Թատրոն Վովա Արզումանյան

Նվարդ Դուդուկչյան․ Ինձ սերն է օգնում

09.09.2024

Ardi.am-ը զրուցել է դերասանուհի Նվարդ Դուդուկչյանի հետ։

-«Ես ուզում եմ լինել կին… պարզ, առանց վախերի, ազատագրված ու հանգիստ, պարզ ու բաց տիեզերքի առաջ, որովհետև աշխարհի մեծագույն բարիքը նվիրված է հենց ինձ… Նոր կյանք ստեղծել… պարզապես ստեղծել…» սա քո «Պարզապես կին» մոնոպիեսից է, որը նաև խաղացել ես։ Հասուն տարիքո՞ւմ ես սկսել մտածել  ստեղծելու մասին, թե՞ ավելի վաղ։ 

-Ստեղծելու գաղափարը մարդու հետ է ծնվում, ու երբ սկսում է հասնել  գիտակից տարիքի՝ դա բացահայտվում է։ Ինձ թվում է՝ միշտ ցանկացել եմ ստեղծել, միշտ մտածել եմ ստեղծելու մասին։ Սկզբում էդ բացահայտելու միտք էր, հետո դարձավ ինքնաբավ ու սկսեց ապրել ինձ հետ։ Իսկ հիմա արդեն ամեն օրը նոր հնարավորություն է ստեղծելու, էդպես եմ վերաբերվում ստեղծելու գաղափարին։ 

-Դու քեզ «ազատագրված» համարո՞ւմ ես։ 

-Էնքան սիրուն բառ է ազատագրվածը, բայց ինքս ինձ պիտի երևի հակասեմ։ Հիմա արդեն մտածում եմ, որ ավելի հետաքրքիր է ազատագրվելու ճանապարհը, անգամ եթե ինչ-որ պահի ինձ ազատ եմ զգում՝ ուզում եմ ազատագրումը շատ հեռու լինի ինձնից, որովհետև կարծում եմ՝ մարդը ազատագրման ճանապարհին կատարելագործվում է։

-Բե՞մն է քեզ ձգում։ 

-Հա, միշտ ասում եմ, որ բեմն էնքան է ինձ ձգել, որ երբեք չեմ մտածել ուրիշ ինչ-որ արհեստի կամ մասնագիտության մասին։ Ոնց որ ասենք՝ բա եթե ոչ բեմը, էլ ուրիշ ի՞նչ (ծիծաղում է.-Վ․Ա․)։ Ու հիմա արդեն նույնքան ուզում եմ կինոն, ինչքան բեմը, բայց չեմ առանձնացնում իրարից։ 

-Եղե՞լ են պահեր, որ կոտրվել ես կամ քեզ կոտրված ես զգացել։ Կպատմե՞ս։ 

-Էնքա՜ն շատ, էնքան շատ։ Մեր մասնագիտության սիրուն հատկություններից է, որ  մի օր քեզ ասում է՝ դու կատարյալ ես, ու հենց նույն վայրկյանին էլ ասում՝ չէ՛, արդեն չէ, գնա էլի կրթվիր, կգաս։  Մեկ-մեկ մտածում եմ՝ չէ, էլի, Նվարդ ջան, դու հա՛մ գրում ես, հա՛մ խաղում ես թատրոնում, հա՛մ աշխատում ես, բայց աշխարհում էնքան ֆանտաստիկ դեմքեր կան, որոնք ամեն օր էլի քեզ նման արթնանում են, ու չեմ վախենում ասելուց՝ հզորագույն դերեր են կերտում, իսկ գրելու պահով՝ էլ ի՞նչ նորություն պիտի գրես, որ մինչև հիմա չեն գրել։ Ու էդ մտքից, որ աշխարհն արդեն ունի մեծ արժեքներ, կոտրվում եմ, փոքրանում եմ ու մտնում եմ սենյակ, մի քանի օր տառապում, մինչև հասկանում եմ, որ երևի էդ բնականոն ընթացք է, երբ դու ուզում ես քայլես մեծ ու սիրուն աշխարհում։ Ընդհանրապես կոտրվելու ժամանակ մենք ավելի ենք ամրանում, ես էդ կոտրվելը օգտագործում եմ որպես զգացմունք։ Երևի դերասանների թերությունն է՝ ամեն ինչ դարակում պահել։ 

-Ո՞վ է այն մարդը, որ քո կյանքում բախտորոշ դեր է ունեցել:

-Երևի առաջինը նշեմ մամայիս, որը, անկախ ամեն ինչից, միշտ կողքիս է եղել, հաճախ չի հասկացել՝ ոնց օգնի ինձ կոտրված պահին, բայց հիշեցրել է իմ ընտրության մասին։ Երբեք այս ոլորտից հեռանալու մասին չեմ մտածել, անգամ կարճատև դադարը շատ ծանր եմ տանում։ Իսկ իմ թատերական կյանքում բախտորոշ դեր ունեցել են շատ մարդիկ․ Գոռ Ալեքսանյանն օգնել է մասնագիտություն ընտրելիս, Տիգրան Գասպարյանը սովորեցրել է էս մեծ աշխարհում ճիշտ ու կրթված քայլել, Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը՝ առաջին անգամ խաղալ ու էդ դերասան բառը ուսերիս վերցնել, Նարեկ Դուրյանը ծանոթացրել է ֆրանսիական կոմեդիային, իսկ Թելման Առաքելյանը՝ կոտրված պահին ինձ ճիշտ ժամանակին գրկել ու բարձրացրել է։ Ու էլի էնքան անուններ կան․․․

-«Բոհեմ» թատրոնի տարբեր ներկայացումներում ես զբաղված։ Այս թատրոնում միակ ձգող հանգամանքը քո ընտրյա՞լն է՝ Թելման Առաքելյանը։ 

-Մենք չենք սիրում, որ մեզ առաջին հերթին տեսնում են որպես կողակիցներ, հետո նոր միայն դերասաններ։ «Բոհեմ» թատրոնը շատ որոշիչ եղավ իմ կյանքում. ես դրամատիկ դերասանուհի էի, ու ինձ պետք էր թեթևություն։ Սկզբում պետք էր ժամանակ, որ կարողանայի ընտելանալ այս թատրոնի որդեգրած ոճին, հետո արդեն ինձ դուր եկավ։ Արդեն էն, ինչ սովորել եմ թատրոնում, խառնում եմ իմ դրամատիկ կերպարին։ Որպես «փորձագետ» ասեմ՝ մեկ-մեկ շատ հետաքրքիր գործընթաց է։

-Արվեստի երկու մարդկանց համատեղ  կյանքը «պայթյուններ» չի՞ առաջացնում։ 

-Եթե էդ «պայթյունները» սեր են տարածելու, երկուսս էլ կողմ ենք։ Եթե անկեղծ՝ մեր մեջ պայթյունավտանգը ես եմ, սիրում եմ բանավիճել։ Ու հաճախ հատուկ պայթում եմ, որ նոր մտքեր «դուրս պրծնեն»։ 

-Իսկ նա քեզ ստիպո՞ւմ է ինչ-որ ներկայացումներում խաղալ։ 

-Իրականում էն դերասաններից եմ, որ սիրում եմ ամեն ինչ խաղալ։ Գուցե վատ է, բայց կարծում եմ՝ եթե ներկայացումները մարդկանց մասին են, իսկ ռեժիսորը էդ պահին կյանք տվողն է, ուրեմն ինչքան ցավալի կլինի, որ ես ինչ-որ մարդու դերից հրաժարվեմ։ Մինչև հիմա չի ստիպել, ես ինքնակամ համաձայնում եմ ու միշտ բաց եմ առաջարկների համար։ 

-Ո՞ր ներկայացումն է քեզ համար կարևոր և ինչո՞ւ։ 

-«Պարզապես կին» մոնոներկայացումը, որովհետև էդ առաջին աշխատանքն է, որտեղ ես ես եմ, ու ինձ հետաքրքիր է, թե ես՝ որպես կերպար, ինչքան եմ դերասանին հաճելի։ Հետո էդ պիեսն ինքնակենսագրական է, ու ես փորձել եմ դուրս գալ դրանից, գրել ուղղակի կնոջ մասին, որն ապրում է էս դարում՝ փորձելով ինքն իրեն վերագտնել։ Էս ներկայացումն ինքս ինձ հիշեցնելու մասին է, թե ինչքան հիասքանչ է կյանքն էդ փոքր պատմությունների մեջ։ 

-Կա՞ դերակատարում, որ քեզ վրա ծանր է նստել:

-Չէի ասի ծանր, բայց «Վերադառնում եմ, մոռացեք» պիեսը երևի կառանձնացնեմ։ Որովհետև ես 18 տարեկանում խաղում էի 33 տարեկան կնոջ դեր, էդ ժամանակ դեռ չպատկերացնելով կին ասվածն ինչ է։ Հիշում եմ, որ երբ Մոլդովայում խաղացինք, ժյուրիի անդամներից մեկն ասաց․ «Մենք իրոք տեսանք այդ 33 տարեկան կնոջը, ու ես մինչև հիմա չեմ հավատում, որ դու 18 տարեկան ես»։ Ու էդ պիեսը փորձելու ժամանակ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, իսկ իմ դերը պատերազմ տեսած, մութ ու ցուրտ տարիներ ապրած ու սերը կորցրած կնոջ մասին էր, որը վերադառնում էր հայրենիք։ Հիշում եմ, որ ներկայացումներից մեկի ժամանակ իրոք զգացի, որ եթե ներկայացումն ավարտվի՝ ես էլ կվերջանամ։ Փորձերն էլ շատ զգացմունքային էին անցնում, ու էդ էն «ծանր» դերն է, որ միշտ հիշելու եմ։

-Դերասանը ժամանակակից թատրոնում կարող է ամեն ինչ անել, եթե հնարավորությունները ճիշտ և արհեստավարժ օգտագործի։ Քեզ ի՞նչն է օգնում այսօր բեմում։

-Օգնում է հանդիսատեսը ու էն, թե ինչքան հետաքրքիր ես դու, ինչքան պատրաստված ես և, իհարկե, կրթվածությունը։ Այսօրվա հանդիսատեսը շատ խոցելի վիճակում է, ու հիմա դերասանն ավելի քան պիտի նրա համար ստեղծի, պիտի աշխատի, որ նա ժպտա, պիտի շատ սիրի հանդիսատեսին ու, ընդհանրապես, էսօր պիտի ավելի շատ սիրի։ Ինձ, հա՛, սերն է օգնում։

-Փոփոխությունների մասին ի՞նչ կասես՝ թե՛ կյանքում, թե՛արվեստում։ 

-Միշտ, միշտ միշտ։ Ես սիրում եմ փոփոխություններ,  սենյակս անգամ սիրում եմ միշտ փոփոխել, մտածում եմ՝ հնարավորություն է հին ու ծանոթ իրերին նորովի նայելու, ու ինքս էլ ինձ միշտ փոխում եմ խոսելիս, գրելիս, միշտ ասում եմ՝ վայ, չէ, էս անգամ արի ուրիշ մի բան ասա, էս անգամ ուրիշ ճանապարհ ընտրիր։ 

Հարմարվո՞ղ ես։ 

-Հա, ավելի շատ փորձում եմ ամեն ինչի մեջ գտնել ինձ պետքականը։ Ու հետո մարդը միշտ հարմարվում է, ու երևի էդ դեղամիջոց է  մարդու համար, որ շատ ցավ չզգա։ 

-Դերասանի մասնագիտությունը շատ ժամանակ ու էներգիա է խլում։ Հասցնո՞ւմ ես ժամանակ տրամադրել նախասիրություններիդ։ Կնշե՞ս  դրանցից մի քանիսը։ 

-Շատ հետաքրքիր մի բան՝ իմ նախասիրությունները կապված են մասնագիտությանս հետ։ Չնայած ունեմ մի սիրելի զբաղմունք՝ հուլունքներով վզնոցներ, մատանիներ պատրաստել։ Երբ շատ հոգնած եմ լինում՝ զբաղվում եմ դրանով, որ հանգստանամ։ Բայց հատուկ ժամանակ երբեք չեմ տրամադրում դրան։ 

-Զգացմունքներո՞վ ես առաջնորդվում։ 

-Հա, շատ, ու չեմ էլ նեղվում, եթե դրանք ստեղծվել են մարդու համար,  ուրեմն պետք չի սառեցնել, պիտի առաջնորդվել, մանավանդ եթե էդ զգացմունքը սերն է։ 

-Այս պահին քո  ստեղծագործական կյանքն ինչպիսի՞ն է` բո՞ւռն, հանդա՞րտ, թե՞…

-Ե՛վ բուռն, և՛ հանդարտ։ Հիմա վեպ եմ գրում, որի մասին դեռ չեմ ուզում խոսել, արդեն թատրոնում նոր ներկայացման փորձեր են գնում։ Ու այսպես էլ ապրում եմ։ 

Զրուցեց Վովա Արզումանյանը