացել նրա ոգին: Ամեն անգամ, երբ մեր ինքնաթիռը մոտենում էր վայրէջքի, և հստակ երևում էր տվյալ երկրի պանորաման, մենք տանիքների տեսքից արդեն կարող էինք դատողություն անել այդտեղ տիրող սոցիալական վիճակի մասին: Բայց ոչ մի երկրով ես չեմ գայթակղվել, չեմ ցանկացել լքել Հայաստանը: Արգելված պտուղը միշտ քաղցր է: Մարդիկ, որ հնարավորություն չունեին լինելու արտասահմանյան երկրներում, մտածում էին, որ դրանք հենց քաղցր պտուղներ են: Բայց մենք, որ լինում էինք դրանց ներսում, տեսնում էինք, որ և՛ թթու կարող է  լինել այդ պտուղը, և՛ անգամ` որդնած: Ես, իսկապես, երբեք չեմ ձգտել մնալ արտերկրում: Ու հիմա էլ երազում եմ վերադառնալ: Բայց խանգարող մարդիկ, հանգամանքները, որ ձգտում են ինձ նորից հետ վռնդել իմ երկրից, չափազանց շատ են: Չգիտեմ` կկարողանա՞մ դիմադրել: Եթե մարդու վրա հարձակվում են սրով, նա պետք է վահան ունենա` պաշտպանվելու համար: Իսկ իմ ունեցածը միայն ձեռքս է: Ձեռքս չեմ կարող սրի դեմ պահել: Եթե ունենամ այդ վահանը, այդ պաշտպանությունը, այնպայման կվերադառնամ:

-Բելգիայում ապրելով էլ Դուք չեք հեռացել երգից: Պատմեք, խնդրեմ, այնտեղ ծավալած Ձեր ստեղծագործական գործունեության մասին:

-Միայն Բելգիայում չէ, որ երգում եմ: Իմ համերգային գործունեությունն ընդգրկում է ամբողջ Եվրոպան: Վերջին 4-5 տարիների ընթացքում երևի թե երկու ելույթ եմ ունեցել, որովհետև հիվանդ մայրիկիս էի խնամում այնպես, ինչպես մայրը կխնամեր իր բարուրի երեխային: Մոտ երկու տարի է, ինչ բաժանվել եմ մայրիկիցս, և կարծում էի, որ ընդհանրապես չպիտի երգեի դրանից հետո: Ցավն այնքան մեծ էր, չերգելու ընթացքն այնքան երկար, որ չէի պատկերացնում իմ վերադարձը երգին: Մինչև մայրիկիցս բաժանվելը կորցրել էի նաև եղբորս, որը երկար տարիներ հիվանդ էր, և նրա խնամքը նույնպես ինձ թույլ չէր տալիս հաճախ լինել բեմում: Եղբայրս տասը տարի առաջ մեզ լքեց, բարձրացավ երկինք, և դա էլ դարձավ մորս ծանր հիվանդության պատճառը: Ես այդ պայմաններում ընդամենը ժամանակ առ ժամանակ, «պրոֆիլակտիկայի» համար էի երգում, որպեսզի հասկանամ` ձայնս պահպանվել է, թե ոչ: Բայց վերջին չորս տարում ընդհանրապես չէի երգել: Ու լռությունը խախտվեց այստեղ` Արամ Խաչատրյան համերգասրահում: Միտքը չի մեռնում, ինչպես որ հոգին: Երբ մարդը մահանում է, նրա միտքը մնում է ինչ-որ տեղ` մթնոլորտային ինչ-որ շերտում: Մայրս աղոթում էր Աստծուն, որ իրեն շուտ տանի, որպեսզի իր աղջիկը նորից բեմ բարձրանա: Այդ միտքը մնաց մթնոլորտային ինչ-որ շերտում և իր գործողությունը կատարեց: Ես երգեցի, թեև չէի պատկերացնում, թե նորից կերգեմ, բեմ կբարձրանամ:

-Դուք երգում էիք բելգիացիների հե՞տ:

-Այո’: Դա երաժշտախումբ էր, որի հետ ես հանդես էի գալիս որպես սոլիստ: Ու ապշած եմ. մարդիկ իմ երգերի ազդեցության տակ արտասվում էին: Ոչ մի բառ հայերեն չիմացող, Հայաստանի մասին առանձնապես պատկերացում չունեցող մարդիկ արտասվում էին իմ երգը լսելիս: Երբ մի անգամ հարցրի մի բելգիացի մեծահարուստ տիկնոջ, թե ինչու է նա արտասվում իմ երգը լսելիս, ասաց, որ փոքր ժամանակ, լսելով «Բիթլզի» երգերը և ոչ մի բառ չհասկանալով, ինքն արտասվել է, նույն զգացողությունն է ապրում, երբ իմ երգն է լսում: Այսինքն` ես մարդկանց կարողանում եմ հուզել: Ու երբ ես դադարել էի երգելուց, խումբը կարծես կորցրել էր իր պահանջարկը: Հենց իրենք էին ստիպում ինձ երգել: Եվ մորս ու եղբորս ուրախությունն էր ինձ ոգևորում, որ բեմ բարձրանայի: Նրանք շատ էին ուրախանում, որ ես երգում եմ, որ չեմ թողել բեմը: Իհարկե, դա նաև նյութական խնդիր էր լուծում, մենք դրանով ապրում էինք:

-Ինչպե՞ս Ձեզ հայտնաբերեցին Բելգիայում` որպես երգչուհու:

-Ես, Բելգիայում հայտնվելով, խնդրեցի ինձ տեղավորել մի խուլ վայրում: Չէի ցանկանում հանդիպել հայերի: Բայց ինձ այնտեղ էլ գտան: Մի հայ տղա` Մաքսիմ անունով ճանաչեց, ու ես ստիպված էի խոստովանել, որ ես ես եմ: Մաքսիմը լուրը տարածեց ամբողջ քաղաքում, և հարջորդ օրն այն հասավ բոլորին: Ես երկու անգամ ամերիկյան վիզայից եմ հրաժարվել: Կարող էի գնալ, իսկույն աշխատանքի անցնել, որովհետև ճանաչված և սիրված էի Ամերիկայում` որպես երգչուհի: Ամիսներ անց կդառնայի քաղաքացի և հարազատներիս ինձ մոտ կտանեի: Բայց եղբայրս շատ ծանր վիճակում էր, չէի կարող նրան մորս հետ այստեղ թողնել, որովհետև վստահ չէի, որ նրանք կկարողանան գոյատևել իմ բացակայության ընթացքում, դիմանալ ցրտին, քաղցին, հիվանդությանը: Ինձ պետք էր եղբորս կյանքը փրկել: Այդ պատճառով էլ ընտրեցի այն երկիրը, ուր կարող էինք գնալ երեքով: Ընդամենը սա է եղել հեռացումիս պատճառը: Եվ հիմա մեծ ուրախությամբ պատրաստ եմ վերադառնալ, եթե կարողանամ հաղթահարել եղած դժվարությունները:

Կարինե Ռաֆայելյան